Friday, December 24, 2010

Մարդս մարդ լինի...

Ցանկացած լեզվում կան արտահայտություններ, որոնք այս կամ այն կերպ մոդելավորում են այս կամ այն իրադրության կամ իրադարձության հնարավոր գնահատականը և հանդիսանում այն արժևովրելու պատրաստի նմուշներ։ Հաճախ այդպիսի արտահայտությունները կարելի է դիտել որպես որոշակի սոցիալ-մշակութային ոսպնյակ, որում կարծես թե բեկվում և խտացվում են մեր մոտեցումները սոցիալական կյանքի և վերջինիս տարբեր կողմերի վերաբերյալ։ Հնարավոր չէ բացառել նաև, որ այդօրինակ պատրաստի բառա-մտածական շրջանակների առկայությունը՝ ժամանակին արտահայտելով մարդկանց մոտեցումները կյանքին, դարերի գործածության արդյունքում ինքն է արդեն ձեռք բերել որոշիչ դեր և այժմ ավանդույթի ուժով ստանձնել կարգավորիչ դեր՝ իրեն ենթարկելով անհատական գնահատականների հավանական տատանումները։

Տրիվիալ օրինակ է, բայց ակնհայտ է, որ «ին շա՛ա լ-լհահ» թողտվությունը ինչ-որ չափով անձնական պատասխանատվությունը թոթափելու սոցիալ-լեզվական կոդ է նաև, որը իրադարձությունների այս կամ այն զարգացման համար պարտավորություն ստանձնելուց է ազատում մասամբ։

Իսկ հայտնի «մա՛լեյշ» բանաձևը պարզորոշ կերպով հանում է բազմաթիվ սթրեսային ազդեցություններ՝ այն արտասանվում է հենց հանդիպմանը ուշացողի կամ պարտավորությունը չկատարողի կողմից հենց՝ մի կողմից, ազատելով դիմացինին հանդիմանելու տհաճ և ոչ միշտ հնարավոր բեռից, իսկ մյուս կողմից՝ ինքն իրեն՝ անիմաստ և աննպատակ բացատրություններ տալու անհրաժեշտությունից։ Այն միաժամանակ և ներողություն հայցելու, բայց և ներված լինելու փաստն ընդունելու համալիր խտացված մի բանաձև է, որի միջոցով իրադարձությունը բերվում է համընդհանուր հասկանալի ստանդարտ մի գնահատականի՝ կանխավ հանելով իբրև արտառոց, տվյալ իրավիճակում սուբյեկտի առանձնահատուկ անձնական վերաբերմունքը մատնանշող գնահատելու վտանգը։

Ավելին, որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ չնայած քոլեստերինի բարձր աստիճան պարունակող սննդի օգտագործումը և էկոլոգիական անբարենպաստ պայմանները, արաբական երկրներում սրտանոթային հիվանդությունների վիճակագրությունը ավելի բարվոք է, քան Միացյալ Նահանգներում, որտեղ նպատակասլաց աշխատանք է տարվում այդ ուղղությամբ։ Չեմ բացառում, որ դա սոցիալական վարքագիծը վերը նշված և այլ բանաձևերի միջոցով կարգավորվելու և դրանով հակասթրեսային կանխարգելիչ ազդեցություն ունենալու հետևանք է նաև։

Բնական է, որ մեր լեզուն նույնպես զերծ չէ նմանօրինակ կարգավորիչ շրջանակ-մոդելներից։ «Մարդս մարդ լինի» գնահատող արտահայտությունն, օրինակ, վերադրվելով կոնկրետ իրավիճակների, ավանդույթի նույն ուժով ձեռք բերված սոցիալ-լեզվական գնահատական է, որն, ըստ էության, կատարում է արժևորվող դեպքը հանրորեն հասկանալի, հետևապես և՝ ո՛չ արտառոց, ուստի արժանի ներողամտության, չափանիշներով գնահատելու համանման մի գործառույթ։

«Մարդս մարդ լինի»՝ (հոգ չէ, որ չի կատարում իր պարտականությունները, բայց մարդկային հատկանիշներով համապատասխանում է համընդունելի չափանիշներին [չեմ քննարկում այդ չափանիշների խնդրին այստեղ՝ դա առանձին հարց է])՝ գերակա է մարդու անհատական նկարագիրը, սոցիալական, հանրային նկարագիրը երկրորդական է։

«Մարդս մարդ լինի»՝ (հոգ չէ, որ լավ մասնագետ չէ իր գործի, բայց մարդկային հատկանիշներով համապատասխանում է համընդունելի չափանիշներին )՝ մասնագիտական, պրոֆեսիոնալ նկարագիրը երկրորդական է)։

«Մարդս մարդ լինի»՝ (հոգ չէ, որ զանցանք, կամ անգամ հանցանք է կատարել, բայց մարդկային հատկանիշներով համապատասխանում է համընդունելի չափանիշներին )՝ որպես օրինավոր քաղաքացու նկարագիրը երկրորդական է)։

Անշուշտ իր սկզբնական իմաստով «Մարդս մարդ լինի» սոցիալ-մշակութային կոդը դրական բեռնվածք է ունեցել՝ մարդկային բարոյահոգեբանական նկարագրի բարձր չափանիշներ նշելու առումով, սակայն ժամանակի ընթացքում առաջացած «իմաստա-գործառական սողանցքների» հետևանքով, այն սկսել օգտագործվել իբրև վերաշրջված հակադրական մի նախադասության կայուն, չփոփոխվող հատված, նախադասության դատարկ՝ չիրացված հատվածը ըստ արդարացվող գործողության կամ հատկանիշի լրացնելու համար բաց թողնելով։

Նման «բացասականացման» մի հետաքրքիր օրինակ էլ, ի դեպ, հայերենում մուննաթ գալ արտահայտությունն է, որն արաբերենում (որտեղից էլ սկսել է իր ճանապարհը դեպի խոսակցական հայերենը) հանդես է գալիս իր թե՛ դրական (բարին մատուցողի), թե՛ բացասական (արածը ամեն անգամ հիշեցնողի՝ «տժվժիկի» իմաստով) նշանակություններով (հմմտ. նաև ռուս.՝ «сделайте одолжение», բայց՝ «вы что, одолжение мне делаете?»), սակայն հայերենում գործածական է միայն բացասական կոննոտացիան։

Ինչևէ, եթե գտնեք, որ ինչ-որ տեղ էլ սխալվել եմ իմ դիտարկումներում կամ ոճական և ուղղագրական բացթողումներ նկատեք, ներո՛ղ եղեք. ի վերջո մարդս մարդ լինի... ։)

Ուրբաթ իրիկուն, Սամվել Կարաբեկյան
--

No comments:

Post a Comment