Monday, March 1, 2010

«Գյալաջին» ու արաբագիտությունը

Այս շաբաթ օրն էլ էր աշխատանքային, կրկին համալսարանում։ Աշխատանքային էր ու արդյունավետ. արդյունավետ, որովհետև ստացվեց ավարտել այն, ինչ նախատեսել էի ավարտել այդ օրվա ընթացքում։ Իհարկե, որակի մասին չեմ խոսում, որակի մասին կխոսեմ որոշ ժամանակ անց, երբ ստանամ արձագանքները։ Արդյունավետ էր նաև նրա համար, որ հաջողվեց մի փոքր «գյալաջի» անել (տերմինը իմը չէ)։ «Գյալաջին» արաբագետների մոտ ընդունված սովորական աշխատանքային իրավիճակ է, ու շատ հետաքրքիր, քանի որ աշխատանքային ու ստեղծագործական իրական բավարարվածություն է պարգևում։

Ոչ արաբագետների համար պարզաբանում եմ. հավաքվում են գաղափարակիր մասնագետներ, նվազագույնը երկուսը, հակառակ դեպքում ստացվում է ինքնագյալաջի։), ու սկսում են քննարկել, խոսել, էլի խոսել, ծխել, սուրճ խմել, նորից խոսել, մինչև հոգնում են այդ ամենից։ Ընթացքում «թուրքական հյուպատոսարան» գնալը նույնքան պարտադիր է, որքան ասենք ծխելը, իսկ ամենալավ մտքերը, սովորաբար հյուպատոսվելուց հետո կամ ընթացքում են գալիս։ Երբ արդեն խոսելուց հոգնում ես, ու հոնգում են մյուսները, փորձում ես ամփոփել գյալաջիի արդյունքները։
Այ ամենահետաքրքիրը սկսվում է այստեղ. հիանալի է, որ արդյունքում ստացվում է ինչ որ բան գրել, իսկ սովորաբար ամեն ինչ մնում է խոսակցությունների, գաղափարների, հիպոթեզների մակարդակում, որին լավագույն դեպքում կարելի է վերադառնալ մի քանի օր անց, «փորձարկելով» դրանք ուսանողների վրա կամ քննարեկլ նրանց հետ։)) Ահա այս փորձարկումներն էլ իմ խորին համոզմամբ տալիս են արաբագիտական կրթության այն հատվածը, որը կարծում եմ չեն տալիս, կամ միգուցե տալիս են, արդեն կարևոր չէ, հումանիտար բլոկի մյուս մասնագիտությունները՝ դասավանդվող ԵՊՀ-ում։
Իսկ խոսքն ասեմ ինչի մասին է. մտածելու ունակություն վարժեցնելու մասին է, եղած տվյալների վրա, կարևոր չէ, ինչպիսի ծավալով ու որակով են այդ տվյալները, կոնստրուկներ կառուցել սովորեցնելու ունակություն ձևավորելու մասին։ Հանդիպում են դեպքեր, երբ սա ստացվում է փոխանցել, պարարտ հող է գտնում ու շարունակում զարգանալ, հիանալի արդյունքներ տալով։ Լինում են դեպքեր, երբ այն մնում է միայն վարժեցման մակարդակում, կաղապարելով ամեն ինչ ու մարդկանց։ Բայց սրանից էությունը չի փոխվում. գյալաջին կարևոր գործոն է արաբագիտական կրթության համար։
Մեր գյալաջին ավարտվեց բավականին ուշ, ավարտվեց գյալաջիի թեմայի շուրջ եռահարթակ հետազոտական մոտեցում ձևավորելու անհրաժեշտության գիտակցմամբ։ Սա լավ էր։
Մթնում էր, համալսարանում, դե գիտեք, շաբաթ իրիկուն, միայն պարետներն են՝ դատարկ, հանգիստ, տաք, շատ-շատ գրքեր, վճարովի ինտերնետ, սուրճ ու սիրելի գործով զբաղվելու հնարավորություն։ Հազիվ թե ինչ որ բան էր պակասում։
Հա, մի բլոգ էլ գրեցի, գրեցի այն մասին, ինչի դեմ վերջին երեք-չորս տարիների ընթացքում փորձում եմ պայքարել, փոփոխական հաջողություններով ու սեփական սկզբունքներին ժամանակ առ ժամանակ դեմ գնալով։ Ամենավատն այն է, որ ես գիտակցում եմ այս ամենը, ինքնադիտարկումը, ցավոք ու նաև ի ուրախություն, հիանալի մեթոդ է։ Բայց բլոգը չտեղադրեցի, չտեղադրեցի, ինքս գիտեմ ինչի համար, կտեղադրեմ ավելի ուշ։ Սա էլ է իմ սկզբունքներին դեմ, բայց թե հայրս միշտ ասում է՝ էշի երկիր է։
Դուրս եկա, պարետն արդեն «նեղվում էր»։ Եղանակն էլ ավելի զարմացրեց։ Սառը, շատ սառը, այնքան սառն էր, որ ինձ մի պահ թվաց, թե իմ ծննդավայրում եմ, որտեղ միշտ է սառը, բայց միայն եղանակը, ոչ մարդիկ։ Ուզեցի քայլել. քայլեցի մինչև Շրջանային, հանգիստ, շրջապատը վայելելով քայլեցի վերջին ամիսների ընթացքում առաջին անգամ, ցավոք։ Քայլել միշտ չէ որ ստացվում է, կծիծաղեք, բայց դրա համար ժամանակ չի մնում, ժամանակ կա միայն վազելու, անգամ վազվզելու, իսկ քայլելու՝ հազիվ։
Քայլում էի, ու զարմանալիորեն իմ համար, չէի մտածում, պարզապես քայլում էի, հանգիստ, խաղաղ, առանց ինչ որ մի տեղ շտապելու ու զգացումով, որ գործս ավարտել եմ, գնալու եմ տուն, որտեղ տաք ճաշ, ավելի շուտ պիցցա է սպասվում ամբողջ օր կիսաքաղցած մնալուց հետո, ու երեխաների հետ՝ «գզվե՞նք»։
Պատկերը կարծես թե շատ իդեալական է ստացվում, եթե այս ամենի հետևում թաքնված խութերը չհաշվենք։)
Մարատ

No comments:

Post a Comment