Tuesday, November 9, 2010

Ումն են եկեղեցիները՝ մերը, թե նրանցը

Վրաստանի, վրացահայ համայնքի, Ջավախքի, Թիֆլիսի մասին շատերն են գրել։ Անգամ մի քանի հատուկ բլոգ կա վերջիններիս խնդիրների մասին, էլ չեմ ասում բազմաթիվ հրապարակումներ լրատվամիջոցներում, զգուշավոր մեկնաբանությունները, ժամանակ առ ժամանակ հայ-վրացական դարավոր եղբայրության մասին հեռուստառեպորտաժները, ինչ-որ ձևական պաշտոնական այցերը, որոնք վերջում ոչ մի բան էլ չեն տալիս ու ՆՍՕՏՏ-երը, որոնցից և ոչ մեկը, ինչքան ես գիտեմ, դեռևս չի եղել կամ հայրապետական այց չի կատարել Ջավախք։ Բայց սրա մասին չէ, որ ուզում եմ գրել։

Թիֆլիսում էի, որակավորման ազգային շրջանակների ներդման շուրջ երկօրյա սեմինար էր։ Սրա մասին մասին առանձին կգրեմ։ Թիֆլիսի, ավելի շուտ մշակութային ժառանգության մասին է այս ամենը։ Իհարկե, Թիֆլիսում ավելի զգացմունքային կգրեի, քանի որ տեղում, գիտեք, միշտ էլ այլ կերպ է գրվում, քան հետո, հիշելով ու փորձելով վերարտադրել այդ ամենը։

Թիֆլիսում կամ Վրաստանում հայտնվելուն պես, բոլոր հայերը, չեմ կարծում որ բացառություններ կլինեն, սկսում են ենթագիտակցաբար ու անկախ իրենցից ամեն ինչ համեմատել Հայաստանի, Երևանի ու հայաստանյան իրականության հետ։
Ես էլ բացառություն չէի։

Համեմատությունները սովորաբար Հայաստանի օգտին չեն՝ տեսեք վրացիները ուր են հասել կամ էլ էլի Հայաստանի օգտին չեն, բայց վրացատյաց են, մոտավորոպես՝ «էս տուտուզ կամ տուտուց վրացիները»։ Երկու դեպքում է, հասկանում եք, ամեն ինչ զգայական մակարդակում է։

«Հարևանի հարսը սիրուն է», զուր չեն ասում, չնայած մենք մեզ Թուրքիայի ու Պարսկաստանի հետ հազիվ թե համեմատում ենք, երևի նույն ենթագիտակցությամբ զգում ենք, որ հիմքեր չկան համեմատվելու համար։

Վրաստանն ու Թիֆլիսն այլ պատմություն է։

Թիֆլիսը հակասական է, չես հասկանում, կամ նրանք են առաջ, կամ մենք ենք հետ, կամ երկուսով էլ առաջ ենք տարբեր ուղղություններով ու արհեստականորեն մենք մեզ սկսում են չափել նրանց արշինով։ Մի պահ սկսում է հայկական նացիոնալիստական ու «կայսերապաշտական» արյուն խաղալ քո մեջ, երբ սկսում ես Թիֆլիսում հայերեն լսել, երկու քայլի վրա նվազագույնը երկու հայակական եկեղեցի տեսնել, գիտակցել, որ քաղաքը շատ հատվածներով է պարտական հայերին, թեև ես էլ եմ այս պահին ինչ-որ նացիոնալիզմ խաղալ։ Գիտակցում ես, ու չես գիտակցում, հետո ինչ։ Ժամանակին էլ ծովից ծով ենք եղել, կամ Կիլիկիա ենք ունեցել, ոչ այնքան վաղուց։

Պատճառը շենքերն են. դրանք հպարտություն ու ցավ են պատճառում։ Հպարտություն, որովհետև յուրաքանչյուր հայ մինչև հոգու ամենավերջին խորքը երազում է տուն կառուցել։ Ու երբ շենքը տեսնում ես, ու այն էլ գեղեցիկ է, սիրտ մի այլ կերպ է ուրախանում։ Բայց և ցավ, որ այն քոնն է ու քոնը չէ։ Կամ քոնն է միայն քո համար, իսկ դու հայավարի ուզում է բոլորին ապացուցել, որ աշխարհի, մեզ հայտնի աշխարհի ամեն մի թիզի ու մասնիկի մեջ հայ կամ հայկականություն կա, նույնիսկ մեզ հայտնի աշխարհի մարդաբանական տիպի անունն է արմենոիդ։ Իհարկե, դա ի վերուստ չէ, բայց թե այդպես է, մասնիկ է, որը ամենուր կա։ Իսկ ահա այդ «տուտուց վրացիք» չեն ուզում դա ընդունել կամ «հարևան հսկաները չեն ուզում իրենց հողերը մեզ տալ»։

Շշմում ես, ինչքան էլ թվա, թե հայերը հանդուրժողական չեն, միգուցե չեն էլ, բայց ամեն դեպքում, հարգում են դիմացինի ստեղծած արժեքը ու ընդունում արժեքն այնպիսին, ինչպիսին կա, եթե իհարկե այդ արժեքը չի խափանում ամեն մասնիկի մեջ հայկականը տեսնելու թեզի գոյության հնարավորությանը։ Այլ կերպ՝ թող Երևանում «Կապույտ մզկիթ» լինի, բայց Լեննականում ռուսական «Պլպլան ժամ», բայց ոչ հակառակը։ Հետաքրքիր է, եթե մզկիթները շատ լինեին ինչպիսին կլիներ մեր հանդուրժողականության աստիճանը՝ մշակութայինը երևի ինչպես հիմա է, իսկ էթնիկը՝ արդեն կասկածում եմ։ Երևի ազգով կորոշեինք երկրորդ Կիլիկիա սարքել, մերը թողնելով մյուսներին ու Արարատի մյուս կողմի մասին երազել։

Ես զարմանում եմ, թե ինչու վրացիները չեն հարգում մեր ու նաև Թիֆլիսի ու նաև իրենց մշակութային ժառանգությունը, ավելի շուտ ժառանգության այն հատվածը, որը հայկական եկեղեցու տեսքով է։ Հրեականը, տեսնեիք միայն, թե ինչպես էին հարգում, Սինագոգը պսպղում էր, նույնիսկ ԵՊՀ շենքն այդպես չէր փայլում լողացնելուց հետո։ Հեյդար Ալիևի այգին նույնպես՝ տեղը տեղին էր, բաղնիքները, մզկիթը՝ նույնպես, իսկ ահա թեմի առաջնորդանիստ Սբ. Գևորգը, չգրեմ, ես սեփական անձի խարազանմամբ աշխատում եմ շատ զբաղվել ու մասնագիտական հիվանդության չվերածել։ Բայց տղեքն այնտեղ կոնյակի առևտուր էին անում, կարծես թե կոնյակը եկեղեցական պարագա է։

Ամեն դեպքում, նրանք իրենց ճանապարհով են գնում, մենք՝ երևի թե մեր։ Ես վստահ չեմ։ Ուր կհասնի մեզանից յուրաքանչյուրը, կերևա ոչ շատ այնքան հեռավոր ապագայում։ Հուսամ, ու շատ, անչափ մեծ հույս ունեմ, որ մյուս անգամ ես մշակութային ժառանգության նկատմամբ մեր վերաբերմունքի մասին այլ տրամադրությամբ կշարադրեմ։

Երկուշաբթի իրիկուն, Մարատ


Հ.Գ. «Վրացիները մեր եղբայրները չեն»՝ սա 1996թ. «Հայ գաղթօջախների պատմության» վրացական հատվածին նվիրված դասախոսության շարքի նախաբանն էր, հիմնական պնդումը ու հիմնական եզրահանգումը։ Եղբայրներ փնտրելու փոխարեն գործ պիտի անել ու Հայրապետական այց Վիրահայոց համայնք։
--

1 comment:

  1. Samvel Karabekyan04 March, 2011 16:00

    Մարատ Յավրումյան. "Եղբայրներ փնտրելու փոխարեն գործ պիտի անել"։

    ReplyDelete