Monday, January 30, 2012

Անմասն մյուսներից

Վերջին մի քանի օրում ստացվեց նայել Ասղար Ֆարհադիի «Ամուսնալուծություն»-ը, Նուրի Բիլգե Ջեյլանի «Մի անգամ Անատոլիայում»-ը և «Օտարում»-ը, Տերենս Մալիքի «Կենաց ծառ»-ը։ Կորսված րոպեների չէին, ամեն դեպքում։ Էկրանին միչև վերջ գամված պահեց Ֆարհադին, «Կենաց ծառ»-ի համար ջանք էր պետք գործադրել, որն էլի իզուր չէր։ Ջեյլանը երևի ամենափիլիսոփայականն էր։ Ամեն դեպքում, հավանությունները միայն արևելքում են։

Ֆիլմերի մասին ավելին չես գրի, քան կինոքննադատները, առավելևս, որ սրանք նոր ֆիլմեր չեն ու մրցանակների արժանացած։

Ինձ մեկ ուրիշ կողմ գրավեց. բոլոր ֆիլմերն էլ այս կամ այն չափով կյանքի իմաստ որոնող հերոսներ ունեին, գլխավոր հերոսներ։

Ֆարհադիի մոտ ամբողջ ֆիլմն էր այդ մասին՝ փլուզվող կյանքերի մասին սցենարներով։ Մալիքի մոտ հարցեր էին ու հարցեր, Ջեյլանի մոտ՝ կյանքի պատմություններ, տարբեր կյանքերի, բայց միմյանց այնքան մոտ ու միմյանց հետ այնքան կապված։

Տարբեր մարդիկ էին, յուրաքանչյուրն իր պատմությամբ ու կյանքի իր փորձով ու յուրովի կարծրացած կամ կքված այդ փորձի տակ։ Նրանցից յուրաքանչյուրն իր դարդերն ուներ, ու հավատած է, որ դրանք են ամենակարևորն այս կյանքում։

«Մի անգամ Անատոլիայում»-ի մեջ՝ գյուղի ավագի պատմությունները ու պարզությունը ու ներողությունների շարքը ու խնդրանքները ու հիմնավորումները, թե խնդրանքներից յուրաքանչյուրն էլ կարևոր է, անկարևոր բաներ չկան, ինչքան էլ դրանք դիմացինին անկարևոր թվան։ Իսկ դիմացիններից յուրաքանչյուրի համար դրանք իրոք անկարևոր էին, նրանք իրենց սեփական դարդն ու ցավն ունեին։ Օրինակները շատ են՝ դատախազը, բժիշկը, ոստիկանը, սերժանտը ...

«Օտարում»-ում Ստամբուլ եկած ազգականը անկեղծորեն վրդովվում էր, թե՝ «չարացել ես քաղաքում», իսկ նա էլ՝ «թե ինչու ես սպասում, որ ամեն ինչ պիտի քեզ մատուցվի, ինչու ես սպասում, որ քեզ պիտի օգնեն, ես ինքս եմ ամեն ինչի հասել, առանց մի գրոշ գրպանումս»։ Ծանոթ է չէ՞։

Ու ստացվում է, որ ամեն մեկն իր համար, իր դարդ ու ցավով, չնայած երբմեն պատրաստ լսելու նաև դիմացինին, երբեմն նաև պատասխանելու։ Բայց միևնույն է, անմասն մյուսներից, անմասն։ Երևի դրա համար էլ ոչ մեկը իմաստ չի տեսնում, կամ բաց է թողել կամ չի գտնում ...

Երկուշաբթի իրիկուն, Մարատ
--

No comments:

Post a Comment