1917 թ. հոկտեմբերի 25-ին Պետրոգրադում սկսվեց զինված հեղափոխություն, որի արդյունքում իշխանությունը Ժամանակավոր կառավարության ձեռքից անցավ բոլշևիկներին: Դրանով մեկնարկեց պատմության մեջ նախադեպը չունեցող ահռելի մի փորձարկում, որի ընթացքում տասնամյակներ առաջ ձևավորված հիմնադրույթներն ու տեսությունները սկսեցին կիրառվել միլիոնավոր քառակուսի կիլոմետրեր ընդգրկող տարածություններում, իսկ փորձի մասնակիցներն ու օբյեկտները դարձան տասնյակ ազգություններ և ժողովուրդներ:
Շուրջ երեք տարի անց մեծ հեղափոխության ալիքները հասան նաև բզկտված ու կործանման եզրին գտնվող Հայաստան, որը դաշնակցական կառավարության և քեմալական Թուրքիայի համատեղ ջանքերով, ապրում էր իր առանց այն էլ խղճուկ գոյության հոգևարքը: Թե որն էր դաշնակների «ներդրումն» այդ ոչ այնքան ազգանվեր գործում, դա մի առանձին գրառման թեմա, ավելին, դրա կարիքը չկա էլ:
Ուղղակի պետք է վերցնել պատմության դասագրքերը, քաղել մի քանի փաստ, ու փորձել հասկանալ, թե ինչպես ստացվեց, որ Առաջին համաշխարհայինում պարտություն կրած, ներքին և արտաքին անլուծելի խնդիրների մեջ թաղված Թուրքիայի ցնցոտիավոր բանակն ընդամենը մի քանի ամսում լիկվիդացրեց նորանկախ Հայաստանի ռազմական ողջ ռեսուրսը: Եվ սա այն դեպում, երբ Արևելյան Հայաստանը, ի տարբերություն Թուրքիայի, պարտություն չէր կրել և ոչ մի համաշխարհային պատերազմում ու 1918-1920 թ.թ. ընթացքում գալիք պատերազմին (իսկ որ այն գալու էր, ակնհայտ էր բոլորին, բացի հայոց այրերից) նախապատրաստվելու առատ ժամանակ ուներ:
Թողնեմ այս տհաճ թեման և վերադառնամ մեկ այլի: Խորհրդային իշխանության գալստյամբ Հայաստանը թևակոխեց իր պատմության մի նոր փուլ, որում, բարեբախտաբար թե դժբախտաբար, չկար տեղ սոցիալիստ դաշնակցականներին ու ազատական ռամկավարներին: Հենց այդ դարաշրջանի ժառանգության գնահատանքն ու դրա նկատմամբ պատմական հիշողության բնույթն է, որ ուզում եմ դիտարկել գրառմանս մեջ:
Նախապես ասեմ, որ չեմ փորձելու ապացուցել կոմունիստական վարչակարգի առավելությունը լիբերալ-դեմոկրատականի նկատմամբ, չեմ փորձելու թերություններ գտնել «ազատ շուկայի» կառուցվածքում ու դրա մեխանիզմների գործառության մեջ: Չեմ փորձի նաև արդարացնել խորհրդային տարիների բռնություններն ու հալածանքները` փաստարկելով իբր դրանք պայմանավորված էին օբյեկտիվ անհրաժեշտությամբ և անխուսափելի էին: Այս ամենը դատարկախոսության և դեմագոգիայի շարքից է, որովհետև պատմությունն ինքն է ապացուցել, որ մանուֆակտուրաների դարաշրջանում կյանք ստացած մարքսիստական (տեսականորեն անթերի) տնտեսական մեխանիզմն անվիճելիորեն ձախողվեց գործնականում` չկարողանալով ընդունել հետինդուստրիալ իրականության մարտահրավերները, իսկ սահմանափակումներն ու ճնշումները քաղաքական հարթությունում այդպես էլ չկարողացան մարդկանց դարձնել քաղաքականապես պասսիվ ու հնազանդ սուբյեկտներ: Սա ասում եմ, որպեսզի նախապես զերծ պահեմ ինձ ստալինապաշտության, ստրկամտության, ազատականության պակասի, և նմանատիպ այլ մեղադրանքների ենթարկվելու «հաճույքից»:
Այն, ինչի մասին ուզում եմ գրել, դա խորհրդային դարաշրջանի նկատմամբ այսօրվա վերաբերմունքն է, այդ տարիների ստացած ժառանգության թերագնահատումն ու մոռացությունը, որը երբեմն սկսում է նմանվել երախտամոռության: Վերաբերմունք, որի ամենացավալի դրսևորումը դա պետական, հասարակական և անձնային մակարդակով քար լռությունն է, երբ հարկ է լինում մի երկու բառով բարին հիշել խորհրդային տարիների մասին, և մեղադրողների ստվար բանակը, երբ բանը հասնում է ռեժիմի թերություններն ու չարիքները բարձրաձայնելուն:
Իհարկե, չարագործություններ եղել են, և դրանք արժանի են ամենակոշտ քննադատմանը, որպեսզի ստալինապաշտության և քաղաքական հալածանքների նման նողկալի երևույթներն այլևս չկրկնվեն, սակայն ավելի արդարացի է, երբ վատի կողքին նշվում է նաև լավը, հատկապես, երբ Հայաստանի դեպքում այդ լավն անվիճելիորեն ավելի շատ էր, այնքան շատ, որ առ այսօր մեր իրականության անբաժան մասն է:
Ընդհանրապես, առողջ քննադատությունը շատ լավ բան է: Անգլիացիները հազարավոր ֆունտ սթեռլինգներ էին վճարում Բեռնարդ Շոուին, արժանացնում հնարավոր և անհնար բոլոր դափնիներին, որպեսզի նա ծաղրեր և քննադատեր իրենց: Բայց կա մի սահման, որից անդին ապերախտության եզրերն են, ու այնտեղ հայտնվելը հաճախ նմանվում է մի երևույթի, որ նորմալ մարդկանց մոտ ընդունված է կոչել անբարոյականություն:
Օրինակ Արևելյան Գերմանիան ունի խորհրդային ռեժիմը բազմակողմ և քարը քարին չթողնող քննադատության ենթարկելու լիարժեք իրավունք, քանի որ բացի հետընթացից և կորուստից, բռնություններից և հալածանքներից այլ բան չի ստացել դրանից: Փնովելու իրավունք ունի նաև, որովհետև ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո թոթափեց ռեժիմի բոլոր մնացուկները, վերադարձավ իր քաղաքակրթական օրրանն ու հրաժարվելով անցյալի ժառանգությունից սկսեց որակապես նոր գոյություն: Նույնը կարելի է ասել նաև Չեխիայի, Սլովակիայի, Լեհաստանի և սոցիալիստական բլոկի մյուս երկրների մասին, որոնք բացի բռնությունից և իրենց բնականոն զարգացումը կասեցնող կարգերից այլ բան չեն տեսել 1945թ. հետո:
Այժմ տեղափոխվենք Հայաստան ու փորձենք հասկանալ, թե ինչ փոխվեց մեր երկրում 1920թ. հետո, ինչ կորուստներ ու ձեռքբերումներ եղան, և ինչպես այդ ամենն ազդեց Երրորդ Հանրապետության պատմության վրա:
Երբ իշխանությունը Հայաստանում փոխանցվեց բոլշևիկներին, երկիրը, ինչպես գիտենք գտնվում էր Քյազիմ Կարաբեքիրի կրունկի տակ, չկար տնտեսությանը գոնե աղոտ հիշեցնեղ ինչ-որ բան, չկար մշակույթ, չկար պետական կոմպետենտ ապարատ, կարճ ասած չկար ոչինչ: Գրեթե 300000 քառ. կմ-ից մնացել էր մի խղճուկ հողակտոր, որի վրա էլ հայ ազգը պատրաստվում էր քարշ տալ իր գոյությունը` սպասելով թուրքական հաջորդ արշավանքին: Ինչևէ, եկան բոլշևիկները, հասկանալի է, առաջնորդվելով իրենց իսկ շահով, չեղյալ հայտարարեցին ալեքսանդրապոլյան պայմանագիրը, ինչպես հիմա է ընդունված`«ուրացումը», և խղճուկ հողակտորի չափերը հասցրեցին մի քիչ ավելի պատկառելի խղճուկության: Այնուհետև հայ ժողովրդի պատմության մեջ բացվեց մի հազվադեպ լուսավոր էջ, որի մասին մեր ազգը մոռացել էր դարեր ի վեր: Չեմ խորանալու պատմության փաստերի, թվերի ու ցուցանիշների մեջ, այլ ընդգծելու եմ միայն հանրահայտ իրողություններ:
Համաշխարհային պատերազմի ամենաեռուն շրջանում` 1943 թ., Ստալինի հրամանով Հայաստանում հիմնադրվում է Գիտությունների Ազգային Ակադեմիան, որը հաշված տարիներ անց դառնում է հսկայական կայսրության գիտական կենտրոններից մեկը, իսկ դրա ինստիտուտները համեմատվում էին ասենք Դուբնայի կամ Ցեռնի հետ: Թատերաբեմ է իջնում գիտնականների մի փայլուն սերունդ, որոնցից շատերը լավագույնն էին իրենց ասպարեզում ոչ միայն խորհրդային, այլև համաշխարհային կտրվածքով: Այս ամենին զուգահեռ սկսվում է նաև երկրի տնտեսության ինդուստրալացումը` այն է մեր վարչապետ Տիգրան Սարգսյանի երազանքը: Մեկը մյուսի հետևից սկսվում են հիմնվել արդյունաբերական ահռելի օջախներ, որոնց շարքում չկար միայն զենքի արտադրություն, ինչը պայմանավորված էր բացառապես Մոսկվայից թելադրվող ռազմավարական նկատառումներով, այլ ոչ թե հայ մտքի անկարողությամբ: 1970-ականների վերջին Հայաստանը բնակչության թվի և արտադրանքի հարաբերակցությամբ անփոփոխ Խորհրդային Միության առաջին եռյակում էր` հաճախ գերազանցելով անգամ Ուկրաինային կամ Բելառուսին:
Ինչպես և լինում է պատմության մեջ, գիտական ու տնտեսական առաջընթացն ուղեկցվում էր մշակութային աննախադեպ զարթոնքով: Ինչպես և գիտության ոլորտում, այստեղ էլ հայտնվում են մարդիկ, որոնք իրենց բնագավառում եթե առաջինը չէին աշխարհում, ապա միանշանակ հարմարավետ կգզային առաջին եռյակում: Գոհար Գասպարյանն ուԱրամ Խաչատրյանը դասական երաժշտության մեջ, Առնո Բաբաջանյանը էստրադայինում, Ալեքսանդր Թամանյանը ճարտարապետության ոլորտում և այլն: Զարմանալի է, բայց հայտնվում է նաև գեղագիտության տեսանկյունից բավական տանելի գրականություն, որի բներկայացուցիչներին, ի տարբերություն մեր օրերի հայ «նաբոկովների» ու «ջոյսերի», ժողովուրդը կարդում և սիրում էր:
Չնայած Գագիկ Ծառուկյանի հովանավորության իսպառ բացակայությանը`ցնցող հաջողություններ են արձանագրվում նաև սպորտում:
Կանտը (կամ էլ Հեգելը, արդեն հստակ չեմ հիշում) ասում էր, որ մշակութային առաջընթացը դա հասարակության բարոյական ներուժի ու քաղաքակրթվածության հայելային արտացոլումն է օբյեկտիվ իրականության մեջ: Եվ իրոք, բավական է նայել ասենք հենց նույն գերմանական դասական փիլիսոփայությանն ու դրան ժամանակակից գերմանական մշակույթի հարստությանը, որպեսզի առանց որևէ պատմական աղբյուրի օգնությանք կռահել, որ գերմանական ազգը 19-րդ դարասկզբին հասել էր իր առաջընթացի գագաթնակետին, ինչի ապացույցը դարձավ Պրուսիայի և դրա իրավահաջորդ կայզերական Գերմանիայի մուտքը պատմության համաշխարհային թատերաբեմ: Նույն գործընթացն էր արձանագրվում նաև հայ իրականության մեջ:
Կոմունիստական ֆունկցիոներներից, նոմենկլատուրայից և պահեստապետ-ցեխավիկներից վեր ձևավորվել էր մտավորականության մի ստվար շերտ, որն իր կարևոր դերն էր խաղում երկրի հասարակա-քաղաքական կյանքում` թելադրելով ժամանակի արժեքներն ու ձևավորելով հանրային գիտակցության կաղապարը: Անգամ պետական ապարատի ամենաստորին օղակներում, էլ չեմ խոսում կոմունիստական վերնախավի մասին, անհնար էր գտնել բարձրատոննաժ մեքենաների նախկին վարորդների կամ էլ բավական մութ անցյալով գործարարների: Դե իսկ «ախրաննիկների» ու համերկրացիներին մինչև մահ ծեծող մարդիկ ոչ միայն անմիջապես կարժանանային հասարակական ամենասուր քննադատությանն ու կստանային վտարակի կարգավիճակ, այլև կգնային ուղիղ բանտ, ինչն այսօր դժվար է պատկերացնել:
Հասարակությունը վերածվել էր մի ներդաշնակ օրգանիզմի, որտեղ յուրաքանչյուրը գտնվում էր այնտեղ, որտեղ և պետք է գտնվեր. վարորդները` ավտոխցիկում, գործարարները` ցեխավիկի «պատյանում», նոմենկլատուրան` պետական ապարատում, խառատը` հաստոցի առջև, դե իսկ մտավորականությունը զբաղվում էր մտավոր աշխատանքով, այլ ոչ թե կիսասոված զկռտալով:
Բացի այդ, կային անխախտելի արժեքներ և փոխադարձ հարգանք. երեխաները երազում էին դառնալ օրինակ տիեզերագնաց կամ էլ հոկեյիստ, քիչ ավելի խելացիները` Կելդիշ կամ Կապիցա, այլ ոչ թե օլիգարխ, հասարակ մարդիկ ձգտում էին փող աշխատել, բայց միաժամանակ չէին անում դա ռեկետի ու տեռորի միջոցով: Եվ ամենակարևորը. հասարակությունը անտարբեր նախիր չէր, որի աչքի առջև կարելի էր խախտել բոլոր նորմերն ու բարոյական հիմնադրույթները:
Ցանկը կարելի է շարունակ երկարացնել` ներկայացնելով գրեթե կործանված ու աշխարհում իր տեղը կորցրած մի ժողովրդի փոխակերպման անհավատալի պատմությունը: Սակայն այսքանը հերիք է: Հարկ է միայն նշել, որ դրական այս ամենի կողքին կար նաև ամենանողկալին ու անհանդուրժելին: Դրանք էին մարդու ես-ի և ինքնության ոտնահարումը, քաղաքական հալածանքներն ու բռնությունները, տեռորի և այլախոհության նկատմամբ անհանդուրժողականության մթնոլորտը, որը նորմալ մարդու համար կարող էր անտանելի դարձնել բնակությունը ԽՍՀՄ սահմաններում: Անտանելին անտանելի, բայց ասեմ, որ հայ ազգն այդ ամենից առանձնապես չի տուժել (չհաշված ստալինյան ռեպրեսիաները):
Հիմնականում տուժել են գերմանացիները և մնացյալ արևելաեվրոպացիները, որոնց համար «կարմիր» ռեժիմը օտար և խորթ մի երևույթ էր, իսկ դրա տնտեսական քաղաքականությունն իսկական աղետ, քանի որ քայքայում էր երկրների` ազատ շուկային համապատասխանեցված զարգացած արտադրություններն ու գյուղատնտեսությունը:
Բացի այդ, կար նաև քաղաքակրթական գործոնը, որն անհնար էր դարձնում ռուսների դարավոր հակառակորդ Արևելյան Եվրոպայի ենթակայությունը Մոսկվային: Սա է պատճառը, 1953 թ. գերմանացի աշխատավորները դուրս եկան Բեռլինի փողոցներ` ճանապարհին ավերելով ամեն ինչ, Բուդապեշտը 1956 թ. ողողվեց արյամբ, 1968 թ. խորհրդային տանկերը մտան Պրահա և այլն… Իսկ հայ ժողովուրդը 70-ամյա շրջանում երբեք էլ աչքի չընկավ այլախոհության օրինակներով կամ էլ բողոքի զանգվածային ցույցերով: Պատճառը չեմ կարծում թե վախն էր, ուղղակի մարդիկ քիչ թե շատ գոհ էին իրենց կյանքից ու իրերի գոյություն ունեցող դասավորվածությունից: Ինչևէ, սա արդեն կապ չունի բուն թեմայի հետ:
Խնդիրն այն է, որ եթե եվրոպացիների կամ էլ հենց նույն ռուսների համար խորհրդային տարիները բացարձակ աղետ էին ու չարիք, որովհետև դրանցով կործանվեց անցյալի ճոխ ժառանգությունը` փոխարինվելով նվազ արժեքավոր իրողություններով, ապա մեր ազգը բողոքելու տեղ առանձնապես չունի, քանի որ 20-ականներին Հայաստանը մի մեծ գյուղ էր, իսկ ընդամենը 50 տարի անց կարող էր ոտք մեկնել աշխարհիս ուզած երկրի հետ:
Այժմ անցնեմ գրառման այսպես ասած եզրափակիչ մասին, ու փորձեմ հասկանալ, թե ինչով ենք մենք այսօր պարտական խորհրդային ժամանակաշրջանին և ինչու պետք է գոնե մի փոքր ակնածանքով հիշենք այն:
Ինչպես ասեցի վերևում, Արևելյան Գերմանիան Բեռլինի պատի կործանումից և Գերմանիաների վերամիավորումից հետո հնարավորինս արագ ազատվեց խորհրդային ժառանգության մնացորդներից` համարելով այդ ամենն իրենց երկրի հասարակա-քաղաքական և տնտեսական կառուցվածքին օտար մարմին: արդյունքը սպասեցնել չտվեց: Ազատական Արևմուտքին տասնամյակներով զիջող Արևելյան Գերմանիան շատ արագ վերականգնեց երկրում խոր արմատներ ունեցող ժողովրդավարական կարգերն ու դրան ածանցյալ ազատ շուկան և սկսեց աստիճանաբար տնտեսապես ինտեգրվել Եվրոպային: Սա է այն հաղթաթուղթը, որ գերմանացիներին խորհրդային ռեժիմն ատելու արտոնություն է տալիս. այն խորթ էր իրենց, կասեցնում էր երկրի բնականոն առաջընթացը և վերածնված երկրում այլևս տեղ չկար ոչ խորհրդային կարգերին և ոչ էլ դրանց բերած «բարիքներին», քանի որ դրանք ուղղակի չկային: Եվ եթե այսօր քայլես Բեռլինով, ապա դժվար թե գտնես գեթ մի բան, որ թույլ կտա հարգանքով հիշել խորհրդային ռեժիմը:
Իսկ ինչ փոխվեց մեր երկրում 1991թ. հետո և ինչ կապ կա այսօրվա Հայաստանի ու ՀԽՍՀ միջև:
Բարեբախտաբար խորհրդային տարիները շատ մոտ անցյալ են, և կապը հասկանալու պետք չէ արխիվներ ու տարեգրություններ քրքրել: Կարելի է Բեռլինի օրինակով քայլել փողոցում և էմպիրիկ մեթոդով իսկ հասկանալ, թե ինչով է հայ ազգը պարտական խորհրդային դարաշրջանին:
Կարելի է «վոյաժը» սկսել Վստրեչի կամուրջից, որն արդեն մի երկու տարի է ինչ վերանորոգման մեջ է և ուղևորվել խորհրդային շրջանից մնացած մոնումենտալ կառույցները, որոնք առ այսօր հավատարմությամբ ծառայում են հայ ժողովրդին: Իհարկե, մեղադրել կառավարությանը թե Վստրեչի կամուրջը չեն վերանորոգում, այնքան էլ արդարացի չէ, որովհետև մենք դրա համար վարկ չենք ստացել Համաշխարհային բանկից, և ոչ էլ Արժույթի հիմնադրամից, բայց ընդամենը մի քանի հարյուր հազար դոլարանոց նախագիծը կյանքի կոչել չկարողացող պաշտոնյաներն ինչ իրավունքով են լռում խորհրդային տարիների մասին, երբ վայելում են դրա թողած մետրոպոլիտենը, օդանավակայանը, ենթակառուցվածքը: Նման կառավարություն հանդուրժող հասարակությունը ինչ իրավունքով է վատաբանում խորհրդային տարիները, մանավանդ որ հիմա դրա մեծ մասն ապրում է հենց խորհրդային տարիներին կառուցված բնակարաններում, քանի որ նորակառույցներում ապրելու համար պետք է մի քանի տարով դառնալ բանկերի ճորտ:
Ամեն ինչ այլ կլիներ, եթե Հայաստանը 1991թ. հետո «Ասիական չորս վագրերի»` Թայվանի, Հոնգ Կոնգի, Սինգապուրի և Հարավային Կորեայի նման միանգամից ֆանտաստիկ ցուցանիշներ արձանագրեր և ապացուցեր, որ խորհրդային ռեժիմը միմիայն խոչընդոտ էր մեր երկրի առաջընթացի ճանապարհին: Այս դեպքում, մենք լիաբերան կարող էինք փաստել, որ այդ տարիները լճացման ու հետընթացի ժամանակաշրջան էին, իսկ դրանց ժառանգությունն ուղղակի անպիտան է, քանի որ մենք շատ արագ կարող ենք ստեղծել նորն ու ավելի լավը:
Բայց արի ու տես, որ ինչքան էլ Վարդան Օսկանյանը կոտրտված հայերենով խոսում էր «կովկասյան վագրի» մասին, ինչքան էլ վարչապետը պնդում էր գիտահեն հասարակության ու գիտատար տնտեսության անհրաժեշտության մասին, ճգնաժամին զուգահեռ բացահայտվեց Հայաստանի արտաքուստ «վագրային» ցուցանիշների «կատվային» պարունակությունը, իսկ տնտեսության ամենագիտատար ճյուղը մնաց պահածոների արտադրությունն ու ծիրանի «արդյունաբերությունը»:
Վարչապետն անգամ տուրիզմի զարգացումն ու IT ոլորտի խթանումը հռչակեց պետական գերակայություններ, մինչդեռ բոլորս էլ գիտենք, որ գերակայության կարգավիճակ Հայաստանում ունեն շաքարի ներկրումն ու բենզինի վերավաճառումը: Եվ այս մարդիկ լռում են խորհրդային տարիների մասին, ասես իրենք դրանց ընթացքում ստեղծվածի վրա չեն բազմած:
Փաստորեն, 1991թ. ի վեր Հայաստանում կարելի է ասել ոչ մի նոր բան չի ստեղծվել, որ կարող էր ծառայել հասարակության և ազգի բարօրությանը: Այն ամենն ինչ մեզ շրջապատում է այսօր, դա խորհրդային տարիներից ստացված նվեր է. լինի դա մետրո, լինի բնակարան, լինի քաղաք կամ փողոց: Անգամ ծառերը, որ ջերմացրին հայ օջախները 90-ականների մութ ու ցուրտ տարիներին, մեզ հասել էին խորհրդային շրջանից...
Սա այն մասին, թե ինչ ունենք մենք հիմա: Իսկ այժմ այն մասին, թե ինչ ունեինք մենք 1991-ին, ինչ հնարավորություններ ու հեռանկարներ:
Խորհրդային միության փլուզումից հետո հայ ժողովուրդը Դավիթ Բեկից հետո մի քանի դար անց առաջին անգամ զինված ու «անբարոյական», այսինքն ռեալ հաղթանակ տոնեց: Ընդ որում, հաղթանակ մի պատերազմում, որտեղ բոլոր առավելություններն ու հաղթաթղթերը թշնամու ձեռքում էին: Այս հանելուկի պատասխանը պետք է փնտրել հանրային գիտակցության և հասարակական բացառիկ միահամուռության ֆենոմենի մեջ, որոնք իրենց գոյությամբ պարտական են խորհրդային շրջանում արձանագրված դրական տեղաշարժերին: Սա հավանաբար ամենաթանկարժեք, ու միաժամանակ ամենաչգնահատված նվերն է, որ մենք ստացել ենք ՀԽՍՀ-ից: Դա Ղարաբաղի հաղթանակն իրենց արյունով վաստակած ազատամարտիկներն են, որոնք հենց խորհրդային շրջանի ծնունդ էին և իրենց մտածողությամբ ու արժեքներով պարտական են հենց վերջինին: Ասեմ նաև, որ խոսքս իրական հերոսների մասին է...
Բացի այդ ունեինք գիտական և արդյունաբերական անգնահատելի բազա, ունեինք տնտեսական օբյեկտներ, որոնք իրենց ժամանակի համար առաջավոր էին ու մրցունակ միջազգային շուկայում, ունեինք խորհրդային ժառանգությունը շուկայական նոր հարաբերությունների մոդելով շահագործելու և իրական, այլ ոչ թե օսկանյանական «կովկասյան վագր» դառնալու հնարավորություն: Փոխարենը հրաժարվեցինք այդ ամենից և ընտրվեց տրամագծորեն հակառակ ուղղությամբ տանող ճանապարհ, որով էլ ընթանում ենք առ այսօր: Ու ակամա հարց է ծագում. եթե խորհրդային ժամանակաշրջանը կարելի էր բնութագրել որպես «մեկ քայլ հետ, երկու քայլ առաջ», ապա որն է դրան հաջորդող շրջանի սահմանումը...
Երեքշաբթի լուսադեմ, Հայկ
-
This comment has been removed by the author.
ReplyDeleteԵրկու քայլ հետ, մեկ քայլ առաջ-ն է հաջորդող ժամանակաշրջանի սահմանումը: Ապրես: Շատ լավն էր: Մի շնչում կարդացի
ReplyDeleteVerjin hatvacum mi qani harc arajacav mots, te nax ed in4 tntesakan obyektner uneinq vor mijazgayin shukayum mrcunak ein, ete amboxj XSHM-um nman obyektner chkayin, 4hashvac humq artahanox dzernakutyunneric. SOvetakan tntesutyuny lavn er mez hamar enqanov, vor dranic lavy 4enq unecel, bayc ete real nayenq hotacmi hamakarg er, vorum vo4 mi real orenq 4er gorcum, u mer stexcac anorak artadranqy partadrvac arnum er myus exbayrakan hanrapetutyuny, isk menq el urishiny, u erb mi entadrenq, sarnarani masery artadrvum ei tarber hanrapetutyunnerum, in4n el ira hertin stexcum er kaxvacutyun qaxaqakan gorconneric, isk soveti pluzic heto berec nran vor mer lampern u hastocnery ete nuynisk petq ein, apa miayn naxkin XSHM taracqum.
ReplyDeletepaterazmi, u transportayin hanguycneri veracman paymannerum 4em karcum, vor voreve mi ishxanutyun karoxanar mrcunak tntesutyun stexcel, u ashxatacnel dzernarkutyunnery, asenq nuyn lamp@ vonc er hascvelu Latviai sparox dzernarkutyany, u ete angam tangukrak hascver u ete angam hascver, azat shukayi paymannerum, ov karner ed artadranqy?
enpes vor yndhanur mtqi het, vor sovetakan tarinery tvecin mez amen in4, stexcelov mi erkri 0-ic, hamadzayn em, uxxaki ed hamakargyuner naev ir terutyunnery, voronq cankacac paragayum anhaxtahareli en.
maximum, in4 karar liner, ete veracarkvenq mer irakanutyunic, ed en er, vor paterazmi bacakayutyan u lav harevanneri arkayutna paymannerum stexcver nerdroxneri hamar gravich dasht, asenq ruminiayi tipi, u exacy modernizacver...
Կետ առ կետ պատասխանեմ ծագած հարցերին:
ReplyDelete"Տնտեսպես մրցունակ" բառակապակցությունը պետք չէ այստեղ հասկանալ բառիս բուն իմաստով: Պետք չէ ասածիցս ենթադրել, թե հայկական տնտեսությունը կարող էր միանգամից հանգիստ ոտք մեկնել Ասիայի ու Արևմուտքի արդյունաբերական տիտանների հետ ու գերազանցել դրանց: Այստեղ կարևորը այն հիմքն ու հենարանն է, որ մենք ժառանգել էինք, և այն ներուժը, որ ունեինք:
Հեռու չգնալով նշեմ Մերգելյանի անվան հաշվիչ մեքենաների ինստիտուտը: Աշխարհն այդ տարիներին թևակոխում էր մի նոր` համակարգիչների ու ինֆորմացիոն տեխնոլոգիաների դարաշրջան, և Հայաստանը ոլորտում մեծ հաջողություներ արձանագրելու փայլուն հնարավորություն ուներ: Ուներ, որովհետև կար Մերգելյանի թղած դպրոցը, կային փայլուն մաթեմաթիկոսներ, որ մասնագիտացել էին հաշվիչ մեքենաների` նույն համակարգիչների բնագավառում:
Բացի այդ, հայ գիտական միտքը չէր սահմանափակվում միայն հաշվիչ մեքենաներով: "Միջազգայնորեն մրցունկակ" էին հայ ֆիզիկոսներն ու քիմիկոսները, որոնց ներուժն ու նվաճումները հիմնարար գիտության ոլորտում կարելի էր վերածել տնտեսական հաջողությունների և արդյունաբերական ու գյուղատնտեսական բարձր ցուցանիշների, մանավանդ որ տնտեսական օբյեկտներ մենք արդեն ունեինք: Ճիշտ է, դրանք հաճախ զիջում էին արտասահմանյանին, բայց "ազատ շուկան" նրանով է լավ, որ շատ արագ կարող էս փոխառել տեխնոլոգիաները:
Կարճ ասած կար ներուժ, կար ահռելի ներուժ,կային փայլուն գիտնականներ ու "գիտատար տնտեսություն" ստեղծելու հնարավորություն: Ճիշտ է, այս ամենը պայմանավորված էր ահռելի դժվարւթյունների հետ, որոնցից շատերը այսօր անհաղթահարելի են թվում, բայց երբ նայում ես պատմությանը, հասկանում ես, որ անհնարին բան չկա: Երբ տեսնում ես ասիական տնտեսությունների գործած հրաշքները և հասկանում, որ ամեն ինչի հասել են 0-ից, երբ իմանում ես "գերմանական հրաշքի" մասին, սկսում ես ցավով գիտակցել, որ մեր ներկա ու նախորդ կառավարությունները նրանց մաշիկն էլ չարժեն...
Դե իսկ բորբոսնած համակարգի մասին մտքիդ հետ, Ստեփան ջան, լիովին համաձայն եմ, ու, ընդհանրապես, շնորհակալություն մեկնաբանության համար :)