Wednesday, December 22, 2010

«Ման անթա ֆի հայաաթիկա, բլին»

Գրառման առաջին վերնագիրը «Աշխատանքային էթիկայի ու ներքին խոհանոցի ու գրաքննության մասին» էր, բայց երբ գրեցի վերջացրեցի, որոշեցի փոխել. այս մեկն ավելի կոլորիտով է ու իմ լավ ու զեյթունյան տարիների ախպեր Սպիտակցի Գոռի սիրիական կայֆերի պատվին։

Վերջին շրջանում կտրուկ փոխվում է վերաբերմունքը այն ամենի նկատմամբ, ինչն անվանում էի ու շարունակում եմ անվանել վարչական ռեսուրս։ Այնքան կտրուկ է փոխվում, որ ոչ միայն հասցնում եմ առանց հատուկ ջանք գործադրելու նկատել այն, այլև անհարմարավետության ինչ-որ զգացում է ունենում։ Խոսքը վերաբերմունքի այնպիսի փոփոխության մասին է, երբ քննադատությունը վերածվում է քննադատության գրաքննության։


Ամեն ինչ բլոգում մինչ այժմ կոնրետ օրինակների վրա է շարադրվել, դա սկզբունք է, որը հաջողվել է պահպանել հեղինակներից յուրաքանչյուրին ու շարունակվելու է պահպանվել, կարծում եմ։ Ինչի մասին լինելու է շարադրանքը, նույնպես կոնկրետ օրինակ է, ենթարկված ընդհանրացումների։ Հրապարակայնության իմաստը միգուցե ես չեմ հասկանում, բայց այն սկզբունք է եղել ինձ համար, որովհետև այդպես ապրելը հեշտ է՝ ամեն րոպե ինչ-որ բան թաքցնելու կարիք չունես, իսկ թաքցնելու բան միշտ էլ կգտնվի։ Մի քիչ բացբերանություն է հիշեցնում հրապարակայնությունը, բայց դա էլ գնահատականների սանդղակի ընտրության հարց է։

Իսկ սկզբունքը գալիս է առօրյա փիլիսոփայությունից կամ առօրեական աշխարհայացքից, ինչպես սովորեցնում է փիլիսոփայությունը. գյուղական պարզ ու հանճարեղ ձևակերպումն ասում է՝ «բոզությունն ու գողությունը քառսուն օր կռնաս պահե»։ Ամեն ինչ ջրի երես է դուրս գալու. իսկ արժե արդյոք այդ դեպքում խոսել սպիտակեղենը՝ կեղտոտ թե մաքուր, տնից դուրս չհանելու մասին։ Սա այն է, ինչ երբեմն կոչում են «ներքին խոհանոց» ու շատ հաճախ հորդորում մնալ «ներքին խոհանոցի» սահմաններում։

Խոհանոցը հետաքրքիր վայր է, այն միաժամանակ և մաքուր է, եթե տանտիրուհին (երբեմն տանտերը) մաքրասեր է ու չի ալարում խոհանոցը մաքուր պահել, ու ոչ այնքան մաքուր է ու ճանճերով լեցուն, եթե տանտիրուհին մի քիչ ալարկոտ է։ Ղուկասյանում ցուրտ է, ճանճերը շատ չեն ։)

Աշխատանքային էթիկան բարդ է, ընդհանրապես բարդ է էթիկան։ Այն նորմեր են, որոնք ինչ-որ բանի վրա են հիմնվում, որի ամենաանորոշ ձևակերպումը միգուցե արժեհամակարգն է։ Ինչպիսի՞ն պիտի լինի այդ էթիկան ... այ հիմա հասկացա, թե ինչի մասին է լինելու գրառումը՝ աշխատանքային էթիկայի։

Էթիկայի իմ ընկալումը, կրկնում եմ, հրապարակայնությունն է։ Հրապարակային հրապարակայնությունից ես հեռու եմ, մոտ եմ հրապարակայնությանը փոքր շրջանակներում, մարդկային շփման իմ տեսակից ելնելով ու պայմանավորված, և հրապարակային եմ գրավոր խոսքում։ Միգուցե սա այնպիսի հրապարակայնություն է, որը գործից հեռու է, միգուցե։ Բայց այն, ինչ կա իմ հրապարակայնության մեջ, գործի է վերածվում հիմնականում ու առավելապես։ Այն, ամեն դեպքում, դատարկաբանություն չէ, կամ էլ իմ սեփական ինքնագնահատականն է բարձր։ Ինչի համար եմ գրում, պարզապես չեմ ուզում ստացվի, որ պատասխանատվություն կրելուց խուսափելով հանդերձ սիրում եմ մեծ-մեծ բաների մասին խոհա-փիլիսոփայել։ Ասում եմ այն, ինչ անում եմ. հակառակ ուղղությամբ, ահա, մի քիչ բարդ է։

Հիմա էթիկայի ու ներքին խոհանոցի մասին. այսօր լսում էի «հանդիմանության» ինչ-որ մի չափաբաժին ու զգում էի, որ ինչ-որ մի բան այն չի, հիմա չեմ կարողանա բացատրել ինչու այն չէր, բայց հաստատ այն չէր։ Այն չէր, որովհետև շատ էր հիշեցնում այն, ինչ գրաքննություն է կոչվում։ Ոչ դասական գրաքննություն, այլ արարքների, քայլերի, ձևակերպումների, վարմունքի ու ի վերջո՝ անձի ու հրապարակայնության ու ազատության գրաքննություն ու ինքնագրաքննություն։ Ինքնագրաքննությունը ամենավատ բանն է, ինչ հնարավոր է. դու ստիպում ես ինքդ քեզ սեղմել ազատության քո զգացումը։

Իսկ ինձ այսօր մի պահ թվաց, որ ինձ ինքնագրաքննության կոչ էին անում ու հորդորում ու հրապարակայնորեն այն անում ու հրապարակայնորեն այն փորձում ներկայացնել կառուցողական համագործակցության քողի տակ։ Զգում էի, որ ինչ-որ մի բան այդ մի քանի րոպեների ընթացքում այն չէր, հաստատ այն չէր։

Բլոգը գիտեք ինչով է լավ, այն սեփական ազատության իմ չափաբաժինն է. գրում եմ այն, ինչ ուզում եմ, ինչքան ուզում, երբ ուզում եմ, ինչու ուզում եմ։ Այն թիրախ չունի, միակ թիրախը ես եմ ու ես։ Վերջնական սպառողը ես եմ, ոչ ոք ստիպված կամ պարտադրված չէ այն կարդալու, կամ մինչև վերջ կարդալու։ Այն իհարկե պատասխանատվություն է միաժամանակ, բայց այնպիսի պատասխանատվություն, որի չափն ու սահմանները ես ինքս եմ որոշում, ես ինքս եմ ինձ կաշկանդում կամ գրաքննում այդ հարցում։ Ու քանի որ ամեն ինչ պտտվում է իմ շուրջ, պիտի որ այդ ամենը ներդաշնակ լինի՝ գոնե իմ ընկալմամբ։ Այս ամենը իրական կյանք փոխանցելը մի քիչ դժվար է. բայց հրապարակայնության հանգամանքը պիտի որ կարևոր լինի։

Ներքին խոհանոց չի լինում, չկա այդպիսի բան, կա միայն «քառսուն» օր։ Մեղքի ու պատասխանատվության զգացում ունեմ ես այսօր «հանդիմանության» այդ չափաբաժնից հետո։ Աշխատանքային էթիկան միգուցե և լավ բան է, միգուցե ... բայց ոչ «քառսուն» օրվա տրամաբանության մեջ։

Երեքշաբթի իրիկուն, Մարատ

Հ.Գ. Խնդիրը գիտեք ինչում է. ինչքանով ես դու ինքդ քեզ վստահում դիմացինին ու ինչքանով է դիմացինը իրեն վստահում քեզ. ահա բանաձևերից մեկը, որը կարող է և որպես «ներքին խոհանոց», և որպես «աշխատանքային էթիկա», և որպես «ինքնագրաքննություն», և որպես «համալսարանականություն», և որպես «ձգրտած համալսարանականություն», և որպես ..., և որպես, ի վերջո, «կառուցողական համագործակցություն» չափվել։ Բազար կարելի է ամենուր անել, բայց ինչքանով է մեզանից յուրաքանչյուրը ցանկանում ապրել բազարի տրամաբանությամբ, ասենք օրինակ՝ «ո՞վ ես դու արա վաբշե քո կյանքում» կամ «ման անթա ֆի հայաաթիկա, բլին» կամ «իխրիբ բեյթաք յա բուլունյահ»։
--

2 comments:

  1. Samvel Karabekyan04 March, 2011 13:59

    Ոչինչ, Մարատ ջան, տեսնենք "քայֆա սաթախրուջուունա մին թահթ" ։)

    ReplyDelete
  2. Marat Yavrumyan04 March, 2011 13:59

    «սաուֆա սա-նախռուջ» ին շաա ալլաահ կամ էլ յա ինչ-որ մի բանը, յա ինչ-որ մի բանի տերը ։)

    ReplyDelete