Մ.Ասատրյանը շատերի Facebook-յան ընկերն է, հետևաբար նրա վերջին գրառումը, թե ինչ նա չի սիրում, կամ ինչից է նա զզվում, տեսել, կարդացել, արձագանքել են շատերը։ Գրառումների իրոք հիանալի մի շարք ունի նա, եթե դրանց հետևում դրվող ենթատեքստը շատ թե քիչ ընկալելի կամ հասանելի է, ապա դրանք չափազանց հետաքրքիր են, մի շնչով կարդացվում են։ Վերջինը նույնպես բացառություն չէր։ Երկտողերի հիանալի հաջորդականություն, որոնցից յուրաքանչյուրը «հայկական հոգեկերտվածքի» ինչ-որ մի կոնկրետ շերտ է պարունակում։ Երկտողերից յուրաքանչյուրը ինքին առանձին քննարկման առարկա է, բայց ինձ մեկը ավելի շատ գրավեց, որտեղ նա (հիմա բառացիորեն չեմ հիշում, ինտերնետ էլ չունեմ մեջբերելու համար) չի սիրում կամ էլ զզվում է ուսանողներից բողոքող հայ դասախոսներից։
Երկու գրառում առաջ բլոգել էի բարձրագույն կրթության, ավելի շուտ ԵՊՀ-յան արաբագիտական կրթությունից մասնակից կողմերի սպասելիքների մասին, մագիստրանտների օրինակի վրա։) Հասկացաք երևի դեպի ուր եմ գրում։)))) Մագիստրանտներն այս դեպքում միայն «դիտարկման առարկա» էին, ընդհանրապես «օդի մեջ» չխոսելու համար։ Մագիստրանտներն ընդհանուր երևույթի մի մասն էին միայն, կոնկրետ օրինակը։
Իրականում խոսքը նրանց մասին չէր, խոսքը նրա մասին էր, թե ինչպիսին պետք է լինի հումանիտար գիտելիքը հիմա, պիտի այն շարունակի հումանիստական լինել, այնպիսին, ինչպիսին էր, երբ ձևավորվում էր, թե «հումանիստական» հասկացության բովանդակությունը փոխվել է, սահմաններն այլ կերպ են գծվել, իսկ մենք դեռ չենք տեսնում, կամ չենք կարողանում տեսնել ու շարունակում ենք կառչած մնալ հին հումանիստականից ու փորձում ենք հումանիտար գիտելիքի հետ ինչ-որ մի բան անել։ Ինչ-որ մի բանը Տ.Սարգսյանը կոչում է առևտրայնացնել, բլոգում այն ընկալվում է երևի բողոք բարձրագույն կրթությունից (մագիստրանտների օրինակի վրա։), իսկ ես ինքս դեռ փնտրում եմ։ Փնտրում եմ հայաստանյան հասարակության օրինակի վրա, որտեղ խզված կամ լույսի ալիքի պես բեկված է գիտելիք-հասարակություն կապը։ Ոչ երրորդ աշխարհում, այլ իրականում զարգացող, էլ չեմ ասում զարգացած տնտեսություններում խոսակցությունը բոլորովին այլ կլիներ։ Բայց հայաստանյան դեպքում, ցավոք այն այսպիսին է։
Ես ինքնս փնտրում եմ «Կապիտալում», համալսարանում, բլոգում, գյալաջիների միջոցով, տնեցիների գլուխը տանելով ու բարձր-բարձ բաների մասին փիլիսոփայելով, փորձելով մյուսներին հասկացնել, որ հումանիստական հումանիտար գիտելիքը միայն հասարակական պահանջարկ կարող է ունենալ, եթե չունի, ուրեմն անպետք է։ Փնտրում եմ գրքերում, լեզվաբանության մեջ, պատմագրության, պատմագիտության, լեզվաբանական ուսմունքների, պատմական զուգահեռականության, լեզվի պատմության, պատմական սոցիոլեզվաբանության, արաբերենի, Սիբի, երբեմն Ջիննիի մեջ (ավելի թիթիզ բառեր կարող եմ գրել, թիթիզանալու համար։)։ Գիտակցում եմ, որ ինքս էլ միգուցե չեմ հասկանում, միգուցե կիսատ կամ ոչ ադեկվատ եմ ընկալում դրա դերը, տեղը այս ամենի մեջ։ Բայց հետաքրքիրը փնտրելն է, որոնումը։ Սխալվելը, սայթաքելն էլ է հետաքրքիր, ընկնելը, բայց ես դրանք դեռ փիլիսոփայորեն չեմ կարողանում ընկալել, միգուցե «գերազանցիկի» սինդրոմն է խոսում, կամ չէ, ես այդպիսի սինդրոմ չունեմ, հաստատ, ավելի շուտ «մարդ դառնալու» մորս անդադար ու անդադրում հորդորն է խոսում, ինչը ստիպում է չսխալվել կամ սխալվելու «կայֆը» չզգալ։ Ինչևիցե։
Միակ բանը, որը ես չեմ անում այս ընթացքում, դա խարազանելն է։ Աստվածաշնչյան «Մի դատիր, որ չդատվես»-ը, շատ ակտուալ է ինձ համար, ես «վիզ եմ դրել» այնպայման ու առանց ԽԾԲ-ի դրախտ ընկնել։)
Քննադատել, քննադատում եմ, ավելի շուտ նկատառումներ եմ հայտնում, «անշառ նկատառումներ», որոնք շատ հաճախ, հաջորդ պահին էլ կարևոր էլ չեն ինձ համար (բայց չեմ խոսում, խոսած լինելու համար, պարզապես մարդկանց մոտ հանդուրժողականության ու տարակարծության զգացում եմ փորձում ձևավորել)։ Ես «նկատառում» բառով կբնութագրեի այս ամենը, խուսափելով «քննադատել» բառից, որովհետև հայաստանյան իրականությունն վերջին այս բառը վերջին շրջանում, կամ միգուցե միշտ, ես եմ դեռ շատ «ջահել», բացասաբար է կոնցեպտուալիզացնում։ «Քննադատել» կոնցեպտի մեջ կառուցողական ոչ մի տարր այլևս չկա, այն ստիպում է միայն զգուշանալ, որովհետև քննադատությունից հետո, որպես կանոն, սկսվում է խարազանումը, հետո քարկոծումը (հիանալի այս շղթան իմ դիտարկումը չէ, շատերին այն ծանոթ է, ու գիտեն ում դիտարկումն է)։ Դրա համար էլ մեր իրականության մեջ քննադատությունը ցավագին է ընդունվում, այն «շառ» է գինու պես, որովհետև դրանից հետո ավելի լուրջ հարվածի ես անկախ քեզանից սպասում։ Իզուր չէ, որ ժողովրդական առածն ասում է. «Եզն օր գընգնի, դանգըվորը կըշադընա»։ Ահա թե ինչու են բոլորը այդպես ցավագին ընկալում թե՛ քննադատողին, թե՛ քննադատությունը։
Իսկ քննադատությունը իրականում կառուցողական, բարի, ոչ պարտադիր չար, չեզոք, թույլ կողմերի վրա ուշադրություն հրավիրող կարող է լինել։ Ընկերներիցս մեկին մենք կատակով Ֆրիկ ենք ասում, նա սիրում է բողոքել։ Բայց բողոքը նրա համար բողոք չէ, բողոքը նրա համար իրականության թերի, արատավոր, թույլ կողմերը տեսնելու միջոց է։ Այսպես չի ընկալվում նրա շրջապատի կողմից, դրա համար էլ Ֆրիկ է նա, թեև իրականում այդքան էլ Ֆրիկ չէ, միգուցե և է։)
Նույնն է նաև քննադատության դեպքում, եթե քննադատությունը հայկական խարազանում չէ ու հեռուն գնացող հետին պլաններ չունի։ Էլի եմ կրկնում, դրախտը ինձ համար ակտուալ է, շատ ավելի ակտուալ, քան մագիստրանտներն ու իրենց ցանկությունները, հայկական կրթությունը, ԵՊՀ-ն, քննությունները, գնահատականները։ Բայց հետաքրքիր է նաև լեզվաբանական գիտելիքը՝ պատմական կտրվածքով ու ինֆորմացիոն հոսքերի բումերը, դրանք պայմանավորող գործոնները, տեխնոլոգիաները, այդ հոսքերի հետ աշխատող, դրանք կարգավորող, դասակարգող, շրջանառության մեջ դնող գործիքները, դրանց կապը ժամանակի ու տարածության ու հասարակության կազմակերպման այս կամ այն ձևի հետ, մանավանդ, եթե այդ ամենին գումարվում է կրոնը՝ որպես մշակութային տարր, որպես լեզվական քաղաքականության գործոն կամ պատկերացում ու ամրագրվում տեքստերում, որը հետո կարելի է կարդալ։ Այս ամենին գումարեք նաև գիտելիքի պարույրաձև շարժի մասին պատկերացումները ու հանեք մագիստրանտներին։ Ահա այն ամենը, ինչի շուրջ ես միգուցե և նկատառումներ ունենամ, եթե դիմացինը նույնքան սիրում է Սիբին ու նրա մեջ նաև Սոսյուր, Խոմսկի, Մելչուկ տեսնում։))))))
Ուրեմն «Մի՛ քննադատիր, այլ նկատառումներ ունեցիր, որ չքննադատվես, այլ միայն նկատառվես»։) Օվանիտասն այստեղ կասեր «զնկատառեմ զքեզ»։
Չորեքշաբթի իրիկուն, Մարատ
--
No comments:
Post a Comment