Saturday, June 19, 2010

Պանդխտությունից մինչ օտարություն

Մինչ Բայրոյթ հասնելը, մեկ շաբաթ առաջ բլոգի սլոգանը փոխել էի, նկատած կլինեք երևի։ Ժամանակ առ ժամանակ այն փոխում եմ, կախված նրանից, թե ինչպես եմ ընկալում իրականությունը կամ այդ իրականության որ հատվածն ինչպիսի տպավորություն է թողնում ինձ վրա։ Մոտավորապես այսպիսի սլոգան ունեի նաև իմ բջջայինի ու համակարգչի վրա 2003-ին, երբ առաջին անգամ հայտնվեցի նույն Բայրոյթում։ Այս ամենը օտարության մասին է։ Ցավոք, միգուցե բարեբախտաբար հայերենը լի է իրականության այս հատվածը արտացոլող բառերով, որն ուզում ես ընտրիր՝ օտարական, պանդուխտ, ղարիբ, խոպան(չի)։ Սրանք զուտ բառեր չեն, դրանք իրականություն տեսնելու հնարավորություն են։ Ուրեմն...

Քանի դեռ տանն ես, չգիտես թե դեպի ուր ես ձգտում, տունը հարմարավետ դարձնելը չափազանց մեծ ջանք է պահանջում։ Ջանք ու քրտինք թափելուց ոչ ոք չի վախենում, վախը նրանում է, որ ջանքերի հիմնական, գերակշիռ մասն անցնում է ինչ-որ անիմաստ բաների դեմ պայքարելով։ Արդյունքում փոքր է նույն այդ ջանքերի ՕԳԳ-ն, մեծ է հնարավորությունները, ուժերը, տարիները վատնած լինելու զգացումը, ափսոսանքի զգացումը։ Շատ ավելի վատ է, երբ դա գիտակցում ես ու ավելի վատ, երբ գիտակցում ես, որ այդպես է լինելու նաև հաջորդ 12, 60, 120 ամիսների ընթացքում։ Մեծ է ցավը, որ պիտի ինչ որ անիմաստ բաների վրա ժամանակ ծախսել, անընդհատ տեղում դոփել, պտտվել, պտտվել ու հետո նույն տեղում հայտնվել։

Այս ամենը մի փոքր «տանելի» է, եթե դու այս ամենի մեջ ես, շրջապատը, հասարակության հիմնական մասը, մի խոսքով շատերը։ Սա իհարկե, չի արդարացնում, սակայն մի փոքր «դարման» է։ Իհարկե, լուծում չէ, բաց թեթև «խմոցի» պես մի բան է։ «Օրեր են, կանցնեն, անց կկենան»-ը շարունակում է արտացոլել այն, ինչի մասին գրում եմ։

Իսկ ինչ անել, եթե չես ուզում պարզապես «օրեր անցկացնել»։ Ամենահեշտը բախտն այլուր փնտրել է, հիշում եք երևի «Լավաշի» մուլտը։) «Այլուրը» 2003-ին ընկալվում էր որպես «դասական պանդխտություն», ես էի ջահել, շատ բան չէի գիտակցում, չէի կողմնորոշվում, արժեքների օրիենտիերները «խեղված» էին, ծուռումուռ։ 2004-2006-ին դրանք փոխվում էին, բայց էլի գիտակցումը չկար։ Չկար, թե ինչի համար, հանուն ինչի, որտեղ, մինչև երբ, հետո, հարցերի շարան։ Ելքը հայրենիքն էր։ Հայրենիքում 2007-2010-ը քաղցր չէր, պանդխտությունից ավելի բարդ, դժվար, ծանր, անգամ «կանցնեն, անց կկենան»-ի փիլիսոփայությամբ։ Բայց էլի գիտակցումը չկա, թե ինչի համար, հանուն ինչի, որտեղ, մինչև երբ, հետո, էլի նույն հարցերի նույն շարանը։

Մի քանի այս շաբաթը «պանդխտությունից» վերածվել են «օտարության։» Իրականության ընկալումը համարյա թե նույնն է, չնայած ես շատ ավելի եմ «ծերուկացել», գրադարանում էլ 9 ժամ չեմ կարողանում նստել։ «Ծերուկացել» է նաև գորշ զանգվածը, սակայն դա գիտակցություն չի ավելացրել, փիլիսոփայություն, «(չ)իմաստություն» ավելացրել է, սակայն ընկալում չի ավելացրել։ Կամ ավելացրել է, շատ ավելի քիչ, քան «ծերուկացած» մազերի քանակը։)

Կյանքը հետաքրքր է, 7 տարի անց քեզ նույն սենյակի, նույն պատերի, նույն գրքերի, նույն մարդկանց, նույն ավտոբուսների շղթա է բերում։ Անկախ քեզանից սկսում ես հետ նայել ու համեմատել։ Համեմատությունը հօգուտ չգիտես ում է։

Չնայած համեմատությունը հօգուտ արագությանն ու հնարավորություններինն է, չմսխված, չմսխվող ու չմսխվելիք հնարավորություններինը։

Չեմ կարծում, որ նստակեցության մոլուցքը զուտ հայկական սինդրոմ է, այն ապահովության զգացում է տալիս, իսկ դա այն է, ինչ փնտրում են մեզանից շատերը։ Օտարությունը, պանդխտությունը, ղարիբությունը, խոպանը սպանում են այդ մոլուցքը։ Միգուցե դա լավ է, հոսք է պետք։ Բայց մեկ այլ կողմ էլ կա, հոսքը կարելի է նաև ներսում ստեղծել, ոչ թե անպայման դեպի դուրս, դեպի դուրս ու դեպի դուրս։ Հարցնում ես ինքդ քեզ, թե ինչն է խանգարում։ Հետո զարմանում ես, թե ոչ մի բան էլ չի խանգարում։ Բայց չգիտես ինչու չի ստացվում։ Օտարության մեջ ստացվում է, տանը չի ստացվում։ Նայում ես շուրջդ, էլի մարդիկ են, մի քանի սմ բարձրահասակ ու մազերի ուրիշ գույնով։ Բայց էլի մարդիկ են, իրենց մարդկային ուժեղ և թույլ կողմերով, շատ չեն տարբեր ու ուրիշ քեզանից։ Բայց մարդիկ են, որոնք սեփական հոսք ունեն, հոսք են թելադրում ուրիշներին, դու իրենց հայրենիքում ես, ինչ-որ բան ես ուզում իրենց հայրենիքից։ Դու ինքդ չես գիտակցում, թե ինչ ես ուզում, ինչու ես ուզում, իրենք նույնպես նվազ են պատկերացնում կամ միգուցե ավելի հստակ, իրենց գործն է։

Օտար է այս ամենը, օտար է այստեղ, օտար է տանը։

Ուրբաթ իրիկուն, Մարատ
--

No comments:

Post a Comment