Monday, December 12, 2011

Կըմբոստանա՞ մեզանից յուրաքանչյուրն արդյոք...

Ստեֆան (կամ Շտեֆան կամ Ստեփանոս։) Հեսսելի «Ըմբոստացեք»-ն էի նայում կամ թերթում, ավելի շուտ կարդում։ Արժեր, ժամանակն իզուր չէր, առավել ևս, որ անելու բան էլ չունեի, ավելի շուտ՝ անելու բան անելու զահլա չունեի։ Պատկերացրեք, երբեմն այդպես էլ է լինում, երբ թքած ունես ամեն ինչի վրա, վայելում ես միայն կարդալու հաճույքը, ու կարդացածն էլ իրոք արժանի է դուրս գալիս։ Ջա՜ն եմ ասել։ Բայց «ջան»-ի մասին չէի ուզում։

Ըմբոստության մասին էր, ինչպես վերնագրից կռահեցիք (բնօրինակով՝ INDIGNEZ VOUS!, գերմաներենով՝ Empört Euch!)։ Ըմբոստության, որը զայրույթից էր գալիս, իսկ զայրույթն էլ հուսահատությունից, իսկ հուսահատությունն էլ, փոխել, ամեն ինչ փոխել՝ պարզ ու մարդկային ու երեխայական ու բնազդային ուզենալուց, ոչ անգամ ցանկանալուց։ Մոտավորապես ծծկեր երեխայի լացի տրամաբանությամբ, պարզապես լացի գործիքին հասուն տարիքում այլընտրանքի շատ ավելի մեծ հնարավորություններ են առաջարկվում։

Հեսսելն իր ըմբոստացեքը Դիմադրության շարժման սեփական օրինակով էր պատմում՝ Հեսսելը նրա ակտիվ մասնակիցներից էր, նաև Դիմադրության շարժման էությունը, գաղափարը տարածող իդեոլոգներից։

Նա բոլորին, չնայած հիմնականում երիտասարդներին, էր կոչ անում ըմբոստանալ, նայել ու փորձել տեսնել ու հասկանալ ու ինչ-որ մի բան անել, չնստել ու չսպասել, շարժվել, փոխել։ Հետաքրքրի էր, որ խրատական տոնով չէր այս ամենը՝ տեսեք, մենք, երիտասարդներս, ժամանակին, ինչեր էինք անում, դուք, հիմա, անբան ...։

Չէ, ավելի նուրբ էր ու ավելի խորը։ Մոտավորապես՝ ժամանակին ֆաշիզմն էր, այն բոլորի աչքի առջև էր, տեսանելի, շոշափելի, շատ ավելի հեշտ էր դիմադրության շարժումը տեղ հասցնել, որովհետև կարելի էր շոշափել, թե ինչին էին ընդդիմանալու, ի վերջո։ Հիմա շատ ավելի բարդ է ու խճճված ու ոչ այնքան միանշանակ, բայց թե դրանից դիմադրության արժանի երևույթները չեն անհայտանում, դրանք պարզապես այլ են բնույթով, ինչպես և այլ են պետությունները, հասարակությունները, ի վերջո՝ մարդիկ, որոնք էլ պիտի ըմբոստանան։ Այլ են նաև էլիտաները, որոնք և ստեղծում են ըմբոստության արժանի խնդիրները։ Հենց խնդիրների ներկայացման մեջ էր փոքրիկ այս գրքույկի ամբողջ «չամիչը»։ Այն եվրոպական էր, ավելի շուտ՝ ֆրանս-գերմանա-եվրոպական։

Կարդում ես, ու նախ ապշում, հետո զարմանում, հետո փորձում հասկանալ, հետո կարդացածի շուրջ իրական պատկերներ են գալիս, գոնե գերմանականի մասով, հետո ֆիլմերից կադրեր՝ արդեն ֆրանսիականի մասով ու հետո հասկանում ես, թե մարդիկ «օդի մեջ» չեն գրում, գրում են այն, ինչով ապրում են, ինչով ուզում են ապրել, ինչն իրոք ուզում են փոխել, որովհետև իրենց են ուզում, իրենց կյանքն են ուզում, իրենց ապագան ու իրենց երեխաների ապագան են ուզում փոխված տեսնել։ Հետո էլ՝ ամբողջ մարդկությանը։

Ամբողջ մարդկությանը մի կողմ թողնենք, ես, միգուցե, ֆրանս-գերմանա-եվրոպական չեմ ուզում։ Ես ուզում եմ այն ինչ ես եմ ուզում, որպես երեխա եմ ուզում, ես ֆրանս-գերմանա-եվրոպական չեմ մեծացել ու վատ էլ չեմ մեծացել։ Սրա շուրջ արժե մտածել, թե չէ «ինտեգրվել կամ որդեգրել կամ ընդունել կամ տեղայնացնել կամ ... եվրոպական արժեքներ» հաստատ կհասցնենք, եթե իհարկե հ/կ չես ու այդ ամենին մակերեսայնորեն, ավելի շուտ՝ այլ առաջնայնություններով չես նայում։ Դե հասկացաք, ինչ նկատի ունեի, «քյառթու միսիոներությունը»։

Մեկ այլ կողմ էլ կա այս ամենում՝ հենց գրքի առկայությունն ու գերմաներեն խմբագրականը ու նախաբանում խմբագիր/թարգմանիչների հիմնավորումը, թե շատ ուզեցինք թարգմանել գերմաներեն, որ գերմանախոս զանգվածին հասանելի լինի այն, ինչ Հեսսելն է ասում, որ գերմանախոսները նույնպես կարողանան կարդալ կարևոր հնչող կամ թվացող կամ իրոք կարևոր՝ հասարակական շարժեր, զարգացումներ, միտումներ բացատրող կամ դեռ բացատրելիք գաղափարներ կարդալուց, ընկալելուց, միգուցե և հետևելուց։ Վերաբերմունքը զգացի՞ք։

Հետաքրքիր էր, որ ինչ-որ ուղեցույց չէր՝ Հեսսելի ասած «անգլոսաքսոնական», թե ինչպես պետք է տարածել «ժողովրդավարական արժեքները», ինչպես հեղափոխություն անել։ Գոհ եմ ուղեցույցներից, ուղեցույց ինչքան ուզեք, երևանյան առաջին տարիներին քյուչի ուղեցույց էի սովորում։ Դե պիտի ինչ-որ կերպ քյուչում յոլա գնայի, մինչև հասկացա, որ կարելի է և թքած ունենալ քյուչի ու իր ուղեցույցի վրա։

Հեսսելն ուրիշ բան էր առաջարկում, իհարկե, նա դա «ֆրանս-գերմանա-եվրոպական» էր պիտակում, բայց թե այն համամարդկային, ավելի շուտ մարդկային-գիտակցված-բնազդային է։ Ապրել այնպես, որ արժանավայել լինի, արժանավայել քո ու ուրիշների համար, ապրել սեփական հաշվին, ոչ ուրիշների, խաղաղ ապրել՝ հոգում ու նյութական աշխարհում, առանց բռնության ըմբոստանալ ու աշխարհն ավելի լավը դարձնել, հեռուն նայել։

Կհարցնեք, իհարկե, պիտի հարցնեք, իսկ ինչո՞ւ ըմբոստանալ, ինչի՞ վրա զայրանալ։

Հեսսելն ասում էր՝ պտտվեք ու նայեք աջ ու ձախ ու փնտրեք, հաստատ կգտնեք։ Դե որ կգտնենք, դա հաստատ, բայց կզայրանա՞նք արդյոք, կուզենա՞ նք ըմբոստանալ, կուզենա՞ մեզանից յուրաքանչյուրը ...

Երկուշաբթի առավոտ, Մարատ
--

No comments:

Post a Comment