Wednesday, June 30, 2010

Խոպան, փոդրատչի, կրթաթոշակ ... ‘գլխարկ, լանդ-կռաուզեր, նոթբուկ’

Արտագնա աշխատանքի մեկնողների, աշխատանքային ներգաթյալների, գաստարբայտերների կամ հայերենով՝ «խոպանչիկների» մասին շատերին պատմել պետք չէ։ Եթե անգամ սեփական կաշվի վրա նրանք չեն զգացել դա, ապա շրջապատում նվազագույնը մի քանի խոպանչիկների ճանաչում են։
Խոպանչիկների շարքում, ինչպես ամենուր, ևս հիերարխիա կա, ամենավերևում, «փոդրատչին» է։ Երկար չէի կարողանում ընկալել, թե ինչ բառ է սա, մանավանդ, որ այն գալիս է, ինչքան մասնագիտական ունակություններն են թույլ տալիս կռահել, «ախլքալաքյան» կամ «ջավախքյան» խոպանչիկությունից։ Եվ միայն վերջերս, հանկարծ պայծառացում՝ ռուսերենով подрядчик-ն է։ Նա ամենակարևոր մարդն է այս օղակում, ով հայրենիքում, կամ հարազատների շատ նեղ շրջապատում որոշում է, թե ում է խոպան տանելու, ում հետ ինչպես է վարվելու, խաբելու է, թե նորմալ վարձատրելու է, վարձատրության չափն է որոշելու, հետո որոշելու է, թե փողը տուն վերադառնալուց առաջ ժամանակին է տալու, թե ասելու է գնա, ես կուղարկեմ։ Երբեմն ուղարկում է, երբեմն ոչ, նայած ինչպես է ստացվում։ Փոդրատչին այն կարևոր օղակն է, ում շուրջ պտտվում է այս ամենը։ Չնայած այն աստիճանաբար «մահացող օղակ» է, քանի որ փոխվում է «խոպանչիկություն» իրականությունը։ Բայց ինչն է հետաքրքիր, շատ ավելի դանդաղ է փոխվում «խոպանչիկության» կոնցպետը, ընկալումը, թեև այն գնալով իրականության ավելի շատ հատվածներ է ներառում։ Ահա ինչի մասին։
«Դասական խոպանչիկների» կարելի է հանդիպել նոյեմբերի վերջերից, ոչ միայն օդանավականում, այլև Երևանի մարդաշատ վայրերում։ Նրանց հեշտ է գտնել, տաք են հագնված, ինչպես ցուրտ հյուսիսում, ու պարտադիր գլխարկներ ունեն։ Դա գլխարկների մի տեսակ է, մորթուց, որը հիմա դժվարանում եմ նկարագրել։ Բայց ով տեսել է, հաստատ գիտի, ինչի մասին է խոսքը։ Նրանք տարիքով 45-ից անց են։
Մյուս տիպը երիտասարդներն են, որոնք հիմնականում Մոսկվայից են, ծախսում են ոչ սեփական քրտինքով աշխատած փողերը, հագնված են «մի այլ կերպ» ու ամեն կերպ փորձում եմ առանձնանալ «մասսայից»։
Երիտասարդ նորմալ-դասական խոպանչիկների էլ կարելի է հանդիպել, նրանք համեստ են, խոպան գնում են, որ հետ գան ու մեքենա առնեն, ոմանք $1500-ը գերազանցող համակարգիչներ, ոմանք էլ ամուսնանալու, ավելի շուտ հարսանիքի փող են բերում։
Սակայն այս ամենի մեջ, ինձ խոպանչիկության ընկալումն է հետաքրքրում։ Այն իրականության այն հատվածն է, երբ թողնում ես տունը, ոչ հայրենիքը, որովհետև տունն ես թողնում, ավելի մեծ բանի մասին չես մտածում, որովհետև այն պարզապես չկա, կա տուն ու վերջ, ու գնում։ Գնում ես, որ պարտադիր հետ գաս, ու գնալուց հետո սկսվում է կարոտի մի ամբողջ դաժան շղթա։ Սկսվում է հետդարձի օրեր հաշվելու շղթան։ Այնտեղ հայրենիք չէ (հանկարծ սկսում ես հայրենիքի մասին մտածել, որը ավելի շուտ կրկին քո տունն է), տուն չկա, ընտանիք չկա, իսկ խոպանչիկները, որպես կանոն, շատ նստակյաց մարդիկ են՝ գոնե սկզբում։ Նստակյացության աստիճանը որոշում է, թե պանդխտություն է այն, ղարիբություն, թե օտարություն։
Իրականության գիտակցումը դրսում մոտավորապես այսպիսին է՝ պիտի արագ ու շատ փող աշխատել, հնարավորինս քիչ ծախսել, ոչ մի բան սեփական անձի համար չանել, որովհետև քո ճանապարհին նայող կա։ Ու աշխատել, աշխատել, աշխատել ու հույս ունենալ, որ փոդրատչիկը կգնահատի քո աշխատանքը, որ գլուխ չես պահում ու որակով ու արագ ես աշխատում, մի խոսքով՝ իրեն շատ փող ես բերում։ Հետո քո համեստությունը, որ ամեն մի քայլափոխի փոդրատչիկին չես «նադայել» անում, որ տես, ինչ լավ եմ աշխատում։ Ու նայում ես փոդրատչիկի ձեռքին ...։ Վերջիններս երբեմն, կամ որպես կանոն, նորմալ մարդիկ են, կարողանում են գնահատել այս ամենը ու մյուս տարի էլ են քեզ խոպան կանչում։ Բայց մյուս տարի նույն փոդրատչիկի մոտ գնալ էլ չարժե, նա արդեն կտրուկ փոխված է լինում, դու՝ նույնպես։
Բայց առաջին տարին, խեղճ տարի է։ Խեղճ կարոտի առումով, խեղճ քո տնից, քո իրականությունից, քո արժեքներից հեռու լինելու առումով։ Խեղճ է, որովհետև ուրիշի ձեռքին ես նայում։ Այս ամենի հիմքում «անպայման դեպի տուն վերադառնալու ու տանը մի ծակ էլ փակելու» ձգտումն է։ Ձգտում, որը թույլ չի տալիս իրականությանն այլ աչքերով նայել՝ միայն խեղճ, գլուխը կախ, անսպառ համբերության, օրերը մթնացնելու աչքով։
Իսկ նայել կարելի է նաև «պլոկելու, շնից մազ պոկելու» կամ «նոր հեռանկարների ու նոր հնարավորությունների» աչքով։ Միգուցե և հնարավոր չէ նայել, որովհետև խոպանը 6-10 ամիս է ձգվում։ Ավելի հեշտ է այդ ընթացքում «գլուխը կախ աշխատել ու տուն գալ հույսով, որ լավ է լինելու», բայց թե ինչն է լավ լինելու, պարզ չէ, քան խոպանին նայել ներդրումային հնարավորության՝ 10 ամիս ժամանակի ներդրում նոր հմտություն ձեռք բերելու համար, 2 ամիս տուն ու կրկին 10 ամիս եղած փորձի ավելացում ու այսպես շարունակ, մինչև որ «արդեն լավ կլինի» ոչ հայրենիքում, կամ «դզված կլինես» ու տնեցիներին կկանչես, փոքր մի հայրենիք (իմա՝ տուն) կստեղծես դրսում, ու դառնացած հին հայրենիքի (տան) մասին կհիշես, չարացած կխոսես, որ հնարավորություն չունեցար հին հայրենիքում «լավ լինել», հետո կհամեմատես հին ու նոր հայրենիքները, հետո նոր հայեր կգտնես, որոնց հետ «ջան-ղուրբան» կանես, հետո այդ հայերի հետ կկռվես, կսկսեք իրարից նեղանալ։ Հետո էլ չես հիշի, թե որտեղ ես, ինչի համար, ինչ ես անում այդտեղ, ինչ ես կորցրել կամ փնտրում, ով ես դու ինքդ, ինչ ես ուզում կամ ինչ ունես առաջարկելու։ Հին տանն արդեն քեզ ոչ ոք չի սպասում, որովհետև հին տունն էլ չկա ... Նոր տունն արդեն քոնը չէ, քո երեխաններինն է, բայց քոնը չէ։ Հետո կհոգնես, ինքնախարազանմանբ էլ չես զբաղվի, ու ամեն ինչ կընկնի իր տեղը, հետո երևի արդեն նորմալ կլինի։ Ու ի՞նչ ...
Ինչպե՞ս նայել խոպանին։ Խոպան դասական ընկալմամբ, թե՞ խոպան հնարավորությունների առումով։ Թե՞ երկուսի համատեղում, որը, որպես կանոն, չի ստացվում։ Թե՞ փոդրատչիկություն։
Ինչի համար եմ գրում այս ամենը. ավելացել են խոպանների ուղղությունները, այն միայն ցուրտ հյուսիս չէ, նաև տաք արևմուտք։ Այլ է փոդրատչին, թեև հիմնականում ասֆալտի գործ անող, սակայն այն նաև «Տաշիր գրուպ» է ու «Տրոյկա դիալոգ»։ Սա փոդրատչիության այնպիսի տեսակ է, որը տեսել է հնարավորություն նոր վայրում, շահագործում է այդ հնարավորությունը, վարպետներ էլ չի բերում հին հայրենիքից, թեև կապն էլ չի կորցնում, մտածում է, գործում է այլ՝ նոր հայրենիքի համար։ Արժեք է ստեղծում նոր հայրենիքի համար, շենացնում է նոր հայրենիքը ու հնում, լավագույն դեպքում եկեղեցի վերանորոգում, կամ էլ ինչ որ մի գործ դնում, որն աշխատելու է այնքան, քանի դեռ փողերը գալիս են դրսից, քանի որ այդ գործը արհեստական է հայրենիքի համար, այն այլ վայրից ու այլ իրականությունից է եկել։
Իհարկե, տաշիրյան ու դիալոգյան փոդրատչիկները կարևոր գործոններ են, որքան կարևոր է ցանկացած արևմտահայ, որը դեպի Հայաստան է ձգտում։ Նրանք նոր արժեքներ են իրենց հետ Հայաստան բերում կամ ուղարկում։
Բայց փոխվել են նաև խոպանի տեսակները. այն հիմա նաև մտավոր է լինում, ի զարմանս շատերի ու նաև ինձ։ Հորս ընկերներից մեկը, մեր, հայաստանյան իրականության, չեք պատկերացնում ինչպիսի խորը փիլիսոփայական ընկալում ունի՝ առօրյա աշխարհընկալման ու անհայր մեծացած լինելու ընկալում։ Նա, ով միշտ կրկնում էր, թե «բուրդը գզողին պիտի տալ», կրթաթոշակն ընկալում է, ու ադեկվատ է ընկալում, որպես խոպան ... Մնում է կողմնորոշվել՝ դասակա՞ն, հեռանկա՞ր, փոդրատչիկությո՞ւն ...

Երեքշաբթի իրիկուն, Մարատ

No comments:

Post a Comment