Saturday, March 6, 2010

Մամուլի ու խոսքի ազատության մասին

Խմբագրությունում մի լրագրող է աշխատում, Արփին, որը հարցազրույցների շատ հետաքրքիր մի շարք ունի հայ մտավորականների հետ, տարբեր թեմաների շուրջ՝ հասարակություն, խոսքի ազատություն, իշխանությունների նկատմամբ հասարակության ու անհատների վերաբերմունք, այսօրվա իրականությունը հասկանալու մտավորական բաղադրատոմսեր և այլն։ Հարցազրույցները հետաքրքր են նախ նրանով, որ հետաքրքրի է Արփիի իրականության ընկալումը. նպատակադիր էությունն ու հարակությունը ինչ որ կերպ փոխելու նրա ցանկությունն անմիջապես դրոշմվում է հարցազրույցների վրա։ Ու ով մի փոքր կիսում է այս լավատեսությունն ու նույնպես փոքրիկ մի ցանկություն ունի ինչ որ կերպ փոխել այսօր իշխող անտարբերության, ամեն ինչի վրա «թքած ունենալու» տրամադրությունները, Արփիի հետ նույն բանակում է։

Հարցազրույցների մասին հատվածը նախաբանի փոխարեն էր, քանի որ դրանցից մի քանիսում ուշադրության կենտրոնում մամուլի ու հասարակական գործընթացների վրա մամուլի ազդեցության կամ դերի ընկալման մասին էին։ Այլ կերպ սա անվանվում է խոսքի ազատություն, մամուլի ազատություն և այլն։ Անվանումից էությունը քիչ է փոխվում։
Հարցազրույցներում մոտեցումները տարբեր են, «դոզավորված ազատությունից» մինչև տոտալ վերահսկողություն, պրագմատիկ մոտեցումներից մինչև հիասթափություն։ Բայց ինչ պակասում է տեսակետներում, իմ կարծիքով մամուլի կողմից սեփական դերը իմաստավորելու փորձի պակասն է։ Խոսքը հիմա միայն տպագիր մամուլի ու ինտերնետային մամուլի մասին է։ Հեռուստատեսության մասին կգրեմ, միգուցե և այսօր, եթե ժամանակ գտնեմ։
Հիմա տպագրի մասին ու սեփական դերը չգիտակցելու կամ ոչ լրիվ գիտակցելու կամ համարժեք ու ոչ այնքան համարժեք գիտակցելու մասին։
Հիշում եմ, մի տարի առաջ, կամ ավելի քիչ, հաստատ վաղուց էր, ռուսական «Վեստի»-ով հարցազրույց էր «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի խմբագրի հետ։ Եթե չեմ սխալվում, այն Պուտինի ու գեղեցիկ սեռի ներկայացուցիչների փոխհարաբերությունների մասին ինչ որ հրապարակում էր տպել, հետո թերթը փակել էին, հետո բացել, ինչ որ ստանդարտ սովետական մեխանիզմներ։ Բայց դա չէ կարևորը։
«Վեստի»-ի թղթակիցը, հանկարծ, կարծես անկապ տեղը, օդի մեջ հարցնում է խմբագրին. «Իսկ թերթը քաղաքականության մեջ է»։ Հարցադրումից խմբագիրը մի փոքր դադար է տալիս, ինչ որ տարօրինակ էր նրա համար այս ամենը։ Տարօինակ էր միգուցե որ չէր սպասում, տարօրինակ էր, միգուցե որ հարցադրումն էր ոչ պրոֆեսիոնալ։ Հետաքրքրի էր նախ այս դադարը և ապա պատասխանը. «Իհարկե»։ Այնպիսի տոնով խմբագիրը պատասխանեց, որ հստակ դարձավ իմ համար, որ խմբագրի համար «Վեստի»-ի թղթակցի հարցադրումն ավելի շուտ ոչ պրոֆեսիոնալների շարքից էր։
Խմբագրի այս դադարը, հետո հարցադրման համոզված պատասխանն ու նաև հարցի ձևակերպումը ինձ համար մի բան հստակեցրեց - «քաղաքականության մեջ» լինելն ու «քաղաքականցված» լինելը տարբեր բաներ են։ Էականորեն տարբեր ու պիտի հասկանալ ու հասկացնել այդ տարբերությունը։
Իրականությունը մեր մոտ այնպիսին է, որ տարբերություն կարծես թե չի դրվում այս ամենի մեջ։ Այսպիսին է հասայտանյան հասարակությունը, այն հիմնականում ծայրահեղական է. կա՛մ հստակ սև է, կա՛մ հստակ սպիտակ, կա՛մ հստակ այս կողմում է, կա՛մ՝ այն։ Ոչ մի, միջինացված չեմ ասի, այլ իրականության շատ ավելի գործոններ հաշվի առնող տարբերակ չկա։ Այսինքն պարզունակ (ես տարբերում եմ պարզից) է իրականության արտացոլման ընկալումը, դու կամ կարդում ես ՀԺ ու Չորրորդ ինքնիշխանություն, կամ կարդում ես Հայոց աշխարհ ու Հայատանի Հանրապետություն։
Բայց ամենահետաքրքրը սկսվում է այստեղ. մասնագիտական ինչ որ մի խումբ, գիտակցելով այս պարզունակ հակադրությունը, փորձում է խաղալ երրրորդ ուժի դեր, ինչպես դաշնակներն էին խաղում։ Ինչ ստացվեց դաշնակների խաղից, գիտենք այսօր բոլորս։
Նույնը նաև մամուլի ոլորտում է. կա Առավոտ ու Ազգ, որոնք երրորդ ուժ են իրենց կարծում ու սևի ու սպիտակի մեջ գորշի ֆունկցիան են վերցրել։ Բայց գորշը մեկ այլ կոննոտացիա ևս ունի, այն իրականում գորշ է, մշուշոտ, ոչ հստակ, անդեմ, այլ կերպ՝ առանց գույնի։ Գույն չկա՝ մայրս ասում էր (իհարկե ոչ Առավոտի ու Ազգի մասին)՝ ոչ դաշնակ են, ոչ էլ հնչակ։ Սա նշանակում է, որ ինչ որ դեպքերում նաև վերաբերմունք չկա, կամ վերաբերմունքը գորշ է՝ լղոզված։
Այս անգունությունը լրագրողների այս շրջանակը և ոչ միայն նրանք, ցավալի է, բայց ընթերցողների մի հատված ևս, ներկայացնում է որպես օբյեկտիվ իրականություն, հետևանքում իրենց վերապահելով անաչառ լուսաբանելու միակ առաքելությունը։
Այսպիսի պատկերացումները խոսքի ազատության ու օբյեկտիվության մասին նույնքան թյուր են, որքան ասենք դաշնակների պատկերացումները ընդդիմություն կամ երրորդ ուժ լինելու մասին։
Ինչ էի ուզում ասել, ուզում էի ասել, որ հասարակությունը, անհատները, իրենց իսկ էությամբ վերաբերմունք են շրջապատող աշխարհի նկատմամբ, ու այդ վերաբերմունքը լղոզելով հնարավոր չէ օբյեկտիվություն ապահովել։ Թեև օբյեկտիվությունն էլ է լղոզված. ֆիզիկան խոսում է հարաբերականության մասին, քվանտային ֆիզիկան՝ պատահականության ու հարաբերականության կապի մասին։
Մեր մամուլում այս տեսությունները դեռ հեռու են գիտակցված, էլ չեմ ասում ընդունված լինելուց։
Այնպես որ, քաղաքականության մեջ լինելը (վերաբերմունք ունենալը) այնպայմանորեն չի նշանակելու քաղաքականացված լինել՝ այսինքն այդ վերաբերմունքը մյուսներին ստիպելը (առաջարկելն ավելի լավ է)։
Թեման բաց է ու շարունակելի, պարզապես ինձ զգուշացրեցին, որ երկար հրապարակումները չեն կարդացվում։)))
Մարատ

No comments:

Post a Comment