Saturday, February 27, 2010

Արաբագիտությունն ու Հայաստանը

Այն գործերը, որոնք հնարավոր չի լինում ավարտել աշխատանքային շաբաթվա ընթացքում, իսկ պետք է դրանք անպայման ավարտել, մնում են ոչ աշխատանքային օրերի համար, օրինակ շաբաթ կամ կիրակի օրվա համար։ Մոտավորապես նույն պատկերն է, հայտնի անեկդոտից. «Հրեային հարցնում են՝ ի՞նչքան ես աշխատում օրվա ընթացքում։ Պատասխանում է՝ 24 ժամ։ Հարցնում են. Իսկ ի՞նչ ես անում, երբ ժամանակը չի հերիքում։ Պատասխանում է՝ մի ժամ շուտ եմ արթնանում»։ Այսպիսին է մոտավորապես նաև մեր իրականությունը, երբ աշխատում ես մի տեղ, վաստակում՝ մեկ այլ տեղ (համեմատությունը իմը չէ), իսկ շաբաթ օրերին համալսարանում լրացնում ես այն, ինչ չես հասցրել շաբաթվա ընթացքում։

Հիմա հերթական այսպիսի շաբաթ օրերից, նույն համալսարանում, բանավիճում էինք, կամ ավելի շուտ փիլիսոփայում, թե ինչպիսին է մեր իրականությունը, ուր է գնում այն, ինչպես պիտի վարվել շրջապատում, ինչ-որ կերպ գլուխ հանելու համար ու այսպես շարունակ։ Դե բանավեճի տոնն ընդհանուր առմամբ պարզ է. հոռետեսական էր, կամ ինչպես հայրս կասեր. «Էշի երկիր է»։ Ոչ մի բան չի փոխվում, փոխվելու հույս էլ չկա։

Տրամադրությունների նման ընդհանուր ֆոնի մեջ, վերջ ի վերջո քննարկումը կանգնեց հայ արաբագիտության կամ արևելագիտության ապագայի շուրջ։ Քննարկումները բազմաթիվ են, կարծիքները նույնպես, առաջարկների գրեթե իսպառ բացակայություն՝ կոշտ ու չոր քննադատական գծի պայմաններում։ Ընդ որում, քննադատել սիրում են նրանք, ովքեր այդ ոլորտում չեն, «կողքի մարդիկ» են։

Սովորաբար այդպես է, գործը, որը անում ես դու, շատ լավ «կարողանում են» անել հարևան աշխատակիցները, քանի դեռ իրենք չեն կրում հենց այդ պատասխանատվությունը. պատրաստ են բազմաթիվ խորհուրդներ տալ, սովորեցնել։ Բայց հենց հերթը հասնում է իրենց, ապա պարզ չէ, դե ուր են կորում նախկին նախաձեռնությունները։

Արաբագիտության պարագայում նույնպես այդպես է. խորհուրդներ տալիս են բոլորը, առանց բացառության, առանց հաշվի առնելու, հասկանում են իրենք ոլորտից թե ոչ։

Կարևորն այստեղ այն չէ, թե քննադատում են թե ոչ, կամ քննադատությունը հիմնավորված է թե ոչ։ Վատն այստեղ այն է, որ ոլորտի շուրջ ձևավորվում է մթոնոլորտ, որը ընդհանուր առմամբ, քննադատության հայաստանյան ընկալմամբ, չի կարող այլ կերպ լինել, քան բացասական։ Իսկ քննադատությունը կարող է նաև կառուցողական լինել, իհարկե ոչ մեր մոտ։) Ահա թե ինչու ենք մենք շատերս վախենում քննադատությունից. նրա հետևանքները սովորաբար լավ արդյունքի չեն բերում, փոխվում է շրջապատի վերաբեմունքը քո նկատմամբ, շրջապատում սկսում են այլ կերպ ընկալել քեզ։

Բայց բացասական տոնն էլ մի կողմ. այն ինձ այս պահին շատ չի հետաքրքրում։ Ավելի լավ է արաբագիտությանը վերադառնանք։ Ինձ այստեղ ավելի շուտ արաբագիտական համալսարանական, մեր, հայաստանյան, կրթության հեռանկարներն են հետաքրքրում։
Հեռուստատեսությամբ ԵՊՀ-ի մասին վերջին ռեպորտաժներից մեկում ռեկտորը խոսում էր լաբորատորիաների համալրման անհրաժեշտության մասին. ոչ մի խոսք չհնչեց հումանիտար բլոկի մասին։

Սովորաբար, երբ խոսք գնում է արդիականացման մասին, առաջին պլանում բնագիտական բլոկի խնդիրներն են հայտնվում՝ ժամանակակից, արդի տեխնիկա, լաբորատորիաներ, չգիտեմ սարքավորումներ և այլն։ Հումանիտար գիտությունները շարունակվում են ասոցացվել փոշոտ գրադարանների, շատ հին կոստյումներով գրեթե զառամյալ գիտնականների հետ։ Այն դինամիկ, շարժունակ, նորարարական պատկերով չի ընկալվում։

Այս հատվածը գրելուց հետո, հանգամանքների բերումով մի քանի որ դադար տվեցի. հենց վերադարձա շարունակությանը, զգացի, որ անիմաստ է շարունակել։ Անիմաստ է ոչ թե նրա համար, որ բան չկա ասելու, այլ անիմաստ է որ այդ «բանը», խոսքը նկատի ունեմ, անիմաստ է այսօրվա մեր իրկանության մեջ։ Բացատրեմ ինչու։

Հումանիտար միտքը, ի տարբերություն բնագիտականի, արդադրում է միտք, գաղափար, որի կիրառական հնարավորությունները սահմանափակվում են սոցիալական հարաբերություններում ունեցած դերով, դիրքով, տեղով, նշանակությամբ և այլն։ Այն հնարավոր չէր ասենք տեղադրել համակարգչի մեջ, ինչպես հայերի շատ սիրաք վաղ բրոնզեդարյան KdWin ու դրանով ասենք հայրերն հավաքել։ Կիրառելիության ոլորն ուրիշ է. այն, իմ կարծիքով, պիտի հասարակության մեջ մոտեցումներ, պատկերացումներ, հասարակական վերաբերմունք, արժեքներ ու շատ նման բաներ ձևավորի։ Սրանք ոլորտներ են, որոնք այսօր հստակ հսկվում են վերևներից. ցանկացած շեղում «անհրաժեշտ» ուղղությունից, եթե չի պատժվում, ապա շատ արագ կասեցվում է։

Հիմա ինչ խոսք կարող է գնալ արաբագիտության մասին, եթե դրա պահանջարկը կամ հասարակական պատվերը չկա։ Ո՞ւմ է պետք արաբագիտությունը, ինչի համար։ Հումանիտար միտքը այսօր մնում է շատ նեղ շրջանակում, չի արտահոսում, նեխում է։ Եբրեմն, իհարկե, լինում են արտահոսքի նեղ արանքներ, դեպի ասենք երկրներ, որոնք այդպիսի մտքի պատվերներ ունեն։ Ահա հայ հումանիտար մի շարք գիտակարգերի ու երիտասարդ գիտնականների հնարավորությունների սահմանը։

Վտանգավորն այստեղ այն է, որ երբ հանկարծ ինչ որ մի ժամանակ հասարակությանը պետք գա արաբագիտական միտքը, հանկարծ կնկատեն, որ այդպիսին Հայաստանում արդեն չկա, հայեր կան, բայց ոչ Հայաստանում, կամ հայեր կան, որոնց համար «սուտի հայրենասիրական» մղուներն այդքան էլ կարևոր չեն լինի։

Միգուցե և ստացվեց ասել այն, ինչ ուզում էի ասել, միգուցե և ոչ։))

Մարատ
--

No comments:

Post a Comment