Wednesday, March 17, 2010

Թևաթափ լինելու ու «հարցեր լուծելու» մասին

Խոսքն այս դեպքում հրեշտակների թևերի մասին չէ, մազաթափության կամ փետուրաթափության հետ էլ կապ չունի։ Այն ավելի շուտ թռչունների թևերի հետ կապ ունի։ Հիշում եմ, տատս կտրում էր բադերի թևերը, դրանք ընտանի բադեր էին, որ աշնանը չթռչեին մեր ցուրտ կողմերից։ Այդ բադերին կարծում եմ շատերս ենք նմանք, կտրված թևերի մասով։ Մի փոքր ավելի ուշադիր է պետք նայել շրջապատին ու մի փոքր էլ գլուխ հանել մարդկանցից, նման թևաթափ մարդկանց ամեն քայլափոխի կարելի հանդիպել։ Տարբերությունը բադերից նրանում է, որ մարդկանց մոտ խոսքն «անօգնականության» մասին չէ, անգամ «անճարության» մասին չէ։ Սրանք իրավիճակներ են, որոնցից շատ արագ, ոչ այնքան հեշտ, բայց կարելի է գլուխ հանել։ Ավելի վատ գիտակցումն է, հեռանկար չտեսնելու գիտակցումը։ Չնայած սա էլ է հարաբերական։

Ես մի ընկեր ունեի, հիմա հազիվ մեզ ընկերներ հնարավոր լինի անվանել, վերջին անգամ իրար շատ վաղուց ենք տեսել։ Բայց ժամանակին շատ մոտ էինք, իրար հետ սովորում էինք, քննություններ հանձնում, ու Կահիրեում արաբների հետ կռիվ տալիս ու շատ արագ վազում ... Մեր ընկերության պատմությունը այս պահին կարևոր չէ։ Կարևոր է նրա ու իր ապագայի մասին իր պատկերացումները։ Նա մտավորական ընտանիքից էր, բայց մեծացել էր փողոցում, ծառայել բանակում ամենախառը տարիներին, 90-ականներին Սյունիքում, չեմ հիշում, բայց ինչ որ սարսափելի մի գեներալի «չաստում»։ Այս ամենի հետևանքում ուրիշ էր կյանքի նկատմամբ նրա մոտեցումը. ու ինչ որ առումով օրինակելի մեզ համար, Երևանում 1995-ին հայտնված ոչ երևանցիների համար։ Որ պիտի շատ «ախպեր ընկերներ» ունենալ, ընկերոջը տարբերել «ախպեր ընկերոջից», առաջին կուրսում փորձել «քոնը դնել», «ձգրտած» չլինել, «թույլ պահել» ու այսպես շարունակ։ Բայց ամենկարևորը այս շղթայում «հարց լուծելու» ունակությունն էր։ Ինչքան շատ են այդ հարցերը ու ինչքան շատ հարցեր ես կարողանում դու լուծել, այդքան մեծ է քո տեղն ու դիրքը շրջապատում։ Մոտավորապես այսպիսին է փիլիսոփայությունը։ Նրա հետ երբ համալսարանից դեպի երիտասարդական էինք բարձրանում, «Ժող»-ի մոտով անցնելը վերածվում էր ռիտուալի, քանի նա այստեղ բազմաթիվ «ախպեր ընկերներ» ուներ, որոնց հատ-հատ բարևում էր ու ախպերավարի «համբուրվում» (90-ականների ուսանողությունը լավ կհիշի), հետո մի 5 րոպե նրանց որպիսությունը, ավելի շուտ ոնցությունն էր պարզում ու այսպես շարունակ։ Վերջում, երբ արդեն անցնում էինք չարաբաստիկ այդ հատվածը, միշտ գլուխ էր գովում, թե ինչքան մարդու է ինքը ճանաչում ու ինչքան մարդ է իրեն ճանաչում։ Ու ամենակարևորը, որ ինչքան մարդու հետ է նա «համբուրվում», քանի որ դա առաձնահատուկ հարգանքի ու ընկերոջ համար վիզ դնելու յուրահատուկ նշան էր։

Մեր մոտ այդպիսի խնդիր չկար, գյուղում բոլորս միմյանց ճանաչում էինք, հարգում, իրար համար ոչ տեղաբնիկներին ջարդում ու ջարդվում, բայց «ախպեր ընկերներ» չէինք, չէինք էլ «համբուրվում», միմյանց նկատմամբ ավելի անկեղծ էինք ու երկու քայլ միմյանցից հեռանալիս հետևից չէինք շեշտում, թե «հարիֆ ա»։ Բայց ամենակարևորն այստեղ նա է, որ «հարց լուծելը» նայվում էր «ախպերության» պրիզմայի միջով։ Ինչքան շատ ախպերներ ունես, այդքան մեծ են հարցեր լուծելու քո հնարավորությունները։ Այդպես հարց լուծելով նա ավարտեց համալսարանը, ավարտեց լավից բարձր գնահատականներով, ամեն դեպքում ամեն քննություն առանձին հարց էր, որ կարելի էր լուծել պարապելով, դասախոսի որդու հետ ընկերություն անելով, դասախոսին մեքենայով տուն տանելով, դասախոսի հետ ընկերություն անելով։ Դրանք հարցի տարբեր ասպեկտներ էին։ Նույն կերպ հարցը լուծվեց մագիստրատուրայում։ Ասպիրանտուրայում, ահա, ինչ որ չստացվեց, ավելի շուտ դա արժանի հարց չէր լուծելու համար։

«Հարցի» մեկ այլ ու ոչ պակաս կարևոր այլ կողմ։ Այդ հարցերը միշտ այսրոպեական են։ Դրանք ապագայի, հեռանկարների, ինչ որ պլանների հետ կապ չունեն։ Խնդիրներն են, որոնք պիտի ինչ որ մի կերպ, հնարավորին կարճ ժամկետում ու ռեսուրսների հնարավորինս նվազ գործադրմամբ, առանց լուրջ ջանքերի լուծել ու վերջացնել։ Մի ծանոթ ևս ունեի, որը շատ կարճ ժամանակով կառավարության կադրերի բաժնի վարիչն էր կամ աշխատակազմի ղեկավարը, մոտ մի 2-3 ամիսով։ Ես մի օր անչափ զարմացա, երբ իմ չափազանց «երիցյանական» հարցին կառավարության հեռանկարային քայլերի մասին և այլն, նա պատասխանեց, որ ամբողջ օրը պարատ նստած են, սպասում են որ ինչ որ մեկը գա ու իրենք այդ ինչ որ մեկի «հարցերը» լուծեն, իհարկե՝ «փոխհատուցման» դիմաց։ Այստեղից երկու հետևություն. 1) այդ հարցերը հընթացս են, 2) հարց լուծելու տրամաբանության ու փիլիսոփայության վրա կառուցված է ոչ միայն պետությունը, պետությունն այստեղ ածանցյալ ինստիտուտ է, այլ ամբողջ հայաստանյան հասարակությունը։

Ինչի համար եմ սա գրում։ Ուզում եմ հասկացնել ու հասկանալ, որ հայաստանյան ամբողջ իրականությունն այսօր հարց լուծելու մեջ է։

Հիմա հարցադրումը. Ինչ պիտի անի այն մարդը, ով չի ուզում ապրել հարցեր լուծելու տրամաբանությամբ ու փիլիսոփայությամբ, ունի միջնաժամկետ ու երկարաժամկետ պլաններ, ամռանը հանգստանալ ծրագրում ու դրա համար գումարներն մի կողմ դնում է դեռևս աշնանից, հոդվածի «ցրցամը» տալիս է հինգ տարի առաջ ու ավարտում ևս երկու տարի հետո, ամսվա ծախսերը ծրագրում է նախորդ ամսվա վերջում։ Այդպիսի մարդը իքնին հասկանալի է, որ նվազագույնը ոչ ադեկվատ է նայվելու շրջապատի կողմից, առավելագույնը, գ-ով սկսվող ու գերմանացի գրողի ազգանուն հիշեցնող, բայց թուրքերենում իմաստի սաստկացման «-ֆերան» վերջածանց ունեցող բառով է բնորոշվելու, երբ փորձելու է մյուսներին բացատրել, որ հարցերին երբեմն կարելի է մեկ օրից ավելի տևողություն ունեցող պարբերույթով նայել։

Հիմա կհարցնենք այս ամենի հետ թևաթափությունն ինչ կապ ունի։ Թևաթափության զգացումը գալիս է այն պահին, երբ գիտակցում ես, որ այնպիսի մի վիճակում ես հայտնվել, որ հարցեր լուծելու քո ու շրջապատի ժամակային կորերը հակադիր են, իսկ դու ոչ մի բան անել չես կարող։ Ոչ թե նրա համար, որ անկարող ես, կամ ուղեղի գորշ բջիջների քանակը սահմանափակ է, քամ աշխատել չես սիրում, ոչ, այլ է կոնյունկտուրան, դու հազիվ ես ներառվում, ավելի շուտ քեզ զոռով ես խցկում այդ կոնյուկտուրայի մեջ։ Ինչքան ավելի հաճախ է այդ զգացումը, այդքան ավելի մեծ են տվյատանքները (բառը երևի ճիշտ գրեցի) որ դու և ոչ թե կոնյունկտուրան է ոչ ադեկվատ։ Բայց երբ մի պահ քեզ տեղադրում ես իրական այլ կոնյուկտուրայի մեջ, ոչ հասայտանյան, ոչ երևանյան, ապա վերանում է սեփական ոչ ադեկվատության մասին պատկերացումը։

Եզրահանգման կարիք էլ չկա. տարբեր են մարդիկ, տարբեր են իրականությունները, տարբեր են իրականության մեջ ինտեգրվելու եղանակները։

Բայց էլի թևաթափության մասին. կարևորը այս ամենի մեջ թևաթափ չլինելն է, սթափվելը, սթափ դատելու ունակությունը պահելն ու հարցերը մեկ օր ժամանակահատվածից ավելի մեծ ժամկետների համար ծրագրելը։

Իրիկուն չէր, Մարատ
--

No comments:

Post a Comment