Monday, March 1, 2010

Ինչ կապ ունեն կոշիկները բանկերի հետ

Առավոտյան գործի գնալիս ավտոբուսի կանգառն այնպիսին է, որ իջնում եմ խմբագրությունից մի փոքր հեռու ու քայլում դեպի խմբագրություն։ Ճանապարհը Հայաստանում ճանաչված բանկերից մեկի նորաբաց գրասենյակի մոտով է։ Իսկ քանի որ այդ ամենը տեղի է ունենում առավոտյան, ապա բանկի մուտքի մոտ սովորաբար հավաքված են աշխատակիցներն ու առավոտյան սուրճն են վայելում, ծխախոտի հետ։ Պարզ է, որ բացառապես տղամարդիկ են։ Անկախ քեզանից ուշադրություն ես դարձնում նրանց վրա, բազմամարդությունն աչքի է ընկնում։

Նրանց արտաքինն է հետաքրքիր՝ կոստյումները, կոկիկ սանրված մազերը ու նաև կոշիկները։ Ելնելով կոստյումների որակից, նրանք միջին օղակի աշխատողներ են։ Կոստյումներն ամեն դեպքում շատ էժան չեն, փողկապի ու վերնաշապիկի հետ գույների համադրությունը հիմնականում ճաշակով։ Զգացվում է, որ «տղերքը» հատուկ ուշադրություն են դարձնում արտաքինի վրա ու ձգտում համապատասխանել բանկային աշխատակցի բարձր տիտղոսին։ Միշտ սափրված, հայկական ստանդարտ սանրվածքներով։ Թեև նույն բանկում մեկին ճանաչում եմ, ելնելով վարած մեքենայից, վերին օղակի մենեջերներից, որի սանրվածքը շատ ավելի առաջադիմական է, քան կարելի է պատկերացնել մեր իրականության մեջ։
Իսկ ամենահետաքրքիրն այստեղ ոչ թե կոստյումներն են ու սանրվածքները, այլ կոշիկները, որոնք ոչ մի կերպ չեն տեղավորում նման իմիջի մեջ։ Դրանք նույքան հայկական են, որքան սանրվածքները։
Երևի տղերքը մտածում են, որ ոչ ոք իրենց կոշիկներին չի նայելու կամ էլ ղեկավարությունը չի նայում կոշիկներին ու ազատություն են տալիս իրենց ճաշակին։
Դրանք «քյառթու» հայկական կոշիկներ են, մեծ մասամ «ծիծակ» քթերով, երբեմն էլ ոչ սև, և ոչ էլ շագանակագույն, ինչը գունային հակամարտության մեջ չէր մտնի կոստյումների հետ, այլ ինչ որ շատ տարօրինակ գույների, անգամ սպիտակ։
Ահա այստեղ էլ մտածում ես, արդյոք այդ տղաները նույքան առաջադիմական են, որքան այդ բանկի իմիջն ու արդյոք այն են, ինչ փորձում են ներկայացնել իրենց։
Մարատ

No comments:

Post a Comment