Wednesday, December 7, 2011

Անմեղ զոհերի հիշատակին

Երկար էի մտածում, թե ինչ գրեմ, դեկտմբերի 7-ն է։ Պիտի գրեի, սա իմ տարբերակն է հիշատակի ու հարգանքի տուրք մատուցելու։ Հետո երկար հիշում էի, թե ինչ էին ասում մեր մեծերը, այս դեպքում, երբ հարգում էին զոհերի հիշատակը։ Այդպես էլ չհիշեցի, փոքր էի, չնայած ոչ այնքան փոքր, պիտի որ կարողանայի հիշել։

Չնայած հիշում եմ, կարծես հատվածական կադրեր։ Տարբեր կադրեր։ Վախեցնող, ոչ թե սարսափեցնող, այլ վախի զգացում առաջացնող։ Հետո պատմություններ՝ փրկված ու ամբողջապես «մարած» ընտանիքների մասին, կիսով չափ փրկված ընտանիքների մասին, դպրոցում մնացած իմ հասակակիցների մասին։

Հետո հիշեցի մորուքով, քառասունք պահող տղամարդկանց մի ամբողջ, մի ամբողջ, մի ամբողջ ազգ, լացող պապիկներ ու հայրեր, դա արդեն Լեննագանում, նույն օրը, երկրաշարժից մի քանի տասնյակ րոպե անց։ Փոշի, աջ ու ձախ վազող մարդկանց, բետոններից բլուրներ, շատ, շատ, ահավոր շատ բլուրներ, հետո թեքված ու իրար վրա եկած Եռանգյունու երեք բարձրահարկերը։ Հետո Ունիվերմագը, հետո ...

Մեքենայի պատուհանից, հետո անընդհատ ուշաթափվող մորս. չէի հասկանում, թե ինչքան ծանր էր այս ամենը գիտակցելը։ Հետո մարդկանց ու նրանց պատմությունները, թե ում գտան, հոգոցներն ու մտահոգությունը, թե չեն կարողանում փլատակներից գտնել, հանել մարդկանց, հետո հոգու հանդարտությունը, թե կարողացան գոնե առանձին շիրիմ ապահովել իրենց հարազատներին։ Հիշում եմ տխուր ձայնագրությունը, ինչ-որ ղողանջների տակ ինչ որ չափածո էր՝ զոհերի հիշատակին։

Հիշեցի, թե ինչ էին խմում մեր մեծերը՝ անմեղ զոհերի հիշատակի ու նրանց հոգու հանգստության համար։

7-ը դեկտեմբերի, առավոտ, Մարատ


Հ.Գ. Երկու նկար, ռեժիսոր Լևոն Մինասյանից՝ Lux Aeterna և Terra Emota, անպայման նայեք։
--

No comments:

Post a Comment