Thursday, November 25, 2010

ՆԺԴԵՀԸ ՉԻ ՓՐԿԻ ԱՇԽԱՐՀԸ

Օրեր առաջ Լևոն Տեր-Պետրոսյանը մի քանի թթու խոսք ուղղեց նժդեհական ուսմունքի և դրա ժամանակակից կրողների հասցեին։ Հասկանալի է, նման հակահայրենասիրական պահվածքը չէր կարող մնալ անպատիժ. մի քանի նեոնժդեհական, մասնավորապես Էդիկ Շարմազանովը, անտեսելով «ինտելեկտուալ ուժերի» ակնհայտ անհավասարությունը (բոլորը, անգամ մոլի «սերժականները», կընդունեն, որ Տեր-Պետրոսյանի մտավոր կարողությունները շատ ավելի բարձր են, քան թե ՀՀԿ ողջ խմբակցության համագումարային IQ-ն), հուսահատ և անձնուրաց պայքար սկսեցին Լևոն Տեր-Պետրոսյանի մեջ կենտրոնացած ապազգային ուժերի դեմ։
Հասկանալի է, որ Նժդեի ուսմունքը նեխած ու կիսահոտած գաղափարախոսություն համարելը անգամ ամենամեծ ցանկության դեպքում անհնար է որակել ազգուրաց և հայրենադավ քայլ՝ ուղղակի ճաշակների տարբերություն է. Էդիկ Շարմազանովը, Գալուստ Սահակյանը, Ռազմիկ Զոհրաբյանը և շատ այլոք հարգում են Նժդեհին, նրա մտքերը, նրա խոսքերը, նրա բառերը, նրա բեխերը... Մի խոսքով Նժդեհից բխող ամեն ինչ։
Իսկ Տեր-Պետրոսյանը և շատ ուրիշ նորմալ մարդիկ չեն կիսում նրանց ակնածանքը։ Ծնվում է մի շատ բնական, բանական և ոչ ապազգային հարց. իսկ ո՞րն է այդ Նժդեհի արժանիքները հայ ազգի առջև և արժե՞ արդյոք տասնամյակներ անց՝ 21-րդ դարում կուռք հռչակել նրան, իսկ նժդեհականությանը շնորհել պետական գաղափարախոսության կարգավիճակ։

Ինչ խոսք, Նժդեհը, 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի ծխական մտավորականության, կուսակցական ապաշնորհ գործիչների և կիսատեռորիստ-կիսաավազակ հայդուկների (որոնց հասցրած վնասը տասնապատիկ գերազանցում էր տված օգուտը) ֆոնին պայծառ մի կետ է, որ առանձնանում է բացառիկ կրթվածությամբ, իրերի պրագմատիկ ընկալմամբ ու դատարկախոսության և «կուսակցական գործունեության» փոխարեն իրական արդյունքների հասնելու բացառիկ ունակություններով։ Բացի այդ, Նժդեհն իսկական խարիզմատիկ առաջնորդ էր՝ ունակ իր հետևից տանելու ամբոխին, զերծ էր ժամանակի հայ գործիչներին այդքան բնորոշ ծախվածությունից և ուներ մեկ նպատակ՝ կերտել հայկական հզոր պետականություն։

Ինչևէ, Նժդեհը չկարողացավ իրականացնել իր երազանքը, սակայն դրեց հիմքեր, որոնց վրա տասնմյակներ անց կառուցվեց ազատ ու անկախ Հայաստանը։ Այս արարքն իր մեծությամբ հավասար է Տիգրանի Մեծի՝ Հայաստանը հելլենականացնելու քաղաքականությանը, Մաշտոցի կողմից գրերի ստեղծմանը, եկեղեցու ազգապահպան գործունեությանը, և անուշտ, Նժդեհի անունը պետք է հավերժանա մեր ազգի հիշողության շերտերում։ Սակայն դա դեռ չի նշանակում, որ հենց նժդեհականությունը պետք է լրացնի գաղափարական այն բացը, որ տարիներ առաջ ձևավորվեց սոցիալիստական ուտոպիայի փլուզմամբ:

Տարբեր ժամանակներում պատմության թատերաբեմ են իջել անձինք, ովքեր կանխորոշել են իրենց դարաշրջանի արժեքներն ու ընթացքը։ Կառլ Մարքսը, իր, և ընդհանրապես, բոլոր ժամանակաշրջանների մեծագույն մտածողներից մեկը, աշխարհին տվեց մեկ այլ իրականություն։ Նրա շնորհիվ էր, որ սկսվեց արդյունաբերական մեքենայի անիվներում ոչնչացվող պրոլետարիատի «քաղաքական էմանսիպացիան»։ Տնտեսական համակարգը, որը հիմնված էր մարդկային շահագործման և մի դասակարգի կողմից մյուսի հարստահարման վրա, մոտեցավ իր փլուզմանը։ Մարքսի գաղափարախոսությունը, իհարկե, ուտոպիստական էր (իր ժամանակի համար) և հաճախ պարունակում էր բավական արմատական մոտեցումներ, սակայն այն դարձավ զինանշանը, որի շուրջը համախմբվեցին բոլորն «ով մերկ էր, ճորտ էր ու ստրուկ»։

Հայեցակարգերը, որ տասնամյակներ առաջ սահմանել և շրջանառության մեջ էին դրել անգլիացի դասականներն ու ֆրանսիացի լուսավորիչները, Մարքսի շնորհիվ ստացան վերջնական ձևակերպում և դարձան հանրային գիտակցության անբաժան մասը։ Այլ կերպ ասած, մարքսիսզմը իր ժամանակի ծնունդն էր, պայմանավորված էր դարաշրջանի պահանջներով, բխում էր իրերի տրամաբանությունից և հենց մարքսիզմի շնորհիվ էր, որ Եվրոպան շրջանցեց կապիտալիզմի ամենավտանգավոր ծուղակը` դասակարգային անհավասարությունը, որի ծնած բախումն անխուսափելիորեն բերելու էր կործանման:

Սակայն երբ Եվրոպան թևակոխեց պատմության մի նոր փուլ, իսկ կապիտալիզմը մաքրագործվելով բյուրեղացավ որպես հասարակության տնտեսական կազմակերպան ամենաարդյունավետ մոդել, անհետացավ նաև մարքսիզմի անհրաժեշտությունը, որովհետև իր ժամանակից դուրս այն ուղղակի կվերածվեր զանգվածային ոչնչացման զենքի (ինչպես Ռուսաստանում):

Նժդեհը, իհարկե, շատ հեռու է Մարքս լինելուց, սակայն որոշ զուգահեռներ կարելի է տանել։

Նժդեհը գործում էր մի շրջանում, երբ հայ ազգն ապրում էր իր բազմաչարչար գոյության հոգևարքը, իսկ ազգային ինքնությունը հայտնվել էր անհետացման եզրին։ Չկար ազգային գաղափարախոսություն, չկային ազգային արժեքներ, չկար հայ տեսակին միավորող մտածողություն։ Փոխարենը կար կործանման եզրին հայտնված հինավուրց մի ժողովուրդ, որի վերջին ծվենները պատսպարվել էին Նժդեհի պաշտպանության ներքո: Ինքնաբերաբար ծնվում է այնպիսի գաղափարախոսության պահանջ, որ պետք է նախ, նորովի իմաստավորեր հայ ազգի գոյության և վերածնունդի նպատակը, ապաև կատարեր ազգային գաղափարախոսության դեր` մեկ դրոշի ներքո համախմբելով ողջ ժողովրդին: Հասկանալի է, որ նման առաքելություն կարող էր կատարել միայն որևէ ազգայնական-արմատակական ուսմունք` հայ ազգի բացառիկության, այլ ազգերի նկատմամբ դրա գերակայության և նմանատիպ այլ ծայրահեղական կարգախոսների շեշտադրմամբ:

Ավելին, Նժդեհը, ինչպես ասվեց, ի տարբերություն իր ժամանակակից միամիտ վանահայրերի, ընկեր փանջունիների ու ավազակատիպ ֆիդայիների, բավական կրթված ու խորաթափանց անձնավորություն էր և փայլուն գիտակցում էր ազգայնական գաղափարախոսություններում ամփոփված համախմբող ու ստեղծարար ուժը: Թե ինչքան ահռելի է այն, կարելի է եզրակացնել հետահայաց նետելով Ֆաշիստական Գերմանիա:

Կազմալուծված տնտեսությամբ, բարոյալքված բնակչությամբ, կործանված բանակով, ռազմատուրքերի տակ կքված և զանազան պատժամիջոցներով շղթայված Գերմանիան կարողացավ մի քանի տարում վերականգնել իր երբեմնի հզորությունը: Իսկ նման աննախադեխ հաջողության գաղտնիքը, իհարկե, գերմանական առասպելների և քրիստոնության սինթեզն էր` պատված ազգայնական թաղանթով, որը ստացավ Ֆաշիզմ անվանումը: Կարճաժամկետ կտրվածքով այն բերեց երևելի հաջողություններ, սակայն թե ինչպիսն էր վերջնաարդյունքը, կարծում եմ գիտեք բոլորդ…

Այսպիսով, նժդեհականությունն իր ժամանակի ծնունդն էր` ստեղծված այդ ժամանակաշրջանի հայության խնդիրները լուծելու համար: Անկասկած, եթե այն կիրառում ստանար իր դարաշրջանում, ապա հնարավոր է որ, քաղաքակիրթ ազգությունների հիերարխիայում հայերն ունենային ավելի պատվավոր կարգավիճակ, քան թե այսօր: Սակայն, ինչքան էլ ցավալի հնչի, այսօր չկա ոչ Նժդեհ, ոչ էլ նժդեհականության գաղափարների իրագործմանը նպաստող ներքին ու արտաքին միջավայր: Փոխարենը կա ժամանակակից դինամիկ աշխարհ, որտեղ գերիշխում են համաշխարհային քաղաքակրթությանն ինտեգրված բաց հասարակությունները: Կան պետություններ, որոնք հիանալիորեն բարգավաճում են առանց ազգային կատեգորիաների ու դարավոր մշակույթի` փոխարինելով դրանք քաղաքացիական արժեքներով:

Ինչևէ… Ինչպես ասեցի, Նժդեհը Մարքս չէ, հետևաբար նժդեհականության ժամանակավրեպ կիրառումը չի կարող հանգեցնել այն ողբերգական աղետներին, որ ծնվեցին կոմունիզմի գալստյամբ: Սակայն հայերի նման փոքրիկ ազգի կործանմանը նժդեհականության կործանարար ուժը հաստատ կհերիքի…

Հինգշաբթի իրիկուն, Հայկ
--

2 comments:

  1. Samvel Karabekyan04 March, 2011 15:45

    Ես էլ չեմ ուզում անտեղի համեմատություններ անել, Հայկ ջան, բայց որ քո դեպքում էլ հաստատ «ինտելեկտուալ ուժերի» ակնհայտ անհավասարություն է առկա, դա ակնհայտ է։ Հանգիստ ու գեղեցիկ, ռուսերեն ասած՝ играючи կազմաքանդեցիր հհկ-ական գաղափարախոսական մտքի կոնստրուկցիան։)

    ReplyDelete
  2. Marat Yavrumyan04 March, 2011 15:45

    Հայկ, լավ է հասցրեցիր համալսարանն ավարտել, բայց աղբալյականների մասին չգրես, նրանք ջահեր ունեն։))))

    ReplyDelete