Չունգուր իհարկե իրական անուն չէ։ Անգամ մականուն կամ ծածկանուն չէ։ Ավելի շուտ՝ հավաքական մի կերպարի անուն է, որում կարծես բեկված լինեն հասարակ, ըստ էության, բարի, զգայական, կարեկցող, անգամ նվիրված լինելու ունակ մարդու ճակատագրի լարերի հնչեցրած մեղեդու բոլոր ելևէջներն ու զեղումները։
Շատերն էին գիտակցում (ես կասկած ունեմ, որ նույնիսկ ինքը՝ Չունգուրը), որ այդ մեղեդին, իհարկե, բարձր արվեստ չէ. ավելին՝ գիտեին, որ նվագախմբում քիչ-քիչ հայտնվում են ջութակներ, ալտեր, թավջութակներ, որոնց լարերն արդեն այնպիսի նոտաներ էին վերցնում, որ Չունգուրի հնարավորություններից վեր էին։ Չունգուրը սկզբից շատ էր ուրախանում՝ չէ՞ որ լարերի խորքում նա բարի ու զգայական գործիք էր։ Իր բարակ լարերը փորձում էին ամեն ձայն հանել, միայն թե նոր հնչյունները վստահորեն լցնեն նվագախմբի սենյակը, որտեղ արդեն նեղվածք էր առաջանում։ Նա անկեղծորեն ուրախանում էր նաև այն պատճառով, որ նվագախմբի դիրիժորը ինքն էր հավաքում այդ ջութակներին ու թավջութակներին ու սիրում էր նրանց, իսկ Չունգուրը նվիրված էր դիրիժորին և միշտ սիրում էր այն, ինչ նա էր սիրում։
Բայց հետո եկավ մի օր, երբ դիրիժորը գնաց՝ գնաց այնտեղ, որտեղ բոլորն են գնում, երբ իրենց ժամանակն է գալիս, բայց դիրիժորը չսպասեց իր ժամանակին, և, ինչպես միշտ, ժամանակից առաջ անցավ։
Եվ եկավ մի նոր դիրիժոր, ավելի շուտ չեկավ՝ նա ոչ մի տեղ չէր էլ գնացել, նա մինչ այդ էլ նվագախմբի սենյակում էր՝ մեկ զուռնա էր փչում, մեկ դհոլ խփում, մի խոսքով, ինչ գործիք պատահեր՝ օգտագործում էր։ Իսկ ինչպե՜ս էր նա երգում, գրողը տանի, ոչ ոք անտարբեր չէր կարող մնալ՝ հանդիսատեսների և հատկապես հանդիսատեսուհիների թափած արցունքները շռայլորեն ոռոգում էին նվագախմբի սենյակի առանց այդ էլ տեսքից ընկած, վթարված ջրագծերից և մաշված տանիքից անվերջ հոսացող ջրերից միշտ խոնավ պատերը։ Չունգուրն էլ էր հավանում իր կատարումները, բայց քանի որ դիրիժորը, որին մինչև նվագախմբի փոքրիկ սենյակում հայտնվելը բախտ էր վիճակվել ունկնդրելու աշխարհահռչակ վարպետների կատարումներ, մի տեսակ ներողամտորեն էր վերաբերվում տեղական նշանակության այդ մենակատարին, Չունգուրն իհարկե թաքցնում էր իր զգացմունքները, և անգամ փորձում ինքն էլ մի տեսակ վերևից նայել իրեն՝ մի քիչ ծիծաղելի էր ստացվում, բայց Չունգուրին մի տեսակ ներվում էր ամեն ինչ՝ գուցե՞ որովհետև լարերի խորքում բարի ու զգայուն գործիք էր։
Մի խոսքով, մենակատարը դարձավ դիրիժոր՝ փայտիկը նրա ձեռքում սկսեց շարժվել մի ուրիշ ոգևորությամբ՝ նա թափահարում էր այն և՛ աջ, և՛ ձախ, և՛ ամենուր, և Չունգուրը ողջ իր էությամբ սասանվում, իսկ հանդիսավոր պահերին մինչև իսկ ծածանվում էր փայտիկին ընդառաջ՝ իր լարերի ողջ կարողությունները նվիրելով նոր դիրիժորին։
Շուտով սակայն դիրիժորը կորցրեց հետաքրքրությունը՝ կորավ սկզբնական ոգևորությունը. կարճ ասած՝ դիրիժորը թքեց փայտիկի վրա։ Բայց նվագախումբը, ինչպես և ամեն մի նվագախումբ, չէր կարող ներդաշնակել իր բազմաձայնությունը առանց այդ փայտիկի, որի վրա թքած ուներ արդեն դիրիժորը, և ներդաշնակ բազմաձայնությունը քիչ-քիչ սկսեց վերաճել անհամահունչ ձայնաբազմության։
Չէ, իհարկե, դիրիժորը ոչ մի տեղ չէր գնացել, և տեղն եկած ժամանակ նա վերցնում էր փայտիկը, որի վրա որքան էլ թքած ունենար, չէր պատրաստվում որևէ մեկին հանձնել և մի լավ թափահարում այն՝ վարպետորեն հնչեցնելով հենց այն ձայները, որոնք անհրաժեշտ էին փայտիկը ձեռքում պահելու համար։ Այստեղ է, որ եկավ Չունգուրի նոր գարունը, նրա ձայնը հնչեց նորովի, ուժգին և վստահ՝ ցույց տալով այլևայլ ջութակներին, թե ո՞վ է եղանակ ստեղծում այս նվագախմբում։ Ճիշտ է, նա շարունակում էր սիրել նրանց, չէ՞ որ լարերի խորքում նա բարի ու զգայական էր, բայց ավելի շատ էր սիրում դիրիժորին, ում փայտիկը ավելի ու ավելի հաճախակի սկսեց հայտնվել հենց ի՛ր ձեռքերում, երբ դիրիժորը մեկնում էր մենահամերգների։ Եվ նա գերադասեց փայտիկը, չէ՞ որ բարին ու սերը այնքան խորն էին թաքնվել լարերի ընդերքում, իսկ փայտիկը... կախարդական այդ փայտիկը... Եվ աստիճանաբար նվագախումբը դարձավ միակը նվագախմբերի շարքում, որտեղ առաջին ջութակի փոխարեն հանդես էր գալիս առաջին չունգուրը։
Բայց ժամանակն անցնում էր, ժամանակները փոխվում էին, և փայտիկը պահելը դժվար էր դառնում, մանավանդ որ իրականում՝ հոգու խորքում (ախ այդ հոգին, ինչու՞ է իրականը խորքում պահում միշտ), դիրիժորը անկեղծ էր, երբ թքած ուներ փայտիկի վրա (ժամանակին դիրիժորը, երբ դեռ դիրիժոր չէր, նվագախմբում կոնտրաբաս էլ էր նվագել՝ իր պարտիան կայանում էր նրանում, որ ճիշտ պահին ուժեղ հետ էր քաշում հաստ լարը և բաց թողնում՝ արձակվում էր մի յուրահատուկ ձայն՝ մոտավորապես, այսպես՝ պըըը-նգ՝ հենց այդ ձայնարկությամբ էր դիրիժորը արտահայտում իր վերաբերմունքը փայտիկի նկատմամբ)։ Եվ նա հասկացավ, որ կորցնում է այն, քանզի ժամանակն է եկել (իսկ նա, ավա՜ղ, ի տարբերություն նախորդ դիրիժորի ժամանակից հետ ընկնելու սովորություն ուներ)։ Եվ ահա Չունգուրը էլի անձնուրաց և ինքնամոռաց սեփական իրանով ծածկեց փայտիկը, և պահեց այն դիրիժորի համար։ Բայց ժամանակն իրենն էր ասում, և դիրիժորը հասկացավ, որ պետք է մի նոր ստեղծագործություն կատարի, ու փայտիկն ուղղեց մեկ այլ ուղղությամբ։ Այդ ստեղծագործությունը Չունգուրի համար գործիքավորված չէր։ Եվ Չունգուրը գնաց։ Բայց Չունգուրը լռեց։ Գուցե հասկացա՞վ, որ փայտիկը այսօր ձեռքումդ է, վաղը... ո՛չ, իսկ լավն ու բարին միշտ քեզ հետ են, որովհետև թաքնվում են հոգուդ ամենախորքերում։
Այսպիսի մի պատմություն երկուշաբթի իրիկուն
--
Բան չհասկացա ։))
ReplyDeleteԻսկ ես հասկացա, բայց ոչ մեկին չեմ ասի :-)
ReplyDeleteԻրոք որ, եթե չունգուրները մի օր լարից ընկնեն, կամ պարզապես հիասթափվեն այլևս իրենց փեշակը քաշ տալուց, դժվար կլինի նորից նվագախումբը լարել…այդ կդառնա ցանկացած դիրիժորի համար հեշտ կառավարելի թղթի նավակ…
ReplyDelete