Հենց նոր դիտեցի Լեոնիդ Պարֆյոնովի՝ Լիստևի անվան մրցանակաբաշխության (որի առաջին դափնեկիրն էլ դարձավ նա) ժամանակ արտասանած ելույթը, որտեղ շատ բան է ասվում ռուսական իրականության ոչ այնքան պայծառ կողմերի մասին։ Ռուսաստանը, ի դեպ, շատ ավելի բռնապետական ու թշվառ երկիր է, քան թե մեր սիրելի հայրենիքը։ Պուտին-Մեդևեդև տանդեմոկրատիայի հոգատար ձեռքերում աշխարհի ամենահարուստ ու ընդարձակ երկիրն ընկել է այն աստիճան, որ կարգավիճակով հավասարվել է անցյալի բրիտանական գաղութներին։ Այլ կերպ ասած, վերածվել է հումքի մատակարարի, որը համատեղությամբ նաև կրում է զարգացած երկրների արտադրանքի սպառողական շուկայի «պատվաբեր» տիտղոսը։
Նույնն է նաև մնացյալ ոլորտներում. մարդու անպաշտպան իրավունքներ, կրիմինալի բուռն զարգացում, իշխանական-բռնապետական այնպիսի բուրգ, որին կնախանձեր անգամ Քեոփսը, կամայականություններ, կոռուպցիա և այլն և այլն...
Սակայն կան մարդիկ, ովքեր անտեսելով հալածանքների, բռնաճնշումների և անգամ մահվան վտանգը, վեր են հանում արգելված թեմաները, ակնարկներ անում Կրեմլի ապաշնորհության ու ծախվածության մասին։ Այդ մարդկանց հաճախ բաժին է հասնում Կաշինի ու այլոց դառը ճակատագիրը, իսկ հասարակական ճանաչման, փառքի ու բարեկեցության փոխարեն (որոնցից լիարժեք օգտվում են Կրեմլի կամակատարները) ստանում են միայն դառնություն։
Այդ մարդիկ մանկլավիկի փափկասուն կյանքին նախըտրում են ընդդիմադիր լրագրողի տաժանակիր ճակատագիրը, որի վերջում ըստ էության չկա որևէ լուսավոր կետ։ Ի՞նչն է ստիպում նրանց արհամարհել իշխանական կերակրատաշտի խոստումնալից հեռանկարն ու դառնալ մարտիկ ընդդեմ կեղծիքի ու ստի։ Միանշանակ պատասխան տալը դժվար է, գրեթե անհնար։
Լրագրողների կողքին կան նաև մտավորականներ, ում առջև վաղ թե ուշ հղանում է նույն ընտրությունը։ Կամ դառնալ ռեժիմի հիմնասյունը, ստանալով նյութական և ֆիզիկական ապահովության երաշխիքներ, կամ էլ անտեսել շքեղ կյանքի շլացնող խոստումները՝ փոխարենը ձեռք բերելով ազատ խոսելու հնարավորություն։ Ընդ որում, այս խնդիրը կարելի է ասել հավերժական է, բնորոշ մարդկության պատմության բոլոր շրջաններին։ Պետրոնիուսը, որ նամակով ծաղրում էր Ներոնին, միաժամանակ կտրելով իր երակները, Ջորդանո Բրունոն, որ խարույկ էր բարձրանում հանուն ճշմարիտ սկզբունքների, Բուլգակովը, որ այդպես էլ չանցավ Ստալինի թրի տակով ու չխոնարհվեց ռեժիմի առջև... Նրանք բոլորն անձինք են, որ փողն ու հարստությունը ստորադասեցին ազատությանը...
Մեր Հայաստանում, ցավոք, խնդիրը դրված է նույն սրությամբ։ Կան մարդիկ, որ չգիտես ինչու իրենց մտավորական են համարում, բայց էությամբ ընդամենը ծառա են։ Նրանց համար Հայաստանը բավական լուրջ ու զարգացած պետություն է, որ կարող է ոտք մեկնել անգամ ԱՄՆ-ի հետ, իսկ երկրի ներսում տիրող իրավիճակն ուղղակի գերազանցում է բոլոր լավատեսական սպասումները։ Կան նաև լրագրողներ, որոնք խոսում են ինչ-որ դատարկ ու անիրական բաների մասին, տեսնում ու արձանագրում են իշխանության գործունեության միայն դրական կողմերը, «բացահայտումներ» են անում միայն Բաղրամյան 26-ի լիցենզիայով։ Մինչդեռ երկիրը շարունակում է հյուծվել, կորցնել կենսունակության վերջին լիցքերը։
Ըստ իս, սխալ է դրա համար մեղադրել միայն Սերժ Սարգսյանին կամ էլ մեկ այլ իշխանավորի։ Հիմնական մեղավորները ծախված մտավորականներն են, ծառա լրագրողերը, որոնց թեթև ձեռքով է հայ հասարակությունը ընկղմվել «բանջարեղենային» թմբիրի մեջ, իսկ մեր ազգի կյանքը վերածվել 9-ժամյա չարքաշ աշխատանքի, 1-ժամյա ստորացման հանրային տրանսպորտում և մի քանի ժամյա բթացման հեռուստացույցի առջև, որը հեռարձակում է միայն օփիումային սուտ...
Երկուշաբթի իրիկուն, Հայկ
P.S. Վիեննայի կայսերական ծառուղիներից մեկում զբոսնում էին երկու հանճար՝ բեթհովենն ու Գյոթեն։ Տեսնելով մոտեցող կայսերական ընտանիքին՝ Գյոթեն հնազանդաբար կանգնում է ծառուղու ճամփեզրին, հանում գլխարկն ու խոնարհ կեցվածքով դիմավորում կայսերական շքախումբը։
Դե իսկ Բեթհովենը շարունակում է ճանապարհը՝ անգամ ուշադրություն չդաևձնելով Եվրոպայի ամենազորեղ մարդկանց...
Գյոթեն, լինելով մեծ գրող ու հանճարեղ փիլիսոփա, միաժամանակ երևելի նոմենկլատուրա էր՝ փայփայված ժամանակի բոլոր միապետերի կողմից։ Մինչդեռ Բեթհովենի համար չկային իշխաններ ու կայսրեր, չկային տիտղոսներ ու կաղապարներ։ Կային միայն արժեքներ, որոնք էլ առաջնորդում էին մեծ կոմպոզիտորին կյանքում։ Հավանաբար այդ պատճառով էր, որ Գյոթեն մահացավ խոր ծերության մեջ, շրջապատված խնամքով ու բարեկեցությամբ, իսկ Բեթհովենի համար մահը դարձավ փրկություն կյանքի դժբախտ ընթացքից...
--
Համաձայն եմ քեզ հետ, ընդ որում` մեզանից յուրաքանչյուրն է ընտրում` լինել Գյոթե, թե Բեթհովեն: Չնայած համաձայն եմ քեզ հետ (ի դեպ, գրածդ նորություն չէ, բայց ես կարծում եմ, որ ճկությունը շատ ավելի գերադասելի է` սեփական գործը կամ խոսքը կամ էլ գաղափարը առաջ տանելու համար: Պատմության մեջ տվյալ իրավիճակում ճիշտ կողմնորոշվելու արդյունքում սեփական հաղթանակը գրանցելուբազմաթիվ օրինակներ կան: Այնպես որ` պետք է լինել իմաստուն և շրջահայաց` դիմակայելու ժամանակի մարտահրավերներին:
ReplyDeleteՄիայն թե, հարգելի Անոնիմուս, ճկունությունը, եթե այն դուրս է սկզբունքներով գծագրված շրջանակից, դառնում է պարզունակ սողունություն և պնակալեզություն։ Խնդիրը հենց սկզբունքի առկայությունն է կամ բացակայությունը։
ReplyDelete"Князь! Тем, чем вы являетесь, вы обязаны случайности рождения. Тем, чем являюсь я, я обязан самому себе. Князей существует и будет существовать тысячи. Бетховен же - лишь один".
ReplyDeleteԷս Բեթհովենի խոսքերն են ուղղված ինչ-ո "թերի երևույթի" ։)
Թույլ տվեք չհամաձայնվել Ձեր արտահայտած հետևյալ մտքի հետ.
ReplyDelete«Այդ մարդիկ մանկլավիկի փափկասուն կյանքին նախըտրում են ընդդիմադիր լրագրողի տաժանակիր ճակատագիրը, որի վերջում ըստ էության չկա որևէ լուսավոր կետ»։
Դուք էլ գիտեք, որ Լույսը, ըստ էության, ընտրության հենց այս ոչ մանկլավիկային դեպքում կա: Սրանք են, որ Էականը տարբերում են ժամանակավորից` նյութից, կուշտ փորից, ձևից: Սրանք են, որ գիտեն, որ ավելի լավ է լինել մարդ, թեկուզ սոված, քան կուշտ ու կռուշտ ոչ մարդ:
Հայկ, էս գրառումդ շատ եմ հավանում: Քո թույլտվությամբ share եմ անում: ))
ReplyDeleteԼիլիթ ջան, մերսի որ հավանել ու share ես արել ։)
ReplyDeleteՀարգելի Բենիամին, Լույս բառն օգտագործել եմ զուտ նյութական բարեկեցության իմաստով։
Mi ban havelem. Erb Gyoten harcnum e Bethovenin, te inchu verjins glux chi xonarhum kasyserakan shqaxmbi arjev, Berthoven@ patasxanum. -Inchu im hancharex glux@ xonarhem ayd datarkamitneri arjev.....
ReplyDelete