Saturday, December 11, 2010

Անկեղծության ձևաբանությունը արդի հայերենում

Մի քանի օր առաջ, երեկոյան, հոգնած, ոչ մի կերպ չէի կարողանում ինձ ստիպել անջատել համակարգիչը և գնալ քնելու՝ կարծես, քնելը մի ծանր աշխատանք լիներ ու փորձեի հետաձգել այն՝ այ, մի քիչ էլ հանգստանամ՝ նոր։ Ժամանակ ձգելով աննպատակ նավարկում էի համացանցում, թերթում համակարգչիս մեջ եղած ֆայլերը, ու աչքովս ընկան ժամանակին պահպանված նկարները՝ սկսեցի նայել ու հանկարծ նկատեցի նկարներում պատկերվածներից մի քանիսի աչքերի արտահայտությունները, որ երբեք չէի նկատի այլ պարագայում՝ այնպիսի մի անկեղծությամբ էին այդ աչքերը արտացոլում իրենց տերերի ողջ կեղծավորությունը, որ ակամա ցնցվեցի ու հոգնածությունս էլ անհետացավ։

Մտա Դիմագիրք, որ կիսեմ այդ տպավորությունս, բայց երբ փորձում էի ձևակերպել, զգացի, որ ինչ-որ բան խանգարում է ինձ բառերի վերածել զգացածս։ Ստացվում էր մոտավորապես այսպես՝ Որքա՜ն անկեղծ կեղծավորություն կա մարդկանց մեջ։ Ինչքան փորձեցի խուսափել անբարեհունչ կրկնությունից, չստացվեց ու վերջը ռուսերեն ձևակերպեցի տպավորությունս՝ Сколько искренней фальши в людях։ Անցավ-գնաց, բայց ենթագիտակցորեն միշտ մտածում էի այդ իմ «բանասիրական ձախողման» մասին, ու հանգեցի այն եզրակացության, որ դա ընդամենը այն պատճառով է, որ, ի տարբերություն հայերենի, ռուսերենում неискренность բառի հետ հավասարապես օգտագործվում է фальшь փոխառությունը, ինչն էլ թույլ է տալիս ելք գտնել լեզվաբանական նման ծուղակներից։

Անցավ ևս մի քանի օր։ Պատասխանը կարծես թե գտնվել էր, սակայն ինչ-որ բան ինձ այդուամենայինիվ շարունակում էր անհանգստացնել։ Գործերով ընկած ուշադրություն չէի դարձնում ենթագիտակցության խորքից մերթ ընդ մերթ հասնող ազդանշանների վրա, բայց դրանք չէին դադարում, ու ես որոշեցի վերադառնալ խնդրին։ Ենթագիտակցությունն, ինչպես միշտ, ճիշտ էր՝ այս անգամ, արդեն արտահայտությունը ձևակերպելու անհրաժեշտությունն առաջացրած մտքից հեռացած, մեկ հայացքից գտա, թե ինչն էր զբաղեցնում միտքս այդ ամբողջ ընթացքում։

Բանն այն էր, որ իր իմաստով դրական հասկացությունը, ինչպիսին անկեղծությունն է, ձևաբանորեն ածանցված էր իր՝ նշանակությամբ բացասական հակարժեքից՝ հմմտ. կեղծ (հիմնական ձև՝ բացասական կոննոտացիա) – անկեղծ (ածանցված ձև՝ դրական կոննոտացիա)։

Ստացվում էր, որ ձևաիմաստաբանական այս միկրոհամակարգում կենտրոնական՝ ելակետային տեղը զբաղեցնում է հենց բացասական իմաստ արտահայտող բառային միավորը, մինչդեռ մտքովս անցած բոլոր հնդեվրոպական լեզուներում պատկերը տրամագծորեն հակառակն էր՝ ամենուր դրական իմաստային բեռնվածք ունեցող բառն էր իրենից ժխտական մասնիկի հավելման միջոցով ածանցում հականիշը (անգլ. sincereinsincere, ռուս. искренний - неискренний, գերմ. aufrichtigunaufrichtig

Ավելին՝ հենց հայերենում անմիջապես բազմաթիվ այդպիսի դեպքեր մտաբերեցի՝ գեղեցիկ – տգեղ, տաղանդավոր – անտաղանդ և բազմաթիվ այլ զույգեր բոլոր տեսակի ժխտական մասնիկներւվ՝ էլ տ-, էլ դժ-, էլ չ-՝ ինչ ուզես. լեզվի՝ ժխտելու միջոցների ողջ հարուստ պաշարը ի սպաս էր դրված դրական, բնական, ելակետային հասկացություններից բացասական, անբնական, երկրորդական հասկացություններ հարուցելու լեզվական գործունեությանը։ Այս դեպքում էր, միայն, որ իշխող, տիրող, գլխավոր դերում էր ոչ թե դրական, այլ բացասական հասկացությունը։

Արդյո՞ք դա աշխարհի մեր լեզվական պատկերի յուրահատուկ բնորոշիչ է, որում մամլված է մեր մոտեցումը մարդկային հարաբերությունների էությանը, հանրային հարաբերություններին, թե պարզապես լեզվաբանական մի շեղածռում, մի խափանում այն խորհրդավոր և այդպես էլ չհասկացված մեքենայում, որը կոչվում է մարդկային լեզու։

Շատ կուզեի, որ երկրորդը լիներ։ Բայց միևնույն է՝ սրանից հետո ինձ հետապնդելու է այն անխուսափելի զգացողությունը, որ երբ ես անկեղծ եմ, դա ընդամենը նշանակում է, որ այս պահին ես պարզապես շեղվել եմ իմ հիմնական, մշտական (ոնց կուզեք)՝ կեղծ վիճակից, և դրա արտահայտությունն է ժխտական մասնիկի հավելումը, ինչպես արաբ քերականները կասեին՝ على أوّله։ Իսկ դու՞ք ինչ կարծիքի եք։

Շաբաթ իրիկուն, Սամվել Կարաբեկյան
--

4 comments:

  1. Tadevos Charchyan04 March, 2011 14:04

    Անբարեհունչ կրկնությունից խուսափելու համար սկզբում կցանկանայի նշել մեկ տարբերակ` "Սրտաբուխ կեղծավորություն": Իսկ կրկնության հանդեպ մտավախությունը, թերևս, բխել է վերոնշյալ նկարների տերերի կանխավ մատուցված էներգետիկ դաշտից, որն ամեն կերպ Ձեզ փորձել է հեռացնել, թերևս, մերկ իրականությունից: Սակայն, ինչպես ռուսները կասեին. "Увы и ах". Դուք գտել եք ռուսերեն համարժեքը, որն, ի դեպ, կրկին չար աչքի դրսևորում է դիտվել, քանզի այդ հայացքների կրողները, ամենայն հավանականությամբ, ռուսերեն չգիտեն և դեռ... երջանիկ են :)))
    Ինչ վերաբերում է հայերենի մատուցած լեզվական հնարքներին. բացի վերոհիշատակ ժխտական նախամասնիկներից /ի դեպ, որոնցից դժ-ը իրանական է, հմմտ.` դժոխք, դժկամ և այլն/, հայոց լեզվում կան բազում հոմանիշներ, որոնք, ելնելով Ձեր հայերենի իմացության մակարդակից, մշտապես կարող են իրենց նպաստը բերել:

    ReplyDelete
  2. Mushegh Asatryan04 March, 2011 14:05

    Լավ դիտարկում էր, Սամվել Բորիսովիչ, բայց ես այս պարագայում լավատես եմ։ Իմ կարծիքով՝ դա ընդամենը՝ ինչպես արտահայտվեցիք՝ լեզվաբանական "շեղածռում" (կամ ծռաշեղում) է։

    ReplyDelete
  3. Marat Yavrumyan04 March, 2011 14:05

    Երբևէ չէի մտածել այդ ուղղությամբ, սեմանտիկայի մասին է խոսքը, բայց հիմա արդեն անկախ ինձանից մտածելու եմ ։) Դրա համար էլ Ղուկասյանը սիրում եմ էլի, հո զոռով չի, մի քանի ամիս առաջ, էլի նույն Բայրոյթում գրել էի, թե ինչու եմ հենց նույն Ձեր այս նշած սեմանտիկայից խուսափելու համար սիրում նույն Ղուկասյանը։ Իսկ արաբ քերականների մասով՝ դեմք են դրանք։

    ReplyDelete
  4. Սուքիասյանի բառարանը տալիս է նաեւ շիտակ, բացսիրտ, պարզամիտ։ Թեեւ տալիս է նաեւ անմանկ, անխարդախ․․․ Ըստ երեւույթին իրոք սա լեզվաբանական շեղման արդյունք է։ Թեեւ դա պարզապես փոխում է խնդրի ձեւակերպումը․ ի՞նչն է պատճառը, որ շեղումը տեղի է ունեցել, եթե լեզուն ուներ դրական բանաձեւ կիրառելու հնարավորություն։ 
    Ինչ վերաբերում է ռուսերեն արտահայտության թարգմանությանը, ապա, թերեւս կարող էր լինել այսպես․ «Որքա՜ն անթաքույց (ակներեւ, բացահայտ․․․) կեղծավորություն կա մարդկանց մեջ»։ 

    ReplyDelete