ԵՊՀ-ից բացի, ես նաև «Կապիտալ» օրաթերթում եմ, շատերը Հայաստանում ճանաչում են այդ օրաթերթը կամ կրպակներին մի փոքր ավելի ուշադիր նայելիս հաստատ տեսած կլինեն, վարդագույն, բայց դա հիմա կարևոր չէ։ Հիմա, ամեն օր, գործի բերումով թերթում հրապարակվող յուրաքանչյուր հոդվածի համար առանձին գլխաբառեր եմ ընտրում, որոնց բազմությունը պիտի ապահովի ամբողջ հոդվածի էությունը, որպեսզի հետո հոդվածները հնարավոր լինի միավորել թեմատիկ խմբերում։
Բայց դա էլ կարևոր չէ, կարևորն այս դեպքում մի հոդված էր (http://www.cdaily.am/home/paper/2010_02_19/news/17594/), որտեղ ոլորտի պատասխանատուն, որը, ի դեպ, հաստատ շատ լավ է վարձատրվում այդ ոլորտից գլուխ հանելու համար (ուրիշի փողերը հաշվելու հայկական ավանդույթից շատ եմ հեռու, պարզապես այս պահին ինձ ավելի շատ աշխատաշուկայի ոչ որակյալությունն է հետաքրքրում), խոսում է կոռուպցիայից ու կաշառքից հայաստանյան իրականության մեջ։
Երևի մի երկու տեղից լսել է մենթալիտետ բառը ու որոշել, որ Հայաստանում «ազգային հոգեկերտվածքի» մեջ է թաքնվում կաշառք տալը կամ վերցնելը։
Սա նշանակելու է, թե մեզանից յուրաքանչյուրի համար, պիտի նույնքան կարևոր լինի կաշառքը, որքան ասենք Ցեղասպանության հետ կապված խնդիրները, կամ ծնողների նկատմամբ հարգանքը, երեխաների նկատմամբ հայկական հոգատարարությունը և այլն։ Միայն այս երևույթներն են ազգային հոգեկերտվածքի մակարդակում, նաև հայկական մեղեդի լսելուց անկախ քեզանից արձագանքը։
Հիշում եմ, տղաս, որը դեռ մի տարեկան էլ չկար, տարբեր կերպ էր արձագանքում հայկական ու ոչ հայկական երաժշտությանը, հօգուտ հայկականի՝ իհարկե։)))
Հիմա հազիվ թե ինչ որ մեկը համաձայնի, որ կաշառակերությունը մեր էությունում ծնողների հանդեպ սիրուն հավասար կարևորություն ունի։ Անգամ կարևորությունը չէ այստեղ խնդիրը, այլ այն, թե որքանով է կառաշակերությունը պայմանավորելու մեր վարքագիծը։ Եթե պայմանավորում է, ուրեմն հոգեկերտվածք է, եթե ոչ՝ ապա ոչ։ Սա հոգեկերտվածքի մասն էր։
Եթե ընդունում ենք, որ այն մոտավորապես ի ծնե է, ապա դա արդեն ազգային մասով է։ Հազիվ թե ազգային լինի դա, ամեն դեպքում տղաս կաշառք բառը լսելիս ոչ մի արձագանք չէր տալիս։)))
Հիմա, այսպիսի տրամաբանությամբ մեր պաշտոնյաները փորձում են արմատախիլ անել կաշառակերությունը։ Բայց արմատախիլ անելու համար նախ պիտի հասկանալ թե որտեղ են արմատները։ Իսկ ինչ գրում էի վերևում, կարծես թե նշում էր, թե արմատները նրանք ճիշտ տեղում չեն փնտրում, ամեն դեպքում ազգային հոգեկերտվածք չէ կաշառակերությունն ու կոռուպցիան։
Իսկ փնտրել պետք է հասարակության կառուցվածքի՝ խավերի, շերտերի, խմբերի, շահերի ու վերջում անհատների սոցիալական կապերի մեջ։ Ինչպիսին են այս կապերը մեր հասարակությունում։
Պատկերացումները, իհարկե, տարբեր կարող են լինել. ես առաջարկում եմ իմը, որը նաև ցույց կտա, թե ինչպես պետք է նայել կոռուպցիային ու կաշառակերությանը։
Նախ կաշառքը ես ընկալում եմ որպես կոռուպցիայի տեսակ, որն անմիջապես կապված է նյութական կամ ոչ նյութական փոխհատուցման հետ՝ ինչ-որ ծառայության դիմաց։ Կոռուպցիան հասարակության անդամների միջև կապերի, ավանդական կապերի կամ հասարակությունում որպես «նորմալ» գնահատվող կապերի խախտումն է, որն ապահովում է բարիք՝ նյութական կամ ոչ՝ խախտմանը մասնակից բոլոր կողմերի համար։
Եթե կաշառքն ու կոռուպցիան «մարատյան - այսինքն՝ իմ» ընկալումով տարբերեցինք միմյանցից, փորձենք հասկանալ թե ինպիսին է մեր՝ հայաստանյան հասարակությունը, էլի նույն՝ իմ ընկալմամբ։
Այն շատերը կլանային են համարում, ինչը իրականությունից հեռու չէ, ես նախընտրում եմ համայնքային կամ խմբային, ավելի շուտ ընտանիքի՝ մեծ ընտանիքի կամ գերդաստանի՝ ավելի շուտ խնամի-ծանոթ-բարեկամների խմբերից բաղկացած կոնգլոմերատ տարբերակը։ Խմբի յուրաքանչյուր անդամ օգտագործում է իր հնարավորությունները ընդհանուր բարիք ապահովելու համար։ Ես օգնում եմ եղբորս, նա ինձ, եղբայրս իր աներձագին, որին ես չեմ օգնում, բայց նա եղբորս միջոցով մուտք ունի իմ հնարավորություններին ու այսպես շարունակ։ Շղթան կարծեմ պարզից էլ պարզ է, Հայաստանում ծնված մեծացած յուրաքանչյուրի համար։
Քաղաքում այս հակասությունն ավելի է սրվում (քյուչա, թաղ, հեղինակություն, լավ տղա և նման քաղաքային մշակույթի տարրերով), քանի որ քաղաքում մարդկանց, ու նաև այդպիսի խմբերի խտացումը մեծ է։ Գյուղերում դա սովորաբար սահմանափակվում է հարևան գյուղերի միջև մրցակցությամբ։
Սրա պատմական պատճառներն էլ կան. մենք սովորաբար ուրիշի իշխանության տակ ենք ապրել, դարեր շարունակ։ Դեպի իշխանություն՝ այսինքն պետականորեն ապահովված բարիք մուտքի հնարավորությունը ազգային պատկանելության կամ այլ պատճառներով փակ է եղել մեզ համար։ Այսինքն պետք է կազմակերպման ուրիշ մի համակարգ, որը կապահովի ոչ միայն անհատների անվտանգությունը, որովհետև իշխանության կողմից նման երաշխիքներ չեն տրվել, այլ նաև համայքնի բարեկեցությունը։ Այստեղից էլ գաղութային կամ համայնքային մտածելակերպը - համայնքը մեծ է ու միմյանց նկատմամբ ուշադիր, ապահովված է ողջ համայնքի գոյությունն ու անվտանգությունը։ Օրինակ ջավախահայերի կամ Երևանում ընդունված՝ ախլքալաքցիների սինդրոմը։
Պետականության մակարդակում, հասարակության այսպիսի կառուցվածքն արդեն խոչընդոտ է, որը տանում է կլանների ստեղծման, ինչի ականատեսն ենք. նախագահի վարորդը, ԱԺ նախագահի թիկնապահը այսօր Հայաստանում պակաս կարևոր պետական պաշտոնյա, չեմ սխալվում, պետական պաշտոնյան, չէ, քան ասենք տարածքային հակային ծառայության ղեկավարը, երբեմն ավելի ազդեցիկ վերջինից։
Ձևավորվում են ոլորտներ, որոնցից յուրաքանչյուրը ղեկավարվում, վերահսկվում է կլաններից մեկի կողմից։ Կլանները փակ են, նոր անդամներ չեն սիրում ու չեն ընդունում, քանի որ ընդարձակումը լի է անկանխատեսելի հետևանքներով։ Կլաններում ընգրկված մարդակնց թիվն ավելի սահմանափակ է, քան չընդգրկվածներինը։ Իսկ բարեկեցության ու անվտանգության ձգտում են բոլորը։
Նպատակին հասնելու ուղիները շատ են՝ սկսած կենցաղային լպրծությունից մինչև ...։ Իդեալական տարբերակը, իհարկե, կլիներ բարիքների բաշխումը կանոնակարգել պետական մակարդակում՝ օրենսդրությամբ՝ սահմանելով հստակ չափորոշիչներ, ասենք 10-ամյա կամ համալսարանական կրթություն, գիտելիք, ազնվություն, պետական մտածելակերպ, էպիտետներ ինչքան ուզեք։ Կարևորը, որ դրանք ընդունելի, հասկանալի ու մատչելի լինեն հասարակության յուրաքանչյուր անդամի համար։
Այսինքն, ես գիտեմ, որ բակալավրատի կրթության դեպքում շուկայում իմ պահանջարկը արժե 50 հազար դրամ, մագիստրական կրթության դեպքում՝ 100 հազար դրամ, իսկ թեկնաուծուական՝ 150 հազար դրամ։ Սրանք շեմեր են, որոնք հետո կաճեն կամ ոչ։
Եթե հասարակությունում չի գործում օպետական օրենսդրությունը, օրենքները ներքին են, ապա ստիպված ենթարկվում ես ներքին օրենքներին։
Հիմա, ինչ կապ ունի այս ամենը կոռուպցիայի հետ...
Եթե ես իշխող (կարող է լինել իշխանական կամ ոչ) կլաններից ոչ մեկում չեմ, հետևաբար իմ բարօրության մակարդակը ցածր է, իսկ ձգտումը կա։ Նպատակին հասնելու համար ամենակարճ ճանապարհը, ժամանակային առումով ամենակարճ ժանապարհը, իմ համայնքի բոլոր, այդ թվում՝ ֆինասնական, ծանոթների, ԽԾԲ և այլն ռեսուրսները մոբիլիզացնելն ու իշխող կլաններից մեկում տեղ գրավելն է՝ պայմանով, որ ես փոխհատուցելու եմ ծախսված ռեսուրսները։ Ահա թե որտեղից կոռուպցիան։
Եթե ես մեքենա եմ մաքսազերծում ու մաքսատանը ոչ մի ծանոթ չունեմ, միակ ճանապարհը մաքսավորի հետ պայմանավորվելն ու էժան մաքսազերծումը գնելն է։ Արդյունքում գոհ ենք բոլորս, դժգոհ՝ ...
Սա փակ շղթա է ու օրինակներ ցանկացած մակարդակում.
Բժշկություն՝ խնդրեմ ...
Համալսարան՝ խնդրեմ ...
Ոստիկանություն՝ խնդրեմ ...
Հիմա եթե մեր պաշտոնյաներն ուզում են վերացնել կոռուպցիան, ինչը հնարավոր չէ զուտ այն պատճառով, որ մարդը սոցիալական է, կապեր ունի, շփվում է, այլ գոնե սահմանափակում են մինչև թույլատրելի ու հասարակության համար ընդունելի մակարդակ, պիտի փոխեն հասարակության մեջ պետական բարիքների բաշխման համակարգը։ Ոչ մի ազգային հոգեկերտվածք էլ պետք չէ։
Վերջաբանը կարծում եմ ստացվեց։)))
Մարատ
No comments:
Post a Comment