Thursday, November 18, 2010

Gaudeamus igitur?

Գաղտնիք չէ, որ բարձրագույն կրթական հաստատությունները պետք է լինեն երկրի սոցիալական առաջընթացը ապահովող գլխավոր ինստիտուտներից մեկը՝ ակտիվորեն մասնակցելով սոցիալական մշակույթի ձևավորման գործընթացներին։ Որպես գլխավոր (և որոշ իմաստով նախապայման հանդիսացող) գործոն այս գործառույթի իրականացման համար հանդես է գալիս ուսանողության՝ որպես ընդհանուր սոցիալական շահ ունեցող խավի կազմավորումը։
Ուսանողության՝ որպես երիտասարդության ինտելեկտուալ բնույթի նպատակադրություններով միավորված և, հետևապես, առաջատար հատվածի սոցիալական ֆորմալիզացիան, մի կողմից, մեծապես նպաստելու է պետության քաղաքականության ապագային միտված ռազմավարական այնպիսի մի ուղղության, ինչպիսին երիտասարդական քաղաքականությունն է, արդյունավետ մշակմանն ու իրականացմանը, իսկ մյուս կողմից՝ հսկայական ներուժ է հանդես բերելու թե՛ բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումների ընթացքը «ներքևից» խթանելու և իրական բովանդակությամբ բեռնելու, թե՛ հասարակաության մեջ ինովացիոն մշակույթ տարածելու, և թե՛ ի վերջո հասարակության դեմոկրատացումը և քաղաքացիական հասարակության ինստիտուտների վերջնական կայացումը ապահովելու գործում։ Դա թույլ կտա նաև շեշտակիորեն բարձրացնել ԲԿ համակարգի գրավչությունը՝ ժամանակակից մտավոր և հոգևոր պահանջներին համապատասխան մթնոլորտ ձևավորելով բուհական միջավայրում, որի պակասը (կամ, ըստ էության, բացակայությունն) է, որ նաև առաջացնում է ստեղծագործ երիտասարդության արտահոսքը երկրից։
Նման մթնոլորտի ձևավորումը ենթադրում է ընդհանուր ակադեմիական միջավայրի առկայություն, որը և պետք է հանդիսանա ուսանողության սոցիալական խորշ, որտեղ իրականում կգործի ժամանակակից աշխարհի հասարակական կառուցվածքներին բնորոշ հարաբերությունների համակարգը և ձևավորվի մարդու և մասնագետի անհատականությունը։ Այդ պարագայում ուսանողական կազմակերպությունները կդադարեն լինել արհեստածին կառույցներ, որոնք ծառայում են որպես «չինովնիկական» ապագային իրենց նախապատրաստող երիտասարդների դարբնոց։ Համալսարանական կամպուսների բացակայությունը, ուսանողների՝ բուհ ընդունվելուց հետո իրենց սոցիալական միջավայրը իրականում չփոխելու հանգամանքը (անգամ հանրապետության տարբեր շրջաններում բնակվող ուսանողները ստանձնում են «այցելու ուսանողի» անհասկանալի կարգավիճակ՝ ամեն օր փոխադրվելով գյուղերից և ավաններից դեպի քաղաք և հակառակ ուղղությամբ՝ սոցիալ-կենցաղային առումով դուրս չգալով տեղի հասարակական շրջանակից) բացասաբար է անդրադառնում վերը նկարագրված խնդիրների լուծման վրա։
Մեր ուսանողները արժանի են ուսանելու ժամանակակից՝ ուսանողավայել պայմաններում։ Ե՞րբ կգա այդ օրը։ Չգիտեմ։ Բայց գիտեմ միայն, որ հենց այդ ժամանակ միայն կարելի կլինի լիաթոք բացականչել. Gaudeamus igitur!` Եկե՛ք ուրախանանք։ Հատկապես՝ ուսանողների միջազգային օրվա առթիվ։ Շնորհավորու՛մ եմ։

Սամվել Կարաբեկյան, Չորեքշաբթի իրիկուն
--

2 comments:

  1. Marat Yavrumyan04 March, 2011 15:52

    Կոշտուկները տրորում եք Ս.Բ.։ ԵՊՀ գրադարանի դիմացի, Չարենցի կողմից, պարսպաշարությանը երևի ականատես եղաք։ Հիմա դա էլ ուղղություն ու չափանիշ ու ընտրության խնդիր է, որը Կահիրեի համալսարանն է հիշեցնում։ Ամեն դեպքում, ընտրության հարց է՝ կամպուսը պատկերացնել պարսպապատված առանձնահատուկ միջավայրը, թե կամպուսը Ձեր նկարագրած միջավայրն է, որտեղ պարսպի կարիք ընդհանրապես չկա։ Այն բաց է բոլորի համար, իսկ համալսարանական գրադարանը միաժամանակ քաղաքային գրադարան է։ Լավ, անիմաստ գործ է ։( Ուսանողները վերջին տարիներին մի փոքր սկսել են տաղաշարժվել, մնում է նրանցից էստաֆետը վերցնեն մի փոքր վերևներում ու աջակցեն նրանց։

    ReplyDelete
  2. Samvel Karabekyan04 March, 2011 15:52

    Պարիսպ, պատ, փակ դուռ՝ դրանք բոլորը, Մարատ ջան, նեղ տեսադաշտի, սեփական անկյունում ինքնաշեն ցանկապատով պատսպարվելու վկայություններ են, որոնք, ցավոք, մեր հասարակական կացութաձևի մասն են կայմում՝ "բոստանա-ցանկապատային" մշակույթը, որը սպանում է ամեն բան, խափանելով հասարակություն կառուցելու բոլոր փորձերը։

    ReplyDelete