Sunday, January 22, 2012

Ճիշտ այնպիսին, ինչպիսին մենք ենք

Հրաչյայի հետ ծանոթացա 2007-ին, եթե չեմ սխալվում։ Հետաքրքիր ծանոթություն ու բարեկամություն ստացվեց։ Հրաչյան «լուսավոր կետեր» էր փնտրում երկրով մեկ ու փորձում այդպիսիք ստեղծել։ Ու փնտրում է, ու ստեղծում, ու փնտրելու է ու ստեղծելու։ Միայնակ չէ այդ գործում ու լավ է, որ միայնակ չէ։ Ինչո՞ւ հանկարծ որոշեցի այդ մասին գրել։

Մի ժամ ու կես Ավանում էի պտտվում, Դադայի հետ, ու զրուցում էինք ու զրուցում ու Սոնային սպասում։ Ինչքան հնարավոր ու անհնարին տեղ ու հնարավորություն կար, օգտագործեցինք։ Օրն արևոտ էր, պայծառ ու ցուրտ։ Հետո մի մի բաժակ տաք շոկոլադ ու սուրճ՝ Սթարում։ Հետո որոշեցինք մոմ վառել Ավանի Սբ. Աստվածածին եկեղեցում։ Վառեցինք։

Հենց այդտեղ էլ մտածեցի. ինչո՞ւ չի կարելի երկիր կառուցել Հրաչյայի «լուսավոր կետերի» շուրջ։ Չէ՞ որ Հրաչյան փորձում է։ Չէ՞ որ բոլորը ինչ-որ անհասկանալի Հայկական աշխարհի ու ցանցերի ու անդրազգային պետությունների ու կորպորացիա-պետությունների ու չգիտեմ էլ ինչի մասին են խոսում։ Չէ՞ որ նման կետեր կարելի է գտնել ու միմյանց հետ կապել ու միասին գործել՝ լուսավոր նպատակի համար։

Մտածում էի, մի՞թե եկեղեցին կկարողանա իր վրա նման բեռ վերցնել. ժողովրդի մեջ լույս տարածել՝ արդարության, բարության, պատասխանատվության, մարդասիրության, հավատի, փոխվստահության ու էլ չգիտեմ ինչի, պետության, մարդկային ու ազգային արժանապատվության ու նաև աստծու լույսը։

Կկարողանա՞ արդյոք սա եկեղեցին անել, կուզենա՞, ե՞րբ կուզենա ու երբ ուզեցավ, կգնա՞ն մարդիկ եկեղեցի, կհավատա՞ն եկեղեցուն։

Չգիտեմ։ Ամեն դեպքում, եկեղեցին Ավանում ճիշտ նույնպիսին էր, ինչպիսին մենք ենք, ու մեր երկիրն է ու մեր մարդիկ ու մեր հավատը ու հույսը ու պետությունը։ Այն շատ չէր տարբերվում, եթե ընդհանրապես տարբերվում էր ...

Հրաչյայի լուսավոր կետերից շատ են պետք, շատ-շատ. որոնք կհավատան ու կուզենան ու կգիտակցեն ու պատասխանատու կզգան ու կուզենան այդ պատասխանատվությունն իրենց ուսերին վերցնել ու այդ ամենի մեջ իրոք լույս կլինի։ Միգուցե և Աստծու լույսը, գլխավորը՝ բարի ու արժանապատիվ լույս։

Մարատ
--

No comments:

Post a Comment