Thursday, May 10, 2012

Հերթական բարոյականը

Մայիսի վեց. հերթական բարոյական հաղթանակը՝ խորը, խոհուն, փիլիսոփայական ու հոգեկերտվածքային, նաև՝ հոգու մխիթարանք ու լուսավոր ապագայի լուսավոր հույս։ Երբեմն հռչակագիր՝ գրավոր կամ թափառող հանրային գիտակցության մեջ։ Իրական գործողությունների ծրագի՞ր՝ ես չեմ հիշում։ Միգուցե ես լավ չեմ հիշում, պատմական իմ հիշողությունն ընդհատված է, հատվածական ու կարճ։

Ընտրություններ, թեկնածուներ, ցուցակներ, նախագահներ ու մականուններ՝ նրանք կգան ու կգնան, երբեմն ձախորդ օրերի ու ձմռան նման, երբեմն՝ կմթնեն, անց կկենան։ Ինչպես միշտ, կմնան Անին ու Աղթամարը՝ սահմանի այն կողմում, հեռավոր Կիլիկիան՝ դասագրքերում։ Ինձ էլ միգուցե ինչ-որ բան մնա՝ «Գառնի-Գեղարդ», խորոված ու քյաբաբ ու «չաղ ու բախտավորի» ձգտումով ապրող շատ-շատեր… հուսամ՝ գոնե սահմանի այս կողմում։ 

Կասեք՝ պարզունակ է, վերամբարձ, պաթոսային, կեղծհայրենասիրական։

Լավ, բայց սա էլ նայեք. «… Արամ Ա. Կաթողիկոս երբ իմացաւ Երեւանի հրապարակին վրայ ընտրական հաւաքի մը ընթացքին փուչիկներու անակնկալ պայթումի հետեւանքով վիրաւորուածներու մասին, անմիջապէս հեռաձայնային կապ հաստատեց Հայաստանի Նախագահ Տիար Սերժ Սարգսեանի հետ եւ իր մտահոգութիւնը ու ցաւակցութիւնը յայտնեց՝ շուտափոյթ ապաքինում մաղթելով վիրաւորուածներուն: Վեհափառ Հայրապետը ըսաւ, թէ նման դէպքեր յուզում ու մտահոգութիւն կը պատճառեն անձնապէս Մեզի եւ բնականաբար՝ ամբողջ հայութեան: Միաժամանակ Վեհափառ Հայրապետը յոյս յայտնեց, որ խորհրդարանի ընտրութիւնները ընթանան խաղաղ՝ յարգելով ժողովրդավարական սկզբունքները եւ միշտ կառչած մնալով ազգային միասնականութեան ոգիին»:

«Փուչիկներու անակնկալ պայթում»-ի համար, ինչպես միշտ, դե մենք՝ բոլորս էինք մեղավոր։ Ամեն ինչ վերագրվեց իրերի տրամաբանական ընթացքին ու «դե, փորձանք էր, ի՞նչ եք ուրիշի փորձանքի վրա ուրախանում»։ Փորձանք, ահա կախարդական այն բառը, որը հայկական գիտակցության մեջ ամեն ինչի պատասխանը տվեց։

Պարզապես բնության օրենքները չէին կարող չընթանալ ոչ այնպես, որը Հանրապետության հրապարակում ծրագրել էին «Հայաստանի Նախագահ Տիար Սերժ Սարգսեանն» ու կուսակիցները։ Ինչպե՜ս կարող էր բնությունը հաշվի չնստել նրանց հետ, ի՜նչ եք ասում… Իսկ եթե հաշվի չի նստել ու թույլտվություն չի հարցրել ՀՀԿ-ից ու պայթել է, ուրեմն «փորձանք» էր, ուրեմն բոլորս պիտի միախմբվենք ու բոլորով փորձանքի ցավը լուռ ու գլուխներս կախ տանենք։

Իսկ Վեհափառ Հայրապետի հույսը, որ խորհրդարանի ընտրությունները կընթանան խաղաղ ու հարգելով ժողովրդավարական սկզբունքները «եւ միշտ կառչած մնալով ազգային միասնականութեան ոգիին»:

Կառչած ազգային միասնության ոգո՞ւն… ո՞վ, Վեհափառ, նախագա՞հը, որը չի գիտակցում իր ու պետության տարբերությունն ու երեք տասնյակ հազար քառակուսի այս մետրերի պատմականությունը, աշոԾյա՞նը, ում ազգանվան հնչողությունը հայտնի պատճառներով հարմարեցվեց ռուսական արտասանությանը, վարչապե՞տը՝ հայոց աշխարհի իր յուրահատուկ տրանսֆերտային ու կթուկովյան ընկալմամբ, փեսա՞ն, տամոժնու գագո՞ն, նեմե՞ցը, լֆի՞կը, բուռնա՞շը, մո՞ւկը, լիսկա՞ն, ալրաղացի լյո՞վը, բելաջիոյի գրի՞շը, սասի արտա՞կը, լեննագանի վարդանի՞կը …

Իսկ ո՞ւր ենք մենք։ Մենք՝ ո՞վ։

Մարատ, երեքշաբթի, civilnet.am-ից։
--

No comments:

Post a Comment