Saturday, February 4, 2012

Էշի ականջում

Երևի երկար կստացվի, Համասյան եմ լսում ու իրադարձություններն էլ շատ են, մնում է զահլա լինի այդքան գրելու։ Սկսենք նրանից, որ Հայկ Գևորգյանի պատմությունը գիտեք, արձագանքները նույնպես, չեմ երկարի։ Սրա մասին չեմ ուզում, չնայած այրդյունքում կլինի նաև սրա մասին, եթե կարողանաք ավելի լայն նայել իրերի դրությանը։ Արմեն Աշոտյանը, ինչ-որ բան էր գրել ֆեյսում՝ «Բոլոնիայի գործընթացին վերաբերող մեր վերջին փայլուն հաջողության հետ կապված բազմաթիվ շնորհավորանքներ»։ Սրա մասին էլ կլինի, եթե էլի ավելի լայն նայեք իրերի դրությանը։ Իսկ է՝ ինչպես միշտ իրերի դրության, որոնք անմիջապես շրջակայքում են ու աննշան։

Ինչ էին անում պրոֆեսորները կամ մեր ընկալմամբ դոցենտներն ու ասիստենտները, պարտադիր նաև ասպիրանտները գերմանական համալսարաններում։ Մի փոքր դաս-մաս, հետո կարդում էին, հետո հինգշաբթի-ուրբաթ՝ գարեջուր/բռատվուրստ։ Հետո հոդվածներ, գրախոսություններ ու հոդվածներ, ժողովածուներ, գրում, ջնջում, խմբագրում, քննարկում, խորհուրդ տալիս, զրուցում։ Հետո էլի նույնը ու էլի նույնը։ Հետո գրադարան, հետո զեկույցներ ու կոնֆերանսներ, հետո աշխարհի չգիտեմ որ ջհանդամը կոնֆերանսներ ու զեկույցներ։ Հետո նորից մի փոքր դաս-մաս ու գնաց՝ կարդալ, գրել, ջնջել, գրախոսել, քննարկել ...

Պետք է արդյոք մեզ մի քիչ դաս-մաս ու հետո գրել-ջնջել ու մնացածը։

Տեսաք Լիբիայում ու Թունիսում ու Եգիպտոսում ինչ եղավ։ Ռուսաստանում ինչ է լինում։ Սիրիայում։ Իսկ հետո ինչ է լինելու։ Կհարցնեք ինչ կապ ունի այս ամենը գրել-ջնջելու հետ։

Ինչ ուզում է թող եղած լինի։ Բայց դուք նայեցիք ինչքան շատ էին հասկանալու փորձերը, թե իրականում ինչ է կատարվում այնտեղ։ Ու որտեղ էին այդ փորձերը։ Մեր պես երկրներում։ Իսկ ինչու։ Որովհետև էշի ականջում քնած ենք։ Ռուսներն էլ էին էշի ականջում քնած։ Տո հենց իրենք էլ էին նույն տեղում քնած։ Որոշվում էր իրենց ճակատագիրը, իսկ իրենք տեղյակ էլ չէին, թե որոշվում էր։ Իսկ «նորմալ հեռուստաալիքներով» գիտեին ինչ էր լինում ու ցույց էին տալիս, ինչ էր լինում։ Անկախ նրանից, լինում էր դա թե չէ։ Գլխավորը՝ մենք նայում ենք ու հավատում։

Ոչ մի դավադրության էլ չեմ հավատում, չեմ հավատում ուղղակի իմաստով, որ ինչ-որ աշխարհի ամենամեծերը ինչ-որ մի տեղ նստած իրենց հավեսով որոշում են, ում մեջ են կիսելու նավթը, հետո ազդեցությունը, հետո ինչ են անելու և այլն։ Սա մի կողմ թողեք։ Հիմարություն է, իհարկե՝ նավթի ու ազդեցության ու սպառման շուկաների մասը հանած։ Ուրիշ բանի մասին է խոսքը։

Ինչու է հանկարծ գործը հասնում նրան, որ Թունիսում ու Եգիպտոսում ու Լիբիայում ու Սիրիայում ու չգիտեմ էլ աշխարհի որ ջհանդամում երիտասարդների որոշում, որ ֆեյսը կամ մակդոնալդսը կամ մեքենա ունենալը կամ ծնողներից առանձին ապրելը կամ տարին մի քանի անգամ ճանապարհորդելը կամ առանց գլխաշոր փողոց դուրս գալը, կամ հագնվելը այնպես՝ ինչպես հոլիվուդյան ֆիլմերում է կամ կոլա խմելը կամ արևմուտքում ուսանելը կամ այֆոն ու այփէդ կամ ուրիշ այլ պլանշետ կամ բուկրիդեր կամ անգլերենով կարդալը կամ ... ցանկը կարելի է շատ շարունակել, այն ամենն է, որը պիտի արժանապատիվ կյանք բերի։

Ուլտրածայրահեղական մի ընկալեք, չեմ մերժում դրանք, ես, օրինակ, Գելենդեվագենից չէի հրաժարվի, G55 AMG V8 այն անգամ մոտ է կյանքի նպատակ դառնալուց։

Բայց ինչու հենց սրանք ու հենց այսպիսի փաթեթով։

Չէ՞ որ սրանք են դառնում այն ամենը, ինչի շուրջ պտտվում է քո առօրյան։ Մի՞թե արժանապատիվ է քո առօրյան դրանցից, թե՞ քեզ հրամցվում է, որ արժանապատիվ կլինի, եթե հենց այդքանը ունենաս։ Ու հենց ունենաս, էլի ուրիշ բան կհրա՞մցվի։

Հիմա ինչ կապ ունեին գերմանական պրոֆներն այստեղ։ Գերմնական ու արևմտյան մյուս բոլոր պրոֆներն են հրամցնում այս ամենը։ Պրոֆների մի մասը զբաղվում է դրանք պատրաստելով, մյուսն էլ՝ վաճառելով։ Վաճառելով գովազդի կամ պատերազմի կամ էլ հեղափոխությունների միջոցով։ Դե իհարկե, մարդիկ իրենց գործն են անում։ Չեն հարցնում ինձ. հեռռ յավրումյան, կուզենայիք արդյոք դուք Գելենդեվագեն ունենալ։ Մարդիկ սարքում են շանտղի այդ ավտոն ու այնպես հրամցնում, որ հեռռ Յավրումյանը պատրաստ է մի քանի տեղ պախատ անել, որ ունենա։

Սա նյութականի մասով։ Հիմա դարձանք հոգևորին։

Հեռռ Յավրումյանը պիտի նայի, լսի, անգլերենով կարդա այն ինչ կհրամցնեն։ Իսկ միայն Աստված գիտի, ինչ է հրամցվում։

Ես չեմ մերժում, ինչ հրամցվում է։ Դեմ չեմ։ Իսկ ուր եմ ես, ուր է ինքը՝ հեռռ Յավրումյանը, ուր են իմ ձավարով ճաշերը, հետո լեզուն հետո գրերը հետո շինությունները հետո կիսակլոր պատուհաններով տները հետո գրքերը հետո մտքերը հետո գաղափարները հետո գրել-ջնջելը հետո քննարկելը հետո գրախոսելը հետո գրադարանները հետո ժողովածուները, հետո ... Ո՞ւր ենք մենք ...

Կասեք, պե՞տք է։ Իհարկե, պետք է, որ եգիպտացիների ու թունիսցիների ու լիբիացիների ու սիրիացիների պես էլ իմ ճակատագիրը չորոշեն ու ինձ էլ թանազուք չանեն տեղյակ պահել, թե գիտեք ինչ լիբեռ հեռռ յավրումյան վաղը չէ մյուս օրը Ղուկասյանում ցույցեր ենք պլանավորել, դրանք մի քիչ երկար կտևեն, մի քանի հարյուր հոգու պիտի գյուլենք, ուշադիր կլինես, տնից դուրս մի արի, մարդ ես, երկու երեխա ունես մեծացնելու։ Տնեցիներին էլ ուշադիր կլինես։ Այս ամառ կամպոտ բան շատ փակեք, երկար ու սովածոտ ձմեռ է լինելու ...

Իսկ այս ամենը մեր սահմանի մոտ է, շատ մոտ, մի 40-50 կմ այն կողմ, կապ չունի որ կողմ, որ կողմ էլ գնաս, նույն բանն է։ Ամեն ինչ կա, իսկ դու՝ ինքդ չկաս։

Այ սրա համար եմ ասում գրել-ջնջել, գրախոսել, քննարկել, ժողովածուներ տպել, գրադարան գնալ, կարդալ, գրքեր առնել, որ քո փոխարեն քո համար որոշում չկայացնեն՝ իսկ դու ամենավերջում էլ գլխի չընկնես, թե այ մարդ, էս ինչ եղավ։

Թե չէ ինչքան Հայկ ուզում եք կարելի բռնել, 10 չէ, մի քանի հազար հոգու կարելի է գյուլել, Իսրայելի հետ չէ, չինացիների հետ կարելի է համեմատվել, մենք էլ ենք շատ հին, շնորհակալություններ էլ կարելի է ստանալ, չէ որ քո փոխարեն արդեն ամեն ինչ որոշել են՝ մի քանի հարյուր տասնամյակով, իսկ դու էշի ականջում քնած էիր, կամ էլ Գելենդեվագենի փող էիր հավաքում կամ էլ արդեն քշում։

Շաբաթ իրիկուն, Մարատ

Հ.Գ. Տեքստը չստացվեց, հուսամ գոնե հասկացվեց ։)
--

No comments:

Post a Comment