Tuesday, April 27, 2010

Վարչապետի, գրավաճառության ու գիտության ապագայի մասին

Վերջին շրջանում թեժացել են քննարկումները Հայաստանում գիտության ապագայի շուրջ։ Ինչի պատճառներից մեկն այն է, որ կառավարությունը ոլորտի զարգացման հայեցակետ է մշակում ու փորձում քննարկել։ Վերջին այպիսի քննարկումն էլ ԳԱԱ-ում էր։ Դրա վերաբերյալ մի ակնարկ կար նաև «Կապիտալ»-ում։ Հիմա ես քննարկման ամբողջ բովանդակություն չեմ փոխանցի, բայց էությունը մոտավորպես այսպիսին է. վարչապետ Տիգրան Սարգսյանը ակադեմիկոսներից արտադրանք է պահանջում, որպեսզի այն վաճառի ու գումար մուտքագրի բյուջե, հետո էլ դրանից աշխատավարձեր տա նույն ակադեմիկոսներին, իսկ ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն էլ նախ գումարներ է ուզում, որպեսզի գիտությունն ու ակադեմիան պահի։ Ինչ որ փակ մի շղթա, որից ելք ո՛չ վարչապետն է պատկերացնում, ո՛չ էլ ակադեմիայի նախագահը։ Ահա սրա մասին։

Այն որ փոխադարձ պահանջների այս շղթան իրապես փակ է ու անհեռանկարային, անկասկած։ Մեկ այլ խնդիր է, որ գիտությունը ներդրումներ է պահանջում։ Ներդրումներ տարբեր տեսքով՝ ռեսուրսների, ֆինանսների, ժամանակի, մարդկանց, հետաքրքրությունների և այլն։ Ներդրումներ ոչ ոք չի ուզում անել, սակայն արդյունքներ սպասում են բոլորը։ Սա մեկ այլ հարց է, ավելի ցավոտ, սրա մասին հետո։
Բացի այդ՝ երբ Հայաստանում խոսում են գիտության մասին, առաջին հերթին բոլորի մտքում բնագիտական գիտություններ են, կիրառական ոլորտը, մոտավորապես՝ ֆիզիկա, քիմիա, ՏՏ, երբեմն էլ կենսաբանություն ու վերջ։ Հայագիտության մասին անպայման խոսում են, բայց ինչ են ուզում ու ակնկալում այս ոլորտից, դեռ հայտնի չէ։
Երկու գործոն, որոնց վրա պիտի ուշադրություն դարձնել և որոնք, չգիտես ինչու, մոռացվում են։
Նախ գիտության ու գիտական արդյուքների առևտրայնացման մասին։ Երբ ոլորտում խոսում են առևտրայնացման մասին, պատկերացնում են առևտրի դասական, ավելի շուտ բազարային մեխանիզմ՝ տալիս ես գիտելիք, վերցնում փող, լավագույն դեպքում։ Գիտելիքը այս դեպքում պատկերացնում են կոնկրետ ապրանքի՝ հաստոցի, գյուտի, քիմիական միացության, դեղի, այլ կերպ՝ նյութական տեսքով։ Տալիս ես նյութ, վերցնում մեկ այլ նյութ։ Ինչքանով է սա հեռանկարային, թողնում եմ ձեր գիտակցությանը։
Առևտրայնացման այլ մեխանիզմեր էլ կան, դրա համար զուտ նյութ պետք չէ, կամ արտադրական մեծ հզորություններ։ Այն նաև հոդված է, մեկ միտք, բրենդ, անուն, հեղինակություն, որը կարելի է կրկին նույնքան սիրելի փողի վերածել։ Սպասելիքը նույնպես միշտ չէ որ պիտի փողը լինի, սրա մասին մի քիչ ուշ։
Եթե Տիգրան Սարգսյանի համար գիտելիքը, կամ ապրանքը նաև գիրքն է, ապա նա Ռադիկ Մարտիրոսյանին ու մեզ բոլորիս նոր բիզնես է առաջարկում՝ բավականին շահութաբեր ու բավականին հին՝ գրավաճառություն։ Միթե  գիտնականներին կառավարությունը միայն սա է առաջարկում։ Մեր կառավարությունից շտ հաջող այս գործը անում են միջագային մի շարք հրատարակչություններ։ Դրանց տեղն առանց կառավարության էլ գիտնականները գիտեն։ Այստեղ Տիգրան Սարգսյան լինել պետք չէ՝ գիրքը տպագրատուն ուղարկելու համար։ Թեև դասական հրատարակչությունները քիչ-քիչ վիրտուալանում են, գրքերը շատերը նախընտրում են առցանց ու բոլորի համար հասանելի դարձնել՝ շեշտը դնելով իրենց գրքի վրա հղումներ տեսնելու ցանկության ու այդ հղումները հետագայում առևտրայնացնելու վրա։
Ես ոլորտի առանձնահատկություններից ելնելով, հոդվածաշար եմ պատրաստում, գիտության իմ ոլորտի արդյունքը սա է։ Ի՞նչ է առաջարկում կառավարությունն այս դեպքում՝ ընկնել գրախանութից գրախանութ, կամ կիրակի օրերը Վերնիսաժում այն փողի վերածել։
Կասեք պիտի առևտրայնացնել այդ հոդվածաշարում ընդգրկված գիտելիքը, պայմանով, որ այն «լավ» կամ «ծախու» ապրանք է, իրենից արժեք է ներկայացում, գերարժեք չէ, բայց միջին արժեք է։ Ենթադրենք այն կարևոր է, արժեքավոր հոդվածաշար է, հետո ի՞նչ։
Ահա այստեղ է մյուս կարևոր գործոնը։
Ինչ անել, երբ գիտական ապրանքը հումանիտար ոլորտից է, ասենք օրինակ արաբագիտությունից ու էլ ավելի վատ շատերի համար՝ լեզվաբանությունից։ Ավելի «բեթարն» էլ կա, լեզվաբանությունը պատմական լեզվաբանություն է, ավելի շուտ լեզվաբանության պատմության մասին գիտություն։ Ի՞նչ անել այս դեպքում։ Ինչը վաճառել, գիրքը՞, թե՞ գիտելիքը։ Ո՞ւմ վաճառել, ինչպե՞ս վաճառել, ո՞ւմ է այն հարկավոր։ Հարկավոր է այն ընդհանրապես։ Տիգրանսարգսյանական տարբերակը դեպի գրախանութ գնալն է։ Ավելի քաղաքակիրթը՝ ասեմ։
Գիտելիքի այն տեսակը, որ նկարագրեցի վերևում, հումանիտար է, այն հասարակությանն է պետք, այն հասարակության մեջ հոգևոր պահանջմունքների սպառման համար է պետք, այն հասարակության մեջ միտք, գաղափար, խոսակցության՝ սերիալների սցենարից տարբերվող թեմա ներդնելու ու շրջանառելու համար է պետք, այն հասարակությանը կրթելու, հետքրքությունները փոխելու ու էլի այլ բաների համար է պետք։ Այն հասարակությանը՝ սեփական պատմությունը գիտակցելու, իրեն պատմության մեջ դիտարկելու, ժամանակների միջև պատմական կապը տեսնելու, այդ կապը գնահատելու, մեկնաբանելու, ընկալելու մոդել է առաջարկում։ Այն, այլ կերպ, հասարակական դիսկուրս է առաջարկում։
Ահա թե ինչպես է առևտրայնացվում այս գիտելիքը։ Մի՞թե նման առևտրայնացում ենթադրում է մեր կառավարությունը, կամ նման պահանջարկ դնում է մեր հասկարակությունը։ Պե՞տք է այսօր սա մեզ, պե՞տք է այսպիսի գիտելիքն այն դեպքում, երբ հասարակական դիսկուրսը թելադրվում է գիտեք որտեղից, հասարակությունը նման պահանջարկ չունի, քանի որ բոլորովին այլ՝ հիմնականում ստամոքսային խնդիրներ են նրան հուզում։ Սա փակ շղթայի մեկ այլ տեսակ է, որը հաղթահարելու ելք ունի։ Պարզապես պիտի հրաժարվել հասարակության «գայկաները ձգելու» քաղաքականությունից, գրաքննելու, տոտալ վերահսկելու ու նմանատիպ այլ բաներից։
Պատրաստ է արդյոք մեր կառավարությունը ընդունել առևտրայնացման այսպիսի մեխանիզմ, հասարակությանը տալով իրեն հուզող դիսկուրսն ազատ ընտրելու իրավունք, ոչ թե այն թելադրելով ասենք «Հայլուր»-ով, կամ Հ1-ով, Հ2-ով ու հնարավոր ու անհնարին բոլոր այլ միջոցներով։
Ամեն դեպքում, ես հայեցակարգում այսպիսի մոտեցումներ չեմ տեսնում։
Երեքշաբթի իրիկուն, Մարատ

No comments:

Post a Comment