Վերջին մի շաբաթը չեք պատկերացնի ինչպիսին էր, զգացումների, իրադարձությունների, հանգուցալուծումների ու դեռևս սպասվելիք զարգացումների առումով։ Այն արագ էր, դժվարին, ծանր, հետևությունների ստիպող։ Այս ամենից շատ բան դեռ չի վերջացել, կվերջանա մի երկու օրից, ինչ արդյունքով, կերևա էլի մեկ երկու օրից։ Բայց դրանց մասին չէ, որ ուզում եմ գրել, դրանց մասին չեմ գրի, երեկ պիտի գրեի, բայց նստեցի որ գրեմ, մի այնպիսի զգացում ունեցա, որ ընդհանրապես ադեկվատ չեմ իրականությանը, մեր ու ձեր իրականությանը։ Բայց դա էլ մի կողմ։ Քննության էի, մագիստրանտների մոտ, այդ դրա մասին եմ գրում։
Եվ այսպես, նախորդ քննություններից հետո էլի էի գրել, հիմա էլ եմ գրում։ Քննություն ասածի ու քննության գնահատականի նկատմամբ ես այլ պատկերացումներ ունեմ, որոնք այս կամ այն հաջողությամբ կյանքի եմ կոչում կամ ոչ։ Այդ ամենի մասին այլ պատկերացումներ ունի Համալսարանը ինստիտուտը, այլ պատկերացումներ ունեն մագիստրանտները։ Հետաքրքրին այն է, որ բոլորի մոտ էլ դրանք տրամաբանորեն հակառակ են, վերջին երկու դեպքում ինչ-որ խնդիրներ լուծելու համար։
Ինձ համար գնահատականը ընդհանրապես ոչ մի բան չի ասում, քննությունը՝ արդյունքի մի տարատեսակ, որը հավասար կարող է լինել լավ շարադրված մի քանի տողի, հետաքրքրի մտքի, ջանասիրության, գրքեր պրպտելու, փնտրելու, գտնելու ունակությանն ու ցանկությանը ու այսպես շարունակ։ Բայց քանի որ պիտի գնահատել, ստիպված գնահատում ես, նման դատավորի, որը պիտի վճիռ կայացնի։ Իսկ «մի դատիր որ չդատվես»-ը իմ համար շատ ավելի կարևոր է։
Ես մի սովորույթ ունեմ, միշտ դասընթացի վերջում անկեղծորեն հարցնում եմ, թե ինչպիսին էր այն ու ինչպիսին էին ակնկալիքները։ Մագիստրանտները, պատկերացրեք, երբեմն նույնպես անկեղծ են, բայց ոչ միշտ են կարողանում ինձ համոզել։ Ոչ թե նրա համար, որ ես հաստակող եմ ու դժվար եմ «համոզվում» (թեև մասամբ այդպիսին եմ։), այլ որովհետև փաստարկները, որոնք կարևոր են նրանց համար, կարևորության ոչ նույնական աստիճանում են իմ դեպքում։ Ցավոք այս անգամ ուշացավ մագիստրանտներից մեկը, ում փաստարկներն ինձ ավելի շատ էին հետաքրքրում, դրանք հետաքրքրի «ցուցիչներ/ինդիկատորներ» են։
Մեզանից յուրաքանչյուր սեփական նպատակն է հետապնդում՝ նրանք՝ հնարավորինս բարձր գնահատականների (չեմ բացառում, ու մասամբ նաև այդպես է, գիտելիքներ, ավելի շուտ ինֆորմացիա, որի հետ հետո չգիտեն ինչ են անելու)։ Համալսարանը, կարծում եմ, ֆինանսավորում ներգրավելու խնդիր է հետապնդում, ես, համենայնդեպս, միսիոների զգացում չունեմ։ Ինչ որ մի փակ շղթա է ստացվում, որը ինչ-որ անհասկանալի տարրեր է պարունակում անդամներից յուրաքանչյուրի համար՝ ինչո՞ւ են նրանք մագիստրատուրայում կամ համալսարանում, ինչո՞ւ ենք մենք այս դասընթացը լսում, ինչո՞ւ են հարևան խմբում ավելի բարձր կամ ցածր ստանում, ինչի՞ համար է այս ամենը, ի՞նչ պիտի անեմ(ն), երբ ավարտեմ(ն)։ Հարցադրումներ են, որոնք երբեք վերջնական պատասխան չեն ունենա, քանի դեռ հասարակությունում, պետությունում չի փոխվում վերաբերմունքը այս շղթայի նկատմամբ։
Հերթական զրույցի ընթացքում, ինչ պարզեցի ինձ համար, չնայած հազիվ թե դա բացահայտում է։
Մագիստրանտները նախ ակնկալում են լսել մի բան, որը իրենք «գրքում չեն գտնի»։ Դե, իհարկե, կգտնեն, պարզապես «զահլա» չեն անի մի քանի գիրք ու հոդված կարդալ, որպեսզի մի այդ նախադասությունը գտնեն։
Հետո նրանք ակադեմիական ազատություն չեն ակնկալում, նրանց համար շատ ավելի հետաքրքիր է լսել հետաքրքիր դասախոսություններ, քան մի փոքր ջանք թափել ու դրա մասին կարդալ հանձնարարված գրականությունում ու հետո քննարկել, քննել, վերաբերմունք արտահայտել՝ համատեղ, միմյանց ու դասախոսի հետ։
Ես գրավոր աշխատանքներ դժկամությամբ եմ հանձնարարում, որովհետև արդյունքը շատ-շատ հեռու է անգամ բավարար լինելուց։ Սկսած համակարգչային գրագիտությունից մինչև տեխնիկական ամենապարզագույն խնդիրներ։ Համաձայն եմ, դա ինչ-որ մեկը պիտի սովորեցնի, բայց այդ ինչ-որ մեկը հաստատ ես չեմ ու ոչ իմ դասընթացի շրջանակում։ Կարելի է գրել մեկ ամբողջ ռեֆերատ ոչնչի մասին, սեփական փորձից գիտեմ, կարելի է նաև ռեֆերատի մեկ նորմալ վերնագիր գրել, որը հարցադրում կամ հարցադրման մասին պատկերացում կարտահայտի։ Արդյունքում թույլ են, որպես կանոն, մագիստրական թեզերը։ Խնդիր է, որի լուծումը թեև տեսնում եմ, բայց ավելի շուտ հենց մագիստրանտների մղման, ձգտման մեջ։
Ինչն է ինձ զարմացնում, նրանք գոհ էին այն ժամանակահատվածից, որն ինքները ծախսել էին կիսամյակի ընթացքում դասընթացներին նախապատրաստվելու համար։ Ժամանակը, կարծում եմ այն է, ինչը միշտ չի բավարարում, եթե իհարկե, ունես ինչ կարդալ։ Ինքնաքննադատական հատվածը թույլ էր։)
Ամենավատը, ինձ համար. ինքնակարգավորվող համակարգերի մասին լսած կլինեք։ Միգուցե և սխալվում եմ, բայց դրանց համար արտաքին ազդակները գլխավոր դերում չեն, ինչ-որ ազդակ կա, որի նկատմամբ համակարգերը սկսում են կարգավորվել ու գործել։ Մագիստրանտը իմ համար այդպիսի մի համակարգ է, նրան խստություն, պահանջկոտություն, պետք չի, նա գիտակից է, ութերորդ դասարանցի չէ, որպեսզի շատ խիստ դասատու պահանջի։ Միգուցե ես սխալվում եմ, պահանջկոտությունը միշտ է պետք, բայց ես նախընտրում եմ համագործակցության հաջողությունը թողնել կողմերի ինքնագիտակցության ու պատասխանատվության զգացումի վրա։ Երբեմն ստացվում է, երբեմն՝ ոչ։
Գիտությունը երկարատև դիտարկումներ են, փաստեր, որոնք պիտի նախ հավաքել, երկար հավաքել, հետո փորձել դրանք ամփոփել, հետևություններ անել, ինչ որ բաներ տեսնել կամ չտեսնել՝ ինչպես օրինակ այս կիսամյակում քննվող ալ-Ասմաիի «Գիրք ուղտերի մասին»-ը։ Սա է այդ ընթացքը, եթե իհարկե զրոյից նոր գեներատիվ կամ նման մի լեզվաբանություն չես սարքում, որտեղ պիտի հոգ տանել, որպեսզի հակասություններ չլինեն։ Մագիստրանտները փաստեր հավաքելը «անհետաքրքիր» են համարում։ Նրանք այլ գիտություն են ակնկալում, որտեղ փաստերը նրանց համար հավաքված են ու ամփոփված։ Դրա համար բակալավրիատ կա։
Սեփական անձի խարազանմամբ ես նախընտրում եմ չզբաղվել։) Ինքնաքննադատությամբ՝ խնդրեմ։ Գիտելիքը, որն առաջարկում եմ ես, հնարավոր չէ մոնետիզացնել կամ ինչպես կասեր մեծարգո Տ.Սարգսյանը՝ առևտրայնացնել՝ հասկացությունների ավանդական ու շատ նեղ ընկալմամբ։ Ես ինքս դրանք «փողի վերածելու» խնդիր ունեի, մասամբ ունեմ, կունենամ՝ չնայած խնդիրը փողի քանակի մեջ է։ Բայց, հենց այդ գիտելիքը, «անհետաքրքիր» տվյալներ հավաքելն ու ամփոփելն է, ու նաև հասարակ «ռեզյումե» գրելու ու այդ «ռեզյումեն» նորմալ տեսքի բերելու ունակությունն է Կարենը (նաև ես, կարծում եմ շատ շատերը հենց Հայաստանում) հաշվի առնում, ոչ գնահատականները դիպլոմում, երբ փորձում է ինչ-որ նոր աշխատակից ընդունել։ Այդպիսիք գտնելը դժվար է, դժվար է գտնել մեկին, որի հետ հնարավոր կլինի ամեն օր 8 ժամ աշխատել ու չձանձրանալ նրա հետ շփվելուց, որի հետ շփման թեմաները չեն վերջանա, ասենք, 32 ժամ հետո։
Հիմա կհարցնեք, արդյոք այս խնդիրը լուծում են Ասմաիի ողւտերը։ Իմ կարծիքով լուծում են, սկսած պարզագույն մեկ օրինակից մինչև ուղտերի անվանումների ամբողջության մեջ «աշխարհի (նաիվ) պատկեր» տեսնելը։
Երեքշաբթի իրիկուն, Մարատ
No comments:
Post a Comment