Saturday, July 17, 2010

ԾԱԽՎԵԼՈՒ «ԱՐՎԵՍՏԸ»

Թե ինչքան թույլ է ու խզված Հայլուրի կապն օբյեկտիվ իրականության հետ, գիտեն անխտիր բոլորը։ Այդ երևույթի մասին գրել են իրենց քիչ թե շատ հարգող բոլոր լրագրողները, այն քննադատել են քիչ թե շատ կապակցված խոսք ունեցող բոլոր քաղաքագետներն ու հասարակական գործիչները (ինչքան հիշում եմ, նույնիսկ «Արմենիայի», ու, ընդհանրապես, հայ իրականության մեգաաստղեր Հայկոն ու Մկոն են անդրադարձել դրան)։ Ես, իհարկե, ոչ լրագրող եմ և ոչ էլ, բարեբախտաբար, հայ քաղաքագետ, դրա համար Հայլուրի՝ ապատեղեկատվության և դրա՝ «ուղեղներ լվալու» քաղաքականության մասին «հանճարեղ բացահայտումներից» զերծ կմնամ՝ թողնելով դա մեր մտքի տիտաններին։ Փոխարենը ուզում եմ տողերի վերածել ներսումս ծնված մտորումներից մի քանի հատված, որոնք իրենց հերթին իրենց ծնունդով պարտական են Հայլուրին, ավելի ճիշտ դրա ռեպորտաժներից երկուսին։
Կոմպի առջև նստած ինչ-որ տափակ օնլայն խաղ եմ խաղում։ Լսեցի Հայլուր լրատվականի եթերն ազդարարող երաժշտությունը (որը, ի դեպ, գրված է բավական ապաշնորհ ձեռքով) ու, խաղից չկտրվելով, ականջիս ծայրը ձգեցի հեռուստացույցի կողմ։ Սկզբից հետաքրքիր բան չկար. ինչ-որ պաշտոնական «վուլգառ» լրահոս, հետո մի երկու կադր ցույց տվեցին մեր օրերի Ֆրանկլին Դելանո Ռուզվելտ՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասին, որն (ինչպեսև Ռուզվելտը) ինչ-որ հրաշքով կարողացել է հաղթահարել համաշխարհային ճգնաժամը, այնուհետ էլի տենց անհետաքրքիր ու երրորդական բաներ։
Արդեն ուղեղս հիմնավորապես «լվացվել էր» ու ես կատարած պարտքի զգացումով ուզում էի ամբողջությամբ տրվել ինտերնետային տափակ խաղիս, մեկ էլ լսեցի Արմավիրում «Հանրապետականի» կողմից իրականացվող առողջապահական բնույթի բարեգործական ակցիայի մասին. դեռ չշրջված՝ հիշողությունս միանգամից տարավ 2003 թ.՝ խորհրդարանական ընտրություններ, երբ «Կենտրոն» հեռուստաալիքով առաջին անգամ տեսա առողջապահական բարեգործական նման մի միջոցառման ռեպորտաժը։
Հիշում եմ՝ տեսախցիկի առջև արագորեն իրար հաջորդելով հայտնվում էին ծեր տատիկների, հոգնած ու հյուծված կանանց դեմքեր, որոնք խորին երախտիքով ու վերերկրային երանության արտահայտությունն աչքերում շնորհակալություն էին հայտնում ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի ղեկավարությանը... գինեկոլոգիական զննման ու բուժման անվճար հնարավորության համար։
Դրան հաջորդում էր մեկ այլ ռեպորտաժ՝ արդեն նկարված գյուղական տեղանքում. արևահար ու խորշոմապատ դեմքով հողագործները, խորին երախտիքն էին հղում տեսախցիկից այն կողմ՝ դեպի իրենց համար անհաս, բայց այդքան ցանկալի պալատ՝ շնորհակալություն հայտնելով մի քանի պարկ սերմացուի համար։ Թե ինչ նպատակ ուներ այս ողջ կոմեդիան, ավելի շուտ տրագիֆարսը, կարծում եմ արդեն հասկացել եք. առջևում էին ընտրությունները, կար ինքնագովազդի, բարեգործի հեղինակությամբ օծվելու, էլեկտորատ հավաքելու և նախընտրական նմանատիպ այլ խնդիրներ լուծելու անհրաժեշտությունը։
Անհրաժեշտություն, որը հասկանալի է բոլորին, քանի որ ընտրություններում հաղթում է ամենալավ համբավ, հետևաբար ընտրողների ավելի մեծ բանակ ունեցող թեկնածուն։ Բայց որ հայ կինը կանգներ տեսախցիկի առջև և ի լուր ողջ աշխարհին պատմեր կանացի օրգանների հետ կապված առողջական իր խնդիրների, դրանց ծանրության և պատճառած տառապանքների մասին և այնուհետ շնորհակալություն հայտներ բուժման համար, դա ինձ համար անըմբռնելի էր ու ողբերգական։ Շշմած էի նաև հայ ռամիկի անկման խորությունից։
Գյուղացու մասին իմ պատկերացումներն իրենց բովանդակությամբ պարտական են Թումանյանի պոեմներին ու պատմվածքներին, Վահան Թոթովենցի վիպակներին և նա իմ գլխում նույնանում էր արժանապատվության խոր զգացումով, ավանդապաշտ և ոչ մեկի առջև գլուխ չխոնարհող անձի հետ, որը ողջ կյանքը պայքարում է քարի ու հողի դեմ, ընդունում բնության հարվածները, սակայն մնում անկոտրում, բախվում անմարդկային դժվարությունների, սակայն հաղթահարում դրանք։ Ու այդ ամենից հետո տեսնել ինչ-որ խեղճուկրակ գեղջուկների, լսել նրանց ստրկային շնորհակալությունը սերմացուի ինչ-որ մի քանի պարկի համար, համարժեք էր իդեալների ու բարձրագույն արժեքների կորստի։
Հավանաբար դա է պատճառը, որ այդ օրն ու այդ ռեպորտաժը հավերժ մնացին գլխումս, իսկ ես ատելությամբ լցվեցի հայ խորհրդարանի, հայ քաղաքականության, հայ քաղաքական գործիչների և դրանց հետ կապված ամեն ինչի նկատմամբ։
Իհարկե, անցավ ժամանակ և սկսեցի հասկանալ, որ իրենց ստորացման մեջ հիմնականում մեղավոր էին հենց այդ մարդիկ, որոնք նյութական չնչին արժեքների դիմաց ծախում էին թե իրենց և թե իրենց ընտրական ձայնը, իսկ գործարար-խորհրդարանականն ուղղակի առաջնորդվում էր պահանջարկ-առաջարկի սկզբունքով։ Հետո հասկացա նաև, որ այդ մարդկանց բարոյազրկման ու հոգևոր անկման համար մեղավոր են գործարար-խորհրդարանականին նախորդած ղեկավարները, որ մարդկանց իջեցրին անասնական կարգավիճակի, դարձրին կյանքի նկատմամբ անտարբեր բույս, ինչպես նաև թույլ տվեցին նման գործարարների ծնունդը հայ իրականության մեջ, բայց սա արդեն այլ թեմա է։
Էականն այն է, որ այդ ժամանակ ինձ շշմեցրած բարոյական դեգրադացիան այսօր ոչ միայն չի դադարել, այլև շարունակվում է՝ ստանալով ավելի ու ավելի կոր վերելք։ Եթե 2003-ին կենսամակարդակը անհամեմատելի ցածր էր, իսկ տնտեսական աճը դեռ նոր-նոր էր սկսվում, և մարդկանց նման «ինքնազոհողությունը» մասամբ հասկանալի էր, ապա այժմ հայ ժողովուրդը, համենայնդեպս դրա մեծ մասը, չունի ֆինանսական անլուծելի խնդիր։
Իհարկե, երբ «Հանրապետական» կուսակցությունն Արմավիրի բնակիչներին հրամցնում է բուժման անվճար հնարավորություն, դա ինքնին հիանալի բան է, բայց երբ այդ ամենը ներկայացվում է մի քանի վարկյանը մեկ մեջբերելով. «Հանրապետական» կուսակցության շնորհիվ, հանրապետականների ջանքերով, իշխող կուսակցության նախաձեռնությամբ, և այլն...» արտահայտություններ, իսկ բոլոր հիվանդները շնորհակալական խոսքեր են հայտնում տեսախցիկին, և բացի այդ հստակ գիտակցում են, որ այս ամենն արվում է որպես կանխավճար հետագա ձայների դիմաց, դա արդեն գարշելի ու սրտխառնուք ծնող մի բան է՝ մարդ արարածի անկման վառ օրինակ։ Ընդ որում, բուժվողներից յուրաքանչյուրը փայլուն գիտի, որ բուժման այդ պրոցեդուրաներն իրենց հասնում են օրենքի թելադրմամբ (դա անգամ շեշտեց Հայլուրի «օբյեկտիվ» թղթակիցը), սակայն մուրալ-ստանալը մեր երկրում սեփական իրավունքների համար դժվարին պայքարի արժանապատիվ ուղուց առավել քան նախընտրելի է։
Զավեշտալի է, բայց այս ռեպորտաժին անմիջապես հաջորդեց մեկ այլը, որն ավելի ընդլայնեց մռայլ խոհերի շրջանակը։
Հայաստանում գոյություն ունի երիտասարդական կազմակերպություն, որը հայտնի դարձավ բազմաթիվ անմեղ դասխոսներին կաշառակերի պիտակ կպցնելու և այնուհետ նրանց նկարները քաղաքում տարծելու՝ բարոյականության տեսանկյունից ոչ այնքան հիգիենիկ ակցիայով։ Կազմկերպությունը, չգիտես ինչու, կոչվում է «Միասին»։
Ուրեմն, Հայլուրի թղթակիցը մեկնել էր Սևանա լիճ, որի ափին էլ իր ճամբարն էր զարկել այդ «Միասինը»։ Հասկանալի է, դասախոսների նկարները պատերին փակցնելը, «Հանրապետական» կուսակցության կազմակերպած միջոցառումներին մասնակցելը բավական ծանր աշխատանք է, և միասինականներն այժմ հանգստանալու, կազդուրվելու կարիք ունեն, նամանավանդ որ առջևում դեռ շատ ծանր օրեր են սպասվում։
Ասեմ, որ սույն կազմակերպության անդամների թիվը հասնում է հինգ հազարի, և քանի որ նրանք «Միասին» են, ապա և հանգստանալու են եկել միասին։ Հանգստի ծախսերը հոգացող կազմակերպության անունն էլ կարծում եմ բոլորդ կռահեցիք. «Հանրապետական» կուսակցություն։ Այս կյանքում ամեն ինչի համար հարկ է վճարել՝ լինի դա մեկի բարեհաճ վերաբերմունքը, լինի հաջողություն ուսման մեջ, թե հանգիստ Սևանա լճում։ Թե որն է «Միասինի» վճարածը Հայաստանում նեոնժդեհականության հիմնասյուն «Հանրապետականին», կարծում եմ նույնպես գուշակեցիք. ակտիվ մասնակցություն կուսակցության միջոցառումներին, անխախտ հավատարմություն քաղաքական կանքում, անհաշտ պայքար նեոնժդեհականության բոլոր ընդդիմախոսների դեմ և այլն... Դե իսկ «Հանրապետականն» էլ անխնամ չի թողնում իր երիտթևին ու բացի ամառային հանգստից պարգևում առաջխաղացման հնարավորություններ կարիերայում, յուղոտ պաշտոններ պետական համակարգում, զեղչեր համալսարաններում։ Այսինքն, դեռ համալսարանում սկսվում է ուրվագծվել ապագա նոմենկլատուրայի շարքերը, սկսում է պղծվել երկրի ապագան, որն իբր պետք է կառուցեն հենց այդ նույն ծախված ուսանողները՝ արմատահան անելով ծախվածությունն ու կոռուպցիան, ձևավորելով առողջ հասարկություն։
Իհարկե, քաղաքացու արժանապատվությունը կորցրած, անասնական վիճակի հասված մարդիկ, նոմենկլատուրային ոգով ու ծախու էությամբ երիտասարդներ կան ամենուր։ Բայց այն մասշտաբը, որ այդ երևույթը ստացել է Հայաստանում, դառնալով ընտրությունների, քաղաքական կյանքի, հասարակական անցուդարձի կարևոր բաղադրյալը, մղում է ողբերգական մտորումների ծիր՝ պայմանավորված առանց փոփոխությունների ապագայի հեռանկարի հետ։
Մի երկրում, որտեղ ազգի զգալի մասը ոչ թե ապաքաղաքականացված է, այլ պատրաստ է իր ձայնը վաճառել մի քանի գռոշի դիմաց, համակերպվել ամենաճչացող կեղծիքների, գանձագողության ամենաակնհայտ դեպքերի հետ, իսկ ուսանողության քիչ թե շատ կրթված հատվածը «անցումային տարիքից» դուրս գալուց հետո անմիջապես անդամագրվում է նոմենկլատուրային կառույցներին (վստահ եմ, որ թեկուզ նույն «Միասինի» ոչ բոլոր անդամներն են այդպիսին. ասածս վերաբերում է ճնշող մեծամասնությանը)՝ հուսալով մի երկու քառակուսի մետր տեղ գտնել արևի տակ, չի կարող ու չի էլ լինի ժողովրդավարություն և օրենքի գերակայություն։
Սրանք հասկացություններ են, որոնց առկայության համար որպես պարտադիր նախապայման անհրաժեշտ է սեփական իրավունքները գիտակցող, իրեն՝ որպես իշխանության միակ աղբյուր համարող, ինքնիշխան ու կուռ քաղաքացիական հասարակություն, որը կվերահսկի ու կկառավարի իր իսկ ընտրած ղեկավարներին՝ միաժամանակ հետևելով հանրային շահը պահպանող օրենքների անխախտությանը, անհրաժեշտ է բարոյական և առողջ միջավայրում ձևավորված սերունդ, որ պատրաստ կլինի ուսերին վերցնել ապագայի մարտահրավերների ծանրությունը, այլ ոչ թե հպատակ-նոմենկլատուրաներ։ Միայն այդ ժամանակ է, որ էլ չեն լինի ստորացվող կանայք, որ պարտադրված շնորհակալություն կհայտնեն կեղծ-բարեգործներին, որովհետև նորմալ երկրներում քաղաքացիների համար բուժումն անվճար է, չեն լինի մարդու կերպը կորցրած ու սերմացու մուրացող հողագործներ, որովհետև կվարձատրվեն ըստ իրենց աշխատանքի ու քրտինքի։
Ուղղակի անասելի ծանր է այն գիտակցումից, որ այդպես չի լինի… Չի լինի, որովհետև նոմենկլատուրան ու ստրկմիտ «քաղաքացին» անզոր են վեր բարձրանալ անասնական վախերից ու հաղթահարել ինքնապահպանության կենդանի բնազդը...

Շաբաթ լուսադեմ, Հայկ

P.S. Քաղաքական բովանդակությամբ մտքերին հաջորդեցին ավելի կենցաղայինները։ Ակամա զուգահռներ տարա իմ ու նոմենկլատուրայի միջև, փորձեցի հասկանալ, թե ես ինչ եմ շահում նոմենկլատուրա չլինելով, իսկ նրանք ինչ։ Վեջում հասկացա, որ չկա որևէ կոնկրետ նյութական շահ, որ բերում են սկզբունքներս ու բարոյականություն կոչվող մնացյալը։ Իրոք չկա։ Իսկ նոմենկլատուրան աճում է ու փթթում, դառնում երջանիկ ու ապահով։ Չգտնելով որևէ տրամաբանական փաստարկ և ջղայնանալով կյանքի անարդարության վրա, անսպասելիորեն պայծառացա։
Խնդիրն այն է, որ աշխարհում կա երկու տեսակի մարդ։
Մի խմբի ներկայացուցիչները, չնայած ապրում են (կամ էլ ապրել են) ստորաքարշ կյանքով, սողացել որտեղ ասես, բայց վերջում դառնում են բարեկեցիկ, դառնում են «պաշտոնավոր», ստեղծում ապահով ու փափուկ կյանք։ Դե իսկ դրանց կողքին կա նաև մարդու մյուս տեսակը. նրա կյանքը հենց սկզբից դժվարություն է ու պայքար։ Այնտեղ չկան կտրուկ թռիչքներ կարիերայի աստիճաններով, բայց նաև չկան ստորացումներ ու պետի գրասենյակից լսվող հայհոյանքներ, այնտեղ չկան հեշտ տրվող պաշտոններ կամ բարիք, փոխարենը շատ են հիշողություններն անքուն գիշերների ու հաստափոր գրքերի մասին, այնտեղ չկան հայրական ճոխ նվերներ ու փափկասուն ապրելակերպ, փոխարենը աննկարագրելի է մի նոր պատնեշ հաղթահարելու, մի նոր բարձունք նվաճելու, հերթական անգամ ամենի նկատմամբ սեփական գերազանցությունն ապացուցելու բերկրանքը…

3 comments:

  1. Բրա՜վո, Հայկ՝ այլ բառ չեմ գտնում պարզապես...

    ReplyDelete
  2. Գյուղը շատ ավելի իրական է Հրանտ Մաթևոսյանի մոտ, վախենալու չափ իրական, ասես հեռվից կանգնած նայում ես մարդկանց։))) Ու տխուր, ափսոս։ Իսկ առաջին գրառումը ՄԱԲՐՈՒՔ ՄՈՒԲԱՐԱՔ։)

    ReplyDelete
  3. Շատ լավ հոդված է

    ReplyDelete