Թշվառ ու հրաշագեղ իրականություն տեսել ե՞ք։ Տարօրինակ բան է ու տարօրինակ զգացում, զգացում, որը դժվար է նկարագրել, ավելի շուտ հասկանալ է պետք սկզբում, որ հետո կարողանաս փոխանցել։ Էլ ավելի հետաքրքիր ու գույները խիտ է, երբ այդ ամենը քո հայրենիքի մասին է։ Շատ ավելի խտացնում է գույները, երբ պրիզման, ավելի շուտ օբյեկտիվը, որն այդ ամենը փոխանցում է հեռուստատեսային էկրանին, գերմանական է։ Ինչ երկարացնեմ, գերմանական արտադրության ֆիլմ էր, ահա թե ինչի մասին։
Ուրբաթ, իրիկուն, գրադարանից հոգնած, երկու սխտորով բագետ մոցարելայով ու երկու պոմիդորով խժռած գերմանական ալիքներն էի թերթում, հեռուստացույցով։ Պատահական ինչ-որ շատ ծանոթ բնություն։ Երկու վայրկյան կանգ առա, չէի սխալվել, Արագածն էր։ Ալիխանյան եղբայրների հիմնադրած ինստիտուտի կամ լաբորատորիայի կամ տիեզերեական կայանի մասին էր, «Արագած» է կոչվում այդ, ինչքան հիշում եմ, ու հիմա ճիշտ չեմ փոխանցի էությունը, բայց տիեզերական գամմա ճառագայթների ուսումնասիրության կենտրոն է, որը ստուգում է ինչ-որ մի տեսություն, որը առաջ է քաշվել ինչքան հիշում եմ 1960-ականներին, մոտավորապես երևի այն, ինչ անում են հիմա եվրոպացիները, ռուսները, ճապոնացիները CERN-ում։ Երկուսն էլ ինչ-որ «աստվածային մասնիկ» են սպասում, մեկը գետնի տակ ու ֆրանս-շվեյցարական սահմանը հատող մեծ շրջանով արագացուցիչով, մյուսները սպասում են որ այն տիեզերքում կգտնեն կամ կորսան կամ մթնոլորտի վերին շերտերում իրենք կստեղծեն, ինչ որ նման մի բան։ Ես շատ վատ փոխանցեցի այս ամենը, բայց պիտի որ շատ կտրուկ շեղված չլինեմ իրականությունից։ Կներեք իմ անտեղյակությանը, հայրենիքից անտեղյակությանը, ընդունում եմ, հայրենիքից շատերս ենք անտեղյակ, ինչը թույլ չի տալիս գնահատել այն, չնայած հայրենիքի պատմությունը ժամանակին վատ չգիտեի, հիմա էլ չեմ հիշում։ Չգիտեմ, դժվար է հայրենիքն ու մեզ պատմության մեջ տեղադրելը, երևի դրա համար էլ դժվար է Ղուկասյանից բացի հայրենիք պատկերացնել։ Սա ուրիշ թեմա, շեղվեցի։
Բայց վերադառնանք ֆիլմին։
Ոչ մի հեղինակային խոսք, միայն կադրեր, հատվածական կադրեր։ Շենք, որի պատուհանները եվրոպատուհաններ են (սա շատ կարևոր է, հիանալի հակադրություն, մոդեռնիզմի մասին հայկական տրամաբանությունն ու պատկերացումը), սակայն լրիվ սովետական շենք, միայն կոմունիստական պաստառները չկային։ Հետո շրջապատում կիսավարտ շինություններ ու շինարարական մնացորդներ ու ժանգոտած ու մի կողմում խնամքով իրար վրա դիզված տեխնիկա։ Հետո մարդիկ՝ երեք տղամարդ, մեկ պրոֆեսոր ու երկու օգնական, մեկի ազգանունը Եպիսկոպոսյան, Տիգրան, մյուսինը Գարակա։ Պրոֆեսոր Մարտիրոսով, եթե չեմ սխալվում, Ռոման, ու երկու կին, որոնք խոհանոցում են ու ամբողջ ֆիլմի ընթացքում, ինչ-որ բան են սարքում, պարզվեց ամառային տոլմա, հետո սրբում, մաքրում, երգում, պարում (պարելը հաստատ գերմանացիներն էին խնդրել, էլ ավելի խտացնելու համար գույները)։ Եպիսկոպոսյանն ու Գարական ֆիլմի սկզբից ինչ-որ լար էր քաշում, ինչ-որ մի անհայտ ստորգետնյա վայրից, որը հետո պարզվեց ինչ-որ հսկայական տարածք էր, որտեղ ինչ-որ չգիտեմ ինչեր էին շարված, որոնք պիտի որսային այդ մասնիկները։ Բացատրեցին, պարզվեց ինչ-որ գեր- գեր- նեղ լուսային ճառագայք, որը չգիտեմ արագացվում է ու ինչ-որ շատ բարդ մի բան։ Այդ լարը Եպիսկոպոսյանը տարավ տարավ տարավ հետո Գարական տարավ, հետո ինչ-որ մի կտուր բարձրացավ, կիսավարտ ինչ որ բետոնից շենք էր, կամ էլ հատուկ շինութություն, որը պիտի կիսավարտ հիշեցներ, հետո միացրեց, հետո, հետո ... դաշտային հեռախոսի պես ինչ որ հեռախոսով, որոնք սովորաբար հեռախոսի մանտյորներն են ունենում, կապնվեց Մարտիրոսովի հետ ու ասեց, որ կարող է բարձր լարման չգիտեմ ինչը միացնի, լարը եղավ։ Հեռախոսը առաջին աբսուրդն էր այդ ամենի մեջ։
Հետո Գարական հետո Մարտիրոսովը ինչ որ բարդ բաներից էին խոսում, հիանալի, սակայն ահավոր անգլերենով։ Բացատրեցին, բացատրեցին, բացատրեցին, գերմաներեն սուբտիտրեր էլ էին կային, բայց միայն տիեզերեկան մասնիկները հասկացա (գերմաներեն վատ չգիտեմ, հավատացնում եմ) ու որ չափազանց կարևոր գործ են իրենք անում, որ նախագիծը չափազանց մեծ էր, երբ նախաձռնում էին, սակայն ԽՍՀՄ փլուզմամբ այն նախ կանգ առավ, հետո իրենց հաջողվեց ինչ-որ միջոցներ գտնել ու նախագծի առաջին փուլը ինչ-որ վիճակի հասցնել։ Հետո սովետական հսկայական ապարատուրա, որոնք պիտի հատ-հատ ստուգել ու այլն։ Դե գիտեք, միկրոսխեմաներ, որոնք դուրս են քաշում, հետո ներս հրում։ Բանակում, կապի զորքերում տեսած կլինեք, երևի։ Սա երկրորդ աբսուրդն էր, երբ երկնային այդ ամենի ինչի մասին Գարադկան ու Մարտիրոսովը խոսում էին ինչ-որ շատ շատ շատ հին տեխնոլոգիաների ֆոնի վրա, սակայն դրանից դրա նշանակությունը չէր նվազում, ամեն դեպքում ինձ համար։ Գերմանացիների համար երևի ևս, հակառակ դեպքում նկարողը չէին։
Հետո թե ինչպիսին է երեք այդ գիտնականների առօրյան։
Գարադկան ինչ-որ բան էր կոմպի մոտ բզբզում, Մարտիրոսովը նույնպես ու հետո Մարտիրոսովը պառկած էր թախտի վրա։ Գարադկան կաբելը քաշելուց հետո եկավ իր սենյակ, մի 50 գրամ քցեց։ Երրորդը՝ պրոֆեսոր Արա Դարյան, ինչ-որ չգիտեմ, խոհանոցում նկարագրում էր, թե կտրված են աշխարհից։ Հետո Եպիսկոպոսյանը, որը պարզվեց տեխնիկն է այդտեղ, ոչ հայկական արտաքինով, սկզբում ինձ թվաց նույնիսկ գերմանացի էր, երիտասարդ, պատուհանի ֆոնի վրա կարդում էր։ Եվս մեկ հակադրություն՝ թախտին պառկած Մարտիրոսովի ու 50 գրամ քցող Գարակայի ֆոնի վրա։
Հետո անձրև էր, հետո արև դուրս եկավ, Մարտորոսովն ու Դարյանը, եթե չեմ սխալվում, երկու աթոռ ու սեղան հանեցին ինստիտուտի դռան առաջ, ու մի հատ շիշ ու երկու «ստոպարիկ» ու ջաաան՝ արևը 50 գրամով վայելեցին։ Հետո Գարական, թե մենք Աստծո գոյության փորձարարական հաստատումն ենք փնտրում։ Հետո կանայք տոլման փաթաթեցին պրծան, երեք գիտնականները ճաշարանում լուռ հաց կերան, սովետական ճաշարան, դպրոցական ձեր ճաշարանները հիշեք, հետո ևս 50-ական գրամ։ Հետո կանայք խոհանոցը մաքրեցին, հետո կամերան մեկ անգամ էլ շրջեց ահավոր դառը տպավորություն ստեղծող ու ժանգոտած ու ժանգոտող տեղայնքով ու սև էկրան ու սպիտակով՝ Ինստիտուտը հիմնադրել են Ալիխանյան եղբայրները, աշխարհահռչակ ֆիզիկոսներ, որոնք ... էլ չհասցրեցի կարդալ։ Բայց պիտի որ շատ կարևոր ու հիանալի բան գրված լիներ՝ այդ սև ֆոնի պանծալի կողմը։
Տպավորությունը ծանր էր։ Գույները, իհարկե, գերմանական էին ու խիտ էին, շատ էին խիտ։ Չգիտեի ինչ մտածել, ուզում էի ֆիլմը հասկանալ, բայց ինչ մնաց ֆիլմից հետո՝ թշվառության ու հպարտության զգացումն էր։
Հպարտ, որ ինչ-որ տիեզերական բաների մասին են խոսում, որը պիտի որ շատ կարևոր լինի։ Թշվառ էր Եպիսկոպոսյանի կաբելն ու Գարակայի դաշտային հեռախոսը։ Գերմանացիների համար տարօրինակ էր թախտի վրա պառկած Մարտիրոսովն ու երեք կամ չորս հոգանոց ինստիտուտը։
Փորձեցի էլի ինչ-որ բաների շուրջ մտածել, չստացվեց, թշվառության զգացումը խեղդում էր, հպարտությանը նույնպես։ Բայց ինչ որ թշվառ ու հին, հնամաշ հպարտություն էր։ Ստացվում էր Նարեկացի ունենք, չգիտեմ, Չարենց, Մաշտոց, Սևակ, չգիտեմ Համբարձումյան, Ալիխանյան, Հերունի։ Ու դաշտային հեռախոսով Գարակա, որը փորձում է իր դաշտային հեռախոսի հետ մեկտեղ տիեզերական ինչ որ մասնիկներ գտնել։
Չգիտեմ, հպարտ ես, որ այնպիսի ինստիտուտ ես կառուցել, որը երևի կերազեին ունենալ շատ այլ պետություններ։ Բայց այն ժամանակի հետ չէ, միգուցե միայն պատերը ժամանակի հետ չեն, հին կոմպերն էլ այդքան կարևոր չեն, միգուցե շատ այլ բաներ կան, որոնք շատ կարևոր էին, բայց ես չհասկացա, կամ գերմանացիները չեն հասկացել։ Միգուցե գաղափարը, որը այդ թշվառ պատերի մեջ էր, հիասքանչ ու հիանալի մի գաղափար է, ավելի հիասքանչ ու ավելի վաղ, քան CERN-ն էին կառուցում ֆրանս-շվեյցարական սահմանին։ Միգուցե մենք տարիներով առաջ ենք նույն CERN-ից, միգուցե։ Բայց դուք Euronews-ով հաստատ գոնե մի անգամ CERN-ը կամ նրա մասին ռեպորտաժ նայած կլինեք։ Թշվառության զգացում ես, ամեն դեպքում չեմ ունեցել։
Իհարկե, ճիշտ չէ այս երկուսը միմյանց հետ համեմատել։ Ընդունում եմ, ֆինանսական հոսքերի առումով։ Բայց իմ մոտ մնաց աղքատ հպարտի զգացում, որը գիտակցում է իր աղքատությունը, թշվառությունը, բայց տեղի չի տալիս, կարծելով որ իր գիտակցումը շատ ավելի արժե, քան մյուս բաները։ Միգուցե և նա ճիշտ է, չգիտեմ։
Բայց ֆիլմից հետո տխրեցի ես, շատ տխրեցի, ու ընդունեցի ու ես ինքս այդպես կվարվեի, նկատի ունեմ՝ Մարտիրոսովն ու Դարյանը ինստիտուտի մուտքի մոտ Արագածի հիանալի արևի շողերն էին վայելում իրիկնադեմին, կանաչի մեջ թաղված շրջապատի ու անձրևից հետո թարմ օդի տակ՝ երկուական 50 գրամով։ Երևի Ալիխանյան եղբայրների կենացն էին խմում։
Ֆիլմի գերմաներեն խորագիրը, ի դեպ՝ Ein Relikt aus der Zeiten der UdSSR, թարգմանել պետք չէ, կարծում եմ։
Երկուշաբթի իրիկուն, Մարատ
Հ.Գ. Ինչ-որ շատ ծանոթ ինչ-որ մի բան է հիշեցնում՝ եվրոպատուհաններով։
No comments:
Post a Comment