Sunday, December 26, 2010

Համբերություն՝ ծով, անսահման, խաղաղ, հանգիստ, դանդաղ

Եթե վերջին մի քանի տարիներին հայաստանյան իրականությունից կտրված չէիք, կամ այս կամ այն չափով առնչվել եք այդ իրականության հետ, հատկապես քաղաքային տաքսիներում, պիտի որ այս ամենը շատ ծանոթ թվա ձեզ, եթե իհարկե դուք ինքներդ ուղղակիորեն չեք անցել այդ ամենի թոհ ու բոհով։ Խոսքը դժգոհության մասին է. երբեմն այն սահման չի ճանաչում ու չի էլ ուզում ճանաչել։ Ակամա ինքդ քեզ հարց ես տալիս, արդյոք «օբյեկտիվ» է դժգոհությունների նման հեղեղը, ավելի ճիշտ՝ հիմնավորված է արդյոք այն։

Իսկ բողոքում են ամեն ինչից. բողոքում եմ նաև ես ինքս. աջ ու ձախ։ Այն երբեմն նվնվոց է հիշեցնում, երբեմն հուսալքություն, երբեմն ելք կամ հնարավորություն չտեսնելու փաստի արձանագրում, երբեմն իրականության ոչ ադեկվատ ընկալում է դա, երբեմն էլ իրականությունն այնպես չընկալելու մոլուցք, ինչպիսին է այն իրականում։ Ասել կուզի, թե բացի սուբյեկտիվ, անհատական ընկալման ու արտացոլման պահից գոյություն ունի հենց ընկալման օբյեկտի խնդիրը, իսկ իրականությունն այնպիսին է, ինչպիսին է, իսկ դու ընկալում ես այնպես, ինչպես ինքդ ես գիտակցված կամ չգիտակցված ուզում։

Ժամանակների միջև կապերի մասին շատ կարելի է «խոհափիլիսոփայել», բայց կարծում եմ, որ հալած յուղի պես երբեք էլ չի եղել, բայց այն հիշեցնող վիճակներ՝ շատ։ Խնդիրը՝ ի՞նչ անել, երբ յուղ ընդհանրապես չկա, հույս էլ չկա, որ մոտ ապագայում այն կհայտնվի՝ բացի աստվածային հրաշագործությունից։ Իսկ «սապոն» չեմ ուզում ։))

Ինչու եմ հրաշագործության մասին գրում. այն այնքան է հնարավոր, որքան դուք ինքներդ եք հավատում դրա հնարավորությանը. այսինքն հավանականության հավանականությունը մոտ կամ հավասար է զրոյի։ Մտագործունեության վերլուծությանը ենթարկվող իրադարձությունների հաջորդականությունը, իհարկե, ավելի նախընտրելի է։

Հետաքրքիր է, որ մարդկանց մի խումբ կա, որը չի բողոքում, բայց դժգոհում է. պիտի որ անհրաժեշտ լինի տարբերակել այս երկուսի միջև։ Բողոքը շատ ավելի անհատականացված պիտի լինի, դժգոհությունը, էլի անհատականացված, բայց վեկտորների ուղղություններն են տարբեր օբյեկտ-ազդակի նկատմամբ, համապատասխանաբար, դեպի և -ից։

Դժգոհում, երբեմն էլ բողոքում ես, որովհետև սպառել ես տրամաբանական ու քայլերի վերածելու մինչ այդ գոյություն ունեցող ու տվյալ համակարգում քեզ ընձեռվող բոլոր ոչ անձնային ու ոչ անհատական, այլ ինստիտուցիոնալ անխտիր բոլոր հնարավորությունները։ Դժգոհում ես, որովհետև համակարգում դու քեզ հարմարավետ չես զգում, խաղի կանոնները եթե անգամ հասկանալի են, ապա անընդունելի են, ընդ որում անընդունելի չեն կամայականորեն, այլ հիմնավորված անընդունելի են։

Ամեն դեպքում, ամեն ինչ մնում է անհատականացված ու անհատական ընկալման միջավայրում. դա շատ ավելի լայն խնդիր է. աշխարհը եղել, է ու պիտի որ մնա մարդակենտրոն (անտրոպոցենտրիկ)։ Մարդակենտրոնության մեջ կարևոր բաղադրիչ է նաև ինքնակենտրոնությունն ու ինքնասիրակենտրոնությունը։ Հիմա պայմանավորված բաղադրիչների հարաբերակցությամբ, փոխվում է մարդակենտրոն աշխարհի պատկերը։

Ինչու եմ մարդակենտրոնության մասին գրում. պարզապես ուզում եմ հիշեցնել, որ այս գրառումում ամեն ինչ անհատականացված է, մարդակենտրոնացված-ինքնակենտրոնացված։ Ինքնասիրակենտրոնացվածի մասը թողնում եմ ձեր ընկալմանը։ Ասել կուզեմ, թե ինչ էլ որ կարդաք ներքևում, ընկալման հնարավոր տարբերակներից մեկն է, օբյեկտիվ կամ ոչ օբյեկտիվ ընկալումներ չեն լինում, լինում են սուբյեկտիվ ընկալումների բազմազանություն, որոնք արժանանում կամ չեն արժանանում խմբերի հավանությանը։

Որպես կանոն, ինչ-որ փուլի ավարտից հետո, սկսում ես ամփոփել այն. երբեմն երկար ժամանակահատված է անհրաժեշտ արդյունքներն ամփոփելու համար, երբեմն էլ ընդհանրապես ժամանակ անհրաժեշտ չէ, ամեն ինչ առանց ամփոփման էլ պարզ է։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսի բարդության իրադարձություններով է լեցուն եղել ամփոփման ենթակա ժամանակահատվածը։

Ամփոփումները, սովորաբար, կամ «քշոցիներ» են կամ «կատոկել», կամ ցեխ ու քար շպրտել միմյանց վրա կամ գովերգում ու փառաբանում՝ երբեմն ներբողի աստիճանի։ Ես կամուրջները չեմ այրում, չնայած հիմնականում այդպես է ընկալվում. կյանքը չափազանց բարդ է, իսկ երկրագունդը՝ կլոր ։)

Սա «ժուռնալն » էր, կինոն՝ հաջորդիվ։

Բլոգում խորագրերից կամ պիտակներից մեկը կոչվում է «Ես ու Կապիտալը»։ Վեկտորի ուղղություն աստեղ անմիջականորեն կապված է կողմերի ծանրության աստիճանի ընկալման հետ։ Մյուս բոլոր պիտակները այլ ուղղություն ունեն, բացառությամբ՝ համալսարանի (ԵՊՀ)։ Չնայած «Ես ու ես»-ի դեպքում դժվար է որոշել, ես եմ ծանրը, թե եսը ։)

Հիմա ես արդեն «Կապիտալում» չեմ, իսկ դա ենթադրում է, որ ժամանակն է փակել այս խորագիրը։ Պիտակը ջնջել չեմ ուզում, պետք էլ չի, տեխնիկապես «ջանջալ» գործ է, ու բացի դրանից էլ հնարավոր չի լինի խմբավորել բոլոր գրառումները, որոնք վերաբերում են «Կապիտալին»։

Ամփոփումը «Կապիտալի» մասին ՉԷ (!), մարդկանց մասին ՉԷ (!), այլ այնտեղ անցկացված տարիների կամ այդ տարիների անտրոպոցենտրիկ ընկալման մասին։

Դրանք նախ անորոշության, հետո ոգևորության, հետո ապագա ծրագրեր, ոչ մեծ-մեծ, այլ իրատեսական, լիովին իրականանալի ծրագրեր կազմելու ու դրանք իրականացման ուղու վրա դնելու տարիներ էին, հետո խառը օրեր՝ խառը, որը պայմանավորված էր այս նախագծի կարևորության ու գործառույթի ու էության ու մարտավարական քայլերի ու անձնական ամբիցիաներից վեր կանգնելու ու մարդկանց կարևորելու ու նորմալ (չնայած, կրկնում եմ, նորմի ընկալումը հարաբերական է, լեզվաբանությունից շատ լավ գիտեմ) նախագծի, ընկերության կամ «հիմնարկի» վերածվելու, հիմա արդեն կարծում եմ, ցանկություն ունենալով/չունենալով, չգիտեմ։)

Խառը օրերն ուղեկցվում էին խառը խոսակցություններով ու ենթադրություններով ու դրանց կանալի թեզաուրուսը փոխելու անհաջող իմ փորձերով։ Կոդը և կանալի հաճախականությունը ես չէի կարողանում գտնել ոչ մի կերպ, իսկ գտնել ուզում էի։ Կանալն ու կոդը ու թեզաուրուսը հենց այն էին, ինչ շատերն անվանում են թիմային ոգի, թիմային աշխատանք և այլն։

Բլոգում մի գրառում կա աշխատանքային էթիկայի կամ «ման անթա ֆի հայաաթիկա, բլին» (Մ.Յ.). թիմայնության իմ ընկալումը դրա մեջ պիտի նայել։ Կա նաև «Մարդս մարդ լինի ...» (Ս.Բ.), դա մեկ այլ ընկալում է, հիասքանչ ընկալում, այն նույնպես կիսում եմ ու համաձայն եմ ու ընդունում եմ ու ինձ եմ նաև այնտեղ տեսնում, իսկ թե որ կողմով, արդեն տեսնողից է կախված։)

Վերադառնամ իմ «խարուֆներին». հետո հանձնվեցի, եթե կարելի է դա հանձնվել ու միգուցե պարտություն/հաղթանակ ընկալել. պապիցս ժամանակի ընկալման հետաքրքիր մի կոնցեպտ եմ ժառանգել. համբերություն՝ ծով, անսահման, խաղաղ, հանգիստ, դանդաղ մակդիրներով։ Ժամանակն ամեն ինչ դնում է իր տեղը (իմա՝ իմաստավորում կամ վերաիմաստավորում) կամ էլ ստիպում մոռանալ ու խաղաղվել։ Միշտ ժամանակն է հաղթում, ասել է թե՝ պապս ։)

Ինչ-որ մի պահի արդեն դժվար էր, բավականին դժվար՝ որոշում կայացնելու համար, նժարներին անհամեմատելի կշիռներ էին դրված, կտրուկ գործողությունների ընտրության հնարավորություն այդ պահին չկար, բայց կեցցե այլընտրանքը։ Այն կեցցե իմ ու մյուս մյուսների համար։

Ինչ-որ մի երկրում, ինչ-որ մի ժամանակահատվածում «կադրերը որոշում էին ամեն ինչ»։ Չեմ կարծում, որ այդ երկրում անհաս մարդիկ էին ապրում, սակայն կարծում եմ, որ հստակ գիտակցում էին, որ իրենց երկրի պետական համակարգում շատ բան է կառուցված մարդկանց անհատական որոշումների, ծանոթությունների, զանգերի վրա։ Ահա թե ինչու էին կարևոր կարևոր կադրերը։ Մարդիկ կարևոր են ամենուր. դրանք անփոխարինելի են՝ իրենց անհատականության մեջ։ Պիտի պարզապես կարողանալ կողմնորոշվել անհատականությունների ընտրության մեջ։

Ես չեմ փայլում այս ուղղությամբ, բայց ես մեկ այլ առավելություն ունեմ՝ ես պարզապես ընտրություն չեմ անում, առաջին մի քանի անգամները բաց եմ, հետո մյուս մի քանի անգամներն էլ եմ բաց, հետո համբերատար ու վերջում՝ քրդի կողով, բայց դա արդեն շատ-շատ վերջում։

Շնորհակալ եմ «Կապիտալից» ու «Կապիտալին» ու դեռ գնում-գալիս եմ «Կապիտալ» ու ինչն ավելի կարևոր է՝ բարևում եմ բոլորին ու ինձ նույնպես բարևում են ու երևի միշտ էլ այդպես կլինի կամ էլ՝ էլ չի լինի կամ էլ՝ «ինչ իմանաս, մինչև հաստատ չիմանաս» ։) Ամեն դեպքում, միայն բարին էր մնում՝ պապիս մոտ, իսկ քրդի կողը՝ ... ոչ իմ մոտ ։)

Վերջ՝ «Ես ու Կապիտալին». այնտեղից շատ-շատ բան մնաց, չեմ ուզում հատ-հատ թվարկել, բայց հավատացեք, անկեղծ՝ շատ բան մնաց ու ՆԱԵՎ ԱՅՍ ԲԼՈԳԸ՝ որպես համբերությունը ծով գրույթների վերածելու միջոց ։)

Չորեքշաբթի առավոտ՝ երեքշաբթի իրիկունից ու ցերեկից ու շաբաթ իրիկունից ու ինքնագրաքննման բազմաթիվ փորձերից հետո, Մարատ

Հ.Գ. Կոդի ու կանալի լեզվաբանության մասին՝ Ռ.Յակոբսոն։
--

2 comments:

  1. մարդակենտրոն բառը պատիվ եմ ունեցել լսելու և մասամբ կիրառելու:) ինքնակենտրոնությունն ու ինքնասիրակենտրոնությունը .......... հուսով եմ կմանրամասնես, հետաքրքիր է մեկնաբանությունը

    ReplyDelete
  2. Նունե ջան, մարդակենտրոնը քո լսած մարդակենտրոն իմաստով չէ, սա անտրոպոցենտիկն է, ոչ թե յուրաքանչյուր մարդու շուրջ (քո լսածը), այլ յուրաքանչյուր մարդու պատկերացումներով աշխարհն ընկալելու մասին է այս դեպքում։ Ինչքան մարդ, այնքան պատկերացում։ Ինքնակենտրոնությունը՝ ամեն ինչ պտտվում քո շուրջ ու մյուսներին ռես նկատում կան քիչ ես նկատում (օբյեկտիվորեն է այդպես թե սուբյեկտիվորեն, այս դեպքում ռելեվանտ չէ), ինքնասիրակենտրոնությունը՝ ամեն ինչ պտտվում է քո շուրջ, որովհետև դու ինքդ եսասեր ես, էգոցենտրիզմ, քեզ թվում է, թե ամենակարևորը դու ես, որտեղ էլ որ լինես, ուր էլ որ գնաս ։))) Մեկնաբանվեց։)) Դու-ն այստեղ «խոսակից» նկատի չունեմ, այլ ընդհանրապես, վերացական դու։

    ReplyDelete