Wednesday, December 28, 2011

Ոհմակ՝ Բագրատունիների հետ կապի փոխարեն

Տարին քիչ-քիչ իր ավարտին է մոտենում, մեծ է գայթակղությունն այն ամփոփելու, չնայած անշնորհակալ գործ է ամփոփելը, նույնիսկ անհատական կտրվածքով, հաստատ ինչ-որ բան կմոռանաս, չես հիշի, բաց կթողնես ու այսպես շարունակ։ Ամփոփել դեռ կհասցնեմ, առավել ևս, որ շուտով տուն եմ գնալու, հարազատ տուն, իսկ այնտեղ՝ իրոք հարազատ տան պես է։

Միշտ զգացումը եղել է, որ ապուշագույն երկրում ես ապրում, ու ապուշագույն այդ երկրի համար պատասխանատվություն դու ինքդ ես կրում։ Ավելի տարօրինակ զգացում հազիվ թե լինի՝ գիտակցում ես, զգում ես, գիտես, ուզում ես փոխել, չես փոխում, որովհետև զահլա չկա կամ հնարավոր չէ, չգիտեմ, ու չգիտես ինչ ես անում, ինչո՞ւ ես անում, արդյոք ճիշտ կամ տեղին կամ համապատասխան ես անում, պե՞տք է քեզ դա, պե՞տք չէ, երեխաների՞ն, շրջապատի՞ն, քե՞զ, երկրի՞ն, պատմությա՞նը, ո՞ւմ ...

Բայց կարծես խաղաղ էր՝ բացի գիտակցելուց, զգացի նաև պատասխանատվությունը, ոչ առաջին անգամ, իհարկե՝ քոնն է, պիտի անել, պիտի, պիտի ... երբ, որտեղ, ինչքան, քանի դեռ հնարավորություն, ուժ, կամք, ցանկություն կա՝ պիտի անել։

Հասկանում եք, ինչ-որ ոհմակի համար չարժե Բագրատունիների հետ կապը կորցնել, ես մյուսներին չեմ ասում, Բագրատունիներն ինձ ավելի հարազատ են, Անի ունեն, Մարմաշեն, Կարս, Երասգավորս, հետո Խաչ ու Առյուծ, ի վերջո՝ Աշոցք ։) Մյուս անգամ, աստված գիտի, էլ երբ նման հնարավորություն կունենանք՝ մենք ինքներս մեր տունն ունենալ ու մեր տանը որոշել, թե ինչպես ենք ուզում պահել տունը, մեծացնել, շենացնել ...

Ինչպե՞ս անել ... Այստեղ է, որ նույն ոգևորությունը չկա, հաստատակամությունը կա, բայց հստակությունը, պարզությունը չկա։ Երևի պիտի անել այն, ինչ քեզ մի քայլ՝ թեկուզև փոքր, մոտեցնում է Բագրատունիներին մոտ լինելու։ Գաղափար է պետք, որին կհավատանք, բոլորով կհավատանք, ու կհավատանք, որ արժեր այ գաղափարը հավատալուն, ու կհավատանք, որ գաղափարը հնարավոր է իրական լինելուն, կամ խելքին մոտ է իրական լինելուն, գաղափարը քո տեսակի վերջը չի տա, քո տեսակը կպահի, առաջ կտանի, քո տեսակը քո պատմությանը, քո անցյալին, քո ապագային կկապի։

Այսքան բան ... Շատ չէ, կարծում եմ, իրոք շատ չէ, նվազագույնն է ու շատ ավելի քիչ ջանք պահանջող, քան այն ամենը, ինչ անում ենք այսօր ինքներս մեզ հետ։

Չորեքշաբթի, կեսօր, Մարատ

Հ.Գ. Չգիտես ինչու շատ ավելի անորոշ եմ նայում հիմա ամեն ինչին, քան նայում էի, նույնիսկ երբ երկիրն էի լքել ուզում, իսկ հիմա չեմ ուզում, ինչու լքեմ, իսկ Բագրատունիներ ով կառուցի, մյուսները չեն ուզում, մյուսները նրանց մասին եթե լսել են անգամ, ապա իրենց Բագրատունիների հաջորդ չեն պատկերացնում, չգիտեմ, իրոք չգիտեմ ...
--

No comments:

Post a Comment