Saturday, July 31, 2010

ՀՈՂԻ ԽՆԴԻՐԸ

Օրեր առաջ Լևոն Տեր-Պետրոսյանը ՀՀՇ չգիտեմ որերորդ համագումարում բարձրաձայնել էր մի կարծիք, որով, ըստ էության, Հայաստանին դատապարտում էր առանց փոփոխությունների ապագայի ու կայուն հետընթացի, կամ էլ լավագույն դեպքում լճացման, եթե չլուծվեն առկա խնդիրներն իրար եղբայր, բայց մեզ թշնամի հարևան երկու ազգերի հետ: Ընդ որում, հիմնադիր նախագահը որպես լուծման միակ հնարավոր բանաձև նշում էր փոխզիջումների ուղին` համարելով դա այս 20-ամյա դրամայի միակ իրատեսական ու պրագմատիկ հանգուցալուծում:

Իրականությունն այն է, որ Լևոն Տեր-Պետրոսյանն (այսուհետ ԼՏՊ. ճիշտ է, անուն կրճատելը մի քիչ տգեղ, փոխարենը շատ հարմար բան է) իր այս հայտարարությամբ որևէ նոր բան չի արարել: Տեսակետն այնքան հին է, ինչքան ղարաբաղյան կոնֆլիկտը, և ԼՏՊ-ի միակ արժանիքն այս պարագայում այն էր, որ հայ ընդդիմադիր քաղաքական միտքը մղեց բանավեճերի նոր հուն (խոսքն իրական ընդդիմության մասին է, այլ ոչ թե «սեզոնային»):
Ինձ համար, անկեղծ ասած, այնքան էլ կաևոր չէ, թե ինչու հենց ԼՏՊ-ն ասաց այդպես, ինչքանով է նրա այդ տեսակետն անակնկալ և արդյոք այն հակասում է նրա նախկին հայտարարություններին ու ՀԱԿ-ի հիմնարար մանիֆեստի տրամաբանությանը:
Առավել ուշագրավ է նրա առաջարկած ալգորիթմի բովանդակությունը, որը, ինչպես ասվեց, շրջանառության մեջ է դրվել շատ վաղուց, ինչպեսև դրան զուգահեռ մեկնարկած գաղափարախոսական մեծ դիմակայությունը, որն ընդգրկեց հայ հասարակության բոլոր շերտերը:
Ինչքան էլ տարբերվեն այդ դիմակայության դրսևորումները, սուբստանցիան նույնն է. վերադարձնել Ղարաբաղին հարակից անմարդաբնակ ու կիսադատարկ շրջանները, որոնց համար սակայն այդքան արյուն է թափվել, թե պահպանել «ոչ մի թիզ հող թշնամուն» ուղեգիծն ու բացառել զիջումների տարբերակը: Ահա այս համատեքստում է, որ ուզում եմ նկատառումներ արտահայտել, իսկ ԼՏՊ-ի հայտարարությունը միայն հարմար առիթ էր այս գրառման համար:
Չնայած հայ հասարակությունն ընդգծված անտարբերությամբ հանդուրժում է այնպիսի երևույթներ, ինչպիսիք են միլիարդատեր պատգամավորները, օլիգարխիա-մոնոպոլիաները, գանձագողության լկտիագույն դրսևորումները, ինչպես նաև շատ ավելի գարշելի բաները, չի կարելի ասել, թե այն հետքրքրված չէ քաղաքականությամբ, և, ընդհանրապես, երկրի կացությամբ:
Ընդհակառակը, հայ մարդը կարող է քաղաքականապես այնքան «էմանսիպացված» լինել, որ եվրոպացի ուզածդ ակտիվիստի ծնկները բարի նախանձից կդողղան: Ուղղակի անտեսելով Սահմանադրության հիմնարար դրույթների և մարդու տարրական իրավունքների «խմբակային» կոխկրտումները` շարքային հայը կարող է աննկարագրելի ցասում ապրել միայն այն մտքից, որ մի օր այնքան սիրելի Հյուսիսային պողոտայում կհայտնվեն թուրք զբոսաշրջիկներ, իսկ Վրաստանով ներկրվող թուրքական ապրանքը կարող է Հայաստան մտնել ուղիղ Կարսից (նրանց երևի թվում է, թե Վրաստանում այդ ապրանքներն «ապաթուրքացվում» են):
Ավելին, թուրքական տաբուի կողքին կա նաև մեկ այլը, որը սակայն կապված է ոչ թե սահմանի, այլ ՀՈՂԻ հետ: Այսինքն, եթե Հյուսիսային պողոտայի թուրք ապագա զբոսաշրջիկներին չատելն ու Վրաստանի «ապաթուրքացնող» մետաֆիզիկական հատկությանը չհավատալը համարվում է հայրենասիրության պակասի ու վատ բարքի նշան, ապա շատերը հողերը վերադարձնելու մասին հիշատակումները համարում են առնվազն «հինգերորդ շարասյունության», ծախվածության, ադրբեջանամետության, պարտվողականության և անգամ համբալության ախտանիշ (բա մտքում ինչեր են ասում...):
Այս կրքոտ հայրենասերներն իրենց տեսակետը հիմնավորում են այնպիսի «կուռ» փաստարկներով, որ էլ չես էլ ուզում բանավիճել:
Օրինակ ոմանք, շատ լուրջ դեմքով հռետորական հարց են տալիս, թե «պատմության մեջ ով է տեսել, որ հաղթող երկիրը հող վերադարձնի թշնամուն»: Ի գիտություն նրանց. պատմության ամենամեծ նվաճողը` Նապոլեոնը, եվրոպական գրեթե ամեն կամպանիայից հետո գրավում էր կամ Ավստրիայի, կամ էլ Պրուսիայի կեսը` օկուպացնելով անգամ մայրաքաղաքները, սակայն բանակցություններից հետո վերադարձնում էր տարածքի զգալի մասը` փոխարենը ստանալով մնացյալը պահպանելու երաշխիքներ:
Նույն Պրուսիան 1870-71 թ.թ. պատերազմից հետո հաղթարշավով մտավ Փարիզ` տառացիորեն ջախջախելով ֆրանսիական բանակը, սակայն Օտտո Բիսմարկը բավարարվեց միայն Էլզաս-Լոթարինգիայով: Ռուս-թուրքական բոլոր պատերազմներից հետո ցարական դիվանագիտությունը պարտադրված է եղել վերադարձնել գրավյալ շրջանների մի մասը, որից հաճախ տուժել ենք նաև մենք` հայերս:
Ինչևէ, սրանից իսկ արդեն պարզ է, որ պատմությունն ուղղակի ողողված է նման դեպքերով, ինչը մասամբ արդեն իսկ ապացույց է, որ անհնար է վայելել հաղթանակի պտուղները առանց դրանց ամենահամեղ կտորները վերադարձնելու:
Հաճախ պնդում են նաև, թե այդ հողի համար և վրա ազատամարտիկի սրբազան արյուն է թափվել` դարձնելով այն ազգային մասունք: Իհարկե, ազատամարտիկի թափված արյունը հավերժ հիշատակի ու գնահատանքի խորհրդանիշ է, սակայն պետք է գիտակցել, որ նրանք իրենց կյանքը զոհել են Արցախի ժողովրդի անվտանգ և ապահով գոյության, այլ ոչ թե ինչ-որ հեկտարների համար: Եվ կարևորը ոչ թե Արցախի աշխարհագրությունն է, դրա շրջանների քանակն ու դրանց համար թափված արյունը, այլ տեղի բնակչության խաղաղ, լուսավոր ապագան ու պատերազմի վերսկսման հնարավորության բացառումը, և եթե այդ ամենը կյանքի կոչելու միակ ուղին փոխզիջումներն են, ապա առանց երկմտելու պետք է վերադարձնել այդ վեց շրջանները, անգամ եթե դրանք ազատագրված են, այլ ոչ թե գրավյալ:
Դե իսկ «թափված արյան» փաստարկն ու զոհված ազատամարտիկների հիշատակի նկատմամբ հարգանքի կոչերը, համենայնդեպս ինձ համար, դեմագոգիա են ու հաշվենկատ խաղ հանրային գիտակցության զգայուն լարերի վրա, որովհետև մարդիկ իրենց կյանքը տվել են ոչ թե հողերի համար, այլ որպեսզի կանգուն մնա Արցախը, որպեսզի վերջապես լռեն կրակոցներն ու խաղաղություն իջնի առանց այն էլ ուժահատ ու հյուծված երկրամասում:
Զուտ «հողասեր» հանրությունից վեր կա մեկ այլ շերտ, որը մերժում է փոխզիջումների ուղեգիծը ոչ թե հողի նկատմամբ ջերմ զգացմունքների ավելցուկի, այլ առավել պրագմատիկ ու հասկանալի մղումներով: Այդ շերտի ներկայացուցիչների տեսակետի առանցքն այն է, որ, Հայաստանը ստատուս-քվոյի պահպանումից եթե ոչինչ չի շահում, ապա ոչինչ չի էլ կորցնում, որովհետև եթե բանը հասավ «վերջին փաստարկին», ապա հայոց բանակը միշտ էլ կկարողանա արժանի հակահարված հասցնել թշնամուն դեռ Արցախի մատույցներում:
Բացի այդ, հակամարտության մեջ ներգարվված են գրեթե բոլոր գերտերությունները, որոնք երբեք թույլ չեն տա ռազմական ուժի կիրառում տարածաշրջանում, քանի որ դա չի բխում նրանց շահերից, ուստի կարելի է ճիշտ խուսանավել միջազգային դիվանագիտության ջրերում ու, բացառելով պատերազմի վերսկսումը, առանց որևէ փոխզիջման պահպանել ստատուս-քվոն:
Երկրորդ սուբստանցիոնալ դիտարկումն էլ այն է, որ մեր երկիրն առանց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման էլ կարող է զարգանալ ու առաջընթաց գրանցել, դառնալ տարածաշրջանի «վագրը», քանի որ ծառացած խնդիրների լուծման բանալին ոչ թե փակ սահմանների կամ չլուծված հակամարտությունների, այլ այսօրվա ներուժի առավել արդյունավետ օգտագործման մեջ է:
Այժմ ես կարտահայտեմ մի քանի նկատառում հարցի շուրջ:
Նախ, նոր կազմավորված հայոց բանակն իրական չափանիշներով մարտունակ չի, և չի էլ եղել: Մարտունակ չի, որովհետև Պաշտպանության նախարարությունը եղել է և անդրդվելիորեն մնում է պետության ամենակոռուպացված կառույցներից մեկը: Կոռուպցիայով են ախտահարված բանակի գրեթե բոլոր օղակները` սկսած զորամասի «ստառշից» մինչև մեծապաշտոն գեներալներ: Կա նաև դիսցիպլինայի պակասի խնդիրը, որը քայքայում է բանակը ներսից: Ապրիորի բանակում ամեն ինչ պետք է կարգավորվի կանոնադրությամբ և ՀՀ այլ օրենքներով, մինչդեռ զինվորները կանոնադրությունն իր էությամբ համարում են «անբարոյականության» իդեայի կենտրոնացված դրսևորում մի քանի գրքում, իսկ սպաները հարգանքի փոխարեն ստանում են ոչ այնքան պատվաբեր էպիտետներ:
Իհարկե չի կարելի այս ամենում մեղադրել զինվորներին: Թե ով է մեղավոր, թողնում եմ Ձեր դատողությանը (ըստ իս սպան ու զինվորական վերնախավը), ուղղակի ասեմ, որ այս ամենի հետևանքն այն է, որ ծառայությունից մինչև ուղն ու ծուծը զզված զինվորը բանակային երկու տարին ընկալում է որպես ժամանակակից ինկվիզիցիայի մի տեսակ, իսկ ծառայության ընթացքում հիմնականում մտածում է ոչ թե հայրենիքի պաշտպանության, այլ գլուխ պահելու ու շառից փորձանքից հեռու մնալու մասին:
Սա դեռ չի նշանակում, որ ադրբեջանական ԶՈՒ-ն հայրենականից հզոր է, ուղղակի երբ ասում են, թե ադրբեջանցիներն ունեն փող ու տեխնիկա, իսկ մենք «կորով ու քաջություն, հռոմեական դիսցիպլինա, հայրենիքը մինչև արյան վերջիյն կաթիլը պաշտպանելու պատրաստակամություն...» և այլն, դա միայն մասամբ է համապատասխանում իրականությանը: Փող ու ռազմական լուրջ տեխնիկա Ադրբեջանն իրոք ունի, իսկ մեր բանակի «քաջությունն ու կորովը» մի քիչ կասկածելի են:
Ինչ վերաբերում է մեծ տերությունների տարածաշրջանային շահերին, ապա կարծում եմ, որ դրանց գոյությունը չի կարող լինել խաղաղության անգամ ամենախարխուլ երաշխիք, որովհետև գերտերությունների շահերն իրար բախվելու չարաբաստիկ հատկություն ունեն և շատ հնարավոր է, որ այդ բախման արդյունքում տարածաշրջանը մի ակնթարթ դուրս գա միջազգային վերահսկողությունից և ռազմատենչ Ադրբեջանը որոշի առիթից օգտվել ու հետ բերել 20 տարի առաջ կորցրածը: Բացի այդ, հավերժ խուսանավել միջազգային դիվանագիտության ջրերում Հայաստանին այսպես թե այնպես չի հաջողվի, և օրերից մի օր, երբ գերտերություններն այս հակամարտության շուրջն ընդհանուր հայտարարի կգան, Հայաստանը պարտադրված կլինի ընդունել վերևից թելադրվող բոլոր որոշումները` անկախ դրանց բովանդակությունից: Իսկ այդ դեպքում հնարավոր է լինեն ոչ թե փոխզիջումներ, այլ զիջումներ միայն:
Այժմ հարցի երկրորդ կողմը` Հայաստանի զարգացման հեռանկարները փակ սահմանների ու Ղարաբաղյան չլուծված հակամարտության բեռի տակ:
Հայաստանը ոչ այլ ինչ է քան տարատեսակ խնդիրների մի կծիկ, որոնց մեծ մասի լուծումը, իհարկե, ոչ մի, անգամ ամենաաննշան կապը չունի Ղարաբաղյան խնդրի հետ: Նման խնդիրների թվին են դասվում այլանդակ օլիգարխները, որոնք սիրում են գերշահույթներ ստանալ մենաշնորհերից, սակայն չեն սիրում եկամտահարկ վճարել երկրի բյուջե, պետական համախատասխան մարմինները, որոնք հարկային և իրավական դաշտը վերահսկելու փոխարեն օրնիբուն զբաղված են այդ դաշտի նորմերը ոտնահարելու «ինդուլգենցիաներ» վաճառելով, և այս ամենին ածանցյալ այլ երևույթներ:
Սրանք արմատախիլ անելու համար պետական ապարատին անհրաժեշտ է ոչ թե հայ-թուրքական բաց սահման, կամ էլ միջազգային կարգավիճակ ունեցող ԼՂՀ, այլ մի քիչ բարոյականություն և երկրի օրենքները թղթից իրականություն տեղափոխելու ցանկություն և ժողովրդական աջակցություն: Եթե Հայաստանի առաջընթացը դիտարկվում է այս համատեքստում, ապա միանգամայն ճիշտ է այն փաստարկը, որ երկրի բարեկեցությունը կապ չունի փոխզիջումների հետ:
Բայց կա մի բայց...
Իսկ ով է ասում, որ խնդիրների այս ընդգրկուն շրջանակի լիկվիդացիան առաջընթաց ու զարգացման հեռանկարներ կբերի մեր երկրին: Դրական փոփոխություններ կլինեն այնքանով, որ կիրագործվի ֆինանսական հոսքերի վերաբաշխում` փոփոխելով դրանց հունը գործարարների ու պետական պաշտոնյաների գրպաններից դեպի ազգային բյուջե: Արդյունքում, իհարկե, կբարձրանան աշխատավարձները, կաճի բնակչության կենսամակարդակը, կստվարանա միջին խավը և այլն և այլն...
Ավելին, կվերանան հալածանքներն ու բռնությունները, օրենքի կիրառման երկակի չափանիշները, քաղաքացին չի վախենա ոստիկանությունից կամ էլ դատարանից: Կարճ ասած, կստեղծվի իրավական պետություն, որտեղ չի լինի տեղ անարգանքներին ու մարդու բնական իրավունքների ոտնահարմանը: Անխոսք այս ամենը գեղեցիկ ու գայթակղիչ է հնչում, բայց ցավոք դա ինձ համար առաջընթաց չէ:
Առաջընթացը, ինչպես նկարագրում է փիլիսոփա Թոմաս Կունը «Գիտական հեղափոխությունների կառուցվածքը» դասական աշխությունում, դա նոր դարաշրջանի մարտահրավերներին համարժեք պատասխան տալուն անկարող հարացույցի փոխարինումն է մեկ այլով, որը ծառացած խնդիրների առավել սպառիչ ու ընդգրկուն լուծումներ կառաջարկի:
Դե իսկ վերընշված բարեփոխումները գոնե տնտեսության ոլորտում համակարգային որևէ փոփոխության չեն բերի: Ուղղակի ի կատար կածվեն ինքնատիպ «սանիտարական աշխատանքներ», որոնք կախտահանեն տնտեսական տարածությունը մոնոպոլիաներից, «ստվերից» և նմանատիպ այլ մանրէներից: Փոփոխություններ կլինեն, սակայն ոչ թե համակարգային, այլ՝ զուտ որակական:
Հայաստանի տնտեսությունը կշարունակի մնալ հիմնված ներկրման վրա, մինչդեռ արտահանման և արդյունաբերության հիմնական ոլորտները նախկինի պես կմնան աշխատուժի էքսպորտը՝ այն է «խոպանը», ինչպես նաև պահածոների և մսամթերքի արտադրությունը:
Նման հոռետեսությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 21-րդ դարի աշխարհում չկա և չի էլ կարող լինել որևէ հզոր արդյունաբերություն, որը կկարողանա զարգանալ եռակողմ բլոկադայի պայմաններում (Իրանի սահմանը նույնպես կարելի է համարել «պարսպապատ», քանի այդ երկիրը հայտնի է միջազգային պատժամիջոցների ամենասիրելի թիրախ լինելու հատկանիշով): Դեպի արտահանում միտված և արդյունաբերական տնտեսությունը, որի ձևավորումն էլ կարելի է համարել համակարգային փոփոխություն և առաջընթացի միակ գրավական, կարող է իրականություն դառնալ բեռնափոխադրման ուղիների բազմազանության, դեպի տարբեր շուկաներ մուտքի առկայության և արտասահմանյան ներդրումների համար գայթակղիչ կոնյուկտուրայի պարագայում, ինչը կատեգորիկ բացառվում է իրերի ներկայիս դասավորվածությամբ:
Ում է պետք արդյունաբերական արտադրանքը, եթե միջազգային շուկա դրա փոխադրումը պետք է կազմի գնագոյացման էական մասը՝ դարձնելով այն թանկ և անմրցունակ, ում է պետք ազատ Արցախը, եթե այն պետք է մնա տնտեսապես հետամնաց, քանի որ չկա մի կորպորացիա, որ ներդրում անի փաստացիորեն պատերազմի մեջ գտնվող տարածաշրջանում և վերջապես ում է պետք պետությունը, որը գլխին հավերժ ունենալու է Դամոկլյան սուր՝ Ղարաբաղյան չլուծված հակամարտության և թուրքական ինտերվենցիայի հեռանկարի տեսքով:
Այնպես որ, փակ սահմանների ու չլուծված հակամարտությունների մթնոլորտում չի կարելի իրագործել համակարգային փոփոխություն, այն է հիմքում արդյունաբերական, այլ ոչ թե աշխատուժային արտահանում ունեցող տնտեսություն: Իսկ այդ ինքնատիպ ռոտացիայի կարիքը Հայաստանն այսօր զգում է ինչպես երբեք, քանի որ հայտնվել է աշխատուժ արտահանելու ուղիով հայաթափ լինելու դշխեմ անդունդի առջև:

P.S. Որպես հետգրություն ուզում եմ մեջբերում անել հայ հրապարակախոսության մետր Իոսիֆ Վերդյանից՝ երկնային արքայություն նրա պայծառ հոգուն:

А Жоре Шакаряну наверняка грустно без Баку, и Баку грустно без Жоры. Но Жора никогда не будет жить в Баку, и мой коллега Исрафил Мамедов не будет жить в Ереване. А вот покой совсем скоро опустится на карабахские долины. Не знаю, как на расчлененном Турцией Кипре и в пропитанном палестино–израильской ненавистью Иерусалиме, однако в карабахских селах независимо от их этнической титульности армяне и азербайджанцы вместе будут скорбеть по общим потерям. В той войне, которую сами и затеяли. В порыве, как уверяли, в очередной раз создать интернационал добрых людей, общество без межеумков.



Շաբաթ լուսադեմ, Հայկ
-

4 comments:

  1. Հարգելիս, պատմությունը ինչքան էլ տեսած լինի գրաված-վերադարձված հողերի տարբերակներ, բայց որ մարդ կարող ա համակերպվի էն մտքի հետ, որ մեր հողերը հետ ենք վերցրել ու էսպիսի տրամաբանությամբ էլ կարող ենք վերադարձնել, էդ արդեն անհասկանալի ա - առնվազն !!!

    Ու եթե էս տեսակ անհասկանալի տրամաբանությամբ ենք շարժվում, ուրեմն նույն անհասկանալի տրամաբանությամբ էլ ապրելու ենք ամբողջ կյանքներս` գլխներիս ունենալով նույն անհասկանալի իշխանությունները, նույն անհասկանալի բարքերը... կոռուպցիա... չինովնիկ... հյուսիսային պողոտա... ու ամեն ինչ... քանզի, էդ դեպքում մենք ուղղակի դրան ենք արժանի !!!

    ReplyDelete
  2. Liberal, եթե մեր հողերը մեր պետության կազմում չպետք ա ծառայեն մեր ազգի բարօրությանը, ուրեմն իմ տրամաբանությունը լավ էլ հասկանալի ա:
    Ուրիշ բան, եթե ապացուցես, որ էտ շրջան-հողերը մեր պետությանն ավելի շատ օգուտ կտան, քան թե սահմանների բացումն ու հակամարտության կարգավորումը: Այ էտ դեպքում իմ միտքը սխալ կլինի: Թե չէ պայքարել հողերի համար զուտ այն պատճառով, որ դրանք ժամանակին ՄԵՐՆ են եղել, այնքան էլ իրատեսական ու տրամաբանական չի, համենայնդեպս պրագմատիկ մտածողության տեսանկյունից:
    Իսկ կոռուպցիայի ու չինովնիկի կապը վերևի պարբերության հետ անկեղծ ասաց չհասկացա:

    ReplyDelete
  3. Samvel Karabekyan04 March, 2011 18:20

    "...փակ սահմանների ու չլուծված հակամարտությունների մթնոլորտում չի կարելի իրագործել համակարգային փոփոխություն, այն է հիմքում արդյունաբերական, այլ ոչ թե աշխատուժային արտահանում ունեցող տնտեսություն: Իսկ այդ ինքնատիպ ռոտացիայի կարիքը Հայաստան...ն այսօր զգում է ինչպես երբեք, քանի որ հայտնվել է աշխատուժ արտահանելու ուղիով հայաթափ լինելու դշխեմ անդունդի առջև"։ Եվ այսպիսի մեջբերումներ շատ կարելի է բերել… Սա բլոգային գրառում չէր, այլ լուրջ վերլուծական-հրապարակախոսական հոդված, որոնք իրենց քաղաքագետ հռչակածների "բլոգա-եթերա-թերթային" ճնշող գերիշխանության պայմաններում կարևորագույն նշանակություն ունեն։ Բրավո, Հայկ։ Շնորհակալ եմ։

    ReplyDelete
  4. Hovhannes Kandiljyan04 March, 2011 18:21

    Apres Hayko jan... Apsos vor hodvact qich mardik en kardum... (menak facebook u blogi aycelunery).Իհարկե չի կարելի այս ամենում մեղադրել զինվորներին: Թե ով է մեղավոր, թողնում եմ Ձեր դատողությանը (ըստ իս սպան ու զինվորական վերնախավը), ուղղակի ասեմ, որ այս ամենի հետևանքն այն է, որ ծառայությունից մինչև ուղն ու ծուծը զզված զինվորը բանակային երկու տարին ընկալում է որպես ժամանակակից ինկվիզիցիայի մի տեսակ, իսկ ծառայության ընթացքում հիմնականում մտածում է ոչ թե հայրենիքի պաշտպանության, այլ գլուխ պահելու ու շառից փորձանքից հեռու մնալու մասին: Sharic Porcanqic heru mnal... ... Mardik enqan en vaxum shari u porcanqi mej mtnen, vor Et darela haykakan sexanneri partadir kenac... De arden el vaxecac u pashpanoxakan "qaxaqakanutyun" varelov vonc karelia xosel zargacman, riskayin qayleri ev romantikayi sharqum gtnvox ayl haskacutyunneri masin.... Apres Hayko jan!!!

    ReplyDelete