Sunday, November 14, 2010

Թե ինչպե՛ս պատահեց, կամ Մարատը, DAAD-ը, Բայրոյթն ու ես

Այնպես ստացվեց, որ հայտնվել եմ Բայրոյթում, որ գտնվում է Բավարիայում, որն էլ, իր հերթին, ինչպես հայտնի է, ազատ պետություն լինելով (այդպես էլ պաշտոնապես կոչվում է՝ Freistaat Bayern, այսինքն, Բավարիայի ազատ պետություն), իր ազատությունն իրականացնում է Գերմանիայի դաշնության կազմում։ Թե ինչպե՛ս հայտնվեցի, դրանում էլ որևէ առանձնահատուկ բան կարծես չկա՝ սովորական ընթացք է մեր օրերում՝ դիմել էի DAAD անունը կրող բավականին հայտնի գերմանական կազմակերպության Հայաստանյան գրասենյակ, հայտս սահմանված ժամկետներում քննարկվել էր, որից հետո ինձ հայտնեցին, որ ես դրամաշնորհ եմ շահել (թեպետև այս հարցում՝ ես ի նկատի ունեմ հայտերի քննարկման ընթացակարգի և չափանիշների թափանցիկությունը, լուրջ վերապահումներ ունեմ, ինչի մասին «անշնորհակալաբար» (իմ բնավորության այդ հատկանիշի մասին քիչ հետո) իրենց հայտնել եմ և՛ Երևանում, և՛ այստեղ արդեն, բայց այստեղ չեմ ցանկանում դրան անդրադառնալ)։
Ինձ ավելի շատ հետաքրքրում է ոչ թե այստեղ հայտնվելու սովորական ֆորմալ մեխանիզմը, այլ այն, թե ինչպես կյանքիս վերջին մի քանի տարիների իրադարձությունները նպաստեցին իմ՝ այստեղ հայտնվելու։ Այլ կերպ ասած՝ ինչո՞ւ հենց Բա՛յրոյթ և ինչու՞ հենց ե՛ս։
Տեղը, իհարկե, «որոշել է» Մարատը՝ ամենայն լրջությամբ։ Որոշել է 7 տարի առաջ (մի ամբո՜ղջ հավերժություն ժամանակի այս արագացող ընթացքում), երբ հասկանալով, որ 7 տարուց հետո (ինչպիսի՜ զուգադիպություն) հետագա մասնագիտական զարգացման համար այլևս (կամ վաղուց արդեն) ոչինչ չունի ստանալու ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնից, այն պարզ պատճառով, որ ավելին այն պահին վերջինս տալու ոչ մի հնարավորություն և կարողություն չուներ, հիշյալ նույն գերմանական կազմակերպության միջոցով հայտնվել էր հենց այստեղի համալսարանում, որտեղ կային համապատասխան և՛ հնարավորությունները, և՛ կարողությունները, որոնք էլ նա հրաշալի օգտագործեց։ Օգտագործեց ոչ միայն իր, կամ նույնիսկ ոչ անգամ իր, այլ նաև այն հաստատության հնարավորություններն ու կարողությունները որակական նոր աստիճանի բարձրացնելու համար, որից 7 տարի առաջ այլևս ստանալու բան չուներ՝ բառիս բուն իմաստով Բայրոյթը իր միջոցով դարձնելով ամբիոնի համար յուրովի «պատուհան դեպի Եվրոպա». նա արեց այն, ինչ ԵՊՀ գրադարանը չէր անելու (և չի էլ անում) առաջիկա առնվազն տասը տարիների ընթացքում (թիվն, իհարկե, պայմանական է, կարող էի դնել քսան, քառասուն և այլն), առանց չափազանցության տասնյակներով մասնագիտական արժեքավոր գրականություն էլեկտրոնացված և պատճենահանված վիճակում ուղարկելով և իր հետ բերելով։
Այստեղ գրադարանում, երբ հիմա նայում եմ կատալոգները, շատ բան ինձ ծանոթ է այդ պատճառով։ Ի դեպ, վերջապես բախտ վիճակվեց շոշափել Encyclopedia of Arabic Language and Linguistics հանրագիտարանի հատորները, որտեղ կա նաև Մարատի ու իմ հոդվածը՝ Հայաստանում այն պարզապես չկա։
Շեղվեցի սակայն... Թե՞ չեմ շեղվել...
Չէ, կարծես թե, ուղղակի շատ դժվար է պահպանել շարադրանքի կուռ հաջորդականությունը, երբ այն, ինչի մասին գրում ես, մի գետ է, որ այնքա՜ն վտակներով ու լճակներով է ուղեկցվում, որ գրավոր տեքստի (կամ գոնե իմ տեքստի) հնարավորությունները ի զորու չեն այդ պատկերը իր եռաչափության կամ գուցե նաև քառաչափության մեջ արտահայտելու։
Հետո նա եկավ, էդ ամենը այս կամ այն չափով դրվեց գիտաուսումնական շրջանառության մեջ, մագիստրոսական ծրագիր նախագծվեց ու գործարկվեց, բայց... բայց պարզվում է՝ դասախոսով, նյութով, ուսանողով չէ միայն՝ առաջ են գալիս այնպիսի հասկացություններ, ինչպես կազմակերպական միջավայր, կառավարման մշակույթ, կամ – ի՜նչ եմ բարդացնում – տարրական վարչական գրագիտություն։ Եթե դա չկա, և հակառակը՝ միջավայրը ողողված է մարտնչող անգրագիտությամբ, կրթական ձևավորվող օրգանիզմի մկաններն ու հյուսվածքները ենթարկվում ատրոֆիայի՝ անխուսափելիորեն, որովհետև այդ օրգանիզմը չի կարող գոյատևել առանց սնուցող էլեմենտների՝ ակադեմիական արժեքներն ու ազատությունները գնահատելու և պահպանելու, թափանցիկ և հաշվետու կառավարման... Է՜, էլի եմ բարդացնում՝ տարրական մարդկային ազնվության և խղճի։
Ինչևէ, շուտով վերջնականապես պարզ դարձավ նաև, որ այդ օրգանիզմը չի կարող գոյատևել, եթե դու ստիպված ես տարանջատել երկու՝ սովորաբար սերտորեն փոխկապակցված հասկացություններ՝ աշխատել (քո մասնագիտությամբ) և վաստակել (դրամ)։
Մարատը գնաց «Կապիտալ», օրվա գերակշիռ մասն այնտեղ էր, որովհետև այնտեղ վաստակում էր, իսկ համալսարանում՝ ընդամենը աշխատում։ Բայց ահա եկավ նոր ռեկտոր, պատրանքներ ստեղծեց, որ հնարավորությունների պատուհանն ընդլայնվում է, ես էլ՝ թևերս քշտած (հուսով եմ էսպես է գրվում՝ «թղթե» բառարան չկա այստեղ հետս, իսկ էլեկտրոնային հայերենը, կարծեմ, գոյություն չունի էլ, թե ունի՝ ես չունեմ, չգիտեմ) լծվեցի միջավայր ստեղծելու վաղեմի երազանքս իրականացնելու գործին։
Շուտով պարզվեց՝ փուչ է պատրանքը. պետք էր պարզապես «բարեփոխական թղթապանակ-ծխածածկույթ» ստեղծել, մի քիչ էլ դզմզել կոսմետիկ՝ համակարգի կենսական հանգույցներին – Աստված մի՛ արասցէ – հանկարծ անզգուշորեն անգամ չդիպչելու պայմանով։ «Չոր մնացորդում» մնաց հին կրթակարգը՝ կրեդիտային փաթեթավորմամբ, բյուրոկրատական վարչակարգը՝ բարեփոխական բառապաշարով և ցածրորակ կրթությունը՝ որակի ապահովման ֆորմալ ընթացակարգերով։ Այն, որ իմ մասնակցությունն այդ ամենին երկար շարունակվել չէր կարող, ակնհայտ էր, 2008-ի ալիքն էլ արագացրեց գործը, և համակարգը սկսեց դուրս մղել ինձ։ Էնպես ստացվեց, սակայն, որ գրեթե նույն ժամանակ, շնորհիվ Լանա Կառլովայի ։), հայտնվեցի այլ մի համակարգում՝ Տեմպուսի բարեփոխումների փորձագիտական խմբում, և արդեն ազատ՝ առանց պաշտոնեական սահմանափակումներով կաշկանդված լինելու, սկսեցի խոսել համակարգի թերություններից՝ այն «կենսական հանգույցներից», որոնց մասին խոսելու վրա «տաբու» էր դրված։
Մի օր էլ այդ DAAD-ը ԵՊՀ-ում իր տարաբնույթ ծրագրերի շրջանավարտների հավաք էր անցկացնում։ Եկել էր իրենց գլխավոր տնօրենը Բոննից, ինձ էլ՝ որպես Տեմպուսի փորձագետի հրավիրեցին (դիմեցին Լանային, նա էլ ինձ առաջարկեց) բացմանը համազեկուցմամբ հանդես գալ Եվրոպական բարձրագույն կրթության տարծածքում Հայաստանի ինտեգրման ընթացքի մասին։ Այստեղ է, որ ներկայացրեցի բոլոր պրոբլեմները, որոնք կան՝ իհարկե, անդրադառնալով նաև համակարգի «մասունքներին»՝ վարչական հնամաշ հրահանգային եղանակի, ուսումնական պրոցեսի նկատմամբ կոշտ ֆիսկալային բնույթի մեխանիզմների, բարեփոխումների ընթացքից դասախոսների և ուսանողների օտարված լինելու և այլ ցավոտ խնդիրներին։
Հակազդեցությունը բուռն էր երկու կողմերից էլ։ Գերմանացիները (մասնավորապես իրենց դեսպանը և DAAD-ի տնօրենը) շնորհակալություն էին հայտնում «անկեղծ և անաչառ մասնագիտական վերլուծության համար», այն էլ ԵՊՀ ղեկավարության ներկայությամբ, վերջիններս էլ զգալով, որ այդ համատեքստում դրան հակադրվել չեն կարող, լուռ զսպում էին իրենց «արդար ցասումը» (բայց ես հո գիտեի, թե ի՛նչ է ինձ հետո սպասում՝ շատ շուտով համապատասխան վարչական միջոցները գործի դրվեցին այնպիսի անթաքույց, անգամ անամոթ դրսևորումներով, որոնց համեմատ իմ նկարագրած պատկերը կարելի էր համարձակորեն հովվերգական համարել՝ բանավոր կարգադրություններ կես դրույքից ավել դասաժամեր չհատկացնելու, ֆակուլտետի՝ որոշումներ կայացնող որևէ խորհրդում չընդգրկելու և այլ «պատժամիջոցներ» կիրառելու վերաբերյալ, իսկ երբ ես փորձեցի անձամբ ռեկտորից պարզել, թե ինչ է այս ամենը նշանակում, նա ապշեցուցիչ անկեղծությամբ պատասխանեց՝ «բա ի՞նչ է՝ ուզում ես համալսարանը (մեր վարչական կուլտուրայի կանոններին համապատասխան՝ նա նույնացնում էր իրեն և համալսարանը որպես հաստատություն) քննադատես ու համալսարանում ամբողջ դրույքով աշխատե՞ս»)։
Այստեղ էլ, ի դեպ, կյանքի կոչվեց բնավորությանս «անշնորհակալության» հատկության վերաբերյալ պատմությունը՝ պարզ և տարածված սխեմայով. «իրեն պաշտոն էինք տվել, բայց անշնորհակալ դուրս եկավ», սակայն շուտով մարեց, քանի որ իրենք իսկ հո գիտեին, որ ո՛չ միայն չեմ խնդրել այդ պաշտոնը (համալսարանական կրթության զարգացման վարչության պետի), այլ հակառակը՝ համոզում էի, որ այդ կառույցը և առավել ևս պաշտոնը պետք չեն բարեփոխումներ անցկացնելու համար, ավելին՝ բարեփոխումները վարչական միավորում ստեղծելով կազմակերպել հնարավոր չէ (այն բարեփոխումներն, իհարկե, որոնց մասին ե՛ս էի մտածում), և երբ չհամոզեցի, համաձայնվեցի միայն, որովհետև իրոք կարծեցի, որ գուցե կարո՞ղ եմ ինչ-որ բան անել։ Ինչ-որ բան հավանաբար կարողացա էլ, չգիտեմ, ե՛ս չեմ գնահատողը։ Ի դեպ, «շնորհակալ լինելու» հայացված իմաստը յուրահատուկ մի ֆենոմեն է, որն առանձին ուսումնասիրության կարիք ունի։
Ինչևէ, դարձյալ շեղվեցի երևի, այդպես ես հայտնվեցի տարբեր գերմանական ծրագրերում, և մի օր էլ, երբ հետաքրքրվեցին, իսկ ինչու՞ չեմ դիմում DAAD-ի ծրագրերին գերմանական որևէ համալսարանում հետազոտական շրջան ունենալու համար, մտածեցի՝ իրոք, իսկ ինչու՞։ Այդպես էլ ստացվեց, թե ինչու՛ հենց ես։ Իսկ թե ինչու՛ հենց Բայրոյթը՝ արդեն գիտեք։

Սամվել Կարաբեկյան, Շաբաթ իրիկուն
--

1 comment:

  1. Samvel Karabekyan04 March, 2011 15:53

    Կարդում էի շաբաթ օրը գրադարանից վերցրած գիրքը, մեկ էլ էջերի արանքից դուրս ընկավ գիրքը պատվիրելու մի թերթիկ, որի վկայությամբ ուղիղ հինգ տարի առաջ (2005 թ. նոյեմբերի 3-ից մինչև դեկտեմբերի 1-ը) այն ընթերցում էր... ճիշտ է՝ Մարատ Յավրումյանը։))) Չգիտեմ՝ պտուղը ծառից, թե ծառը պտուղից, բայց էն որ հեռու չի ընկնում՝ դա հաստատ։ Էն որ ինձ էստեղ Մարատով են չափում՝ նույնպես հաստատ է։ Իսկ էդ չափն էլ հո իրեն իմացողները գիտեն։

    ReplyDelete