Արագ արդյունքների եմ ձգտում, «մոգոնելը» սեղմ բառապաշարում ամենահաճախ հանդիպող բառն է, «կպցնելու» տրամաբանությամբ, «շուստրությունն» է պակասում՝ ինչն ամենակարևոր բաղադրիչը պիտի լիներ առաջին երեքի դեպքում։ Երևի նորմալ է «մոգոնել», արագանում է ամեն ինչ։ Բայց արագությունը ռեսուրսների էքստենսիվ սպառում է ենթադրում։ Երևի ռեսուրսների պաշարն է սպառվում, նախորդող տարիներին այն քիչ է կուտակվել, եթե կուտակվել է ընդհանրապես։
Չնայած չէ, ի՞նչն է, էհ, նորմալ։
Ոչ մի կերպ կենտրոնանալ ու նպատակ ընտրել չի ստացվում։ Նպատակ չկա՞։ Երևի չեմ ուզում ընդունել, որ չկա, դրա համար էլ հիմա հիմար մի տասնյակ կարող եմ թվարկել։ Բայց թե դրանից խնդիրը չի վերանա։
Ստեղծագործելու սահմաններն են նե՞ղ։ Ախր այդպիսի սահմաններ ընդհանրապես չկան, ներուժն է երևի նեղ կամ նեղացել։ Հուսամ նեղացել է, նեղ չէ։ Չնայած հուսալն էլ է սուբյեկտիվ։
Ստեղծագործությունն է պակասում, երևի սրանից եմ նեղվում։ Չկա, պարզապես չկա։ Արդյունքն ամրագրենք։ Մնացածը տվայտանքի ոլորտից է։ Ծիծաղելի է, նվազագույնը, ու երեխայական, այս տարիքի համար։
Չգիտեմ, գլուխ չեմ հանում, չեմ հանում։ Ավարտել էլ չեմ ուզում, ավարտ չկա, շարունակական է։ Հետաքրքիր է, անընդհատ շարունակման ես ձգտում. պատուհանը թողած, անընդհատ մոնիտորին ես նայում, մոնիտորին ինչ-որ պատկերներ ու նկարներ ավելացնում, որոնք պատուհանից դուրս կհիշեցնեն։ Իսկ պատուհանը դիմացն է, մոնիտորից ընդամենը մի քանի սմ հեռու։ Տարօրինակ ու ինչ-որ անասուն բան է ստացվում։
Ինչի ես ձգտում ու ինչի համար, կկարողանաս արդյոք, չնայած վերջինս չի էլ քննարկվում։ «Պիտի»-ն շատ ուժեղ բառ է։
Կեսօրին մոտ, Մարատ
Հ.Գ. Ի՞նչ կապ ունի սա գիտության հետ, միգուցե կապ էլ չունի, այն միգուցե միայն ինքնաներշնչանք է, թե տարբերակ է։ Միգուցե ընդհանրապես տարբերակ չէ։ Ախր միտքը ջրել ու սնուցել է պետք, այն էլ է չէ բնություն։ Ինքնա-ի հնարավորությունները երբեմն շատ են սեղմվում, միտքը չի վերարտադրվում, հետ է գնում, հետ վարժում ու դադարում միտք լինելուց։ Դառնում «մոգոնել»։
--
No comments:
Post a Comment