Աստվածավախ միշտ եմ եղել. այն ինքն իր հետ անկեղծ զրուցելու (անձի երկվությամբ չեմ տառապում) լավագույն հնարավորությունն է։ Ու հասկանալու, արդյոք այն ինչ անում ես կամ ուզում ես անել կամ արդեն իսկ արել ես, տեղադրվում է աստվածավախության մեջ։ Չգիտես ինչու, այն ինչ կոչում են սնահավատություն, եթե ոչ աստվածավախության, այլ հավատի հետ է կապվում. հավատում ես իրերի հաջորդականության ինչ-որ պատճառականության, որը թեև պատճառա-հետևանքային է, բայց բանականության հետ քիչ կապ ունի, խոսքը տրամաբանված բանականության մասին է, ու ամեն չհաջողված ինչը քո ոչ ճիշտ քայլերի պատճառով է։ Երևի սա չէ սնահավատության բնութագիրը, բայց սրա մասին։
Սնահավատ եղել եմ ժամանակ առ ժամանակ. այն գալիս է այն ժամանակ, երբ տրամաբանության հետ բոլոր կապերն արդեն իսկ կորցնում ես։ Իսկ այդպես շատ է լինում, որովհետև աշխարհն ավելի բարդ է, քան այն բացատրելու հնարավորություն «առաջարկող» տրամաբանությունը։ Այսպիսի պահերին կարդալը չի օգնում, այս պահին մարդիկ են օգնում, հետո ժամանակն է օգնում, հետո ժամանակի հետ եկող նոր իրադարձությունները, որոնք ստիպում են իրենց վրա ուշադրությունը սևեռել ու նախորդները մոռանալ։
Սնահավատ չլինել, երևի թե հնարավոր չէ, չնայած հիշում եմ մի պահ, երբ ինքս էի ծիծաղում սնահավատության վրա, չնայած նույն իսկ պահին էլ գիտակցում էի, որ իզուր եմ ծիծաղում, քանի որ հետո ես ինքս եմ այդպիսին դառնալու։
Իսկ ինչու սնահավատ չէի. կյանքն ամեն մանրամասնությամբ, հնարավոր բոլոր ստանդարտ դեպքերի համար կյանքը մտածված ու հաշվարկված էր։ Եթե հաշվարկված էլ չէր, ապա հնարավոր էր բոլոր այդ դեպքերը խցկել կամ տեղավորել մյուս ստանդարտների մեջ։ Ապրելը հեշտ է, շատ ավելի հեշտ է. չեմ ընդունում բոլոր պնդումները, թե այդպիսի կյանքի մեջ հետաքրքրություն չկա, կամ անկախատեսելիի պահը չկա։ Պարզապես ամեն մի «զիբիլ-մանրուքի» համար անտեղի պայքարը, վատնված ջանքը չգիտես ինչու ընկալվում է որպես անկանխատեսելի, որը կյանքի մեջ հետաքրքրություն է մտցնում։ Կանխատեսելի կյանքը նույնպես շատ հետաքրքրություններ ունի։
Իսկ այդ կանխատեսելիության մեջ սնահավատության տեղ չկա, որովհետև ամեն ինչ, ինչ շրջապատում է քեզ, տրվում է բանական բացատրության, իսկ եթե ինչ-որ մի բան չի տրվում այդպիսի բացատրության, ապա այդ ինչ-որ բանը հարցադրում է, որը դու ինքդ ես առաջադրում, ու դու ինքդ կամ մի քանիսով փորձում եք նույն տրամաբանությամբ լուծել այդ հարցադրումը։
Հակադրությունն էլ ավելի բացահայտ է, երբ միևնույն վայրում ու միևնույն պահին մարդիկ են հայտնվում, որոնք հավատում են «աչքի հլունին» կամ ծիծաղում դրա վրա։
Հետո ես էլ սկսեցի սնահավատ լինել, դրա համար, իհարկե, մի քիչ ժամանակ պահանջվեց, հետո սկսեցի ինչ-որ թալիսմաններ հավաքել, աշխատանքային հաջողված կամ չհաջողված օրը պայմանավորել նրանով, թե որ համարի ավտոբուսով եմ աշխատանքի գնացել ... շղթան կարելի է անվերջ շարունակել։ Ու երբ սկսում ես ավելի ուշադիր լինել նման հիմարությունների վրա, ապա այդ ամենում նույնպես սկսում ես հաջորդականություն, կանոնավորություն նկատել. իսկ վերջին երկուսը տրամաբանություն ու բանականություն են հաղորդում սնահավատությանը։
Ու հետո, ակամա սկսում ես հավատալ ավտոբուսի համարին, դեպի մանկապարտեզ տանող երկու ճանապարհներից մեկի ընտրությանը, հետո ինչ-որ մի երկրում գնված ինչ-որ մի իրի «հրաշագործ զորությանը» ու երբ հիմա գրում ես, ապա կրկին հավատում կամ սնահավատում ես, որ գրելուց հետո հաստատ ինչ-որ մի բան այն չի լինելու, կամ շատ կտրուկ է շեղվելու ավանդական հոսքից ու ինքդ չես հասկանալու, թե հանուն ինչի։ Ու էլի սնահավատում ես, որ դրա պատճառն այս տողերն են։
Իսկ ընթացքի վրա ազդելու հնարավորությունները կամ ընթացքներ ընտրելու հնարավորությունները քիչ են, շատ քիչ են։ Ահա թե ինչու են իրադարձություններն ընտրում քեզ և ոչ թե հակառակը։
Հիշում եք, կանխատեսելիության ու անկանխատեսելիության մասին՝ միմյանցից կտրուկ տարբերվող հակադիր աստիճաններով։ Անկանխատեսելիում ոչ մի բանի չես հավատում, անգամ ինքդ քեզ չես հավատում, ամեն ինչ շատ է անորոշ, ամեն ինչ միմյանց խառնող անորոշ։ Որոշյալություն գտնելու համար կամ ջանքերի կամ էլ ուղեղի գորշ բջիջների գերլարում է պահանջում ու այդ ամենը շատ կարճ ժամանակահատվածում։ Իսկ ամբողջ կյանքն այսպիսի հոգեվիճակում չես ապրի, եթե ինքդ այդպիսին չես, իսկ այդպիսի մարդիկ իրոք կան, նրանց համար անկանխատեսելին ամենականխատեսելին է, որովհետև ինչ ուզում է ինքը, հնարավոր է հասնել միայն անկանխատեսելիության պայմաններում՝ միանգամից ու կտրուկ կյանքը լավ դասավորել և այլն։ Չեմ ասում, որ սրա համար ջանք կամ ուղեղի գորշ բջիջ ու ժամանակ չի պահանջվում, պարզապես այլ են չափումները։
Միանգամից ու կտրուկ ձևաբանության ձեռնարկ չես գրի, բայց ինչ-որ մեկին կխաբես ու էլի ինչ-որ ուրիշ մեկին։ Չխաբվելը դժվար է, որովհետև բոլոր իրավիճակներն ուղեղի քո բջիջներն ունակ չեն կանխատեսել, քանի որ դրանք ձևաբանությամբ են զբաղված։ Այսպիսի բջիջների համար հարմար չէ անկանխատեսելի ու անորոշ միջավայրը, ամեն մի մանրուքի վրա ջանքը պոկվում է ձևաբանության համար նախատեսվողից։ Ու երբ ձևաբանության համար ազատ ոչ մի բջիջ այլևս չի մնում, ապա հենց այդ պահին էլ դառնում ես սնահավատ. սկսում ես պատճառ ու հետևանք փնտրել այնտեղ, որտեղ այն չկա, բայց դու չես հավատում, որ չկա ու դրա համար էլ այն սնահավատատություն է։
Հիմա նույնքան դժվար է սնահավատ չլինելը, որքան դժվար էր սնահավատ լինելը ժամանակին։
Շաբաթ իրիկուն, Մարատ
Հ.Գ. Հուսամ այս տողերն իրոք անփորձանք կլինեն, ու հոգնել եմ անորոշ այս կյանքից ։)
--
"Միանգամից ու կտրուկ ձևաբանության ձեռնարկ չես գրի, բայց ինչ-որ մեկին կխաբես ու էլի ինչ-որ ուրիշ մեկին"
ReplyDelete