Tuesday, March 2, 2010

Տաղաչափությունն ու տղաս` Դավիթը

Ընտանիքիս մասին դեռ առիթներ կունենամ գրելու ու առանձին շարքով: Բայց հիմա մի փոքր, թե ինչքան հետաքրքիր է փոքրերի հետ։ Տղաս, Դավիթը, որը դեռ 5 տարեկան էլ չկա, երկու քառատող էր սովորում, մանկապարտեզում էին տվել ինչ-որ գարնան տոնին նվիրված հանդեսին պատրաստվելու համար։ Քառատողերը մեծ չէին, յուրաքանչյուր տողում երկու բառ, այսինքն ընդհանուր առմամբ 16 բառանոց բանաստեղծություն էր։ Տղաս շատ արագ երեկոյան սովորեց, չափազանց պարտաճանաչ է նա, գերմանական կարգապահությամբ։
Առավոտյան, երբ արնթացանք, նա, իր իսկ նախաձեռնությամբ նորից ստիպեց մեզ ստուգել, թե արդյոք ճիշտ է հիշում ամեն ինչ։ Իսկ երբ սկսեց արտասանել, միջամտեց կինս, թե ո՞նց ես արտասանում, առանց առոգանության։ Ու սկսել առոգանություն մտցնել Դավիթի միատոն բառաշարքում։

Բայց հենց մտավ առոգանության գործոնը, Դավիթը սկսեց խառնել տողերի հերթականությունը, ու չհիշել քառատողերը, թեև շատ լավ գիտեր դրանք։ Կինս նորից փորձեց, նորից նույն արդյունքը, ու այքնան ժամանակ, քանի դեռ Դավիթը «չջղայնացավ», թե՝ աաաաահ մամ։
Իսկ ես կողքից նայում էի ու «գիտական-ստեղծագործական» հաճույք ապրում իմ այս դիտարկումից։ Ինքս հասկանում էի, թե ինչու քառատողը, որը անգիր գիտեր տղաս, հանկարծ չի կարողանում արտասանել, երբ միջամտում է առոգանությունը։
Իսկ խնդիրը, ինչքան էլ տարօրինակ թվա, տաղաչափության մեջ է։ Ասեմ ինչու, ինչը փորձեցի հասկացնել նաև կնոջս։
Արաբական գրականության դասերից արաբագետները համ ընդհանրապես գրականագետները հաստատ հիշում են բանավոր պոեզիայի մասին։ Հիշում են նաև բանաստեղծական չափերի ու խալիլյան շրջանների մասին։ Այդ չափերը չափազանց կարևոր ֆունկցիա ունեն բանավոր մշակույթում. դրանք նաև տեխնիկական միջոցներ են, բանաստեղծությունը հիշելու ու վերարտադրելու համար։
Նույնը նաև աշուղների ու գուսանների մոտ է, ռիթմը, երաժշտական տեմպը և այլն անմիջապես կապված է բանաստեղծության չափի հետ։ Մեկը օգնում է մյուսին ու իրար հետ օգնում աշուղին հիշել ինչպես երաժշտությունը, այնպես էլ խոսքերը։
Հիմա հիշելու այդ խնդիրը Դավիթի համար ապահովում էր տեխնիկական մեկ այլ միջոց, առանց որևէ առոգանության ու որոշակի հստակ տեմպով բառերը միմյանց հետից շարելը։ Հենց սկսում ես այդ տեմպի մեջ առոգանություն, տրամաբանական շեշտ և այլն մտցնել, դու փաստորեն փլուզում ես Դավիթի համար գործող գործիքը, հետևաբար փլուզվում է հիշողության մեջ ամրագրված մեխանիզմը ու Դավիթը չի կարողանում արտասանել, վերարտադրել այն, ինչ շատ լավ գիտի։
Ահա տաղաչափության ու տղայիս միջև կապը։ Կինսը դա ընդունեց։
Բայց ամենակարևորն այստեղ այս կապը չէ, կարևորն այստեղ այն է, որ իմ «պարզաբանմանը» կողքից ուշադիր ու աննկատ իմ համար հետևում էր աղջիկս՝ Սոնան, որը հենց ես ավարտեցի, ոգևորված ու փայլուն աչքերով հարցրեց՝ պապ, իսկ դու որտեղից դա գիտես։
Ես փորձեցի բացատրել, որ համալսարանից, դե իհարկե արուդի մասին չխոսեցի։
Իսկ ավելի կարևոր է այն, որ աղջիկս առաջին անգամ իր կյանքում գիտակցեց գիտության բացատրական ուժը, ու ինչը շատ ավելի կարևոր է, կարողացավ գնահատել այն։
Նույն տեմպով Սոնա!!!!
Մարատ

No comments:

Post a Comment