Tuesday, January 3, 2012

Այսպիսի տարի, ահա ...

Տարին փոխվեց, փոխվեցի՞ն հույսերը, սպասումները, ակնկալիքները, հավատը ... միգուցե փոխվեցին, միգուցե, չգիտեմ՝ ավելի շուտ, երևի՝ ոչ, միայն տարեմուտն ու տարեսկիզբն են ստիպում մտածել, որ ինչ-որ բան փոխվեց, ինչ-որ բան պիտի փոխվի։ Իսկ կար այնպես ու մնաց այնպես, ինչպես կար։


Եվս մեկ տարի, երևի ոչ հերթական, երևի հերթական, չգիտեմ, անորոշության զգացումը հաստատ թույլ չի տա ավելի տեղին գնահատել տարին, ինչպիսին որ էր այն։ Չնայած գնահատել չեմ ուզում, ավելի շուտ դասեր քաղել եմ ուզում, ավելի շուտ՝ սովորել։

2010թ. նոյեմբերն եմ ավելի շատ հիմա հիշում, Թիֆլիսում։ Սիրում եմ քայլել, թափառել, անիմաստ թափառել փողոցներով, դեռ Կահիրեից։ Քեզ թվում է, թե փողոցները, բակերը, շենքերը, մարդկանց, մայթերը, կամուրջները չափչփելով ճանաչում ես քաղաքը, մարդկանց, ճանաչում՝ թե ինչպես են ապրում նրանք, ինչու են ապրում հենց այնպես, ինչպես ապրում են։

Թիֆլիսում ես երկու բան հասկացա ու ընդունեցի, համոզեցի ինքս ինձ, հավատացի ինքնս ինձ, որ դա հենց այնպես է, ինչպես որ է։

Նախ. Բայրոյթից հետո ոչ մի կերպ չէի հավատում, որ 90-ականներին մեզ դեպի անկախություն բերած սերունդը նույն հաջողությամբ ունակ է ժառանգել այդ անկախությունը։ Թիֆլիսում ևս մեկ անգամ վերջնականապես հասկացա, որ չէի սխալվել։ Չնայած սխալվել էի մեկ հարցում՝ առաջ չէի հավատում, որ նրանք կկարողանան ինչ-որ բան անել, հիմա հավատում եմ, որ կարող են ու անում են այդ ինչ-որ մի բանը, բայց ոչ այն, ինչ պետք է կամ անհրաժեշտ։ «Պետք»-ն ու «անհրաժեշտ»-ը, ինչպես հասկացաք, սուբյեկտիվ են, բայց, այնուամենայնիվ, չեն կարող։ Ուզում են, չեն ուզում, դա ինձ քիչ է հուզում, չեն կարող, ունակ չեն ժառանգել անկախությունը։

Հետո. միֆը կոտրվեց, թե ինչ-որ վրացիներն (եվրոպացիները, ռուսները, գերմանացիները, մյուս-մյուսները) են անում, ավելի լավ է, քան մերը։ Վրացիների դեպքում կոտրվեց նաև «տուտուց» միֆը։ Իհարկե, գիտեի այս ամենի մասին, բայց չէի հավատում։ Առավոտյան ու գիշերին մի քանի ժամ թիֆլիսյան սառած թափառոցը ստիպեց հավատալ։ Գերմանացիների համար՝ դեռ Բայրոյթում էի համոզվել։ Ինչ անում են, իրենք են անում ու հավատում են կամ չեն հավատում, անում են։ Իլյան վրացիների հետ, նրանց դարդը ինձ չեն տվել։ Ինձ ավելի շատ «մենք»-ն է հուզում։ Մենք էլ ենք անում, բայց մեզանից շատերը մինչև ուղնուծուծը ոչ միայն չեն հավատում իրենց արածին, այլև թքած ունեն այդ արածի վրա ու հաստատ համոզված եմ, որ գիտակցում էլ են, որ այն չեն անում ինչ պետք է, բայց, միևնույն է անում են։

Նոյեմբերից հետո շատ բան չի փոխվել, հաստատ չի փոխվել, եթե ոչ միայն հաստատակամությունը, որ պիտի մնալ երևի, միգուցե ...

Ո՞ւմ է «մենք»-ը պետք, եթե ոչ մեզ, ում ...-ին է «մենք»-ը, եթե ոչ մեր։

Այսպիսի տարի, ահա։

Հետամանորյա, քիչ-քիչ իրականություն վերադարձող ղուկասյանական Մարատ

Հ.Գ. Ես միայն հիմա իմացա, պարզվում է, Խաչատրյան Գագոն Ամասիայի գյուղերից է, գերդաստանի ինչ-որ մի հատվածը նաև Ղուկասյանում է։ Կհարցնեք ինչ կապ ունի Խաչատրյան Գագոն այս ամենի հետ ...
--

No comments:

Post a Comment