Friday, January 27, 2012

Հաշտվել ու առա՞ջ

Խառնվել է, շատ է խառնվել։ Նույնիսկ գրելը։ Անգամ ոճն է փոխվել։ Խառնաշփոթն ու լիրիկան ու անիմաստն ու իմաստը կորում են մեկը մյուսի մեջ։ Եթե կապն ուղղակի է մատների ու գորշ նյութի մեջ, ուրեմն այնտեղ էլ նույն վիճակը։

Սպառում ենք աջ ու ձախ, ինչ պատահի։ Պարզ է, նորություն չէ, հասկանալի է։

Հայրենիքը սպառել չարժե, դա էլ է պարզ, սա չի քննարկվում։

Ի՞նչ անել, երբ ուրիշ բան անել չգիտես, քան սպառելը։ Այստեղ է, որ պատասխան չկա։ Չկա։ Միգուցե կա՝ ես չգիտեմ։

Մեկ ուրիշ խնդիր. իսկ եթե սպառողն է թելադրում։ Չնայած առողջ տնտեսական բանականությունը հենց սա է ասում, նվազագույնը՝ պնդում։ Բայց թե տնտեսության մեջ թվեր են։ Իսկ թվերով չես չափի ամեն ինչ. քանի սմ տխրեցիր, երբ քեզ հարազատ շատ մեկը մահացավ։ Կասեք օրինակը ծայրահեղ է։ Իրական է։

Սպառողները երբեմն չեն էլ թելադրում՝ պարտադրում են։ Քեզ են պարտադրում, քո ընտանիքին են պարտադրում, քո կենսակերպին, կամքին, էությանը։ Սա էլ մեկ ուրիշ խնդիր։

Իսկ եթե քո պետությունը, երկիրը, հայրենիքն է սպառող ու դու էլ հենց այնտեղ ես ապրում։

Խառնաշփոթն այստեղ է։ Ավելի շուտ խառնաշփոթ չէ, ցավի, ափսոսանքի, չգիտեմ ինչի զգացում է։ Հուսահատ զգացում չէ։ Հուսահատությունն այս ամենում կարևորը չէ։ Կարևորը կորցված ու կորսվող ժամանակն ու ջանքերն են՝ երբեմն ամբողջովին զուր։

Հաշտվել ու առա՞ջ։ Լավ, հաշտվել։ Իսկ եթե սպառող չես ուզում ու չես։

Մարատ

Հ.Գ. Չէ, չեղավ, էլի։
--

No comments:

Post a Comment