Wednesday, May 30, 2012

Անհատական սպասումների ինդեքս

Համաշխարհային տնտեսության, առևտրի, շուկաների վերաբերյալ կանխատեսումներում, զեկույցներում վերջին տարիների ամենաշատ հանդիպող բառը թերևս «անորոշությունն» է, նաև՝ «ռիսկերը», որոնք բխում են աճի, զարգացման, արտահանման կամ վաճառքների ծավալների, հումքի գների, ֆինանսական շուկաների կայունության կամ անկայունության անորոշությունից։ Այս ամենը երբեմն անորոշ կոնյունկտուրա կամ միջավայրի անորոշություն է անվանվում։

Նույնը նաև ֆինանսական շուկաների կամ բորսաների ու այս կամ այն ցուցանիշը չափող ինդեքսների պարագայում է, օրինակ՝ սպառողական վստահության կամ սպառողների տրամադրությունների ինդեքսները կամ բորսայական ավանդական ձևակերպումները. «Հունաստանից սպասվող լուրերի, Եվրախմբի նախարարների հանդիպման, գործազրկության մակարդակի մասին տվյալների ու մակրոտնտեսական ցուցանիշների հրապարակման սպասումների ֆոնին այս կամ այն ոլորտի ընկերության բաժնետոմսերը գնանշվում կամ առևտրաշրջանն անցնում են «կարմիր գոտում»»։

Անորոշությունը, սպասումները լարվածության մեջ են պահում բորսաներին, կառավարություններին, ռիսկեր ստեղծում, ստիպում արձագանքել կամ չարձագանքել ռիսկերին։ Երբեմն փլուզում են այս կամ այն ընկերության արժեթղթերի գնանշումները, երբեմն էլ՝ բորսայական ինդեքսները։ Շատ երկրներում՝ կառավարությունների հրաժարականի կամ փոփոխության պատճառ դառնում։

Անորոշություն, որը, թվում է, ամեն ինչ է՝ բացի մարդկային լինելուց։

Այն ֆինանսներինն է, շուկաներինը, տնտեսություններինը, կանխատեսումներինը, ինդեքսներինը, բրոքերներինը, բայց ոչ սովորական, հասարակ մահկանացուներինը։ Այն կարող է շուկաներ փլուզել, ընկերությունների ու բրոքերների ճակատագիր որոշել։

Կոնյունկտուրային անորոշությունը կարողանում ես չափել ինդեքսներով, գնանշումներով, սնանկացումներով, հրաժարականներով, բրոքերների «հաջողությունների պատմությունների» կամ ինքնասպանությունների վիճակագրությամբ։

Իսկ «ոչ կոնյունկտուրային անորոշությո՞ւնը». չէ՞ որ սպառողների, ընկերությունների, տնտեսությունների, կառավարությունների ու, ի վերջո, բրոքերների հետևում հասարակ մարդիկ են։

Չափելի՞ է արդյոք անորոշությունը հասարակ մահկանացուների մոտ, պարունակո՞ւմ կամ ստեղծո՞ւմ է այն արդյոք ռիսկեր, ի՞նչ ռիսկեր՝ անկմա՞ն, փլուզմա՞ն։

Չեմ հիշում՝ երբ, գրել էի. «Սպասում ես, անընդհատ սպասում։ Ամեն ինչ հետաձգում, թողնում «հետո»- ի։ Ինչի՞ ես սպասում, Աստված գիտի։ Չնայած դու էլ գիտես։ Ինչո՞ւ ես սպասում։ Այ սա Աստված գիտի, իսկ դու չգիտես։ Միգուցե Աստված էլ չգիտի։

Երևի շատ ավելի հեշտ է «հետո»-ի հույսով ապրելը։ Չէ՞ որ այս պահին ոչ մի բան անել պետք չէ, հետո ես անելու։ Խոստումներ տալն էլ է հեշտ։ Չէ՞ որ խոստումներն էլ են «հետո»-ի դաշտից։

Սպասելն էլ է հեշտ՝ հետո է լինելու։ Կամ եթե չի լինելու, միևնույն է, էլի հետո է։

Ինչպիսի՞ն է այդ «հետո»-ն, էլի հետաքրքիր չէ, հետո կերևա կամ չի էլ երևա։ Սպասում ես ու սպասում, ծրագրում ու ծրագրում, պատմում ծրագրերից ու պատմում։

«Հետո»-ն ինչ-որ մի ժամանակ հետո գալիս է. նայում ես անցած սպասումների ամիսներին, պարզվում է՝ ոչինչ։ Ոչինչ՝ «հետո»-ին սպասելու ջանքերի դիմաց։

Չգիտես՝ «հետո»-ն ծրագրելն էր ավելի վատ, թե չծրագրելը։

«Հետո»-ով ապրելը դառնում է ապրելու փիլիսոփայություն, ներկան էլ է վերածվում «հետո»-ի, երբեմն՝ անցյալի, բայց ոչ երբեք ներկայի։ Անորոշ ու էլի անորոշ ու էլի անորոշ։ Չգիտես ինչի համար, հանուն ինչի։ Վերջ»։

Ու ի՞նչ։ Անկո՞ւմ էր սա, փլուզո՞ւմ, թե՞ ոչինչ, չէ՞ որ այն ի վերջո չափելի չէր, անհատական տրամադրությունների կամ սպասումների ինդեքս գոյություն չունի… քանի դեռ սպառող չես։

civilnet.am-ից։


Մարատ, անցած ուրբաթ
--

No comments:

Post a Comment