Friday, November 12, 2010

Միթե թշնամին պիտի տձև լինի

Հենց նոր մուլտ էի նայում, ռուսական արտադրության, վերջին տարիների արտադրության՝ Князь Владимир, չորս պրոդյուսերներից երկուսը հայեր էին։ Մուլտը ոչինչ, հայկական էր, չնայած և պատմում էր Ռուսաստանի պատմության (ձևակերպման ադեկվատության մեջ վստահ չեմ) շրջադարձային պահերից մեկի մասին, որն ուղեկցվում էր դեպի քրիստոնեություն դարձով։ Հետո ինքս ինձ ջղայնացա, թե պիտի պարտադիր ռուսական մուլտ լինի, որպեսզի չորս պրոդյուսերներից երկուսը հայ լինեն։ Հայկական «խեղճ» Սասունցի Դավիթը մի քանի տարի, եթե ոչ մի ամբողջ տասնամյակ դարակներում փոշոտվում էր, «Տոբակիչների» ընտանիքն էլ հիանալի շահարկեց դա, չօգնեց, շահարկեց։
Բարեգործության նկատմամբ տարբեր են մոտեցումները. իմ համար բարեգործությունը սուս ու փուս է, առանց մուլտի վերջում հատուկ շնորհակալության ու հեռուստաէկրանի առաջ երախտապարտ գլուխխոնարհումների ...

Սասունցի Դավիթը միայն վերջերս տեսա, երբ Հ1-ով ցույց տվեցին, ուրբաթ իրիկուն ու շաբաթ առավոտ։ Երկու անգամ էլ նայեցի։ Գիտեք ինչու. զգացումները խառն էին, ընկալման խողովակ կամ կանալ ձևավորելու առումով։ Ոչ մի կերպ չէի կողմնորոշվում, ինչպես պիտի ընկալել այդ մուլտը, կամ պետք է արդյոք այն ընկալել, թե ինքս ինձ ձև եմ տվել, թե ինչ-որ գեղագիտական մի պահ կամ արտասովոր ինչ-որ մի բան կա, որը ես իմ ընկալունակ ապարատի խեղճության պատճառով միշտ բաց եմ թողնում։ Երկրորդ դիտումն էլ չօգնեց. բայց անորոշության զգացումը չանհայտացավ, այն փոխվեց հակասականության։

Միգուցե շատ էին սպասումներն իմ այդ մուլտից, ինչքան ինձ հիշում եմ գիտակից կյանքում, անընդհատ այդ մուլտի ստեղծման պատմությունից էին խոսում. հետևաբար ակնկալիքներն էլ էին մեծ։ Հետո՝ Սասունցի Դավիթ, էպոս, պատմություն, ինքն իրեն ժողովրդի պատկերացմամբ ճանաչելու հնարավորություն, հետո դիսնեյյան կամ սոյուզմուլտֆիլմյան մուլտերից անգիր արված որոշ հատվածներ ու Սուտլիկ որսկան ու Լավաշ ու Հայելին ու Քազ Նազար։ Ամեն դեպքում, ակնկալիքների ինչ-որ նվազագույն շեմ կար իմ մոտ Դավթի հանդեպ։
Կերպարները տեղ-տեղ հաջողված էին, երևի կախված նրանից, թե որ տարում են ստեղծվել ու ովքեր են եղել նկարիչները։ Երաժշտությունը՝ խառը, մուլտի դինամիկան՝ անհասկանալի, ավարտը՝ ինչ-որ լրիվ խառը, ընդհանուր տպավորությունը՝ անավարտ ինչ-որ պատմություն, որը եթե Սասնա ծռերից տեղյակ չես, ոչինչ չի ասում։

Կրկնում եմ, ես միգուցե ինչ-որ բան եմ բաց թողել երկու դիտումներից հետո էլ, չեմ բացառում, ես ինքս չեմ հասկանում, ինչպիսին էր իմ վերաբերմունքը՝ հավանեցի ես մուլտը, թե չհավանեցի, չգիտեմ, բայց Դավթի նկարիչին շնորհակալ եմ, Քեռի Թորոսինին՝ նույնպես։ Մելիքը պարտադիր չէր, որ որպես թշնամի նաև արտաքինով նսեմացված լիներ։ Ամեն թշնամի չէ, որ նաև արտաքինով է տգեղ ու տձև, այն էլ մուլտում։ Պարզունակ է երևի։

Չեմ հասկանում, ինչու պիտի սասունցի կանայք տղմարդկայնորեն ջլուտ լինեն, կարելի է երևի մարմնի ինչ որ հատվածներ ընդգծել, բայց ինչու պիտի մկանուտ ու ջլուտ նկարել նրանց։
Մոտակա տարիներին հաստատ ինչ-որ նոր փորձ չի լինի կրկին Սասունցի Դավիթ նկարելու։ Եղածն էլ միգուցե շատերի մոտ է նույնքան հակասական, ինչքան ինձ մոտ։

Իսկ Դավթի մասին լավ, հայրենասիրական, չնայած այս բառից խուսափում եմ, մուլտ, կուզեի, շատ կուզեի, կուզեի երեխաներիս հետ հաճույքով նայել։ Չնայած կարդալու տարբերակը ու մտքում սեփական Դավթին պատկերացնելու տարբերակը միշտ էլ մնում է. բայց թե մուլտին ավելի հեշտ է գամվել, քան գրքին, ինչ-որ տարիքում՝ հաստատ։

Հիմա կասեք. այս չկա, այն չկա, ֆինանսներ չկան, չեմ բացառում։ Բայց կարևորը ֆինանսները չեն. միևնույն է, նկարվել է չէ, մոնտաժ էլ է արվել, երաժշտություն էլ է գրվել, հետո կինոթատրոններում ցուցադրվել, հետո Տոբակիչները մի երկու-երեք շաբաթ հեռուստատեսային ոչ էժան րոպեներ էին ծախսում այն գովազդելու համար։ Կարելի էր միգուցե մի փոքր այլ կերպ անել դա։ Միգուցե մարդիկ չկան, միջավայր չկա, միգուցե և այդ ամենը ֆինանսներով է չափվում, լավ իմաստով եմ ասում, որպես թափված ջանքի չափի միավոր, եթե միավորի դերում հանդիսատեսի հիացմունքը չէ կամ արդյունքից ստացված ստեղծագործական հաճույքը։

Չգիտեմ, շրջապատում բազմաթիվ են մուլտին կրկնօրինակող ու նման օրինակները։ Երևի բավարար նվազագույն ջանքերի վատնման ու անհամախմբության արդյունք է դա։ Չեմ կարծում, որ Անի կառուցելը հեշտ է եղել՝ ժամանակի տեխնոլոգիաների պայմաններում՝ ներառյալ գեղագիտական տեխնոլոգիաները։ Համակարգն էլ պարզ չի եղել՝ կառավարման ժամանակի գործիքների պայմաններում։

Այսօրվա համակարգերը միգուցե ավելի բարդ են, համեմատ Բագրատունիների, չնայած ձեռքի տակ ունեցած գործիքների հետ համադրության դեպքում՝ այնքան էլ վստահ չեմ։
Իսկ Դավիթը տձև չէր՝ համեմատ Մելիքի։

Հինգշաբթի իրիկուն, Մարատ

Հ.Գ. Իսկ ես ուզում էի կրթության մասին գրել, ավելի շուտ՝ կրթական տեխնոլոգիաների ու շնորհակալ եմ մուլտի համար։
--

7 comments:

  1. Samvel Karabekyan04 March, 2011 15:54

    "Մելիքը պարտադիր չէր, որ որպես թշնամի նաև արտաքինով նսեմացված լիներ։ Ամեն թշնամի չէ, որ նաև արտաքինով է տգեղ ու տձև, այն էլ մուլտում։ Պարզունակ է երևի"։ Երևի չէ, Մարատ ջան, հաստատ պարզունակ է։ Շատերին թվում է, թե թշնամուն նսեմացնելով կարելի է հերոսանալ, այնինչ դրանով ապացուցում են իրենց իսկ տկարությունը։

    ReplyDelete
  2. Khachik Gevorgyan04 March, 2011 15:55

    Ապուշ մուլտ էր։ Անիմաստ ու ոչինչ չասող։ Տձև ու աղավաղված։

    ReplyDelete
  3. Gevorg Ter-Gabrielyan04 March, 2011 15:55

    դե ախր ինչ կարելի էր սպասել... հիշենք հեչինակների այլ գործերը. լավ է դեռ չեն գովում (միայն պրեմիերայից առաջ մի քիչ նախապես գովեցին), բայց վախենամ մի 2 տարուց կլասիկա կհռչակվի

    ReplyDelete
  4. Sasun Khachatrian04 March, 2011 15:57

    ապեր բա լեզվի մասին մոռացար, բաբառով էին խոսում հերոսները: Զարմանում եմ, թե էրեխեքը ոնց պիտի ինքնուրույն նայեն էդ մուլտը ու ինչ-որ բան հասկանան. հետո էլ Դավթի այդքան աշխույժ ու զորեղ կերպարն էդ մուլտում դաարձել ա դանդաղկոտ մի բան, տեխնիկայի դարում նմա բան ներելի չէ, կերպարն էլ փչացրլ են :

    ReplyDelete
  5. Marat Yavrumyan04 March, 2011 15:57

    Դրա համար էի ասում, որ ամեն ինչ չէ որ գումարով է չափվում, չնայած այն այսօրվա պայմաններում չափման հիմնական միավորն է։ Ամեն դեպքում, հաջողված նկարներ կային, Սասունի ասած դինամիկայի հետ համաձայն եմ։ Ամեն դեպքում, նախաձեռնությունը լավն է, մնում է «կրկին փորձիր» տարբերակը։ Իսկ լեզուն ինձ «դզեց»՝ վերջը մոտ էր մեր բարբառին, կարծես հորս քեռին ու մեր գյուղը ու դիմացի գյուղը խոսեին ։)

    ReplyDelete
  6. Suren Nersisyan04 March, 2011 15:58

    minchev multn artadrecin arden merats durs ekav.... vortev amn inch onopolistakan motecmamamba! hamakargvats ashkhatanq chka. meky uzuma cuyc ta inchqan gjot nkaricha dra hamar sagh muskulota nkarum vor hankarts drsic meky tesni hraviri ashkhatanqi myusy mtacuma vocn ani vor hatkacvac gumaric "takic" paxcni tani tun....errordn el hetevuma vor hankarc "lurj" tegherum kritika chlini.... tabunera dnum azgayin, herosakan blah blah,.... voobshem. Skzbic chem haskanum multi npataky! gumar ashkhatelna te gumar shortely... meka gumarn arancqayina...
    isk inch veraberuma es erekheqi haskanalun, apa mer paymannerum ed shat hin u anpotghaber dzeva.. nranc huzakanutyuny chapazanc kayuna! mer Khorhrdayinesnum enq vonc enq khosum zhamanakneri nman chi vor miangamic klanveinq multerov. Sranq pind en u realist... romantik multerov iranc ches huzi....petqa popoxel...chgitem! tenc el chkaroghacanq anenq mi gorts vor glukh-govalnerus het brni!

    ReplyDelete
  7. Marat Yavrumyan04 March, 2011 15:59

    Սուր ջան, շատ մի ջղայնացի ապ ջան. ըդպես էլ կեղնի, ուղղակի որ դու երկրի մեջ չես, էդ ժամանակ գույներն ավելի մուգ կերևան, չնայած դու գույները սաղից լավ կտեսնիս։)) Ինչ՞խ ես, ի՞նչ կենես, գործերը։ դու հետ արի, որ երեխեքին խոստացել եմ որ պիտի իսկական նկարիչի հետ ծանոթացնեմ ու իրա արվեստանոցը ցույց տամ, դե արդեն հասկըցար ում նկատի ունիմ։) Բայց ուրախ եմ որ մասնագետն իրա մասնագիտական աչքով նույն բանի մասին կմտածե, ինչ որ ես։)

    ReplyDelete