Wednesday, May 23, 2012

Փոքրամասնության բարոյական դիմադրության մանիֆեստ

Խորհրդարանական ընտրությունները հավելյալ մի հարթակ էին՝ դրսևորելու սեփական վերաբերմունքը սեփական կյանքի, շրջապատի, իրականության, հեռանկարների նկատմամբ: Սպասումները տրամագծորեն հակառակն էին մինչընտրական ու հետընտրական հատվածներում։ Հեռանկարները ինչպես անորոշ էին, այդպես էլ անորոշ մնացին՝ չհավատացինք, չնայած փոխվեց։ Փոխվեց վերաբերմունքը։

Ահա թե որտեղից անթիվ-անհամար առայժմ մեղադրանքների շարքը, թե ընդդիմությունը չկարողացավ որևէ արժեցող գաղափար առաջարկել, որը կհամախմբեր ժողովրդին ու թույլ չէր տա վաճառել ձայնը, հետո ժողովրդին պիտակավորող կրկին անթիվ-անհամար գնահատականներ՝ սովորաբար անասնապահական բառային դաշտից, հետո հաղթական շնորհավորանքներ ու ցնծալից քեֆ-ուրախություն, ֆեսյբուքյան ստատուսներ և այլն «հաղթող» կողմում։ Սրանք բողբոջներ են միայն։

Սակայն շատ ավելի կարևոր էին այն հայտարարությունները, որոնք այս կամ այն չափով մայիսի 6-ը այլ կերպ էին ընկալել, քան այն առաջարկել էր ընկալել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Եկեք իրերը իրենց անունով կոչենք՝ դրանք հայտարարություններ չէին՝ հռչակագրեր էին, ավելի շուտ՝ մանիֆեստներ, մանիֆեստներ նրանցից, ովքեր իրենց ՔԱՂԱՔԱՑԻ են ընկալում։

Եվս մեկը. խոսել, քննարկել, հուսալ, որ այս իշխանությունները կփոխվեն, խելքի կգան ու հանկարծ, ինչպես իրենք են սիրում ասել, «ազգային ոգով» կտոգորվեն, պատրանք է։ Այն արդեն ընդունել է կերպարանքներից միակը, որը հնարավոր էր ընդունել։ Կերպարանքի անունները տարբեր են։

Պետք է բողոքել։ Բողոքելը հայկական ազգային սպորտ է. այստեղ մենք ինքներս մեզ նվազագույնը մեկուկես տասնամյակ (չեմ բացառում՝ շատ ավելի երկար) ենք զարմացրել։ Տեղի չենք տա նաև հիմա։

Այն ինչ-որ պահի դիմադրության է վերածվելու՝ տարբերակ չկա, եթե արդեն չի վերածվում։ Պարտիզանական դիմադրության՝ ով որտեղ կարող է ու ինչքան կարող է։

Դիմադրել պետք է ամբողջ ճակատով, ամեն մեկն իր ոգևորության ու հնարավորությունների չափով։ Դիմադրել բոլոր այն փորձերին, որոնք իրականության պարտադրանք ու թելադրանք են բերում իրենց հետ։

Սա դիմադրություն է, որն անուժ պարտադրանք է՝ ավելի շուտ չհամագործակցություն իշխանությունների հետ։ Խնդիրը ոչ այնքան տապալել-չտապալելն է, որքան նրանց ոտքերի տակից հողը քաշելը կամ ավելի հասկանալի՝ «քցելը»։

Պարզ է, իշխանություններին չես «քցի», նրանք այս գործում շատ ավելի հմուտ են, եթե միայն դու ԱՎԵԼԻ ԱԶՆԻՎ չես, կենսախինդ, անկաշկանդ ու ավելի խելացի; առաջին հերթին՝ ավելի խելացի, քո գործում՝ պրոֆեսիոնալ, ԱԶՆԻՎ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ։

Ու պետք չէ թերագնահատել այս շարժման և ոչ մի դրսևորում, նրանց աջակցել է պետք։ Նրանցից յուրաքանչյուրը դիմադրելու է իր գործն անելով։ Գլխավորը՝ վերաբերմունք ու մասնակցություն։

Ու ոչինչ, որ այս ամենն ընդամենը «փոքրամասնության բարոյական դիմադրություն է»...

civilnet.am-ից

Երեքշաբթի, Մարատ
--

No comments:

Post a Comment