Մեկ-մեկ էլ տարածում ես, տարածում ես որովհետև միգուցե կարևոր ես համարում։ Բայց թե այնքան էլ կարևոր չէ, դե մի բան է, ասում ես, անցնում գնում է, ամեն դեպքում, դու ինքդ էլի կանգ չէիր առնի, չէիր զարգացնի, չէիր քննարկի ու քննադատի, առավելևս սեփականը չէիր դարձնի՝ էլի կանցնեիր, կգնայիր։
Միթե նույնն ես անում իրականության մեջ, իրական իրականության։ Երևի սկսել ես անել, եթե արդեն իսկ չես անում։
Ինչու ... Չգիտեմ, միգուցե այնքան շատ է ամեն ինչ, այնքան խառնվել է, ռաբիզն է անգամ դասականի ձգում՝ չեմ գտնում իմ լավն ու բարին։ Առօրեական է, միգուցե ոչ այնքան, հնարավոր է, գլուխ չեմ հանում, բայց ճշմարիտ է կամ ճշմարտանման։ Ինչ է արտացոլում, պատկերում, ցույց տալիս՝ բարին դժվար է գտնել, մնալ, վարվել, անել։
Երևի ստեղծելու պակաս եմ զգում, բնության պակաս, քայլելու, շատ քայլելու ու թափառելու։ Լռության, ավելի շուտ հանդարտության՝ մտածելու, շատ մտածելու, կամ էլ տեմպի, արագ, շատ արագ տեմպի, որ ժամանակ չունենաս մտածելու, իմաստավորելու։ Ի՞նչ կտա՝ շունչ, շնչելու պատրանք կամ հնարավորություն։
Այստեղ այնտեղ ամենուր ու ոչ մի տեղ, տարօրինակ է, անգամ չէ։ Կարդալ, շատ կարդալ, դա էլ կօգնի, ինչ որ մի պահ կծանրանա, կդանդաղի, շատ կդանդաղի, բայց հետո կսկսեն տեքստեր գալ, որոնք իմաստ ու իմաստավորում ու բովանդակություն կունենան, ոչ զուտ նշանային, որը ներքին գործառնական է, ինպիսին սա է, այլ արտաքին նշանավորում։
Ինչի՞ համար՝ չեմ գտնում, չեմ գտնում։ Փորձում եմ, շատ, անգամ փորձարկում, միևնույն է։
Միգուցե հարթակներն են քիչ կամ միօրինակ, երևի միօրինակ են, պիտի դրանք փոխել։ Հնարավորություններն են նեղ, չէ նեղ չեն, դրանց սահմանափակումներն են շատ, նեղ են հնարավորությունները, քիչ կամ ընդհանրապես ոչ հասանելի։
Պիտի ստեղծե՞լ, իհարկե պիտի, փորձեք խնդրեմ, ջանքի զուր լինելու ու անհամաչափության զգացումը հնարավորությունը կրկին ոչ իմաստալից է սարքում, հետևաբար և՝ ինչի՞ համար։
Փակվո՞ւմ է շղթան, միգուցե, գլուխ չեմ հանում։ Չէ, ինչ որ մի տեղ պիտի այլ բան լինի, պիտի։
Ինչ-որ մի տեղը փնտրե՞լ ...
Կեսգիշերին մոտ, Մարատ
--
No comments:
Post a Comment