Friday, December 17, 2010

ԱՍԱ Ո՞Վ Է ԱԿԱԴԵՄԻԿՈՍԴ, ԱՍԵՄ ՈՎ ԵՍ ԴՈՒ

Օրեր առաջ հայ ազգն իմացավ, թե ովքեր են հավակնում համալրել իր գիտական սերուցքի՝ ԳԱԱ ակադեմիկոսների ու թղթակից-անդամների շարքերը։ Հասկանալի է, լուրը որևէ անակնկալ կամ գոնե նորություն չէր պարունակում, քանի որ Հայաստանում բարիքների, այդ թվում և գիտական կոչումների բաշխման մեխանիզմներն այնքան պարզունակ են ու կանխատեսելի, որ արդեն ուսանողական տարիներին կարող ես հստակ ենթադրել, թե ում ինչ է սպասվում (ուսխորհուրդ, նոմենկլատուրա, կարիերա և այլն և այլն...)։ Սակայն միևնույն է, ցանկը, թեկուզև կանխատեսելի, այնուամենայնիվ մտորելու տեղիք տալիս է...

Ակադեմիան, ինչ խոսք, հայոց գիտության երբեմնի փառքի ու հզորության հավերժ հուշասյունն է, որի գոյությամբ պարտական ենք խորհրդային շրջանի հայ երևելի ակադեմիկոսներին։ Ակադեմիկոսներ, որոնցից յուրաքանչյուրը հպարտության առարկա էր ողջ ազգի համար և իր ոլորտում եթե ոչ համամիութենական, ապա գոնե տարածաշրջանային «գիտական տիտան» էր (բացառությամբ նոմենկլատուրաների մի շարքի)։ Եվ դա հասկանալի էր...

Ինչքան էլ նեխած լիներ Խորհրդային Միության պետական համակարգը և ինչքան էլ անարդյունավետ լիներ հավասարության ու ազատության վեհ գաղափարների թաղանթով պատված բռնապետական ռեժիմը, պարտիական առաջնորդները գիտակցում էին, որ գիտությունը անձեռնմխելի է, որովհետև դրա քաղաքականացմանն ու նոմենկլատուրացմանը կհաջորդեն այնպիսի աղետներ, որ անգամ ինքը՝ Մարքսը չի կարողանա կանխել. պարտություն սպառազինությունների մրցավազքում, թերզարգացած տնտեսության գերթերզարգացում և այլն...

Այսօր Հայաստանն այլևս խորհրդային չէ, ինչը սակայն չի խանգարում նրան պատվել այնպիսի կապույտ բորբոսով, որին կնախանձեր խորհրդային նույնիսկ ամենանեխած պրովինցիան։

Կհարցնեք ինչո՞ւ։

Պատասխանը պարզ է. որովհետև ի հավելումն խորհրդային համակարգի ողջ արատների, որ ժառանգել է մեր երկիրն անցյալից, այսօր Հայաստանում ակադեմիկոս են դառնում մարդիկ, որոնք ոչ միայն չեն նպաստում գիտության զարգացմանն ու առաջընթացին, այլև իրենց «գիտական» աշխատություններով պարբերաբար բռնանում են դրա վրա։ Փոխարենը նրանց մի զգալի մասը բավական հաջողակ է բիզնեսում, ինչպես նաև իշխանություններին տարաբնույթ ծառայություններ մատուցելու գործում։ Իսկ գիտությանը նրանք տուրք են տալիս, ինչպես արդեն նշեցի, ինչ-որ գրքերով ու հոդվածներով, որոնցից գալիս է հնության ու պարզունակության սուր հոտ, իսկ բովանդակությունը բնութագրվում է վակումային դատարկությամբ։

Եթե ինչ-որ մեկին ասածներս զրպարտանք կամ էլ անտեղի մեղադրանք են թվում, ապա թող գտնի մեր «հեգելների» գրքերից մեկը, ես էլ նրան կտամ նույն թեմայով որևէ արևմտյան գիտնականի աշխատություն, և սկսի զուգահեռներ տանել։ Եթե կարողանա հաղթահարել առաջին էջերի խոչընդոտն ու իմունիտետ ստեղծել «գիտական աշխատանքի» պարունակության բացասական ազդեցությունների նկատմամբ, ապա կպարզի, որ նախ, հայերեն գրքի մի մեծ մասը բառացի թարգմանություն է օտարալեզու հին հրատարակություններից, ապաև կհասկանա, որ մինչ արևմտյան գիտնականը ուսումնասիուրմ ու վերլուծում է բարդ և հրատապ խնդիրներ՝ ստեղծելով արժեքավոր գիտելիք, մեր «հեգելներն» ու «սմիթերն» այդպես էլ մնում են պարզունակ դատողությունների ու պարզ-ստորադասական նախադասությունների մակարդակում՝ կտրված իրական աշխարհից։

Իսկ քանի որ արևմտյան գիտնականները հայերեն գրեթե չեն թարգմանվում, արյունքը լինում է այն, որ հայերեն գրականության հույսին մնացած ուսանողը դատապարտվում է տգիտության ամենավերջին աստիճանին, իսկ նրա ուսումնառության տարիները նվիրվում են դատարկ ու անիմաստ գիտելիքի յուրացմանը։

Այս ամենում մեղադրել ակադեմիկոսին կամ էլ ընդհանրապես, ԳԱԱ-ին, միանշանակ սխալ է, որովհետև պատճառահետևանքային շղթայում նրանք ընդամենը վերջին օղակներից են։ Իսկ թե ինչու, կասեմ ստորև։

Միկրոէկոնոմիկայում կա մի շատ պարզ տեսություն, ըստ որի, գոյություն ունեցող բարիքների քանակը երբեք չի համապատասխանում մարդկանց ցանկություններին։ Այս անհամապատասխանությունն էլ ծնում է բարիքների բաշխման ինչ-որ մեխանիզմների ստեղծման անհրաժեշտություն, որը չափորոշիչներ կսահմանի յուրաքանչյուր բարիքի համար և միայն այդ չափորոշիչներին համապատասխանելու դեպքում անձը կստանա այն սպառելու իրավունք։

Քաղաքակիրթ երկրներում այդ մեխանիզմը կոչվում է ազատ շուկա, որտեղ յուրաքանչյուր սահմանափակ բարիքի (լինի չեբուրեկի, շքեղ ավտոմեքենա, թե գիտական բարձր տիտղոս) չափորոշիչ է սահմանվում անձի արդյունավետությունը։ Այսինքն, եթե դու արդյունավետ բիզնեսմեն ես կամ էլ բարձրորակ մասնագետ (այսինքն արդյունավետ ֆինանսական բարեկեցության տեսանկյունից), ապա կարող ես գնել և չեբուրեկի և շքեղ ավտոմեքենա, սակայն երբեք գիտական տիտղոս, քանի որ գիտության ոլորտում քո արդյունավետությունը հավասար է զրոյի։ Իսկ գիտական տիտղոս ստանում են նրանք, ովքեր ապահովել ամենաբարձր արդյունավետությունն իրենց ասպարեզում, այսինքն ստեղծել արժեքավոր գիտելիք։ Եվ առերես պարզ այս մոդելը դարձել է աշխարհի հզոր պետությունների զարգացման ու առաջընթացի գրավական, որովհետև մարտդկանց ներսում ծնում է մրցակցության և ինքնակատարելագործման ցանկություն։

Իսկ ո՞րն է հայաստանյան մոդելը։

Մեր երկրում, ինչպեսև քաղաքակիրթ երկրներում, հասարակ մարդիկ ունեն բարիքներ ձեռք բերելու մեծ ցանկություն։ Սակայն, ի տարբերություն քաղաքակիրթ երկրների, Հայաստանում այդ բարիքների բանալին ամփոփված է ոչ թե արդյունավետության, այլ քաղաքական իշխանություններին ենթակայության և օգտակարության մեջ։ Կապ չունի դու օժտված բիզնեսմեն ես, թե խելացի ֆինանսիստ, տաղանդավոր գիտնական, թե ընդունակ լեզվաբան. բոլոր բարիքներն ու դռները քո առջև բացվում են միայն այն պահին, երբ դու տալիս ես հնազանդության երդում։ Իսկ արդյունավետությունը, մրցակցությունը, ինքնակատարելագործումը դառնում են ռոմանտիկ արժեքներ, որովհետև հայաստանյան իրականության մեջ բարձրագույն չափորոշիչն ու հաջողության բանալին դա քաղաքական վերնախավի բարեհաճությունն է։ Արդյունքում ձևավորվում է մի Հայաստան, որտեղ մարդկանց ձեռնտու է լինել ոչ թե արդյունավետ, այլ հնազանդ ու ենթակա վերևից եկող հրահանգներին։

Թե որքանով է կործանարար այս մոդելը, կարծում եմ նույնիսկ կարիք էլ չկա ասել. անգամ անզեն աչքով է պարզ, որ այս ծուռումուռ կածանի վերջում անելանելի փակուղի է։ Ասածիս վառ հիմնավորումն էլ հենց նույն գիտնականների օրինակն է, որոնք գիտությամբ զբաղվելու և երկրի հասարակա-տնտեսական բարգավաճումն իրականություն դարձնելու փոխարեն տրվում են մանր-մունր ինտրիգներին ու քաղաքական իշխանությունների հետ ներքաշվում հիերարխիկ անմաքուր հարաբերությունների մեջ ։ Արդյունքն էլ 8-րդ դասարանի դասագարքին վայել աշխատություններն են, որտեղ կա ամեն ինչ, բայց ոչ գիտություն։ Դե իսկ գիտության իրական հիմնասյուներն էլ ժամանակի ընթացքում հոգնելով արհամարհանքի ու շնորհազրկման դատապարտյալի կարգավիճակից, ուղղակի լքում են երկիրը, կամ էլ որոշում դառնալ այնպես, ինչպես հիմիկվա «գիտնականները»...

Հայկ, Ուրբաթ ցերեկ

P.S. Հայերը սիրում են ահռելի ծրագրեր հյուսել. Ստամբուլն արյան ծով, ծովից ծով Հայաստան, միացյալ Հայք, ԳԱԶՊՐՈՄ-ի և ռուսական ներկայացուցչության տոտալ վտարում Հայաստանից, բացարձակ սուվերեն ու ինքնակալ Հայաստան, գիտահեն հասարակություն և այլն, և այլն։ Միանշանակ այս ամենը շատ լավ է, հատկապես ինքնակալ ու ապառուսականացված գիտահեն Հայաստանի գաղափարը, ուղղակի մի քիչ զարմանալի է, մի քիչ էլ վշտացնող, երբ նման գերբարդ խնդիրներից են խոսում մի պետության քաղաքացիներ, որ անգամ դեռ մոտ չէ իր ամենակենսական խնդիրների լուծմանը...

P.S.S. Ակադեմիկոսների և նրանց «գիտական» գործունեության գնահատականները վերաբերում են միայն մի քանի ոլորտնեերի ներկայացուցիչներին (ոլորտներ, որտեղ քիչ թե շատ կարող եմ թացը տարբերել չորից)։ Իսկ մնացյալների վրա այդ գնահատականները կարող եմ տարածել միայն տեսականորեն՝ հիմք ընդունելով վերընշված մեխանիզմի սկզբունքների տրամաբանությունը։
--

4 comments:

  1. հարգելի Հայկ, իհարկե շատ ճիշտ բաներ գրել եք, բայց իհարկե չի կարելի այս ամենը վերագրել բոլորին ու բոլոր ճյուղերին: Եվ մի բանել պետք չէ միշտ ուսման մակարդակի համար մեղադրել դասախոսներին, գիտնականերին, Դուք տեղյակ եք մեր երիտասարդ սերունդի եթե ոչ մեծ մասի, ապա գոնե ահռելի մի մասի ողբալի կրթվածության մակարդակի մասին և վերաբերմունքը նրանց կրթությանը?
    Ինչպես ասում է ժողովուրդը - ձուկը գլխից է հոտում

    ReplyDelete
  2. Հարգելի Arxangelo, ես հատուկ հետգրություն եմ նվիրել այն մտքին, որ գնահատականներս տարածվում են միայն այն ոլորտներ վրա, որոնցից քիչ թե շատ հասկանում եմ։ Իսկ ասենք օրգանական նուրբ քիմիայի կամ էլ կիսահաղորդիչների ֆիզկիկայի մասին, հասկանալի է, որևէ միանշանակ բան ասել չեմ կարող։ Ուղղակի հիմք եմ ընդունում գերակա օրինաչափություններն ու գնահատականներս ենթադրաբար տարածում նաև մնացյալ ոլորտների վրա։ Շատ հավանական է, որ Դուք ճիշտ եք, և կան բացառություններ, սակայն կարծում եմ, դրանք միայն կղզյակներ են։
    Ես նույնպես ուսանող եմ եղել և եմ, ու շատ լավ հասկանում եմ, որ դասախոսից շատ քիչ բան է կախված։ Բայց դե միևնույն է, ոչ միայն պահանջարկն է ծնում առաջարկ, այլև հակառակը՝ առաջարկը պահանջարկ։ Այնպես որ եթե ունենանք կրթական ու գիտական նորմալ համակարգ, ապա վստահ եմ, որ երիտասարդների վերաբերմունքը կրթության նկատմամբ զգալի կփոխվի։
    Բացի այդ, հավատացեք, որ շատ են ուսանողները, որ ցանկանում են սովորել, ուղղակի չկա որակյալ առաջարկ։ Նրանք էլ ստիպված բավարարվում են գիտելիքի փշրանքներով, որ տալիս են հայերենից ու ռուսերենից բացի այլ լեզու չիմացող, համաշխարհային գիտությունից տարիներով հետ ընկած դասախոսները։

    ReplyDelete
  3. Հարգելի Հայկ,

    Կիսում եմ ձեր մտահոգությունը, սակայն, ինչպես ինքներդ եք նշել՝ ձուկը գլխից է հոտում։ Բացի այդ, իմ կարծոքով քննադատությունը շատ ավելի արդյունավետ է լինում, երբ վերցնում ես կոնկրետ գիտնականի (կամ մի քանի գիտնականի, կամ մի գիտաճյուղի ներկայացուցիչների) գործերը, ու մանրամասն ցույց տալիս դրանց թերությունները։ Թեև ձեր ասածի տրամաբանությունը հասկանում եմ, որ "հիմք եմ ընդունում գերակա օրինաչափություններն ու գնահատականներս ենթադրաբար տարածում նաև մնացյալ ոլորտների վրա", սակայն այսպիսի անբծախնդիր մոտեցումը ծնում է արժանիներին անարժանների հետ խառնելու վտանգ։

    Ինչ վերաբերում է հայերենով գիտական գրականության պակասի կամ բացակայության բացասական կողմերին, լիովին համաձայն եմ։

    ReplyDelete
  4. Հարգելի Մուշեղ

    Քննադատության կոնկրետ հասցեատեր նշելու անհրաժեշտության հանգամանքն ինքս էլ եմ զգում։ Միանշանակ ճիշտ եք։
    Սակայն գրելիս ես հենց կոնկրետ մարդկանց ու կոնկրետ գիտաճյուղեր էլ նկատի եմ ունեցել, ուղղակի չկարողացա ստիպել ինձ բացեիբաց անուններ շեշտել. հասկանալի է, ոչ թե վախեցա կամ էլ ամաչեցի, այլ անուններ տալը, որևէ մեկի վրա կենտրոնանալը կնշանակեր առանձնացնել ընդամենը մի քանիսին, մինչդեռ Հայաստանում «գիտնականները» շատ ավելի են քան «մի քանիսը»։ Ու կստեղծվեր տպավորություն, թե ինձ համար վատն են միայն այն մի քանիսը, ում անունները շեշտել եմ, իսկ մյուսներին համարում եմ բանիմաց։
    Բացի այդ, հարգելի Մուշեղ, գրառման հիմնական «թիրախը», ոչ թե հենց գիտնականներն էին, այլ գիտական համակարգի հիքում արմատացած շահադրդման սկզբունքները։
    Բայց ընդհանուր առմամբ ճիշտ եք. կոնկրետ անձանց անունների շեշտումը շատ ավելի նպատակահարմար կլիներ։

    ReplyDelete