Monday, December 6, 2010

Ածանցման մասին ու ածանցյալ վիճակում

Շաբաթ առավոտյան անակնկալ նամակ ստացա, որն ուղարկել էին ուրբաթ իրիկուն, Երևանի ժամանակով, բայց կեսօրին՝ Եվրոպական կենտրոնական ժամանակով։ Նամակը, իհարկե, անսպասելի էր. ինձանից խորհուրդ էր հարցնում մեկը, ումից սովորաբար ես էի խորհուրդ հարցնում։ Խոսքն առօրեական կամ կենցաղային խորհուրդների մասին չէ, մասնագիտական՝ ինչքան էլ զարմանալի լինի, արաբական լեզվաբանական ավանդույթում կոնկրետ մի տերմինի ընկալման կամ մեկնաբանման հնարավորության մասին։ Հիմա կասեք, ինչքան, մեղմ ասած, «տարօրինակ» մարդիկ կան այս աշխարհում, որոնք «տարօրինակ» բաներով են զբաղված ու ուրախանում են դրա վրա։

Իհարկե, մասնագիտական քննարկումներ շատ են եղել, նույն նամակագրի ու շատ-շատերի հետ, բայց «ինքնագնահատականի» նման ադրենալինային աստիճան շատ հազվադեպ եմ ունեցել։ Պատկերացրեք, բոլոր հնարավոր մարգարեներից մեկը զանգել է ձեզ ու ձեր որպիսություն է հարցնում ։) Իհարկե, նրան իր ամպերում հազիվ թե հետաքրքրում է ձեր որպիսությունը, բայց թե ... ։) Իմ ոգևորվածությունը հասկանալի կլինի միայն այն դեպքում, երբ գիտեք, թե ինչով են առավելապես զբաղված լինում մարգարեները ։)

Ես էլ ինչքան հին դիսոյական գրառումներ ունեի, վեր հանեցի, ու մի հատ էլ ես իմ կոմպի ու Սիբի ու Ջիննի ու Ռադիի ու Իբն Ուսֆուրի ու Հիշամի ու Յաիշի հետ գյալաջիեցվեցի ու գրեցի։ Հետո ուրախացա, հետո տխրեցի՝ սա վերջին 4 ամսվա առաջին գյալաջին էր, մասնագիտական գյալաջին։ Հետո էլի ուրախացա, հասկանալով որ շուկա կա, իհարկե կենտրոնական եվրոպական ժամանակում է այդ շուկան, բայց, ամեն դեպքում, այն կա։

Կզարմանաք, բայց շուկա երևի թե Հայաստանում էլ կա, պարզապես պիտի ստեղծել շուկայի այդ նիշան կամ խորշը։ Ստեղծելը միշտ էլ դժվար է, բայց հեշտ է այն մարդկանց համար, ում ստեղծելու համար միայն կիսակուշտ ստամոքս ու կիսատաք բայց արևով լեցուն սենյակ է պետք։ Մնացած ամեն ինչ, նրանք արդեն իսկ ստեղծել են, ուղեղ՝ ժառանգել։

Հիմա կհարցնեք, իսկ ինչու հայկական արաբագիտության մասին ոչ ոք չի խոսում։ Հուսամ, հռետորաբար կհարցնեք ... ։)

Տարիքի հետ շատ բան է փոխվում, ու ուրախ եմ, որ փոխվում է։

Սեփական կյանքը չափելու շատ սանդղակներ կան. դրանցից միայն մեկ սանդղակն է, որն իմ համար allgemeingültig է եղել՝ պապս, հայրս, հորեղբայրս։ Իսկ հիմա ես գնալով նրանց եմ նմանվում, կամ ինձ է թվում, որ նրանց եմ նմանվում։ Նրանց կրկնօրինակել հազիվ թե հոգնեմ ես։ Երևի թե նրանք նույնպես ժամանակ առ ժամանակ չեն կողմնորոշվել, թե ինչ են անում իրենք, չնայած հավատս չի գալիս՝ նրանք իմ համար միշտ վճռական են եղել, մարդիկ, որոնք գիտեն ինչ ու ինչու են ուզում։ Իհարկե, երեխայական հայացք է սա, բայց ես չեմ պատրաստվում հրաժարվել դրանից, միգուցե առայժմ, բայց հուսամ, երբեք։

Տարիքի հետ շատ բան է փոխվում, փոխվում է աննկատելիորեն մեզ համար, եթե հատուկ ջանք չենք գործադրում դրանք նկատելու համար։ Տարիների հետ նաև իմաստություն է կուտակվում, չնայած հայկական առածն ասում է «Իմաստությունը տարիների մեջ չէ, այլ գլխում»։ Տարիների մեջ այլ իմաստություն կա, դա միայն ճակատի կնճիռների ու ժպիտի յուրահատուկ արտահայտության մեջ կարելի է տեսնել։ Դադան (Դավիթը) երբեմն ժպտում է այդպես, բայց ես դրանից շատ եմ տխրում, պիտի ուրախանայի, իհարկե, բայց տխրում եմ, նրա համար շատ վաղ է այդ կերպ ժպտալը։

Նամակից հետո մտածում էի, ինչ կցուցանե այն։ Այստեղից պիտի որ սկսվեր տրտնջանքի հայկական շղթան։ Բայց, ոչ, չնայած կորցրած տարիների զգացումը երբեմն խեղդում է։ Չնայած Թիֆլիս ուղևորության հետ այն վերաիմաստավորվել է։ Լինում է այն, ինչ լինում է ու վերջ, այլ կերպ չպիտի էլ լիներ։ Ահա և ամբողջ փիլիսոփայությունը. մնում է մինչև հոգու խորքը հավատալ դրան։

Տարիքի հետ գնում է նաև երիտասարդական պնդաճակատությունը, համառ պնդաճակատությունը, երբ պատի ու ճակատիդ համառությունն ես փորձում ու երբեմն, շատ երբեմն հենց ճակատդ է հաղթում, ինչքան էլ զարմանալի թվա։

Բայց հետո ասում ես, պատի հերն էլ անիծած, էլ չեմ խփելու, հիմա ավելի իմաստուն եմ ես, եկել է պատեր շարելու իմ հերթը։ Բայց չէ. խոյեր տեսած կլինեք, գոնե «Միմինոյում», որոնք միմյանց «խոյահարում» են։) Իսկ գիտեք որն է մեր կողմերում երեխաների, ամենափոքր երեխաների հետ մեծերի ամենասիրած խաղը, կռահեք՝ «ղոչ»։

Անունը հուշում է, որ դա հենց խոյերի հետ է կապված. ճակատներն այնքան են միմյանց խփում, որ նրանցից մեկը հոգնում է։ Սովորաբար տարիքով ամենամեծն է հոգնում։ Դուք երեխայի հրճվանքը պատկերացրեք, երբ տեսնում է որ իր ճակատի առաջ ինչ-որ մեկն ընդգրկեց ։)

Արաբագիտությունը «ղոչի» պես մի բան է, մնում է պարզել, թե ով է վերջում հաղթելու ։)


Կիրակի կեսօրին, Մարատ


Հ.Գ. Ամենադժվարը, որը պիտի, իհարկե, ամենահեշտը լիներ, ստամոքսը որոշակի պարբերականությամբ կիսակշտացնել է։ Կատակում եմ, իհարկե, բայց լուրջ ։)
--

4 comments:

  1. Կարծում եմ ունես բոլոր հնարավորությունները երազնքդ` «Ամենադժվարը, որը պիտի, իհարկե, ամենահեշտը լիներ, ստամոքսը որոշակի պարբերականությամբ կիսակշտացնել է։ Կատակում եմ, իհարկե, բայց լուրջ ։)», իրագործելու, պարզապես ցանկություն է պետք: Կատակում եմ, իհարկե, բայց լուրջ:)

    ReplyDelete
  2. Marat Yavrumyan04 March, 2011 14:08

    Լիլիթ, ինչ-ինչ, բայց քեզանից չէի սպասում ։)))))) Ով-ով, բայց դու հո գիտես, որ ես իմ սեփական ձեռքով ինձ ճաշ անգամ չեմ լցնի ։)) (Մանրամասների համար կներեք)

    ReplyDelete
  3. :) Սենց հետաքրքիր մեկնաբանություն սեփական մասնագիտության մասին դեռ երբեք չէի լսել ընկեր Յավրումյան:

    ReplyDelete
  4. Marat Yavrumyan04 March, 2011 14:09

    Սոնա ջան, սա մասնագիտություն չէ, դե գիտես ինչ է արաբագիտությունը՝ կենսակերպ ։) Արաբագետ/արևելագետ լինելը մարդու տեսակ լինել է ։)

    ReplyDelete