Կարդալ ու անընդհատ կարդալ հիմա ավելի շատ է ստացվում, ժամանակն է թույլ տալիս։ Կարդում ես ինչ պետք է, ձեռքի հետ նաև ինչ-որ այլ բան, որը հենց այդ վայրկյանին է պետք։ Մեկ-մեկ հետաքրքիր բաներ ես կարդում, որից հաճույք ես ստանում, մեկ-մեկ էլ այնպիսի «գրվածքներ», որ հետո ափսոսում ես դրա վրա ծախսված ժամանակի համար։ Շատ ավելի վատ տարաբերակն էլ կա, երբ այդպիսի «գրվածքը» իրականությունից հեռու է, իսկ շատ ավելի-ավելի վատ, որ այն ոչ միայն հեռու է իրականությունից, այլ այդ իրականությունը, իրենց իսկ բառերով, «հոգեխանգարմունքի» բեկմամբ է տեսնում ու էլ ավելի վատ, երբ այդ հոգեխանգարմունքային կերպը փորձում է որպես իրականություն ու ադեկվատ իրականություն «առաջ բրթել»։ Իսկ ամենավատը, ավելի շուտ զզվելին, որից նվազագույնը նողկում ես, իմ սպիտակցի ընկերն ասում էր (կներեք) «....ելդ գալիս է», երբ այդ ամենը նեղ անձնային շահերի կտրվածքով է։ Այ սրա ու էլի մի քանի այլ «բան»-երի մասին։
Շատերը գիտեն ինչի մասին է խոսքը, իսկ ով գլխի չի ընկնում, ուրեմն կարևոր չէ, նա միգուցե այլ բան գտնի այս գրառումում։
Նախ հոգեխանգարմունքից։ Այն հիանալի կոնցեպտ է, պարզապես գանձ լեզվաբանի համար, չեք պատկերացնի։ Այն ընդամենը մեկ բառ չէ, այն այն ամենն է, ինչ սկսվեց նախընտրական քարոզարշավով ու վերջացավ մարտի 1-ով ու տևեց մի քանի ամիս։ Այդ մի քանի ամիսների ընթացքում փոխվեց մարդկանց ու հասարակության գիտակցությունը ու այդ ամենը արտահայտվեց մեկ բառում՝ հոգեխանգարմունք։ Եթե չեմ սխալվում, կոնցեպտի «հեղինակը» Ա.Հովսեփյանն է, եթե նա է, ապա նրան պիտի շնորհել 1991-ից ի վեր նվազագույնը լավագույն լեզվակրի տիտղոսը։
Հոգեխանգարմունքային մտածելակերպը դարձավ հասարակության այն զանգվածի բնորոշումը, որը չի կարողանում գիտակցել ժամանակն ու այդ ժամանակը տեղադրել պատմության մեջ։ Հասարակության այդ զանգվածն ապրում է այս պահով ու լայն որովայնով, որովայնային տրամաբանությամբ։ Այն կողմոնորոշվում է միայն պահի հարմարությամբ։ Դրա համար էլ հասարակական մտածողության տեղաշարժը, բեկումը նրա համար նվազագույնը հոգեխանգարմունք է, քանի որ դինոզավրային նրանց ուղեղներում չի տեղավորվում, որ 45 րոպե տևողությամբ իրադարձությունը կարող է պատմության անիվին այլ ուղղություն հաղորդել։ Ահա որտեղից հոգեխանգարմունքը։
Լավ, աստված նրանց հետ, թող իրենց հոգախանգարմունթային տրամաբանությամբ ապրեն, էլի եմ ասում, աստված իրենց հետ, ափսոս որ առայժմ այդպիսիք դեռ մեծամասնություն են։
Բայց նրանք երբեմն, ավելի շուտ հիմնականում, իրենց հոգեխանգարմունքային տրամաբանությամբ փորձում են ապրել սովորեցնել ու բարոյականություն թելադրել մյուսներին։ Նրանց հետ բանավիճելն անիմաստ է, որովհետև պիտի իջնել հոգեխանգարմունքային մակարդակի, իսկ կներեք, դրանից անգամ սպիտակցի ընկերոջս «...ելն էր գալիս»։ Ես նման ցանկություն չունեմ։ Բայց պիտի ինչ-որ կերպ արձագանքել։ Բռունցքներով, քֆրտոցով, կամ էլ գրառումով, որի տեքստային խորությունը (լեզվաբանական չափման հստակ մեծություն է, ոչ թե ինքնագովերգություն, թե թույն բան եմ գրում) նրանք ի վիճակի չեն ընկալել, հոգեխանգարմունքային ուղեղը թույլ չի տա, կամ էլ ուրիշ բան կհասկանան։
Ինչի եմ գրում այս ամենը. սա նախ արձագանք է կամ հակազդակ կոնկրետ մի ազդակի։ Ապա, այդ ազդակի մեջ հիմար մտքերի շարան էր, հիմարագույն, որի մասին խոսել, էլ չեմ ասում քննարկել, բանավիճել անգամ չարժե։ Իսկ իմ այս արձագանքը, էլի եմ կրկնում, ավելի շուտ ընդհանուր ցավի զգացման արձագանք է, որ շրջապատում գերիշխում է իրականության հոգեխանգարմունքային ընկալումը։
Իսկ իրականում այլ են ընթացքները, որտեղ համահեղինակությունը թիմային աշխատանքի, միջդիսցիպլինար համագործակցության գնահատման ցուցանիշ է և ոչ թե ասենք գիտական արժեքի։ Սա ամենահիմար, ընկերոջս մայրը գերադրականության սեփական կառույցն ուներ՝ ամենահիմարագույն, օրինակը։ Որտեղ ցեղասպանության նկատմամբ քո վերաբերմունքը չի չափվում նացիստական կամ աղբալյանական ջահ վառելով, որտեղ ասենք հայրենասիրությունը նժդեհականություն չէ, Հայաստանում վարչական ռեսուրսը չարաշահելը կամ բիրտ շահագործելը չէ, այլ այդ շահագործման մեկ տանսերորդական մասին հավասար աշխատավարձի դիմաց օրական 10 ժամը գերազանցող աշխատանքային ռեժիմը, հայրենասիրությունը ցավ է սեփական աշխատանքի նկատմամբ ու ոչ դատարկաբանություն։Չեմ շարունակում, էլի եմ կրկնում, անիմաստ է, անիմաստ է հոգեխանգարմունքային տրամաբանությամբ առաջ շարժվող մարդկանց հետ ինչ-որ մի բան քննարկել, խոսել։ Խոսել, բանավիճել կարելի է միայն հոմոգենության հիմքի վրա, լեզվաբանությունն է հուշում (հոմո-ն խնդրում եմ այլ կերպ չմեկնաբանել։)
Ամեն ինչ կարելի է անել այս կյանքում (անգամ հոմո-։), եթե ցանկությունը հանգիստ խղճով ապրելը չէ։ Բայց ազնվության նկատմամբ վերաբերմունքը կարծում եմ չպետք է իջեցնել բացասական մակարդակի։ Թուլացնել, նվազեցնել, միգուցե, չգիտեմ, ամեն մեկն իր խղճի դեմ է պատասխանատու, բայց զրոյացնել ազնվությունը, չգիտեմ, ես ինքս կարծում եմ չարժե։
Շարունակել չեմ ուզում, որովհետև չեմ ուզում։ Բայց կեցցեն իմաստուն ու բարի իմաստուն մարդիկ։
Ուրբաթ իրիկուն, Մարատ
05.03.2011թ. Հ.Գ. չգրեցի այս փակցվածքին, բայց նկարը բավականին երկար ընտրեցի։)
ReplyDelete