Դե կարծում եմ բոլորն են ճանաչելու ինձ, ովքեր երբևիցե որոշեն այցելել այս էջը, ուստի անակնկալ չի լինի, եթե «ուղերձների» մի մասը լինի համալսարանական կամ գիտա-կրթական ոլորտից։
Սովորաբար ինչ որ մի բան պարզապես զրոյից չի գրվում, այն իր հիմքում ինչ-որ խթան կամ գործոն ունի։ Իսկ գործոնը մագիստրանտների հետ, որոնք այս դեպքում թերևս հաջողվածներից էին, կիսամյակի վերջին քննարկումն էր, թե ինչպիսին պետք է լինի առաջադիմության գնահատման համակարգն ու դասավանդման ընթացքը. առավելագույն արդյունավետություն ապահովելու համար։
Ինչպես և սպասում էի, պատկերացումները տարբեր էին իմ և նրանց մոտ։ Ընդ որում, հիմնավորված երկու դեպքում էլ։ Բայց այլ են այդ պատկերացումների հետևում դրվող խնդիրները։
Հետաքրքիր է, որ համեմատ այն տարիներին, երբ ինքս էի մագիստրանտ, հիմա նրանք շատ ավելի պրագմատիկ են, շատ ավելի նպատակադիր, բայց նույնքան «բառադի» (կներեն նրանք, որովհետև բոլորն էլ աղջիկներ են, բայց ավելի հարմար բառ չեմ գտնում), որքան ես։ Կա նպատակ, բայց թե ինչպիսին է այդ նպատակը, նրանք էլ չեն գիտակցում։ Խոսքը, իհարկե, կյանքի նպատակի մասին չէ, այլ մագիստրատուրայում, կամ ընդհանրապես ուսանելու նպատակի մասին։
Խնդիրն ավելի շուտ հասարակության՝ դեպի կրթությունն ու գիտությունը վերաբերմունքի մեջ է։ Փոխվել է հասարակությունը, փոխվել է իրականությունը, բայց նույնն են մնացել հասարակությունում համալսարանական կրթության ինտեգրման մասին պատկերացումները նախ մագիստրանտների ծնողների՝ հետևաբար նաև մագիստրանտներից շատերի մոտ։ Ստանում են գիտելիքներ (եթե իհարկե ստանում են։)), որոնք պահանջարկ չունեն այսօրվա հայաստանյան իրականությունում։ Սա խնդիր է, որից գլուխ հանելն այնքան էլ հեշտ չէ։
Բայց շատ ավելի կարևոր մեկ հարցադրում կա, ինչպիսի գիտելիքներ են պահանջում նրանք, ու ինչպիսի գիտելիքներ պետք է, կամ կուզենայի առաջարկել ես։
Իսկ հարցադրման հիմքում մագիստրանտներից մեկի «ընդվզումն» էր, թե դասավանդվող առարականերից մեկին պակասում էր համակարգվածությունը։ Իմ համար անակնկալ էր, անկեղծ, որովհետև ես ավելի շուտ սպասում էր, որ հետաքրքրի չէ և այլն (լեզվաբանությունը իրոք շատերի համար հետաքրքրի չէ), բայց իմ համար ի սկզբանե էլ դասընթացի ընթացքում տրվող նյութն ավելի քան համակարգված էր։
Պարզվում է, տարբեր են համակարգի մասին մեր պատկերացումները։ Ավելի շուտ պատկերացումներն այն մասին, թե ինչպիսին պետք է լինի համալսարանական գիտելիքը հիմա։
Մագիստրանտների մոտ մի այսպիսի սինդրոմ կա. նրանք կրթության էությունը գիտակցում են միայն բակալավրատում 4 տարի ուսանելուց ու ոչ այնքան ժրաջան ուսանելուց հետո։ Խոսում է կոմունիստական անցյալը. ուսանողը պիտի շինջոկատներում կիթառ նվագի խարույկի շուրջ։ Հետո հասնելով մագիստրատուրա, հանկարծ հասկանում են, որ 4 տարիները զուր են անցել, իրենք ոչ մի բան էլ չեն քաղել։
Նման պարագայում մագիստրատուրայում նրանք ավելի շուտ ինֆորմացիա են ակնկալում, քան ինֆորմացիայի հետ աշխատելու մեխանիզմ. միայն վերջինս է «գիտական» գիտելիք, ի տարբերություն ասենք առօրյա գիտելիքից, թե ինչպես պիտի «պասուց տոլմա» փաթաթել (որը, ի դեպ, ես չափից շատ եմ սիրում)։ Ստացվում է, որ առաջնային խնդիրը ինֆորմացիա տալն է դասընթացի առարկայի մասին, ոչ թե մեթոդ կամ մեկ այլ ուրիշ բան։
Իսկ ինֆորմացիայի բնույթը, էությունը հիմա բոլորովին այլ է. ժամանակներն են ուրիշ։ Մեկ պարզ համեմատություն. ինձ 2-րդ կուրսում լեզվաբանություն կարդում էին ինչ որ կոնսպեկտի հիման վրա, որը մենք դասի ժամանակ թելադրության պես գրում էինք, հետո անգիր անում ու առավելագույն 20-ը պատրաստ էր։ Որովհետև փակ էր հայաստանյան իրականությունը (1996թ.), փակ էր դասախոսի մտահորիզոնը։
Հիմա բաց է հայաստանյան վիրտուալ իրականությունը, լեզվաբանական դասախոսություններ ինչքան ուզեք, ինտերնետում, ինչ լեզվով ուզեք։ Բաց է նաև դասախոսներից շատերի մտահորիզոնը։ Եթե այս երկու նախապայմանները համընկնում են, ապա դասընթացի հիմնական նպատակը դառնում է ԼԻՆԿԵՐ կամ հղումները տալը։ Դասախոսը միայն տեղեկություններ է տալիս, թե ով ինչով է զբաղվում, իսկ ինչ որ թեմայով հետաքրքրվելու դեպքում պիտի կարդալ սա և սա։
Մագիստրանտների մոտ լինկերի բազմության աստիճանը ուղիղ համեմատական է ը գիտելիքի անհամակարգ լինելու հետ. իրականում լինկերը համակարգված են, ու նպատակ ունեն - տեղեկացնել, ընտրությունը թողնելով մագիստրանտի գիտական ճաշակին։
Միգուցե և այս կիսամյակում մագիստրանտների մոտ այլ կլինի «ընվզման» թեմատիկան։
Իմ մոտ ավարտելը միշտ էլ չի ստացվել, իսկ բարոյախրատական ավարտներ կհասցնեմ գրել, երբ 60-ս բոլորեմ։)))
Մարատ
Մարատ ջան,
ReplyDeleteԼավ թեմա ես բարձրացրել։ Ես էլ՝ իմ ուսանողական օրերից հիշում եմ, որ դասախոսի հիմնական ֆուկնցիան տեղեկություն ՀԱՂՈՐԴԵԼՆ էր, իսկ ուսանողինը՝ այդ տեղեկությունը սերտելն ու վերարտադրելը։ Որքան լավ ու սահուն ես վերարտադրում, այնքան բարձր է գնահատականդ։ Հուսով եմ՝ քո ու մի շարք այլոց ջանքերով դա աստիճանաբար կփոխվի։