Thursday, July 8, 2010

63 օր 3*365-ի ընթացքում

Նստած ինչ որ մի բան եմ գրում, ավելի շուտ գրածը՝ 2003-ին, փոխում եմ, արդեն որերորդ անգամ։ Այն նախ հայերեն էր, իր տրամաբանությամբ, հետո ռուսերեն, հղումների սեփական բազայով ու այդ բազայի հիմքում դրվող գիտական գիտելիքով, հետո այն վերածվեց գերմաներենի, ինչն իր հետ բերեց այս ամենը, առաջին հերթին «գիտելիքը» վերանայելու անհրաժեշտություն։ Վերանայումները, իհարկե հեշտ չեն, քանի որ ամեն անգամ հղումների նոր կորպուս են պահանջում, իսկ դա՝ ժամանակ։ Մի խոսքով, հեշտ չէ, արդյունքում կրկին փիլիսոփայելու հնարավոր առիթ։) Ավանդույթի մասին։

Ժամանակի ու ընթացքի շարունակականության ու խզման շուրջ անընդհատ մտածում եմ, երբեմն նաև բլոգում, ինչ-որ մոդելներ ու մեխանիզմներ գծում, որոնք այս կամ այն պահին պիտի օգնեն կողմնորոշվել ու հետագա քայլեր ձեռնարկել։ Ինչ որ ժամանակ կորում է հենց այդ մոդելների վրա, որոնք իրականում, կամ «հայերենով» կոչվում են «կողմոնորոշվել իրավիճակում կամ շուստրություն, բջություն ունենալ»։ Իհարկե, ոչ թալանելու կամ առևտրային հարաբերություններում հաճախորդին անպայման ու անհագ ցանկությամբ խաբելու տրամաբանությամբ։ Հաճախորդին պետք է հարգել ու ոչ թե խաբել, այլ համագործակցել նրա հետ։ Սրա ու Դուբայի մասին հետո կգրեմ։
Բջության մոդելներ այդպիսիք պետք են, որպեսզի նախ կարողանաս ընկալել, հետո դրա հիման վրա հետագա քայլերը պլանավորել։ Իսկ ընկալել պետք է, թե ինչու այն, ինչ քո համար ավանդույթ է, լավ իմաստով ավանդույթ, որի վրա կառուցված է ոչ միայն քո հասարակությունը, այլև քո գիտությունը, գիտելիքը, չի գործում մեկ այլ վայրում։ Պարտադիր չէ, որ քո գիտական ավանդույթը թույլ է, ոչ, այն թույլ չէ, այդ ավանդույթի վրա 250 կմ հեռավորությամբ գիտական դպրոցներ են մինչև հիմա գործում ու զարգանում ու զարգանալու են ու սերունդներ են թողարկելու։ Բայց արի ու տես 250 կմ այս կողմ, այն չի գործում, ավելի շուտ այլ կերպ է ընկալվում։ Որովհետև այս 250 կմ-ի վրա գործող դպրոցն իրականում գալիս է 5000 կմ հեռավորությունից, իր սեփական ավանդույթով, որը ձևավորվում էր կրկին 1960-ականներին, քոնի հետ զուգահեռ, չէր զիջում, սակայն կտրուկ էլ չէր գերազանցում քոնին։
Բայց հետո ժամանակն ու հնարավորություններն ուրիշ էին։ Այն ինչ կոչվում էր Սառը պատերազմ, որն ավարտվեց, ավարտվեց բաց սահմանների օգտին, արեց իրենը։ Սակայն ֆիզիկական սահմանները կարելի է բացել մի քանի րոպեում, ի՞նչ անել գիտական սահմանների հետ։
Համագործակցելու հնարավորությունը նեղ է, փոխկապակցելունը նույնպես, որովհետև տարբեր հիմքերի վրա են, հիմքից պիտի սկսել, ինչն ամեն մարդու ուղեղի բան չէ։ Մեկ այլ տարբերակ է ընտրել երկու այդ ավանդույթների միջև ու լքել սեփականը, ոչ իհարկե ամբողջովին, բայց հիմնականում, ու սկսել նորից։ Սկսել ուրիշ լեզվական նշանից, բառից, բառաձևից, ձևույթից, հարացույցից, բառերի դասերի, խոսքի մասերից, հետո մի քիչ բարդացնել, հետո կողմոնորոշվել, թե ինչպես ես դու գրում, գիտական բանավեճը ինչպես պիտի ծավալել ու այսպես շարունակ։ Այսինքն այն, ինչ սովորելու կամ չսովորելու վրա ծախսել ես տարիներ, ու էներգիա ու ժամանակ, որոնք էլ չունես, պետք չեն այս հասարակությանը։ Քո սեփականում դեռ կարելի է յոլա գնալ կամ տանել։
Սա դեռ մի կողմ։ Իսկ ինչպես վարվել, երբ այս ամենը ոչ թե շարունակական բնույթ ունի, այլ հատվածական, ասենք սահմանափակվում է 63 օրով։ Հետո 365*3 օրով կտրվում է ու հույս, որ էլի 63 օրով այս ամենը կրկնվելու է։ 63 օրը վերածվում է հիացմունքի ու տանջանքի ու ցավի, որ 3*365 օր կորել է, այդքան հետ ես մնացել ընթացքից։
Այսինքն պիտի ընթացք ընտրել, ընթացք, որը հատվածական չէ, շարունակական, որ այսօրվա քո կարդացած մեկ հոդվածը գործելու, այլ արժեքի՝ նյութական կամ ոչ նյութական, է վերածվելու անընդհատ, ոչ 63 օրով։
Ստացվում է, ապրում ես 63 օր 3 տարին մեկ և՝ 7-ից հանած 2 օր պարբերականություններով 3 տարի։ Երկու տարբեր, շատ տարբեր մարդիկ ու երկու տարբեր իրականություններ։
Հիանալի իրականություն է, համաձայնեք։)))
Իրականություն, որը ոչ մի լավ հեռանկար չի խոստանում, առայժմ չի խոստանում կամ էլ «աստված օղորմած է», հայկական տիպիկ տրամաբանություն, որի միակ հույսը իրադարձությունների պատահական ու քո անձի համար բարենպաստ, սակայն տեսականորեն կամ վիճակագրորեն խիստ անհավանական կամ քիչ սպասելի համատեղում մի վայրում ու մի պահի, որտեղ պիտի դու ինքդ մի կերպ կարողանաս խցկվել։
Ես կնախըտրեի շարունակական ու ամենօրյա աշխատանք, մեկ միասնական ընթացքով, բազմաթիվ դժվարություններով, քանի որ դրանցից վախենալ պետք չէ, դրանք հաղթահարելի են ամեն դեպքում, արդյունքն է պարզապես տարբեր լինում։ Բայց ուրախանում եմ 63 օրվա համար, որի ընթացքում պիտի հասցնել անել կորսված 4*365-ը։
Հիանալի է, անկեղծ, բայց մի քիչ սադո-մազոխիզմ է հիշեցնում։)

Հինգշաբթի գրադարանում, Մարատ

Հ.Գ. Վուրցելը, Հարիսը, Անդերսոնը, Արոնովը, Բերգենհոլցը, Մուգդանը, Բայբին ու Զալիզնյակը, Գլադկին, Ժոլկովսկին, Մելչուկը, Ապրեսյանը, Բաբիցկին, Մարտեմյանովը, Պլունգիանը լավ, բջոտ տղեք են (Բայբին իգական սեռի է), ափսոս սահմանի այս ու այն կողմում են ապրել։ Հովոն, Վերստեղը, Տրուպոն, Լառշեն ու Գաբուչը նույնպես, Ֆրոլովը, Տալմոնը, Լեվինը «եվրեյ» են (հրեաատյաց չեմ, Վ-ալլահի), նրանք հաշվի մեջ չեն։ Բա մեկը լինի հարցնի, ինձ ի՞նչ։ Գլոբալիզացիան զիլ բան է։

Հ.Հ.Գ. Արա, քեֆս բերում են սրանք, մի հատ բան էր պետք ստուգել, թե ով է Աբու Հասանը։ Գիտեք ինչ արի, Легким движением руки պատվիրեցի F. Sezgin, Geschichte des arabischen Schrifttums, Bd. 9, Leiden, որը սպասարկեցին 15 րոպեից, հետո խնդրեցի որ այլևս գրապահոց չտանեն դա, քանի որ գիրքը մոտ ապագայում էլի է պետք գալու, խնդրեմ, հարց չկա ու պարզվեց, որ խոսքը Abū l-Ḥasan al-Aḫfaš (gest. 215/830)-ի մասին է։ Գրադարան եմ ասել հա։(

2 comments:

  1. Բարև, ես այսօր պատահաբար տեսա ձեր գեղեցիկ բլոգը ու ուրախ եմ, որ ևս մեկ հայ բլոգեր գտա համացանցում այն էլ Բլոգեր ընկերության հնարավորություններից օգտվող մի բլոգեր: Ես այդեն հինգ տարի է որ բլոգեր եմ և քիչ ու շատ ազատ ժամ գտնում ու գրում բլոգումս: Հիմա մտադիր եմ մի գլուխ բացել բլոգումս ու բոլոր հայ բլոգերներին, որը լուրջ աշխատանք են տանում այնտեղ գրանցել, ուրախ կլինեմ, որ այս բլոգն էլ ներառեմ այնտեղ:
    Հաջողություն եմ մաղթում ձեզ:

    ReplyDelete
  2. Ողջույն Արթին, ուրախ եմ, որ Բլոգերում նույնպես համախմբվում են կամ փորձում եմ համախմբել հայ բլոգերները, ինչը սովորական է ասենք LiveJournal-ում։ Եթե ինչ-որ կերպ կկարողանամ օգտակար լինել քո բլոգային ծրագրերում, սիրով։
    Հարգանքով

    ReplyDelete