Այսօր կեսօրին, ինչպես միշտ, շտապում էի համալսարան. չորրորդ կուրսեցիների մոտ արաբերեն ունեի։ Ամբիոնը ինչ որ տարօրինակ դատարկ էր, այդ ժամին, սովորաբար, կանգնելու տեղ անգամ չէր լինում։ Հետո հանկարծ աչքիս ընկավ մի հայտարարություն. ժամը 13-ին ֆակուլտետի նիստ, կամ ինչ որ նման մի բան։ Ամեն դեպքում հավաքվել էին ֆակուլտետի բոլոր դասախոսներն ու ինչ որ բան էին քննարկում։ Թե ինչ էին քննարկում, այդպես էլ պարզ չդարձավ. ես ներս մտա, երբ արդեն նիստը ավարտվելու վրա էր։
Ամեն դեպքում, չափազանց հետաքրքիր էին բարձրացվող խնդիրները. նույնքան հին ու հնադարյան, որքան կարծում եմ գոյություն ունի համալսարան ասվածը։ Դրանք առավելապես կազմակերպական բնույթի էին, ոչ մի բովանդակային հարցադրում, ոչ մի բովանդակային խնդիր։ Միայն՝ դասախոսին ստուգել, ինչ որ մեկին կամ ինչ որ մի բան վերահսկել, հետո պատժելու մեխանիզմներ ու այսպես շարունակ։ Ազգը վերահսկելու ու ստուգելու մոլուցքով տարված է։
Իսկ համալսարանում 1937 հիշեցնող մի պրակտիկա կա. բոլոր լսարաններով անցնում է մեկը ու հետևում, արդյոք դասախոսը տեղում է, թե ոչ։ Իսկ քանի որ բոլոր դասախոսներին հազիվ թե նա ճանաչում է, այդ ամենը վերածվում է հերթական ֆարսի։ Պարզապես ստուգվում է, արդյոք լսարանը դատարկ է, թե ոչ։ Եթե դատարկ է, ապա ֆիքսվում է լսարանը, հետո դասացուցակում համեմատվում, թե ով պիտի լիներ լսարանում ու արդեն պատրաստ է «բացական», ինչը, ինչքան հիշում եմ, արժե -3 հազ. դրամ աշխատավարձից։ Այսպիսի տարօրինակ բաներ համալսարանում ինչքան ուզեք։
Ես դեմ չեմ, սրանից չեմ նեղվում, ստուգեն որքան ուզում են, չնայած ավելի քաղաքակիրթ մեխանիզմ կա, կամ եթե պիտի ստուգես դասախոսին, ուրեմն նրան ընդունել պետք չէ աշխատանքի։ Վերջապես ենթադրվում է, որ դասախոսները գիտակից մարդիկ են։ Պարզապես ոչ ոք չի ուզում հասկանալ, առավել ևս ընդունել, որ դասախոսին կարելի է նաև վստահել, դասախոսը, ինչ որ նվազագույն պայմաններ ապահովելու դեպքում, կարող է նաև բարեխիղճ աշխատել։ Իհարկե, «գեղ չկա, որ շուն չլինի»։
Բայց սա էլ չէ կարևորը։ Կարևորն այն է, որ այդ «քննարկման» ընթացքում բոլորը խոսում էին մի բանից ու տարբեր կերպ, որը կարելի շատ համառոտ անվանել՝ կրթական գործընթացի էլեկտրոնային կառավարում։ Պիտի մի քիչ փող ծախսել ու ասենք պատուհանները փոխելու կամ ինչ որ պարիսպ կառուցելու փոխարեն այդպիսի մի էլեկտրոնային ծրագիր պատվիրել (ի դեպ կառավարությունում արդեն կա, գործում է, շատ են գոհ), որը կհաշվառի բոլոր դասախոսներին ու ուսանողներին, կավտոմատացնի ուսման հետ կապված բոլոր գործընթացները ու այսպես շարունակ։
Շատ հեռու գնալ պետք չէ։ Նման ծրագրի համար գումարներ շատ հեշտ է «բերել» միջազգային ցանկացած գործակալությունից, անգամ պետական դրամաշնորհներ կարելի է ներգրավել։ Էլ չեմ ասում, որ համալսարանում կա առանձին ֆակուլտետ, որի համար նման ծրագրի գրելը խաղուպար կարող է լինել։ Միայն, ցանկություն չէի ասեի, այլ մեկ ուրիշ բան է պետք. գիտակցում, որ կարևորը համալսարանն է որպես կառույց ու որպես գիտա-կրթական ինստիտուտ և ոչ թե անհատ մարդիկ, որոնց շուրջ պտտվում է համալսարանի ոչ այնքան գիտական, կրթականի մասին էլ չեմ խոսում, առօրյան։
Մարատ
No comments:
Post a Comment