Tuesday, June 22, 2010

Դեպի ուր են քշում մարդկանց հնարավորությունները

Ինչո՞ւ եմ սիրում ժամային գոտիների միջև տարբերությունը, որովհետև գիշերն ու ցերեկը խառնվում են իրար, շատ ուշ ես քնում ու շատ վաղ արթնանում։ Արդյունքում ինչ-որ մի ժամանակահատված, մի երկու շաբաթ, մի քիչ քիչ ես քնում ու ավելի շատ ժամանակ ունենում։ Իհարկե դրանից աշխատանքի արդյունավետությունը չի շահում, միևնույն է հոգնում ես, բայց կարելի է ինչ-որ բան անել, որը ուղեղի գերլարում չի պահանջում, այլ մատների վարժ կտկտոց ստեղնաշարի վրա, ասենք օրինակ հերթական գրառումը ամեն ինչի ու ոչնչի մասին բլոգում։ Ոչ մի «արտասովոր» բան, պարզապես համեմատությունների նոր շարք։)

Հանդիպեցի «ընկերոջս», որին չէի տեսել 4 տարի։ Նա ամուսնացել էր, երեխա ունեին, հետո տեղափոխվել էին մեկ այլ քաղաք, նա նոր աշխատանք էր գտել E.On-ում, կինը նույնպես, Ֆյուրտի ինչ-որ մի համալսարանում, ու իրենց համար սովորական կյանք էին վարում։ Դե սովորական էր տեղական չափորոշիչներով, այլապես չէի գրի։)Բեկերը, այդպես է նրա մականունն ու նաև ազգանունը, մի քիչ «բեկերոտ» է, կամ էլ ես եմ մի քիչ «մարատոտ», ամեն դեպքում, մեզանից մեկը մի քիչ «-ոտ» է։ Ինձ համար ամենից հետաքրքիրը համեմատությունն էր, թե ինչպես էին նրանք երկուսով նայում կյանքին 4 տարի առաջ ու հիմա։

Հարցուփորձերի մի շարան՝ ով ինչ է անում, ինչու, քանիսով։ Ինչը զարմացրեց, Բեկերի բոլոր ընկերները, որոնց ես ճանաչում էի, այնպիսի ընկերություններում էին աշխատում ու այնպիսի պաշտոններում, պարզապես ապշել կարելի էր, սկսած Moody‘s-ից վերջացրած BASF ու Siemens-ով։ Բեկերի E.On-ի մասին էլ չեմ ասում։ Իսկ նրանք ընդամենը «հասարակ» ուսանողներ էին, որոնք տնտեսագիտություն էին սովորում, մի փոքր գերազանցելով բավարարը։ Թեև Յոհաննեսը հիմա բրազիլական BASF-ի գործադիր տնօրենի օգնականն է (իսկ նա իրոք նրանցից ամենախելացին էր), Թոբին Ֆրանկֆուրտում վարկային վարկանիշներ է շնորհում, Բեկերը էներգաարդյունավետության ինչ-որ նախագծերի ինչ-որ տնտեսական հիմնավորումներ մշակում, Ջոնը շվեյցարական ինչ-որ մի բանկից հեռացել է, որովհետև հոգնել է Շվեյցարիայում աշխատելուց, հիմա էլ սիրտը Ավստրիա կամ Գերմանիա է ուզում։

Տիկին Բեկերը Ֆյուրտյան իր համալսարանում իր համար բոլորովին նոր աշխատատեղ էր գտել, որտեղ պիտի նոր-նոր սովորի, թե ինչ պետք է անել ու վերևից էր նայում բոլոր ոչ գերմանական համալսարաններին։) Ի դեպ, հայկական իմաստությունն ասում է «աղքատի զարգացածն էլ բեթար է կամ էլ բորշը չանգյալով կուտե» (տիկինը լեհուհի է։)

Ինչու եմ մանրամասնում։ Իհարկե, նրանց «քրտնաջան» տարիների (ոչ ավելի քան իմ ուսանողական քրտնաջանը, ամենայն ազնվությամբ եմ ասում) աշխատանքը նույնպես կա այս ամենում, բայց կա նաև այն, ինչ պետությունը, երկիրը, ընկերություններն են առաջարկում։ Բայց ինչը ես ոչ մի կերպ չկարողացա ընկալել այն էր, որ նրանցից և ոչ մեկը աշխատանքը մի քանի շաբաթից երկար չէր փնտրել, Ջոնին մի բանկից մյուս տեղափոխվելու համար ընդամենը մի քանի օր էր պահանջվել։ Մեզ համար աբսուրդի պես ինչ-որ անհասանելի թվացող ինչ-որ մի բան։

Իհարկե, այս ամենից հետո նրանք բոլորն էլ ավելի քան ինքնավստահ էին, չեք պատկերացնի, վստահ իրենց սեփական ուժերի, կարողությունների (հարգանքի արժանի էին միայն Յոհաննեսի մասնագիտական կարողությունները, ում հետ ժամանակին կարելի էր նաև մի փոքր այլ թեմաներից զրուցել), հնարավորությունների վրա։ Իսկ նրանք ինձանից մի քանի տարով են փոքր, բայց շատ ավելի հասուն։ Չեք պատկերացնի, մի քիչ մեծամտոտ ինքնավստահություն, որը վստահությունից, սեփական ուժերով ավելցուկային գումար աշխատելու հնարավորությունից է գալիս։

Բեկերի հետ իր մեքենայով առավոտյան համալսարան եկանք, Բեկերն ի դեպ աշխատում է 80 կմ հեռավորության վրա, որտեղ ապրում է, որովհետև կինը ևս 80 կմ դեպի հակառակ ուղղությամբ է աշխատում, սեփական մեքենայով, այդ մոդելի մասին, ի դեպ, ես երազում եմ 2003-ից։) Իսկ ապրում են հիանալի մի քաղաքում, 25 հազ. բնակչությամբ, հանգիստ, մաքուր, հին քաղաքով, կանաչի մեջ թաղված։

Իսկ ինչպիսին են կյանքի նկատմամբ նրանց նվազագույն պահանջները։ Չեմ գրի, որովհետև «աղքատ բարեկամի» եմ վերածվում։ Այս ամենը նրա համար էր, թե ինչպես է դա փոխում նրանց մտածելակերպը։

Իսկ նրանք շատ քիչ են պատկերացնում, թե ինչ է կատարվում սեփական մեքենայից, աշխատավայրից, չորս պատերից դուրս, անգամ սեփական ծնողների մոտ, որոնք Բեկերի դեպքում մի փոքր նվազ բարեկեցիկ են, Ղազախստանից գաղթած ռուս-գերմանացիներ, որոնք այդպես էլ չեն ինտեգրվել ու չեն էլ ինտեգրվելու այս հասարակությանը։ Առավել տարօրինակ, նրանք մեղադրում են այն մարդկանց, անգամ ծնողներին, ովքեր փոքր ինչ «անհաջողակ» կամ «նվազ հաջողակ» են իրենց համեմատ՝ գումարային ու բարեկեցության առումով։ Չեն ուզում շփվել նրանց հետ, ու շեշտում են դա, ով իրենցից քիչ է վաստակում (խոսքը իմ մասին չէ, Հայաստանում նրանց չափ արդար վաստակող ես չեմ ճանաչում)։

Իսկ Բեկերն այդպիսին չէր, նա նույնքան ինքնավստահ չէր մի քանի տարի առաջ, ավելի «լացկան» էր, քան ես։ Իհարկե, նա ավելի ուրախ մարդ էր ու է, բայց ավելի արի չէր, միգուցե և չէ, չգիտեմ։ Տարիներն իրենցն ասում են ու բոլորովին հակառակ ուղղություններով։)
Տարիները, շրջապատը փոխում են մարդկանց, դեպի ուր, դժվար է կանխատեսել։ Դժվար է պահանջել կամ ստիպել, կամ սպասել, որ մարդիկ նույնը կլինեն մի քանի տարի անց։ Ես ինքս էլ այնպիսին չեմ, իզուր ու փառք Աստծո, չնայած իզուր։ Միգուցե, ինչ-որ հատկանիշներ պիտի մնան, միգուցե պետք էլ չեն հին հատկանիշները։ Մտածում եմ, կգրեի ես այս բլոգը, եթե հայկական իրականությունը նույնպիսի հնարավորություններ առաջարկեր, ինչպիսին գերմանականը։ Միգուցե, միգուցե և ոչ։

Մտածում ես, արժեն արդյոք տարիները, հնարավորությունները, գորշ զանգվածը մսխված լինելու համար ... Չգիտեմ, Հովոն մի քանի տարի առաջ ասում էր immer am Ball bleiben («(ֆուտբոլում) գնդակին մոտ լինել»)։ Էլի չգիտեմ, ավելի շուտ, չիդեմ, երևի ոչ մի տեղ հեշտ չէ, հեշտ ուղիներ փնտրել էր պետք չէ, ավելի լավ է ժամանակ ու էներգիա չվատնել այդ ուղղությամբ մտածելու համար։ Միգուցե, ...

Երկուշաբթի իրիկուն, Մարատ
--

No comments:

Post a Comment