Ընտրություններն ավարտվեցին, ստացվեց այնպես, ինչպես և զգուշացնում էին ու ինչից ես էի վախենում։ Պարտվեցինք մենք, ժողովրդի մի մասը ներքաշվեց ընտրահանցագործության մեջ՝ հանցավոր համաձայնության գալով ոչ միայն խղճի, այլև իշխանությունների ու հարմարվողականության հետ։ Մեղավորներ չկան, կա մենք՝ ժողովուրդն ու իշխանությունները։
Վերլուծել ու հասկանալ էլ պետք չէ։ Վերլուծելու բան չկա, հասկանալու էլ՝ ամեն ինչ պարզից էլ պարզ է։
Ինձ այս ամենում միայն մի բան է զայրացնում ու հիասթափեցնում. ժողովրդի հասցեին մեղադրանքները։ Ժողովուրդը մենք ենք, մենք բոլորով, նաև ես ու իմ հայրը ու իմ երեխաները։
Ավելի լավ է սեփական եսի մեջ մի փոքր տնտղել ու հասկանալ, թե ինչ ենք ուզում մեզանից ու մյուսներից ու Հայաստան կոչվող երկրից, որը չես էլ հասկանում, երկիր է, թե երկիր չէ։
Ընտրությունն այս է, այս՝ ինչ կա։ Իսկ կա մեծամասնություն ու փոքրամասնություն, կան մարդիկ, որոնք «չաղ են ու բախտավոր» և մյուսները, որոնք այդպիսիք չեն ու չեն էլ ուզում, առավելևս՝ երազում լինել։
Հիմա ապրում ենք, ով ինչպես կարողանում ու հարմարեցնում ու հարմարվում է։ Այս է։
Չեմ ուզում «փոխել» գրել, զզվել եմ այդ բառից, ինչքան որ զզվել եմ քթից այն կողմ չտեսնող մարդկանցից։
Մի բան գիտեմ, մեր երեխաներին մեր խնդիրները ժառանգել պետք չէ, չեմ ուզում որ իմ դուստրն ու որդին ճակատները նույն խնդիրներին, հիմարագույն խնդիրներին տան ու իրենց ճակատը ցավի։ Իրենք իրենց խնդիրները կունենան ու այդ խնդրի անունը, հուսամ, «հանրապետական» չի լինի։
Սա իմ երկիրն էլ է՝ իմը, ու ես «չաղ ու բախտավոր չեմ երազում» ու ես իմ երկրում արժանապատիվ ու մարդավայել ապրել եմ ուզում։
«Չաղ ու բախտավորներին», չնայած նրանք դեմ հասարակական պայմանագրին, առաջարկում եմ այնուամենայնիվ հասարակական պայմանագիր կնքել։ Դուք չեք խանգարում մեզ, հանգիստ եք թողնում մեզ, հանձնում եք մեզ կրթությունն ու մշակույթը, մի փոքր էլ օդ՝ շնչելու համար, իսկ մենք խոստանում ենք առժամանակ չսատկացնել ձեզ։
Ձեր երեխաներին էլ լավություն արած կլինենք՝ խորոված ու քյաբաբից ու յաշիկներից այն կողմ աշխարհ կտեսնեն։
Ահա և վերջ։
Ուրբաթ, Մարատ
--
No comments:
Post a Comment