Գրելու անհագ ցանկության կա, բայց թե ինչ, անհայտ է, հոգնած եմ, նոր եմ տուն մտել, ինչ որ երգեր եմ լսում, որոնք հավանում եմ, հավանում եմ վաղուց, առաջին իսկ պահից, երբ վերցրեցի դրանք ուկրաինացի Յուրոկից, 2003-ի աշնանը՝ Океан Эльзи, խմբի անունը։ Հետաքրքիր տեմպեր են, գործիքավորում, խռպոտ ձայն ու այս ամենի համադրում, որը թույլ է տալիս դրանք անընդհատ լսել, չհոգնել։ Լսում էի ու մտածում, տաղանդավոր տղա է, հետո ինքս ինձ մտածում, բա հետո։ Մտածում հատվածական, իրար հաջորդող կադրերի պես, որոնք այստեղ ու այնտեղից ու շատ արագ, ահավոր արագ, որոնք վերջում ոչ մի պատկեր չեն տալիս, բայց ինչ-որ ֆոն կամ կոնտեքստ կամ երանգ ու գունավորում են ստեղծում, միգուցե և տրամադրություն ու կյանքին նայելու կերպ, եղանակ, ձև, ցանկություն, տեսակ ու այսպես շարունակ։ Դատարկ բառեր են, իհարկե բառերը չեն դատարկ, դրանց այս շարադրումը։ Հոգնած եմ, երգեր եմ լսում ու ինչ, ու ոչինչ ու էլի ոչինչ ու ոչինչ ու ոչինչ։
Հա, մտածում էի, նայես ինչու է տաղանդավոր, ծնվել է, թե էլի շատ է կարդացել, կամ այս դեպքում շատ է երգել։ Հետո մի ուրիշ կադր եկավ, ֆեյսբուքից, գրառման տեսքով, հետաքրքիր բաներ են մեկ-մեկ պատահում էդ Ֆեյսբուքում, հետաքրքիր մարդկանց ես հանդիպում, որոնք սիրում եմ գրել։ Հետաքրքիր բան է գրավոր մշակույթը, մանավանդ մարդկանց համար, ովքեր խոսելու հետ շատ զահլա չունեն։
Հետո ուրիշ կադր, մտածում էի, ինչու են ոմանք շատ հեշտ լեզուներ սովորում, մյուսներին դա դժվար է տրվում, հետո էլի կադր, որ երբեմն դժվար է ցանկացած լեզվով, որովհետև շարադրանքի բան չկա, չնայած մայրենիով շատ արագ է ստացվում ու երբեմն դատարկ շարան, գեղեցիկ ու բարդ, բայց դատարկ շարան։
Հետո էլ կադր, թե ինչու է օրինակ նա հաջողակ, ծնվել է, թե շատ է կարդացել կամ երգել։
Հետո ուրիշ կադր, թե իրիկունը տղեքով նստած, մեր տանը, որը դեռ պիտի լինի, գարեջրում ենք, չնայած աշխատանքից հետո է, բայց շան պես հոգնած չենք ու մի քիչ էլ էներգիա է մնում ծնոտը շարժելու, որպեսզի մի երկու հոդաբաշխ բառ դուրս գա ծնոտի ու լեզվի շարժումից։
Հետո ուրիշ կադր, թե ֆեյսբուքյան գրառումները, խելացի տղա է, նորմալ, հեռու կգնա, միգուցե մի բան ստացվի, միայն չհոգնի ճանապարհից կամ ճանապարհ գտնի։
Հետո ուրիշ կադր, բայց լավ է երգում, երևի շատ է կարդացել, կամ իրոք տաղանդ ունի։
Հետո էլ Մյուլլերը, անունը չեմ հիշում, Գերմանիայի հավաքականում է, ամենաերիտասարդը, ինչքան գիտեմ, մտածում եմ նա էլ է տաղանդ, թե փոքր ժամանակ ֆուտբոլ է իր հավեսով խաղացել ու բանակում նույնպես, կարևոր չէ, նա էլ հեռու կգնա, ճանապարհն ամեն դեպքում գտել է։
Հետո, թե հետ գնամ ինչ եմ անելու, ու համալսարան ու «Կապիտալ» ու էլի լիքը բաներ։
Հետո էլի ճանապար ու արագություն ու վազք ու ցանկություն կամ դրա բացակայություն կամ վազք, դեպի ուր անհայտ է, այս ու այն կողմ, ավելի շուտ անիզան։ Իզանը լավ բան է, անգամ գիշերվա մեջ խարխափել պետք չէ, քո գիծը գիտես, բռնել ես, քո հավեսով գնում ես, գիտես ուր ու ինչի համար։
Հետո էլի Մյուլլեր ու գերմանացիներից մեկը, թե er ist so selbstbewußt, բառարանում որ նայեք, հայերեն կամ ռուսերեն տալու է ինքնավստահ, գոռոզ, ամբարտավան։ Բայց ճիշտ չի տալու թարգմանությունը, ավելի շուտ իզանով, գիտի ուր, ինչի համար, գիտի ինչ է անում ու ինչու է անում, այսպիսի հարցեր չի տալիս իրեն, անիմաստ հարցեր են դրանք։ Սա պիտի լինի բառարանում, բայց չկա։
Ու էլի կադր, երբ դու անում ես այն, ինչ անում ես, ոչ ոքի չես նայում, չես հարցնում, անում ես, որովհետև գիտես ու պետք է կամ ուզում ես կամ տեղին է կամ ճիշտ է, չնայած ով գիտի ինչն է ճիշտ, բայց թե դու անում ես, որովհետև իմաստ ես տեսնում դրա մեջ։ Հետո ուրիշներն էլ են սկսում անել կամ կողքից խփել, նայած ով ու նայած ինչ ես անում։
Հետո էլի վազք ու Մյուլլեր ու ֆուտբոլ ու բրազիլացիներ ու ֆեյսբուք ու այս ամենը մի կադրի մեջ։ Շատ չեմ հիանում ֆուտբոլով, ոչ այնքան, ինչքան ասենք ծանրամարտով, որովհետև ծանրամարտն ինձ հիշեցնում է ծանր ու անձրևի տակ մնացած թաց «տուկերը» ԿամԱԶ-ի վրա, բարձ շարքերի վրա տալը, կամ էլ երբ տուկ կապողը փինաչի է, ու պրեսը նորմալ ռեգուլիրովկա չի տվել ու երկար տուկեր են, որոնք ծանր են, սովորական 15-20 կգ-ի փոխարեն 30-ի մոտակայքում։ Ու տղեքի ու հայրերի ու հորեղբայրների տղամարդկային պարծանքը, որ կարողանում է եղանով տուկը ոչ միայն գետնից կտրել ու ԿամԱԶ-ի վրա տալ, այլ վերջին պահին շպրտել, որ վերևից կարողանան բռնել, շատ բարձր են շարքերն արդեն։ Ահա թե ինչու եմ սիրում ծանրամարտը։ Ամուր, նիհար ու ջլոտ, մկան չկա, ջլեր են միայն, հորեղբորս է հիշեցնում։
Հետո էլի բրազիլացիներ, ավելի շուտ ֆեյսբուքում բրազիլացիների մասին, թե պրագմատիկ էին խաղում, սիրուն չէր, կրվեցին, «համ խաղիղ եղանք, համ էլ իրենք կրվեցին»։
Հետո էլի մրցակցություն ու վազք ու ընթացք ու արդյունք ու պրագմատիզմ ու վստահություն ու գիտակցում, թե ինչն է կարևոր այս ամենից ու ֆուտբոլ ու բրազիլացիներ, որոնք սիրուն չէին խաղում, կամ միգուցե խաղում էին, բայց միևնույն է պարտվեցին։ Ինչն է կարևոր, սիրուն հարվածներ դեպի դարպասը, թեկուզ անարդյունք, թե 90 րոպե անիմաստ վազք ու մեկ գնդակ, հաշվարկով գնդակ ու վերջ։ Չնայած հաշվարկի մեջ էլ գեղեցկություն կա, հաշվապահների կամ էլ ամեն ինչի մեջ համակարգ տեսնել ձգտողների համար, ազարտ չկա։
Ով է ազարտի մասին խոսում։) Սա ես չեմ։)
Բայց լավ է երգում, չնայած ալբոմի բոլոր երգերն արդեն լսեցի։ Միգուցե տաղանդավոր է, դա թույլ է տալիս տեսնել այն, ինչ չկա, կամ չի երևում, կամ կամավոր չեն ուզում կամ չեն կարողանում տեսնել շատերը, պիտի ցույց տալ։
Էլի չեմ հասցնում, ինչը, ինչի համար, մինչև երբ, մի ժամ շատ արթնանալ ամեն օր չի լինում, ամեն ինչ հնարավոր չէ կարողանալ, իմաստությունը եթե տաղանդ չէ, ապա տարիներ ու աշխատանք, մի ուղղությամբ ու ոչ անիզան խարխափոց մթության մեջ։
Ու էլի մրցակցություն ու էլի ճանապարհ ու … մութն ընկավ, երկար օր էր, հոգնած։
Երեքշաբթի իրիկուն, Մարատ
Հ.Գ. Maisel's Weisse
No comments:
Post a Comment